Հայաստան-Եվրամիություն. Փորձ երկրորդ՝ հաջող
Լուսանկարը, Գևորգ Ղազարյանի, JAMnews
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանն ու Եվրամիությունը համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել, որը Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը պատմական է որակել: Նա ասել է, թե համաձայնագիրը թույլ կտա ոչ միայն համատեղել ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ հետ համագործակցությունը, այլ նաև կարող է եվրոպական քաղաքական օրակարգում հակադրությունների քաղաքականությունը վերափոխել համադրման քաղաքականության։
Համաձայնագիր՝ տխուր պատմությամբ
Հայաստան-ԵՄ ասոսցացման մասին համաձայնագիրը պետք է ստորագրվեր 4 տարի առաջ՝ 2013թ-ի նոյեմբերի 24-ին, սակայն 2013թ-ի սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի կերպով հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միությանը հետագայում Եվրասիական միության անդամ դառնալու մտադրությամբ, որն այդ ժամանակ նույնիսկ ստեղծված չէր:
ԵՄ-ում այն ժամանակ հայտարարեցին, որ չեն կարող ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել մի երկրի հետ, որն այլ մաքսային միություն է մտնում: Եվ թեև Հայաստանն առաջարկում էր ստորագրել համաձայնագրի միայն քաղաքական մասը, Եվրամիությունը հրաժարվեց դրանից:
Եվրամիության հետ բանակցությունները վերականգնվեցին 2015թ-ին՝ այն բանից հետո, երբ Հայաստանն անդամակցեց Եվրասիական միությանը: Այդ նույն փուլում Ուկրաինայում սկսեցին ակտիվ իրադարձություններ տեղի ունենալ՝ Ղրիմի բռնակցում, հիբրիդային պատերազմ Ուկրաինայի Արևելքում:
Երևանն ակտիվորեն փնտրում էր արտաքին քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացման ուղիներ, և, թեև բարդ էր Ռուսաստանի հետ գրեթե բացարձակ ինտեգրացիայի պարագայում նման քաղաքականություն վարել, Հայաստանն այնուամենայնիվ ավարտին հասցրեց ԵՄ հետ բանակցություններն ու Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրեց:
Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացիների համար 3 հիմնական ձեռքբերում է նշել
Պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, թե ինչպես կանդրադառնա Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի քաղաքացիների վրա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ժամանակի ընթացքում այն անպայման իր ազդեցությունը կունենա, քանի որ Եվրամիության հետ համագործակցության պարագայում հնարավոր կլինի հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնել: Բացի այդ, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ազատ ճամփորդել Եվրոպա:
Անհանգստություն է առաջացրել այն հարցը, թե արդյոք համաձայնգիրը կազդի երկրի անվտանգության մակարդակի վրա: Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ նշել է, որ շատ կարևոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միաբանությունը.
«Սա բացառիկ դեպք է, երբ նրանք համագործակցում են ամբողջական կերպով, և դա մեզ համար մեծ ձեռքբերում է»:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը նախանշել է վերջին փուլի գլխավոր ձեռքբերումները. ԵՄ ֆինանսական և այլ օգնությունը երկրում բարեփոխումներ իրականացնելու համար, վիզայի ռեժիմի ազատականացում, ինչպես նաև անվտանգության որոշակի երաշխիքներ, որոնք ԵՄ-ը կարող է տալ տարածաշրջանում ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ:
Իր հերթին, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ համաձյանգիրն առաջարկում է սերտ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, միգրացիայի, բիզնեսի և ներդրումների, ինչպես նաև առևտրի ոլորտում:
Բացի այդ, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Եվրամիությունն ավարտել է Հայաստանի հետ բանակցությունները նոր ավիացիոն համաձայանգրի վերաբերյալ: Տրանպորտի հարցերով եվրահանձնակատար Վիոլետա Բուլկը նշել է, որ ավիացիոն համաձայանգիրը ոչ միայն կբարելավի շուկաների հասանելիությունն, այլ նաև կնպաստի շրջկա միջավայրի անվտանության և պահպանության բարձր չափանիշների ներդրմանը:
Համաձայնագիրն ու ղարաբաղյան հակամարտությունը
Հակամարտության լուծում առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր չէ, հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Նա կոչ է արել հակամարտությունը չդիտարկել այլ հետխորհրդային հակամարտությունների շարքում:
Հայաստանի և ԵՄ միջև համագործակցությունն աջակցելու է տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին.
«Մենք կաջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»:
Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովից բառացիորեն մեկ օր առաջ կայացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը:
«Մենք հաստատում ենք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Մենք հորդորում ենք հակամարտության բոլոր կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ ամբողջությամբ հարգելով 1994-95 թվականների զինադադարի համաձայնագրերը, իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում՝ ներառյալ այն միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնևի գագաթնաժողովներում», — ասված է ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում:
Ադրբեջանը չէր թաքցնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ձախողելու մտադրությունները
Ադրբեջանը փորձել է Հայաստանի համար անցանկալի ձևակերպումներ մտցնել Հայաստանի և ԵՄ համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Մինչև վերջին պահը հռչակագրի տեքստը չէր հաջողվում համաձայնեցնել, քանի որ Ադրբեջանը պնդում էր, որ դրանում աջակցություն արտահայտվի Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Եվրոպական մարմինները բազմիցս կոչ են արել անվերապահորեն վերականգնել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վկայակոչել են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը և ուժի չկիրառումը:
Ադրբեջանական դիվանագիտությունը երկար ժամանակ փորձում էր կոտրել այդ միտումը, բայց անհաջող: Ավելին, Բրյուսելի գագաթնաժողովից առաջ ադրբեջանական դիվանագիտությունն ակտիվ գործունեություն է ծավալել Եվրոպայում. Բաքուն փորձում էր շահարկել Եվրոպայում առկա հակաանջատողական տրամադրությունները Կատալոնիայի հանրաքվեից հետո: Համաժողովներ անցկացվեցին, հռչակագրեր ընդունվեցին, սակայն դա չազդեց Եվրահանձնաժողովի դիրքորոշման վրա:
Բացի այդ, ադրբեջանական դիվանագիտությունը փորձում էր Թուրքիայի միջոցով ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման քննարկումները, սակայն այդ փորձը նույնպես հաջողությամբ չպսակվեց: Նոյեմբերի 9-ին Վիեննայում կայացավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որին և ԱՄՆ-ն, և Ռուսաստանը, և ԵՄ-ն աջակցություն հայտնեցին ղարաբաղյան կարգավորման հարցում ուժի չկիրառման սկզբունքին և հակամարտության գոտում զսպող մեխանիզմների տեղակայմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելի գագաթնաժողովից մեկ օր առաջ մասնակցեց ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստին, որտեղ կրկին հայտարարեց տարածքային ամբողջականության մասին: Սակայն ի պատասխան Ալիևը ստացավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչը շաունակել բանակցությունները Հայաստանի հետ և բացառել ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհը:
Նույնպիսի պատասխան ստացավ Ալիևը Եվրամիությունից. Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Խանը հայտարարեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան հակամարտության լուծման որոնման ուղղությամբ և մտադիր չէ ղարաբաղյան խնդիրը քննարկել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
Ինչպես նշում է Ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը, Ադրբեջանը փորձում էր ձախողել ստորագրումը,
«սակայն Եվրախորհրդարանի բանաձևից հետո, որտեղ Ադրբեջանը պարտություն կրեց, նա այլևս փամփուշտներ չունի»:
Արդյունքում՝ Արևելյան գործընկերության հռչակագրի տեքստում հակամարտությունների վերաբերյալ ընդհանուր ձևակերպումներ տրվեցին: Համաձայնագրի ստորագրումը խաթարել չհաջողվեց:
Ռուսաստանը հարգում է Հայաստանի ընտրությունը, սակայն համաձայնագրին մեծ նշանակություն չի տալիս
Հայ փորձագետները մինչև վերջին պահը նախազգուշացնում էին, որ Ռուսաստանը կարող է փորձել ձախողել ստորագրումը, թեև նշվում էր, որ համաձայանգիրը կետ առ կետ համաձայնեցվել է Մոսկվայի հետ:
Եվ թեև համաձայնագրի տեքստում ոչ մի տեղ չի հիշատակվում Եվրասիական տնտեսական միությունը, Հայաստանի իշխանություններն առիթը բաց չէին թողնում նշելու, որ համաձայնագիրը որևէ կերպ չի հակասում դրա պահանջներին:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը համաձայնագրի վերաբերյալ կաևծիքը չի արտահայտել՝ ոչ դրական, ոչ բացասական: Ստորագրումից 2 օր առաջ Երևան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ կապակցությամբ բազմանշանակ լռեց:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն Արմինֆոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է և իրավունք ունի մասնակից լինել ցանկացած պայմանագրերում և միավորումներում, որոնք չեն հակասում ավելի վաղ իր վրա վերցված պարտավորություններին, սակայն հավելեց.
«Ընդ որում, Եվրամիությունն ի վիճակի չէ փոխարինել Ռուսաստանին Հայաստանի համար անվտանգության երաշխիքների պահպանման գործում: ԵՄ-ն ինքն է այդ առումով կախված ՆԱՏՕ-ից: Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվող համաձայնագիրը ԵՄ առկա պարտավորություններից բացի այլ լրացուցիչ պարտավորություններ չի պարունակում Հայաստանին որևէ տնտեսական և առևտրային արտոնությունների տրամադրման առումով, քանի որ ներկա պահին ԵՄ-ՀՀ առևտրում առավելագույն բարենպաստման ռեժիմ կա և GSP+արտոնությունների համակարգ է գործում»:
Ընդ որում, նա հայտարարել է, որ «Հայաստանը կարող է լինել ԵՄ և ԵԱՏՄ, Արևմուտքի և Արևելքի միջև «համագործակցության հենց այն կամուրջը», որի մասին այդքան խոսվում է»:
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ստորագրումից մի քանի օր առաջ ասել է.
«Յուրաքանչյուր երկիր ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակներն ու խնդիրները: Մենք հարգանքով ենք դրան վերաբերվում»:
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: