Եվս 10 գերի Հայաստանում է. այս անգամ՝ ԵՄ միջնորդությամբ
Եվրամիության միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 10 գերի: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ նրանց ազատ արձակման որոշումը կայացվել է Բրյուսելում:
Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ գերիներ են վերադարձվում ոչ ռուսական կողմի միջնորդությամբ:
Դեկտեմբերի 19-ին Բաքուն հայտարարեց, որ Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Տեղեկությունը հաստատեց նաև Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով զինծառայողների անունները:
Նրանք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում:
ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի փոխարեն հայ գերիներին ուղեկցում էր Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Իր թվիթերյան էջում Կլաարը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը՝ նշելով, որ Ադրբեջանի այդ քայլը կարևոր ժեստ է հումանիտար խնդիրների լուծման գործընթացում:
Հայ զինծառայողների վերադարձը ողջունել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ընդգծելով, որ նրանց ազատ արձակման որոշումը կայացվել է Բրյուսելում:
Միշելի գնահատմամբ՝ կատարվածը կարևոր մարդասիրական ժեստ է, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաև Բրյուսելի քննարկման «արդյունավետ պտուղները»։
Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարների միջև ուղիղ կապ է հաստատվել: Վերջերս՝ դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում կայացել է Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զրուցել են առանձին:
Հանդիպման արդյունքներն ամփոփող Միշելի հայտարարությունում բարձրացվել էին նաև հումանիտար հարցեր՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակում, անհետ կորածների ճակատագրերի պարզում:
Փորձագիտական կարծիք
Հայաստանյան փորձագետները որպես բրյուսելյան հանդիպման արդյունք ակնկալում էին հումանիտար հարցերի լուծում, օրինակ՝ գերիների գոնե մի մասի վերադարձ:
Նախքան Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը նշել էր, որ սա նոր ձևաչափ է, որն այլընտանք է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափին։
Քոչինյանի խոսքով՝ այլընտրանքային հարթակը ստեղծելու նպատակը Ռուսաստանի համար խնդիրներ առաջացնելն է, բայց հնարավոր է Արևմուտքի՝ Ադրբեջանին ճնշելու արդյունքում հասնել հայ գերիների վերադարձին.
«Եթե Արևմուտքն իրոք շահագրգռված է այս տարածաշրջանում ծավալված որոշակի գործընթացները կասեցնելով և իր աշխարհաքաղաքական կորցրած դիրքերը վերականգնելով, ապա առնվազն կկարողանա բավականաչափ ճնշում գործադրել [Ադրբեջանի վրա] գոնե մեկ հարցով՝ հայ գերիների վերադարձի առումով, քանի որ այս հարցում այլ կարծիք լինել չի կարող, նրանք պետք է վերադարձվեն։ Եթե հետաքրքրված չէ, և սա ընդամենը Ուկրաինայում առաջացած լարմանը Արևմուտքի մուլտիռեգիոնալ պատասխանն է, ապա չենք տեսնի [օգտակարության] այդ ցուցիչը»։
Նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ Հայաստան էին վերադարձել դեկտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցմամբ։ Հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ:
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչ օրս Հայաստան է վերադարձել 136 գերի։