Կանխելով «օմիկրոնի» մուտքը․ ՀՀ-ում նոր սահմանափակումներ կգործեն
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 23 պատվաստված քաղաքացի։ Նոյեմբերի 29-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարը։
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առկա իրավիճակը, ինչպես նաև խոսել սպասվող նոր սահմանափակումների մասին՝ տեղեկացնելով, որ դրանք արդեն իսկ շրջանառվում են նախագծի տեսքով։
Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում
Վերջին 1 օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 189 դեպք: Մահացել է 21 մարդ։ Համավարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսից մահացել է 7535 քաղաքացի։
Նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է 1 մլն 217 հազար 391 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 781 011, իսկ երկրորդը՝ 436 380 մարդ։
Անդրադառնալով հայաստանյան իրավիճակին՝ առողջապահության նախարարը նշել է, որ վարակման դեպքերը նվազում են, առաջիկայում կնվազեն նաև մահվան դեպքերը.
«Մահերի նվազումը տեղի է ունենում կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումից 2-3 շաբաթ անց»։
Ինչ վերաբերում է գործող սահմանափակումներին` Ավանեսյանն ասել է, որ դիմակների կրման ռեժիմը դեռևս կպահպանվի, քանի որ բոլոր հետազոտությունները վկայում են, որ դա արդյունավետ է։
Հայաստանում մահացել է պատվաստված 23 քաղաքացի
Ավանեսյանը ներկայացրել է պատվաստումների վերաբերյալ թվային տվյալներ՝ նշելով, որ 1 մլն 217 հազար 391 պատվաստվածներից 79–ի մոտ առողջական որոշակի խնդիրներ են եղել։ Փոքրաթիվ դեպքերում ընթացել են ալերգիկ ռեակցիաներ․
«9 քաղաքացի, որոնք երկու դեղաչափ պատվաստված են, կորոնավիրուսով են վարակվել և ծանր վիճակում են»։
Նախարարի խոսքով՝ հոսպիտալացված պացիենտների միայն 3.5%-ն է պատվաստված եղել։
Չնայած պատվաստումների արդյունավետությանը՝ մահվան դեպքեր են գրանցվել նաև պատվաստված քաղաքացիների շրջանում։
«Հայաստանում մինչ այսօր կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել։ Նրանց միջին տարիքը 75-ից բարձր է եղել, ունեցել են խրոնիկ հիվանդություններ», — նշել է Անահիտ Ավանեսյանը։
Ռեստորան կամ թանգարան՝ առանց COVID-ի
Նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսի ընթացքում հայտնել է, որ հունվարի 1-ից Հայաստանում կկիրառվեն նոր սահմանափակումներ, մասնավորապես՝ հանրային սննդի վայրեր այցելել, մշակութային միջոցառումների մասնակցել հնարավոր կլինի միայն պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում․
«Այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, սակայն նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը,` կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել»։
3-րդ դեղաչափը ստանալու մասին
Կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչի կիրառումը Հայաստանում պարտադիր բնույթ չի կրում։ Քաղաքացիները 3-րդ դեղաչափը ստանում են կամավորության սկզբունքով, 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս անց։
Նախարարի փոխանցմամբ՝ կան քաղաքացիներ, որոնք արդեն իսկ ստացել են 3-րդ դեղաչափը․
«Կարևոր է, որ առաջին հերթին խթանիչ ստանան ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները` խրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները»։
Մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրների համար
Կորոնավիրուսի նոր շտամով՝ «օմիկրոնով» պայմանավորված՝ Հայաստանը ժամանակավորապես կսահմանափակի Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոթոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը երկիր․
«Իրականում «օմիկրոն» շտամի մուտացման աստիճանը բավական մեծ է։ Ցավոք, 50 մուտացիա է կրում վիրուսը, և այժմ ուսումնասիրում են՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից ուրիշ ինչ առանձնահատկություն ունի այն»։
Նախարարը տեղեկացրել է, որ այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվելու, մինչև օրվա ավարտը հայտնի կդառնան նոր սահմանափակումները, որոնք գործելու են ՀՀ եկող այն երկրների քաղաքացիների նկատմամբ, որտեղ նոր շտամը տարածվել է։
Օրերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգեց կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոնի» մասին՝ այն որակելով որպես «անհանգստություն առաջացնող»։ Ըստ ԱՀԿ-ի՝ այս շտամի պարագայում, առկա պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել․ բազմաթիվ մուտացիաների պատճառով։ Թեև գիտնականները դեռ չեն պարզել նոր շտամի վտանգավորության աստիճանը, մի շարք երկրներ արդեն իսկ ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ։