Աղջիկներ, որոնք երբեք չեն ծնվի. հին թեմա, նոր պատմություններ
Այս խնդիրն Ադրբեջանում գոյություն ունի այն պահից, երբ հայտնվել են ուլտրաձայնային սարքերը. ընտանեկան զույգերն «ընտրում են երեխայի սեռն»՝ ազատվելով պտղից, եթե դա աղջիկ է: 2011թ-ին ԵԽԽՎ վեհաժողովին քննարկվում էր վտանգավոր միտումը. Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Ալբանիայում սելեկտիվ աբորտները հանգեցրել էին գենդերային հավասարակշռության «շեղման»: Ադրբեջանում այն ժամանակ 100 նորածին աղջկան բաժին էր ընկնում 112 տղա: Իսկ հիմա՝ 114:
Այս թեմայով բոլոր հոդվածները նման են, ինչպես երկվորյակները: Դրանցից յուրաքանչյուրում իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում, որ աղջիկներին վերաբերվում են որպես «երկրորդ տեսակի երեխաների», պաշտոնյաներն ասում են, որ լուսավորչական աշխատանք են տանում, սոցիոլոգներն ամեն ինչ բացատրում են հետամնացությամբ և մարդկանց մոտ կրթության պակասով: Քննարկվում են նաև օրենսդրական միջոցներ. չարգելե՞լ արդյոք աբորտներն ընդհանրապես: Եվ այստեղ փորձագետներն ամեն անգամ նույն պատասխանն են տալիս. արգելքներով ոչնչի չես հասնի: Միայն լուսավորությամբ:
Տարեցտարի ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է: Այս թեմայում նորը տասնյակ կանանց և նրանց չծնված աղջիկների պատմություններն են:
Քյամալա
Այս ամռանը ծննդաբերության ժամանակ Շամախիում մի կին մահացավ: Քյամալա Բեքիրովայի դեպքը հերթականը կլիներ ծննդկանների մահվան քանակի վերաբերյալ հաշվետվություններում, սակայն հանգամանքները հետաքննելիս պարզ դարձավ, որ այս մահն առանձնահատուկ է:
Դա արդեն ութերորդ հղիությունն էր, ինչպես հաղորդեց առողջապահության նախարարության՝ ծննդաբերության ժամանակ օգնության ցուցաբերման հանձնաժողովը: Քյամալան երկու աղջիկ էր ունեցել և երեք տղա: Բոլոր տղաները մահացել էին ծնվելուց հետո: Մահվանից ոչ այնքան առաջ կինը նվազագույնը 3 աբորտ էր արել 12 շաբաթականից ավել հղիության դեպքում. այդ ժամկետում ուլտրաձայնային սարքը կարող է ցույց տալ երեխայի սեռը:
Վերջին աբորտից հետո բժիշկները նրան արգելել էին հղիանալ, սակայն նա շատ էր ուզում երեխա ունենալ: Այժմ ընտանիքում հայտնվել է երկար սպասված ժառանգորդը, սակայն նա պետք է առանց մոր մեծանա:
2016թ-ի տվյալներով՝ Ադրբեջանում այս տարի ծնված 100 աղջկան բաժին է ընկնում 114 տղա (ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հետազոտությունը):
Կենսաբանական նորմը 106 տղա և 100 աղջիկն է:
Տղամարդկանց և կանանց հարաբերակցությունն ընդհանուր առմամբ նույնպես փոխվում է
1051 կին՝ հազար տղամարդու հաշվարկով 1989 թ-ին,
1048՝ 1999թ-ին,
1021՝ 2009թ-ին
«Ադրբեջանում կանայք հակաբեղմնավորիչներ են օգտագործում միայն տղա երեխա ունենալուց հետո: Մինչ այդ կանայք կարող են մի քանի անգամ հղիանալ և աբորտ անել: Նրանք կարծում են, որ կարող են ընտանիքում իրենց դիրքերն ամրապնդել միայն այն բանից հետո, երբ տղա ունենան: Տղամարդկանց համար էլ տղան ցեղը շարունակողն է, նյութական օգնություն ցուցաբերողն ու այն մարդն, ով ծնողների մահվանից հետո նրանց դագաղն իր ուսերին կտանի», — ասում է Բաքվում կանանց ապաստանի տնօրեն Էլնուրա Զեյնալովան:
Ադրբեջանում սպասում են «Վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման պաշտպանության մասին» օրինագծի ուժի մեջ մտնելուն, սակայն գործընթացը դեռևս ձգձգվում է: Օրինագծում հստակ արգելք է նախատեսվում սելեկտիվ աբորտների համար, ինչպես նաև դրանով գումար վաստակող բժիշկներին քրեական պատասխանատվության ենթարկում:
Ընդհանրապես, 12 շաբաթականից ավել հղիության դեպքում աբորտները թույլատրված են՝ միայն բժշկական նկատառումներից ելնելով: Այդ պատճառով էլ ժողովրդականություն են վայելում այն բժիշկները, որոնք երեխայի սեռը «գուշակում են» վաղ ժամկետների ժամանակ:
Իսկ եթե երեխայի սեռը իրապես հայտնի է դառնում «չափազանց ուշ», կանայք աբորտ են անում տնային պայմաններում և հիվանդանոց են գնում միայն եթե այդպիսի «ինքնագործունեությունը» խնդիրների է բերում:
Ծննդաբերության ժամանակ օգնության ցուցաբերման առողջապահոըթյան նախարարության հանձնաժողովի անդամ Լեյլա Մամեդովա.
«Եթե մայրն ու պտուղը ոչ մի խնդիր չունեն, աբորտի համար բժշկական-սոցիալական ցուցում չկա, հղիությունը չի կարող ընդհատվել: Պտղի սեռական պատկանելիությունը ոչ բժշկական, ոչ էլ սոցիալական ցուցում է: Եթե աբորտն արվում է 12 շաբաթից հետո, դա պետք է որոշակի կերպ ձևակերպվի: Եթե տեղեկատվություն է հայտնվում, որ որևէ բժիշկ իրոք սելեկտիվ աբորտ է արել, այդ հարցը լրջորեն հետաքննվում է առողջապահության նախարարության կողմից, տեղեկատվության հաստատման դեպքում ձեռնարկվում են միջոցներ»:
Այսել
Այսել Ահմեդովային տնից վռնդել են նրա համար, որ նա աղջիկ է ունեցել:
Սկզբից ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ նա տղա է ունենալու: Պարզվել է, որ բժիշկը սխալվել է. Այսելն աղջիկ է ունեցել:
Ամուսինն ասել է, որ աղջիկն իր պատիվը գետնով կտա, և տնից վռնդել է կնոջն ու երեխային: Կինն աղջկա հետ վերադարձել է հայրական տուն: Իսկ այնտեղ եղբայրը պահանջել է աղջկան ինտերնատ տալ, և միայն այդ պայմանով էին նրանք պատրաստ Այսելին հետ ընդունել:
Արդյունքում՝ կինն ապաստանում է հայտնվել:
2016թ-ին Ադրբեջանում աբորտ է արել 34 569 կին:
Չկա վիճակագրություն, որը թույլ կտար հստակ իմանալ, թե այդ աբորտներից քանիսն են սելեկտիվ:
Խնդրի մասշտաբների մասին կարելի է դատել միայն գինեկոլոգների խոսքերի հիման վրա, որոնք պնդում են, որ սելեկտիվ աբորտների թիվը շատ մեծ է, և ծնելիության վիճակագրության հիման վրա:
https://www.youtube.com/watch?v=NA7rCvvIsXQ&feature=youtu.be
«Ես ուզում եմ յոթ տղա և մեկ աղջիկ»՝ ռեժիսոր Ալի Իսա Ջաբարովի ֆիլմը (2002թ): Ֆիլմի վերջում կանանցից մեկը կանանց խորհրդատվության ծառայության միջանցքում (նա աղջիկ է ունենալու) բացատրում է, թե ինչու է ուզում աբորտ անել. ադրբեջանական հասարակությունում տղամարդ լինելն ավելի հեշտ է, քան կին. ավելի հեշտ է աշխատանքի տեղավորվել, հեշտ է կենցաղում և ընտանիքում, ընդհանրապես ավելի հեշտ է ապրել, ասում է նա:
Սևինջ
Սևինջի հետ ծանոթացա կանանց խորհրդատվության ծառայությունում: Նրա հետ էր 3-ամյա դուստրը: Սևինջի հղիության մոտավորապես 4-5-րդ ամիսն էր:
Նա, ով եղել է կանանց խորհրդատվության կենտրոնում, գիտի, որ դա նաև տարբեր թեմաներով զրուցելու հիանալի վայր է: Այստեղ կանայք քննարկում են ամեն ինչ՝ սկսած հղիությունից, ավարտած վերջին համաշխարհային նորություններով: Իսկ առանց այդ խոսակցությունների դժվար կլիներ երկար ժամեր սպասել հերթին:
Սակայն Սևինջը ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում զրույցի նկատմամբ:
Շատ հետաքրքիր է զննել այն կանանց, որոնք դուրս են գալիս ուլտրաձայնային հետազոտության կաբինետից: Կնոջ դեմքից կարելի է կռահել, թե ինչ սեռի է երեխան: Այս միջանցքներում տղաների համար ավելի շատ են ուրախանում, քան աղջիկների:
Երբ Սևինջը դուրս եկավ կաբինետից, նրա հայացքը ոչինչ չէր արտահայտում, կարծես նա ինքն էլ այնտեղ չլիներ: Նա հազիվ էր ոտքի վրա կանգնում: Ես նրան ջուր տվեցի, նա խմեց, շնորհակալություն հայտնեց և ձեռքով արեց դռան մոտ կանգնած դստերը, որ իր մոտ գա: Ես նրան ուզում էի ինչ-որ բան հարցնել, սակայն ի՞նչ հարցնեի: Հավանաբար իմ լռությունը նրա համար խթան էր, և նա սկսեց պատմել:
«Մայրս ատում է մեզ: Ինձ ու քրոջս: Նա մեզ չի սիրում, որովհետև մենք աղջիկ ենք: Եվ մանուկ հասակում էլ չէր սիրում: Կերակրել է, հագցրել, սովորեցնել, բայց չի սիրել:
Քույրս մի աղջիկ ունի, վիրահատության ժամանակ հեռացրել են նրա արգանդը, նա այլևս երեխա չի ունենալու: Ես էլ մի աղջիկ ունեմ, երկրորդն էլ է աղջիկ լինելու: Իսկ մեր երեխաներին նա չի սիրում, ամբողջ հույսն այս երեխան էր (ձեռքով փորն է ցույց տալիս), և ահա…»:
Ինչպե՞ս մայրը կարող է չսիրել սեփական երեխային, — հարցնում եմ:
«Հայրս նրան լքել է մեր պատճառով: Մայրս չի կարողացել նրա համար տղա ունենալ, և նա ամուսնացել է ուրիշի հետ»: