Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումն ու դրա հետևանքները
Ժնեևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ի հանդիպման և բանակցությունների փաստը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ նրանց նախորդ հանդիպումը կայացել է մեկ տարվանից ավելի վաղ՝ 2016թ-ի հունիսին:
Այդ պահից բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի գրանցվել, թեև այդ ժամանակահատվածում միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մի քանի անգամ հասցրել են հանդիպել երկու երկրների արտգործնախարարները:
Այս հանդիպումը ևս կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: Սարգսյան-Ալիև բանակցությունների ավարտից բառացիորեն մի քանի րոպե անց հրապարակվել է Մինսկի խմբի մամուլի ծառայության հայտարարությունը, որում ասվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի առաջխաղացման համար և լրացուցիչ ջանքեր գործադրել շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ:
Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատև դադարից հետո ուղիղ բանակցությունների վերսկսման առթիվ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու միջնորդությունը ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:
JAMnews-ն առաջարկում է տեղեկատվություն և գնահատականներ Երևանից և Բաքվից:
Տեղեկատվություն Երևանից
Բարձր մակարդակում անցկացվող բանակցությունների վերսկսումից Հայաստանում ոչ միայն բեկման չէին սպասում, այլ նաև չէին հավատում դրանց հնարավորությանը: Իսկ այն բանից հետո, երբ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան այն մասին, որ նախագահները համաձայնել են վերսկսել բանակցությունները, շատերը տարակուսանքի մեջ էին. Սարգսյանն ինչո՞ւ համաձայնեց մասնակցել հանդիպմանը:
Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սարգսյանի դիրքորոշումը հետևյալ կերպ է բացատրել.
«Չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին՝ Հայաստանի նախագահն այնուամենայնիվ հավատարիմ է մնում բանակցային գործընթացի ձևաչափին և կմասնակցի հանդիպմանը»:
Աշոտյանը նկատի ուներ Իլհամ Ալիևի՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվող հոկտեմբերի 9-ի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանների», թե Հայաստանն իբր ձգտում էր ձախողել բանակցությունները՝ տարբեր առիթներ հորինելով և տարբեր պայմաններ առաջ քաշելով:
«Սակայն ես միանգամից հայտարարեցի, որ պայմաններից ոչ մեկը չի ընդունվելու: Այդպիսի պայմաններ դնելով՝ Հայաստանն իրեն հիմար դրության մեջ դրեց և այժմ ստիպված է հրաժարվել այդպիսի քաղաքականությունից», — հայտարարել է Ալիևը:
Հայկական կողմի պատասխանը հնչեցրեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Վլադիմիր Հակոբյանը հայտարարեց.
«…Նախագահների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջև»:
Հայ փորձագետները միաձայն մեկնաբանում էին, որ Հակոբյանն այդպիսով հաստատեց. սեղանին նույն վիեննական օրակարգն է, և իրականում զիջել է Ադրբեջանը, որը ամեն կերպ խուսափում էր կատարել «վիեննական պայմանավորվածությունները»:
Փորձագետների կարծիքները նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ
Քաղաքագետ Աննա Կարապետյան.
«Հանդիպումը հազիվ թե կարողանար առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում: Սակայն Բաքվի այն շահարկումների ֆոնին, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի «մեծ դիվանագիտական հաղթանակները» մոռացված են, ուշադրություն դարձնենք հանդիպման արդյունքում արված հայտարարության տեքստին: Դրա էությունն այն է, որ և քաղաքական կարգավորումը, և Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են օրակարգում: Այլ հարց է, որ դրանցից ոչ մեկի ուղղությամբ առաջընթաց չկա»:
Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանն առաջարկում է ուշադրություն դարձնել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որը նա արել է դեռևս բանակցությունների մեկնարկից առաջ:
Նա նաև ասել է, որ Բաքուն միջազգային ճնշման տակ է, մասնավորապես Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն այս օրերին միանգամից երկու քննադատական բանաձև է ընդունել Ադրբեջանի հասցեին: Այդ իրավիճակում, ըստ նրա, Ադրբեջանը երկու ճանապարհ ունի: Առաջինն՝ ընդունել Հայաստանի և միջնորդների պայմանները և վստահության մթնոլորտ ստեղծել, այսինքն՝ գրանցել ներկայիս սահմաններն ու բանակցություններ սկսել: Երկրորդ ճանապարհը գործընթացից ընդհանրապես հրաժարվելն է: Սակայն երկրորդ ճանապարհի ընտրությունը կարող է հանգեցնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանն, ասել է Շավարշ Քոչարյանը:
Նաիրա Հայրումյանը փոխարտգործնախարարի այս հայտարարությունը ծայրահեղ կարևոր է համարում.
«Փաստացի Շավարշ Քոչարյանը մեծ վերջակետ է դնում Սարգսյան-Ալիև բանակցությունների 10-ամյա պատմության վրա… ՄԱԿ-ի ամբիոնից իրենց նախորդ ելույթների ժամանակ [Սարգսյանն ու Ալիևը] հաստատել են կարգավորման երկու բացարձակապես հակառակ մոտեցում. Հայաստանը պնդում է խաղաղ ինքնորոշման, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության ուժային վերականգնման մասին:
Ըստ ամենայնի, Հայաստանի դիրքորոշումն այժմ համընկնում է միջնորդների մոտեցումներին: Սոչիի գագաթնաժողովից ոչ շատ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտն անսպասելիորեն հայտարարեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր առաջնահերթությունների մասին՝ բացառապես նշելով Արցախի ականազերծումը, դիպուկահարներին հետ քաշումն ու հետաքննության մեխանիզմների ներդրումը: Եվ ոչ մի խոսք տարածքների մասին»:
Lragir.am—ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյան.
«Նախորդ երկու տասնամյակների բանակցային գործընթացը իրականում իմիտացիա էր, որում գլոբալ կենտրոնները լուծում էին իրենց խնդիրները: Այդ փուլն ավարտվեց ապրիլյան պատերազմով [2016 թ-ին], որին պետք է հետևեր Արցախի ճանաչումը: Եվ գործընթացն արդեն սկսվել է, համենայն դեպս՝ վիեննական օրակագով և ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությամբ: Իրավիճակի դե յուրե ամրապնդումը ժամանակի հարց է, և պետք է լցնել այդ «ժամանակը»: Այժմ իմիտացիայի նոր սցենարներ են մշակվում, և միջնորդներն ուրախ կլինեին, եթե կողմերն իրենք այդ մասին պայմանավորվեին»:
Հակոբ Բադալյան, Lragir.am-ի վերլուծաբան.
«Եվրահանձնաժողովը, այնուհետև նաև Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել են Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրած շրջանակային համաձայնագրի տեքստը, որը պետք է ստորագրվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հատկանշական է, որ տեքստը հրապարակվել է այն նույն օրը, երբ հայտնի է դարձել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
Առաջին հայացքից, այդ երկու իրադարձություններն այնքան էլ կապ չունեն միմյանց հետ: Սակայն պետք է հիշել, թե ինչպես մի քանի օր առաջ Բաքվում էին Եվրամիության ներկայացուցիչները, որոնց Ալիևը բառացիորեն սպառնում էր Եվրախորհրդից դուրս գալ, եթե ԵՄ-ն այսուհետ էլ անտեսի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ աջակցի Հայաստանին:
Համաձայնագրի տեքստը վկայում է այն մասին, որ ԵՄ դիրքորոշումն անփոփոխ է մնացել, և Ալիևի շանտաժը տեղին չէր»:
Շուշի: Լուսանկարը՝ Օլեսյա Վարտանյանի
Տեղեկատվություն Բաքվից
Ադրբեջանում նույնպես առանձնահատուկ սպասումներ չկային ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ժնևյան փուլի նախօրեին:
Նախորդ շաբաթ նախարարների կաբինետի նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի բացակայության մասին, սակայն նշեց, որ բանակցային գործընթացը վերսկսվում է: Ալիևն ընդգծեց, որ պաշտոնական Բաքուն բանակցությունների վերսկսման համար որևէ պայման չի ընդունել:
ԱԳՆ մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդեց, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ համաձայնել է վերադառնալ բանակցությունների սեղանին առանց որևէ նախապայմանի:
«Հայաստանը բանակցության սեղան է վերադարձել միջազգային ճնշման արդյունքում», — հանդիպման նախօրեին ասել է խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն: Սակայն կասկածներ է հայտնել բանակցությունների հեռանկարի վերաբերյալ:
«Ադրբեջանը խաղաղություն է ուզում: Սակայն Հայաստանը պատրաստ չէ խաղաղության և ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկի: Ամենակարևոր պահին Հայաստանը կխաթարի այդ գործընթացը», — ասել է Մոլլազադեն Trend գործակալությանը:
Բանակցությունների ավարտից հետո ադրբեջանական պաշտոնական կայքերում Ժնեևից բազմաթիվ լուսանկարներ հայտնվեցին, սակայն բավականին սուղ էր բանակցությունների բովանդակության և դրանց արդյունքների մասին տեղեկատվությունը: Այդ պատճառով էլ ադրբեջանցի մեկնաբաններից շատերը ստիպված էին վկայակոչել հայկական աղբյուրները, որտեղ այդ տեղեկատվությունն ավելի շատ էր:
Ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանում մեծ արձագանք առաջացրեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք նա ասել էր բանակցություններից հետո Ժնևում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ համար միակ հնարավոր լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել», — Սարգսյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահների հանդիպման արդյուքների վերաբերյալ փորձագետների կարծիքները
Քաղաքական մեկնաբան Թոֆիկ Աբասով.
«2018թ-ի մարտին Հայաստանը կվերածվի խորհրդարանական հանրապետության: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները սպառման եզրին են, այդ պատճառով էլ չեմ կարծում, թե նա պատրաստ է որևէ մեծ փոփոխության: Սարգսյանն ինքն իրեն փակուղի է մտցրել, էքսպանսիայի քաղաքականությունը վերանայելը հավասարազոր է ինքնասպանության: Հենց այդ պատճառով էլ Սարգսյանը շանթարձակ է արտասահմանում և ավելի ու ավելի գունատ է երևում հայրենիքում»:
Քաղաքագետ Մուրադ Հուսեյնով.
«Դատելով Հայաստանի նախագահի արձագանքից՝ բանակցությունները հաջող չեն ընթացել: Որպես արդյունք կարող է ճակատային գծում լարվածության պոռթկում լինել: Մասշտաբները կախված կլինեն նրանից, թե որքան անհաջող էին բանակցությունները»:
Նուրանի, «Էխո» թերթի քաղաքական բաժնի ղեկավար.
«Սերժ Սարգսյանը հաստատել է, որ հակամարտությունը խաղաղ լուծում չունի, քանի դեռ Հայաստանում և իշխանությունը, և ընդդիմությունը կազմված է ղարաբաղյան թեմայով քաղաքական կապիտալ դիզած քաղաքական գործիչներից: Պարզապես Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները դա անում էին առաջին ալիքից, Քոչարյանն ու Սերժը՝ երկրորդ»:
Քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև.
«Միամիտ կլիներ այս փուլում որևէ լուրջ բեկման սպասել: Կողմերից ոչ մեկը դեռևս շահագրգռված չէ դրանում: Հակամարտող երկրների ղեկավարները չունեն այն քաղաքական կամքը, որն ունեին նախկին ղեկավարները՝ Տեր-Պետրոսյանն ու Հեյդար Ալիևը: ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Ռուսաստանը զբաղված են իրենց խնդիրներով և այլ հակամարտություններով, այդ պատճառով էլ այս հակամարտության լուծումն այսօր միջնորդների համար առաջնահերթ խնդիր չէ»:
Բավականին ռազմատենչ արձագանք եղավ Ադրբեջանի սոցցանցերում: Մի քանի տիպիկ մեկնաբանություն.
«Որքա՞ն կարելի է սպասել: Մեզ ծաղրում են, իսկ Սերժի այդ մեծամիտ հայտարարությունից հետո՝ առավել ևս: Մեր դեմքը չկորցնելու, Ադրբեջանի հասցեին ծաղրուծանակ չլսելու համար պետք է ռազմական գործողություն սկսել: Եվ ոչ ոք մեզ չի օգնի, միայն մենք ինքներս կարող ենք ուժով հետ վերադարձնել մեր հողերը, այլ ելք չկա»:
«Հիշո՞ւմ եք Հայաստանի խորհրդարանում գնդակահարությունը [1999 թ-ի հոկտեմբերի 27 – JAMnews]: Դա գոնե ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու հնարավոր ժամանակահատված էր: Սարգսյանը վախենում է մահվանից: Նա մահ է կանխատեսում Հայաստանի ցանկացած այլ ղեկավարի համար: Դա բավականին անկեղծ հայտարարություն է: Ցանկացածն, ով կստորագրի խաղաղության համաձայանգիրը, Հայաստանում կսպանեն»:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: