Հայաստանը՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման նախաշեմին
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախապատրաստվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետները դեռևս հայտնի չեն: Սակայն եթե այն տեղի ունենա մինչև Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը պլանավորված է նոյեմբերի 24-ին, ապա Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներով կարող է պայմանավորվի և Բրյուսելի գագաթնաժողովի հաջողությունը: Գլոբալ խնդիրների համատեքստում համաշխարհային խաղացողները փորձում են ղարաբաղյան հակամարտությունն իրենց նպատակներին ծառայեցնել:
Ադրբեջանը փորձում է ԵՄ-ին ստիպել հարգել իր տարածքային ամբողջականությունը
Բրյուսելյան գագաթնաժողովին Հայաստանն ու Ադրբեջանը կարող են Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել: Սակայն, եթե Հայաստանի համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է դեռևս մարտին, և դրանում էլ հավելումներ չեն արվելու, ապա Ադրբեջանի համաձայնագիրը դեռ պատրաստ չէ և հազիվ թե ստորագրվի: Բաքուն պահանջում է համաձայնագրի տեքստում ավելացնել տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության մասին կետ: Դա խոստովանել է ինքը՝ Ադրբեջանի նախագահը:
Եթե ԵՄ հետ Ադրբեջանի համաձայնագրի տեքստում տարածքային ամբողջականության մասին սահմանում լինի, ինչը նշանակում է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել, Հայաստանը կհրաժարվի ԵՄ հետ համաձայնագիր ստորագրել: Այսպիսով, Ադրբեջանը կհասնի իր գլխավոր նպատակին՝ թույլ չտալ Հայաստանին դուրս գալ եվրասիական տարածքից և ինտեգրվել Արևմուտքին:
Սակայն, ըստ ամենայնի, Եվրամիությունը մտադիր չէ Ադրբեջանի հետ համաձայնագրի տեքստում ամրագրել այդ կետը:
2013թ-ին Եվրամիությունն արդեն հրաժարվել էր Ադրբեջանի ասոցացման համաձայնքգրի տեքստում ներառել տարածքային ամբողջականության մասին կետ: Այն ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնգիրը:
Ի դեպ, Ալիևը պահանջում է Ղարաբաղը նույնպես ներառել «հետխորհրդային» հակամարտությունների շարքում՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի նմանությամբ, որոնց դեպքում ԵՄ-ը միանշանակ պաշտպանում է տարածքային ամբողջականությունը: Սակայն Ղարաբաղի դեպքում ամբողջականությունը միշտ հիշատակվում է ինքնորոշման իրավունքի և ուժի կիրառման անթույլատրելիության հետ մեկտեղ:
Իլհամ Ալիևն այսօր էլ չի թաքցնում Եվրոպայի, հատկապես՝ Եվրախորհրդի դիրքորոշման վերաբերյալ իր դժգոհությունը:
«Երբ մենք միացանք Եվրոպայի խորհրդին, կարծում էինք, որ այն աջակցություն կցուցաբերի ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Սակայն Եվրախորհուրդն այդ գործում հաջողությունների չհասավ»,- ասել է նա:
Ընդ որում, նա նկատել է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից ադրբեջանական կողմի սպասումները «կայանում են նրանում, որպեսզի Եվրահանձնաժողովը միասնական մոտեցում ցուցաբերի հետխորհրդային տարածքում առկա բոլոր հակամարտություններին»:
ԵՄ կոմիտեի անդամները Բաքվում անցկացրած հանդիպումներից հետո ժամանեցին Երևան և հանդիպեցին հայկական ղեկավարության հետ: Սակայն այդ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններում ոչ մի խոսք չկա Ղարաբաղի հարցի վերաբերյալ պահանջների մասին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը եվրոպական պատվիրակության ղեկավար Վալտեր Սթիվենսն ընդգծեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եվրոպական պատվիրակության հետ հանդիպմանը նշեց.
«Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է հակամարտությունը կարգավորել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջարկների հիման վրա, որոնք միջազգային աջակցություն ունեն, ապա պետք է հաստատի և գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ խնդրի լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով, 1994-1995թթ-ի զինադադարի մասին համաձայնագրերի անվերապահ կատարում»:
Հայաստանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման և այն մասին, թե ինչպես են հայկական քաղաքական շրջանակներում գնահատում երկու երկրների հանդիպման հնարավորությունը, JAMnews-ն արդեն հաղորդել է իր հրապարակման մեջ:
https://jam-news.net/?p=62753&lang=hy
Ավելի ուշ հայտնվեց համանախագահների հայտարարությունն այն մասին, որ «երկու երկրների նախագահները հաստատել են բանակցությունները վերսկսելու իրենց պատրաստակամությունը հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»:
Արդյո՞ք Բաքուն բանակցությունները շարունակելու համար կհամաձայնի կատարել իր պարտավորությունները, մասնավորապես, սահմանին մոնիթորինգային սարքավորումներ տեղադրելու և դիպուկահարներին հետ քաշելու վերաբերյալ: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ իր ղեկավար Էլմար Մամեդյարովը «Ադրբեջանի աջակցությունն է հայտնել համանախագահների մի քանի հետաքրքիր առաջարկներին, որոնք նրանք բարձրաձայնել են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները շարունակելու համար»:
ԱՄՆ նոր վարչակազմը, վերջապես, ձևակերպել է Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ողջունում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրապարակային հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղարաբաղում ականազերծման ավարտին «որքան հնարավոր է շտապ և լիակատար»:
Պատասխանելով ամերիկյան կոնգրեսմենների հարցումներին՝ ԱՄՆ Պետդեպը, վերջապես, ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլի իր տեսլականը:
«Պետդեպն աջակցում է դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի գործարկման և շփման գծի, հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով սենսորների տեղադրման մասին առաջարկները: ԱՄՆ-ը Մինսկի խմբի գործընթացի կողմնակից է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, ինչն էլ, մեր կարծիքով, կնվազեցնի բռնությունը հակամարտությամբ համակված շրջաններում»,- հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ն խոսում է վստահության միջոցների և կայունության ապահովման մասին՝ չհիշատակելով կարգավորման այսպես կոչված մադրիդյան սկզբունքները: Հատկանշական է նաև, որ բառացիորեն նախորդ շաբաթ Միչիգանը՝ թվով 8-րդ ամերիկյան նահանագը, խորհրդարանի մակարդակում ճանաչել է Ղարաբաղի անկախությունը:
Հայ դատի Ամերիկյան կոմիտեի՝ հիմնական հայկական լոբիստական կազմակերպություններից մեկի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է.
«Մենք մեծապես ոգեշնչված ենք նրանով, որ Միչիգանը ճանաչել է Արցախի անկախությունը: Սենատն ու Ներկայացուցիչների պալատը կշարունակեն աջակցություն ցուցաբերել Արցախին և Հայաստանին: ԱՄՆ քաղաքականությունը դանդաղ, բայց հաստատուն կեպրով կենտրոնանում է ժողովրդավարական ինքնորոշման շուրջ որպես հիմնարար արժեքներից մեկի:
Մենք ոգեշնչված ենք նրանով, որ Սենատի հատկացումների հանձնաժողովի կողմից Բաքվի դեմ պատժամիջոցների նախագծում արված լրացումներն ընդունելուց հետո մենք ականատես կլինենք կոնգրեսմենների աջակցությանն Ադրբեջանում աճող բռնաճնշումների դեմ բանաձևին: Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային նույնպիսի պատասխան կտրվի՝ պատժամիջոցներ, վիզաների սահմանափակում և այլն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում վերջերս շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որը ենթադրում է «Մագնիտսկու գլոբալ ակտի» կիրառում Ադրբեջանի իշխող ռեժիմի հանդեպ իրավունքների և ազատությունների զանգվածային խախտման պատճառով:
Հոկտեմբերի վերջին Եվրախորհուրդը նույնպես կդիտարկի Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չկատարումը քննադատող նախագիծը, ինչը կարող է հանգեցնել Եվրախորհրդից Ադրբեջանի վտարմանը:
Իսկ Ալիևը պատժամիջոցների հնարավոր կիրառումից առաջ փորձում է վերջին անգամ օգտագործել ղարաբաղյան խաղաքարտը: