Ամեն ինչ այդքան էլ այնպես չէ, ինչպես երազում էին․ ադրբեջանցի բռնի տեղահանվածների վերադարձը տուն
Արցախից ադրբեջանցի բռնի տեղահանվածները 2020 թ․ պատերազմից հետո սպասում են իրենց մոտալուտ վերադարձին հայրենիք։ Սակայն նրանք չեն հասցրել ուրախանալ այս հեռանկարով, երբ հայտնվել են անորոշության մեջ։ Ե՞րբ են նրանք տուն վերադառնալու և ինչպե՞ս։
Զանգելանի շրջանի Բաբայլի գյուղից բռնի տեղահանված Գյուլբանիզ Քերիմովայի պատմությունը հիմնականում տիպիկ է։ Այն բանից հետո, երբ Քերիմովները ստիպված են եղել լքել Զանգելանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 90-ականների սկզբին, փորձել են ժամանակավոր ապաստան գտնել՝ միշտ հույս ունենալով, որ կարող են տուն վերադառնալ։ Աշխատանք գտնելը դժվար է եղել, որովհետև Բաբայլիում ընտանիքն ապրել է գյուղատնտեսության հաշվին․ անասուն և թռչուններ են պահել, պտղատու ծառեր ունեցել։ Քաղաքային կյանքին հարմարվելը դժվար է եղել։
Ժամանակի ընթացքում, հասկանալով, որ վերադառնալու երազանքն այդպես էլ երազանք է մնացել, ընտանիքը հողակտոր է գնել Բաքվից ոչ հեռու Սարայ ավանում և որոշել այնտեղ տուն կառուցել։
«Շինարարությունը երեք-չորս տարի է տևել։ Սկեսուրս ասում էր, որ չի ուզում մահանալ փոքր երկսենյականոց բնակարանում։ Իսկ սկեսրայրս այդպես էլ այնտեղ մահացավ։ Այնպես որ, որոշեցինք տեղափոխվել դեռ անավարտ տուն։ Եվ շարունակում էինք կառուցել այն՝ արդեն այնտեղ ապրելով»։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Զանգելանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և այժմ, թվում էր, բռնի տեղահանվածների երազանքը կատարվել է։
«Երբ մերոնք գրավեցին Զանգելանը, ես սկզբից շոկի մեջ էի։ Հետո սկսեցի բղավել, արտասվել։ Այդպես բղավելու և արտասվելու միջոցով էր արտահայտվում ուրախությունս։ Մի քանի ժամ չէի կարողանում ուշքի գալ։ Բոլորը զանգահարում էին, շնորհավորում, իսկ ոչ ոքի չէի կարողանում պատասխանել, միայն լալիս էի», — ասում է Գյուլբանիզը։
Նա արդեն գիտի, թե ուր է գնալու առաջին հերթին, երբ վերադառնա հարազատ գյուղ՝ գերեզմանոց, որտեղ հանգչում են նրա հարազատները։
Սակայն վերադարձն այնպես չի լինելու, ինչպես նա երազում էր։ Այն գյուղացիները, որոնց թույլ են տվել այցելել Բաբայլի, այնտեղից տեսանյութ են բերել, որից պարզ է դարձել, որ տունը, որի բանալին Գյուլբանիզը մինչ օրս պահում է, այլևս չկա, իսկ գերեզմանոցում տապանաքարեր չկան։
Երկրորդ խնդիրն այն է, որ, ըստ նոր կանոնների, որոնք այժմ մշակում է Ադրբեջանի կառավարությունը, հազիվ թե յուրաքանչյուր բռնի տեղահանված վերադառնա հենց իր գյուղ․ հնարավոր է, դրանց փոխարեն նորերը կառուցեն։
Նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ դժվար է ենթակառուցվածքներ ստեղծել յուրաքանչյուր առանձին գյուղում, այնպես որ, մանրերը կմիացվեն խոշորներին։ Բացի այդ, նա ասում է, որ վերադառնալու հնարավորություն կտրվի միայն նրանց, ովքեր պատրաստվում են այնտեղ մշտապես բնակվել․
«Հասկանո՞ւմ եք, ես նույնպես վստահ եմ, որ բոլորն են ուզում մեկնել, և տա Աստված։ Բայց գուցե ինչ-որ մեկը չի ուզում։ Այդ պատճառով էլ ինչո՞ւ մենք պետք է փող ծախսենք, եթե նա չի մեկնելու կամ մեկնելու է հանգստյան օրերին, բայց ապրելու է Բաքվում կամ Սումգայիթում։ Մի՞թե սա է ելքը։ Ոչ։ Մենք պետք է այնտեղ տեղավորենք նրանց, ովքեր այնտեղ ապրելու են»։
Գյուլբանիզ Քերիմովան ասում է, որ իր ընտանիքը մտադիր է ապրել հայրենի գյուղում, ալյ ոչ թե ինչ-որ նոր բնակավայրում։ Տան վերականգնումն այն տեսքով, ինչպես իրենք են հիշում, սկզբունքային հարց է նրանց համար։ Երեխաները կիսում են մեծերի այդ պլաններն ու կարոտը, որովհետև ողջ կյանքի ընթացքում լսել են նրանց պատմությունները․
«Երբ Բաբայլիից բերեցին առաջին տեսանյութը, աղջիկս նայում ու արտասվում էր։ Ես ասացի՝ իսկ դո՞ւ ինչու ես լալիս, չէ՞ որ դու երբեք այնտեղ չես եղել։ Նա պատասխանեց․ «Տատիկն այնպես է պատմում բակի, թզենիների մասին, կարծես գյուղով քայլելիս լինեմ, կարծես ինքս էլ եմ այնտեղ ապրել»։ Հիմա այնտեղ ամայի տարածք է, դա ամենածանրն է»։
Գյուլբանիզն ասում է, որ որոշ ժամանակ առաջ նրա ամուսնուն և եղբայրներին կանչել են Զանգելանի շրջանի գործադիր իշխանության տեղի բաժանմունք և հարցրել գյուղում թողնված սեփականության մասին․
«Չի կարելի որպես տնամերձ հող նշել 1000 քառակուսի մետրից ավելի։ Իսկ եթե, օրինակ, երկու ձի եք ունեցել, կարելի է նշել միայն մեկը։ Ծառերը չեն հաշվարկվում։ Գուցե այս հարցումը պետք է Հայաստանից փոխհատուցում ստանալու համա՞ր, մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչու է այն անցկացվում»։
Տնտեսագետ Թորգուլ Վելիևի կարծիքով՝ վերադարձի ժամանակ մարդկանց, հնարավոր է, որոշակի փոխահատուցում տրվի․
«Գուցե բռնի տեղահանվածներին ինչ-որ գումար վճարեն, սակայն փոխհատուցման մասին խոսք չի գնում։ Բյուջեից այս նպատակով գումար չի տրամադրվել, և ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա»։
Տնտեսագետ Ռովշան Աղաևը կարծում է, որ պետք է վերացարկվել անցյալից և գնահատել ներկայիս ցուցնիշներով, թափանցիկ չափանիշներով․
«Ես առաջարկում եմ, որ մոտակա կես տարում կառավարությունը ներկայացնի բարեփոխումների հայեցակարգ այդ տարածքների վերաբերյալ։ Ներկա պահին այնտեղ շուրջ 700 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հող կա։ Պետք է հայտարարել, թե այդ հողի որ մասն է մնալու որպես մունիցիպալ և պետական սեփականություն, և որ մասն է մասնավորեցվելու»։
Այդ տարածքների վերականգնման համար պետական բյուջեից 2021 թ-ին նախատեսված է 2,2 մլրդ մանաթ տրամադրել։ Փետրվարին անցկացված ասուլիսին Իլհամ Ալիևն ասել է, որ այդ միջոցների կեսն արդեն բաշխվել է։
Փորձագետները, սակայն, այն կարծիքի են, որ բռնի տեղահանվածների վերադարձին դեռ շատ կա, և 2021 թ-ին այն հաստատ չի սկսվելու։
Իսկ Գյուլբանիզն անհամբերությամբ սպասում է այն պահն, թե երբ է կրկին տեսնելու Զանգելանը, սակայն անհանգստանում է, որ իրենց համար դժվար կլինի հարազատների գերեզման այցելելը, որոնք այս տարիներին մահացել են․
«Մենք կրկին ճամփաբաժանի առջև ենք։ Հարազատներից ոմանք թաղված են Զանգելանում, ոմանք՝ Բաքվում, ոմանք՝ Սումգայիթում։ Կրկին պետք է դժվար որոշում կայացնենք, թե ում գերեզման այցելել»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։