Հարավային Օսիայի վրացական դպրոցներն անցում են կատարում ռուսերենի
Հարավային Օսիայում որոշում է կայացվել լուծարել «վրացական դպրոցներ» հասկացությունը և դրանց փոխարեն վրացերենի ուժեղացված ուսումնասիրմամբ ռուսական դպրոցներ ստեղծել:
Վրացական դպրոցների հիմնական մասը գտնվում է Լենինգորիի շրջանում, որը մինչև 2008թ-ի պատերազմը գտնվում էր Թբիլիսիի վերահսկողության տակ: Վրացերեն տեղանունը Ախալգորիի շրջան է: Փուլ առ փուլ բոլոր դասարանները կանցնեն ուսուցման ռուսերեն և օսերեն լեզուների և ռուսական ծրագրի: Այս տարի փոփոխությունները վերաբերել են միայն տարրական դասարաններին, ընդհանուր 25 աշակերտի մասին է խոսքը:
[pullquote]“Նման որոշումը միայն կամրապնդի էթնիկ վրացիների երեխաների հեռանկարները”[/pullquote]
Հարավային Օսիայի կրթության նախարար Նատալի Հասիևան լրագրողներին ասել է, որ այդպիսի որոշումը միայն կամրապնդի էթնիկ վրացիների երեխաների հեռանկարները, քանի որ նրանք հնարավորություն կունենան բարձրագույն կրթություն ստանալ Հարավօսական պետական համալսարանում, ինչպես նաև Ռուսաստանի բուհերում Հարավային Օսիայի բնակիչների համար տրամադրված քվոտաներով:
Թբիլիսիում այդ պլանը խտրական են անվանել և անհանգստություն են հայտնել, որ մայրենի լեզվով կրթություն ստանալու սահմանափակումները Հարավային Օսիայում մնացած էթնիկ վրացիներին կստիպեն լքել հարազատ վայրերը:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հիշեցրել է Աբխազիայի Գալի շրջանում կատարված նույնատիպ փոփոխությունների մասին, որը նույնպես խիտ բնակեցված է վրացիներով, և այսպես է մեկնաբանել այդ որոշումը.
«Դա, վերջին հաշվով, չի բխում ոչ աբխազական, ոչ օսական հասարակությունների շահերից, քանի որ վտանգը որ թե այնտեղ շատ բարդ պայմաններում ապրող մարդկանց մեջ է, այլ ռուսիֆիկացման գործընթացի, որը սպառնում է աբխազական և օսական ինքնությանն», — ասել է Ցիխելաշվիլին Բի-Բի-Սիին տված հարցազրույցում:
[pullquote] «Այդ գործընթացը հաշվարկված է [Հարավային Օսիայում] լիակատար ռուսիֆիկացման համար»[/pullquote]
Հարավային Օսիայի իշխանություններն ու տեղի փորձագետները, սակայն, պնդում են, որ վրացիների հանդեպ խտրական վերաբերմունք չի լինի:
«Լենինգորիի շրջանի բնակչությունը պետք է ի վերջո իրեն Հարավային Օսիայի մի մաս զգա, այլ ոչ թե Վրաստանի: Մենք ոչ մի դեպքում չենք արգելի վրացերենը, դա կտրականապես սխալ է: Մենք մի պետությունում ենք ապրում, մենք համաքաղաքացիներ և եղբայրեր ենք, մեկ պետության միասնական ժողովուրդ: Մենք մի հասարակություն ենք, որը պետք է միավորվի, զարգանա և միասին առաջ գնա», — լրագրողներին ասել է հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը:
Հ արավային Օսիայում հայտնի քաղաքագետ, «Ինտելեկտուալ ռեսուրսներ» կենտրոնի տնօրեն Կոստա Ձուգաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջերս իմ գործընկեր Արկադի Նեխամկինը Վիլնյուսից (և որոշ այլ մարդիկ) ինձ հանդիմանական հարցով է դիմել, թե մեր պետությունն արգելում է վրացական դպրոցները Լենինգորիի շրջանում՝ դրանով իսկ նմանվելով Լիտվայի էթնոկրատիկ ռեժիմին, որն արգելում է ռուսական դպրոցները:
Հաղորդում եմ Ձեզ, գործընկե՛ր… վրացի երեխաներն ապահովված են մայրենի լեզվով սովորելու իրավունքով և հնարավորությամբ»:
Ձուգաևը գրում է, որ ռուսախոս դպրոցներ այդ շրջանում ամեն դեպքում այսօր էլ սովորելու է գալիս 4-5 անգամ ավելի շատ վրացի երեխա, քան վրացական դպրոցներ. «Ծնողներին կարելի է հասկանալ. ռուսաց լեզվին տիրապետելը հսկայական կենսական հնարավորություններ է տալիս»:
«Մինչև այս տարի… անհեթեթ իրավիճակ էր. վրացական դպրոցներում սովորում էին Վրաստանի ծրագրերով, հետևաբար, շրջանավարտները լքում էին Հարավային Օսիան, այսինքն՝ մենք ֆինանսավորում էինք հարևան թշնամական պետության կրթությունը»:
Ձուգաևի կարծիքով՝ Հարավային Օսիան միայն փորձում է պահպանել բազմալեզու լինելու տեղական ավանդույթը:
«Մեզ մոտ միշտ ինքնին ենթադրվող բան է համարվել տիրապետել մայրենի օսերենին, գրական ռուսերենին և լավ խոսակցական վրացերենին, իսկ մեծամասնությունը բավականին տանելի կերպով անգլերեն գիտի»:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի