Վլադիկավկազում խարույկի մոտ ֆիլմ դիտել դեռևս չի ստացվի
Վլադիկավկազում երիտասարդությունը մտահոգ է. դադարել է գոյություն ունենալ «Պորտալ» արտ-միավորումը:
Ե րկու տարի առաջ Ալբերտ Թոգոևը պահակ էր աշխատում Հյուսիսային Օսիայի Ազգային թանգարանի լքված շինհրապարակում՝ Վլադիկավկազի կենտրոնում, այնտեղ էր բերել ընկերներին, փողոցային նկարիչներին: Նրանք այնտեղ «հանդիպումների յուրօրինակ վայր» էին ստեղծել, որը դժվար է մեկ խոսքով որակել. դա և սրճարան էր, և տարերային համերգներ ու ցուցահանդեսներ, և ասմունք, և խարույկի մոտ նստելու և խոսելու տեղ:
Երիտասարդները նոր վայրը «Պորտալ» էին անվանել այլ աշխարհ՝ ստեղծագործ և գեղեցկության աշխարհ տանող պորտալի նմանությամբ: Առաջին պարբերական ակցիաներից մեկը դարձավ խարույկի մոտ ֆիլմերի անվճար ցուցադրությունը: Մուտքի տոմսերի փոխարեն բոլոր ցանկացողներին առաջարկում էին մրգեր կամ քաղցրավենիք բերել: Ալկոհոլն այստեղ արգելված էր:
«Պորտալը» դարձավ բոլոր նրանց ձգողության վայր, ովքեր ստեղծագործական ինքնադրսևորման կարիք ունենին՝ անկախ տարիքից: Այստեղ ելույթ են ունեցել Հյուսիսային Կովկասի հարևան հանրապետությունների կոլեկտիվներ, փորձ էր անում տեղի սիրողական թատրոնը, ցուցահանդեսներ էին կազմակերպվում և պարզապես կանգ էին առնում կողքով անցնող զբոսաշրջիկները:
«Պորտալը» մեծ հայտնիություն ձեռք բերեց նաև շնորհիվ «Հիկոնդ» ձեռագործ աշխատանքների տոնավաճառի, այն օսերենով «Պատրաստված է սեփական ձեռքերով» արտահայտության կրճատ տարբերակն է: Տոնավաճառն օրական 5-6 հազար մարդ էր այցելում. քիչ թիվ չէ 350 հազար բնակչությամբ քաղաքի համար: Ընդհանուր առմամբ հինգ «Հիկոնդ» տոնավաճառ է անցկացվել առանց քաղաքային իշխանությունների որևէ օգնության:
Ա յդ ամենն արդեն անցյալում է: Ազգային թանգարանի ղեկավարությունն արդյունքում դժգոհ էր, որ շինհրապարակում այլ անձինք էին հայտնվում: Հյուսիսային Օսիայի իշխանությունները հայտարարեցին Ազգային թանգարանի վերականգման վերսկսման մասին:
«Պորտալը» կոմպրոմիսային տարբերակ առաջարկեց: Նկարիչները մշակեցին և քաղաքային իշխանություններին ներկայացրին «Հյուսիսային Օսիայի Ազգային թանգարանի հետ ինտեգրման նախագիծը»: Դրանում նրանք խնդրում էին իրենց օգտագործմանը թողնել «վաղուց չօգտագործվող հողակտորը»: Միավորման մասնակիցների կարծիքով՝ այդ համագործակցությունից կշահեին երկու կողմերն էլ:
Սկզբում թվում էր, թե ամեն ինչ կստացվի: Ի աջակցություն «Պորտալի» հանդես եկավ հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը: Մասնավորապես, նա կոչ արեց երիտասարդությանն «իրավական կարգավիճակ» տալ, ճիշտ է, չհստակեցրեց, թե արդյոք երիտասարդությանը թույլ կտրվի շարունակել զբաղեցնել թանգարանի տարածքը:
Եվ արդյունքում նրանց թույլ չտվեցին, նախագիծը չընդունվեց: Խնդրանքներից և քաղաքային իշխանությունների հետ բանակցությունների հետո «Պորտալին» լքված տարածք հատկացրին՝ նախկին արհեստանոցներ: Վայրը բնավ կենտրոնում չէ և շատ վատ վիճակում է: Սակայն նկարիչները սկսել են աշխատել: