Ուկրաինացի զբոսաշրջիկները՝ Ղրիմում. «Ոչինչ չի փոխվել, բացի գներից»
2014թ. մարտից հետո զգալիորեն նվազել է զբոսաշրջային հոսքն Ուկրաինայից Ղրիմ. 5 միլիոն ուկրաինացիներից մինչև 400-500 հազար: Այս ամառ Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայից թերակղզի է ժամանել 260 հազար մարդ: Կիևում այլ թիվ են նշել՝ 100 հազար զբոսաշրջիկ:
«Նովայա գազետա» թերթի թղթակցին հաջողվել է ուկրաինացի զբոսաշրջիկ գտնել որոնումների միայն երրորդ օրը: Լսելով հարցերը նա կլորացնում է աչքերը. «Ի՞նչ գործ ունեմ արգելքների հետ: Այստեղ եղբայրս է ապրում»: Եվ հրաժեշտ է տալիս:
-Ամռան ընթացքում մեզ մոտ 8 ուկրաինացի է մնացել,-պատմում է Ֆեոդոսիայում գտնվող «Ֆորթնոքս» հյուրանոցի սեփականատեր Կոնստանտին Օգնև-Չյորնին: — Իսկ ռուսների թիվն օրինակ 280 էր: Այս տարի Ուկրաինայից շատերը չեն ցանկանում գալ, քանի որ խստացրել են ստուգումները ուկրաինական կողմի հետ սահմանի վրա. մարդկանց խուզարկում են, շատերն օրերով սպասում են, որպեսզի մուտք գործեն Ղրիմ:
Չի հաջողվում ուկրաինացի զբոսաշրջիկ գտնել նաև այլ հյուրանոցներում, այդ թվում՝ մատչելի հյուրատներում: «Այս տարի Ուկրաինայից ավելի քիչ են, քան նախկինում»,-ասում են սեփականատերերը:
Սովորության ուժը
Ահա ևս մեկ ուկրաինուհի. 50 տարեկանին մի կին, որին «Նովայա գազետա»-ն պատահաբար հանդիպեց կայարանում: Սվետլանա Նիկոլաևնան աշխատում է մասնավոր մանկապարտեզում՝ որպես դաստիարակ:
-Ամոթալի ոչինչ չեմ տեսնում Ղրիմ գնալու մեջ: Առաջին հերթին, մենք ծնողներիս հետ հանգստացել ենք այստեղ խորհրդային ժամանակներում, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամեն տարի եկել եմ այստեղ: Երկրորդ, որ տեսանկյունից էլ նայես, Ուկրաինան Ռուսաստանի հետ վերջնական չի կարող վիճել. դարերով միմյանց հետ ենք ապրել, իսկ միայն 2014 թվականը սկզբունքորեն ոչինչ չի փոխում:
— Բայց չէ որ Ղրիմը հեռացավ, Դոնբասն էլ է հեռանում: Դրանք սկզբունքային փոփոխություննե՞ր չեն:
—Իսկ ինձ համար ի՞նչ տարբերություն,-հանգիստ առարկում է Սվետլանա Նիկոլաևան: -Հասարակ մարդիկ ապրոմ են իրենց կյանքով: Աշխատանք, տուն: Ինձ համար շատ քիչ բան է փոխվել: Իմ ծանոթների համար ևս: Պատերազմը չի հասել մեր քաղաք՝ Չեռնովցի:
Սվետլանա Նիկոլաևնան անտարբեր է վերաբերվում Կիևի իշխանություններին:
-Երբ Յանուկովիչն էր, ասում էին. «Ահա, նա Ռուսաստանի կողմից է»: Ինչո՞ւմ էր Ռուսաստանի կողմից, նա ձգտում էր դեպի Եվրամիություն: Պորոշենկոն էլ է ձգտում, միայն տեմպն է ուրիշ: Ճիշտն ասած, ինձ համար միևնույն է. Ռուսաստանի հետ, թե առանց Ռուսաստանի: 20 տարի է՝ նույն տանն եմ բնակվում, հարևանները գրեթե չեն փոխվում, ընկերները՝ ևս: Հաստատ գիտեմ, որ ամբողջ կյանքս ապրելու եմ այդ մարդկանց հետ, իսկ թե որտեղ կլինենք՝ Եվրոպայում կամ ռուսամետ երկրում, միևնույն է:
Ուկրաինական ժամանակահատվածի հետ համեմատ, ասում է Սվետլանան, Ղրիմը թանկացել է: Միևնույն ժամանակ բարեփոխում չա: Բայց միևնույն է հաջորդ տարի նա մտադիր է կրկնել ավանդական երթուղին, որով շարժվում է արդեն վեցերորդ տարին:
Հարազատների մոտ
25-ամյա ծրագրավորողը Նիկոլաևայից եկել է Ղրիմ՝ հարազատների մոտ:
-Իրոք դժվար է սահմանն անցնել,-պատմում է նա: -Իհարկե, օրերով չես սպասում, բայց ես կանգնեցի 2.5 ժամ: Ընդորում, ռուս սահմանապահներն ավելի վատ են խուզարկում, քան մերոնք: Պայուսակիս յուրաքանչյուր գրպանը ստուգել են: Մեզ մոտ մետաղորսիչներ են անցկացնում և ազատ ես:
Նիկոլաևից ժամանած հյուրը պատմում է, որ Ղրիմ է գալիս երկրորդ անգամ այն բանից հետո, ինչ թերակղզին հայտնվել է Ռուսաստանի կազմում:
—Ընդհանրապես չեմ ճանաչում երիտասարդների, մասնավորապես IT ոլորտից, որոնք կցանկանային ապրել Ռուսաստանի հետ: Իսկ իմ մորաքույրը, որն ապրում է Սիմֆերոպոլում, լավ կին է, նրա համար անվտանգ է միրգ վաճառել շուկայում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կազմում: Նա շատ է զբաղվել ինձ հետ փոքր ժամանակ, ուստի գալիս եմ նրա մոտ՝ ի նշան երախտագիտության: Հակառակ դեպքում չէի գա, Ղրիմում անելու ոչինչ չկա:
«Ղրիմն օուպացված չեմ համարում»
Ուկրաինացի զբոսաշրջիկների թվում, որոնք այցելել են Ղրիմ 2017թ., հաջողվել է գտնել նաև չինովնիկների՝ Օդեսայի նահանգային խորհրդի նախկին պատգամավոր Ալեքսեյ Ալբույին և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոյին:
Ալբուն չպատասխանեց Ղրիմում հանգստի մասին հարցերին, իսկ Ժուրավկոյի հետ հաջողվեց Skype-ով խոսել:
-Կիևի արգելքնե՞րը,-հարցը կրկնում է նա: -Թքած ունեմ դրանց վրա: Արմատական հակասություններ ունեմ գործող իշխանության հետ: Ղրիմն օկուպացված տարածք չեմ համարում:
-Այսինքն ձեր կարծիքով հանրաքվեն օրինակա՞ն էր:
-Իմ կարծիքով՝ այո: Բացի այդ Ուկրաինան ինքը նպաստեց Ղրիմի հեռացմանը՝ էներգաշրջափակմամբ, Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը փակելով:
Ժուրավկոն Ղրիմում՝ Կորեիզում, Յալտայում, Ալուշտայում, Սևաստոպոլում, անցկացրել է 28 օր: Ուկրաինական ժամանակաշրջանի հետ համեմատ հիմնական փոփոխությունները համարում է մեգա նախագծերը. Կերչենսկի կամուրջը, «Սիմֆերոպոլ» օդանավակայանի նոր տերմինալի, «Տավրիդա» մայրուղու շինարարությունը:
-Ղրիմն անվտանգ է ուկրաինացի զբոսաշրջիկի համար,-ասում է նա: -Եթե, իհարկե, չթափահարեն դրոշները և չբղավեն, որ Ղրիմը Ուկրաինան է: