Հայաստանում բուռն քննարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնից հեռացող համանախագահի հայտարարությունը
Ռիչարդ Հոգլանդի հայտարարության շուրջ քննարկումները Հայաստանում սկսվեցին անմիջապես, երբ այն հնչեց «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության եթերում, և շարունակվում են մինչ օրս: Դրա համար առիթ էր հանդիսացել հետևյալ լուրը. օգոստոսի 28-ին ավարտվում են ժամանակավոր համանախագահի պաշտոնում Հոգլանդի լիազորությունները և նրան այդ պաշտոնում՝ արդեն որպես մշտական համանախագահ, փոխարինելու է Էնդրյու Շաֆերը:
«Նա հմուտ բարձրաստիճան դիվանագետ է, որը վերջին շրջանում աշխատել է որպես գործերի ժամանակավոր հավատարմատար միջազգային կազմակերպություններում ԱՄՆ առաքելություններում: Նա իրական փորձ ունի կիպրական և այլ հակամարտությունների լուծման հարցերում: ԱՄՆ ներկայիս վարչակարգը ղարաբաղյան հարցում չի փոխում իր դիրքորոշումը: ԱՄՆ մոտեցումներն այդ հարցում անփոփոխ են՝ անկախ համանախագահի փոփոխությունից»,- ասել է Հոգլանդը:
Ի՞նչ էր կրկնում Հոգլանդը
Հոգլանդի հայտարարության մեջ ներկայացված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում արդեն 2009թ.-ից հայտնի կետերը:
Ներկայացնենք դրանք ամբողջությամբ.
- Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է որոշեն դրա վերջնական կարգավիճակը փոխհամաձայնության և փոխադարձաբար պարտավորեցնող կամարտահայտության ճանապարհով:
- ԼՂԻՄ նախկին տարածքը, որի վրա Բաքուն վերահսկողություն չունի, պետք է ստանա ժամանակավոր կարգավիճակ, որն առնվազն կապահովի ինքանավարության անվտանգությունն ու երաշխիքը:
- Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Այնտեղ չի կարող իրականացվել՝ բնակեցում առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը: Ադրբեջանի ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգվի:
- Պետք է լինի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք: Այն պետք է լինի բավականին լայն՝ անվտանգ տեղաշարժ ապահովելու համար: Սակայն այն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ:
- Երկարաժամկետ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության տարածք վերադառնալու իրավունքը:
- Կարգավորումն իր մեջ պետք է ընդգրկի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ առաքելությունների առկայություն:
Ինչ են տեսել Հոգլանդի հայտարարության մեջ Հայաստանում
Հայաստանի քաղաքական շրջանակներում անհրաժեշտ համարեցին մեկնաբանել թե հենց հայտարարության փաստը, թե դրա բովանդակությունը, ընդ որում, բոլորն էլ հատուկ նշում էին, որ հայտարարության մեջ ասվածը արդեն բազմիցս հնչել է: Փորձագետներն ընդգծում էին. եթե հայտարարությունն արվել է հասկանալու համար հակամարտության մեջ ներգրավված կողմերի հասարակությունների արձագանքը, ապա Հայաստանի վերաբերմունքը պետք է հնչի. Հայաստանի համար Ադրբեջանին հող հանձնելու կետն անընդունելի է, հատկապես 2016թ. ապրիլին շփման գծում իրավիճակի լարումից հետո:
Ստորև ներկայացնենք Հայաստանում հնչած մեկնաբանություններից մի քանիսը.
Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր
Հոգլանդի կողմից հնչեցված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակը ստորացուցիչ է հայկական կողմի համար… Դա ճանապարհ է դեպի ապակայունացում: Ստորացուցիչ է նման բան առաջարկել մի երկրի, որին պատերազմ են պարտադրել, և նա հաղթել է այդ պատերազմի գլխավոր ճակատամարտը: Դա նման տարբերակի քննարկմանը համաձայնություն տված իշխանությունների համար ամոթ է և ողբերգություն: Իշխանությունները միշտ մտածում են՝ համաձայնենք հանձնել, գործը դրան չի հասնի, և հոգու խորքում հույս ունեն, որ ինչ-ինչ հանգամանքներ կխոչընդոտեն կատարել այդ խոստումը: Փորձը ցույց է տալիս, որ եթե անգամ Հայաստանը համաձայնի, Ադրբեջանը չի համաձայնի: Ալիևն իր հասարակության համար չափազանց բարձր նշաձող է դրել:
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար
«Հոգլանդի հայտարարությունն անգամ լուրջ քննարկելու իմաստ չկա: Նման բան նախկինում էլ են հայտարարել, իսկ բանակցություններ, ըստ էության, չկան: Հոգլանդի կողմից ներկայացված տարբերակն իրականում ինձ էլ դուր չի գալիս: Ես վստահ չեմ՝ որ այժմ տեղին է խոսել տարածքների մասին: Պարզապես անիմաստ է դա քննարկել բանակցությունների բացակայության պայմաններում: Առաջարկված «սխեման» պետք է հետաքրքրի երկու կողմերին էլ»:
Գառնիկ Իսագուլյան, Հայաստանի նախագահի նախկին խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
Չի բացառվում, որ Հոգլանդի վերջին հայտարարությունը պայմանավորված էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմամբ [Հոգլանդի հայտարարությունը հնչել է Սոչիում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման օրը]: Դա պարզապես հիշեցում է: Առնվազն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները փորձում են հայտարարել, որ այդ թեմայի քննարկման ժամանակ հաշվի է առնվել նաև իրենց կարծիքը: Հայկական կողմը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հարցում գնալ այնպիսի զիջումների, որոնք չեն նպաստի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի շահերին:
Թևան Պողոսյան, քաղաքագետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նպատակ ուներ հայկական իրականություն մտցնել մի նոր օրակարգ: Այն կարելի է բնութագրել որպես ինքնատիպ դիվանագիտական հնարք, որը բնորոշում է Ղարաբաղի հարցով ԱՄՆ հետագա քաղաքականությունը: ԱՄՆ նոր համանախագահը կգա արդեն ձևավորված դիրքորոշմամբ և դրա հիման վրա կսկսի իր գործունեությունը:
Արամ Սարգսյան, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Նման ձևով Հոգլանդը ցանկանում էր ստուգել տրամադրությունները և հասկանալ՝ որքանով են կողմերը դրական կամ բացասական տրամադրված արդեն ավելի քան 20 տարի ծխացող հակամարտության հարցում: Եվ նա հասավ իր նպատակին: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, ապա ինձ ավելի շատ մտահոգում է ոչ թե նրա նշած կետերը, այլ արտաքին գործերի նախարարության արձագանքը, երբ նրանք ասում են, որ ոչ մի նոր բան չկա: Այսինքն, ստացվում է՝ քանի որ ոչ մի նոր բան չկա, նշանակում է՝ դուք համաձայնել եք քննարկել այդ կետերը: Եթե հանրաքվե չանցկացվի և չճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա իմաստ չկա ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել:
Ինչ են մտածում այդ մասին Լեռնային Ղարաբաղում
Հոգլանդի հայտարարությունը մեկնաբանել է արտգործնախարար Կարեն Միրզոյանը.
«ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։
Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն և հարատև խաղաղություն, անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին և չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները։
2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։
Այսօր, նախ և առաջ, անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման և ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ Չիրականացված պայմանավորվածությունները կուտակվելով՝ վերածվում են բալաստի և խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը։
Արժե՞ բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալել
The Armenian Interest կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, Forbes, The National Interest և «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում» ամսագրերի սյունյակագիր Արեգ Գալստյանը հրապարակել է հետևյալ ոչ այնքան լավատեսական կարծիքը. հատուկ առաջընթացի սպասել պետք չէ: «Երկարատև ժամանակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները անում են միևնույն հայտարարությունները. պետք է հանձնել ինչ-որ տարածքներ, վերադարձնել փախստականներին և այլն: Այս բոլոր հայտարարությունները ոչ մի արժեք չունեն, և որևէ իմաստ չկա դրանք վերլուծել», — գրել է նա:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը բացատրել է ԱՄՆ-ի ակտիվացումը վարչակազմի փոփոխությամբ և նշել, որ բանակցային գործընթացի բացակայությունն ի չիք է դարձնում Հոգլանդի հայտարարության էությունը. «Անցկացվում են միայն հանդիպումներ, որոնցում քննարկվում է բանակցությունների անցկացման հնարավորությունը: Ադրբեջանական կողմը բանակցություններ սկսելու համար որպես նախապայման դնում է զորքերի դուրսբերումը, իսկ հայկական կողմը հրաժարվում է»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունը
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հաստատել է, որ պաշտոնը լքող Հոգլանդը հակամարտության կարգավորման նոր կետեր չի ներկայացրել, բայց պատասխանել է սոցցանցերի հայկական հատվածում և հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ գտած մեկնաբանություններին.
«Ուղիղ կասեմ, որ բոլոր այդ սկզբունքները բանակցությունների առարկա են, դրանցից որևէ մեկը մյուսից պակաս կարևոր չէ, որևէ նշան չկա առ այն, որ դրանցից մեկն ավելի շատ կիրագործվի, քան մյուսը: Դրանք բոլորը մեկ փաթեթի մաս են կազմում, և սխալ կլինի կարգավորման համար անհրաժեշտ այդ առանցքային սկզբունքները քննարկելիս կետրոնանալ միայն մեկ սկզբունքի վրա»:
Իսկ դեսպան Միլզի մեկնաբանության մեջ առանցքային պահը հետևյալ հայտարարությունն էր. ԱՄՆ-ը ցանկություն ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ոչ այլ երկրների հետ հարաբերությունների հաշվին.
«Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները հարևանների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության հետ: Բայց մենք չափազանց հստակ ասել ենք, որ մեր նպատակն է՝ հավաստիանալ, որ Հայաստանը կարող է ինքնիշխան որոշումներ կայացնել այն մասին, թե ինչ ուղի, ինչ տնտեսական և քաղաքական մոդել է ընտրել:
Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ, որպեսզի նա շարունակի ինքնուրույն, սուվերեն որոշումներ կայացնել, և հավաստիանալ, որ Հայաստանը ուրիշների կողմից ճնշման չի ենթարկվի՝ գնալու այն ճանապարհով, որով չի ցանկանում գնալ: Կարծում եմ՝ մենք լավ օրինակ ունենք առ այն, որ Հայաստանը կարողանում է հավասարակշռել իր շահերը և աշխատել ԱՄՆ-ի հետ: Դա Հայաստանի մասնակցությունն էր օգոստոսի սկզբին Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զորավարժություններին: Հայաստանը պետք է հպարտանա, որ դարձել է ՀԱՊԿ միակ անդամը, որը մասնակցել է այդ զորավարժություններին և շատ կարևոր ներդրում է ունեցել՝ բոլոր անդամ-երկրներին ապահովելով բժշկական ծառայությամբ: Դա օգնել է Հայաստանի զինված ուժերին, այդ զորավարժություններին և Եվրոպայում անվտանգության ապահովմանը»:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: