Աբխազիայում ոչ կառավարական կազմակերպություններին և լրագրողներին մեղադրում են հայրենիքի դավաճանության համար
Աբխազիայի սոցցանցերում կրկին դավաճանների են փնտրում, և այդ դերում սովորականի պես կրկին հայտնվել են ոչ կառավարական կազմակերպություններն ու լրագրողները:
Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ անանուն մեկը գրառում է կատարել «Բիզնե՞ս, թե՞ Ապսնիի դավաճանություն» վերտառությամբ: Այդ գրառմանը կցված էին նյութեր 2016 թ-ի սկզբից իրականացվող «Աբխազների և վրացիների կողմից աբխազերեն լեզվի պահպանություն» անվամբ նախագծի մասին, ընդ որում, այնպիսի նյութեր, որոնք վաղուց համացանցում բաց հասանելիությամբ տեղադրված են:
Այդ փաստաթղթերից մեկում թվարկվում են նախագծի մասնակիցների անունները, որոնց թվում են հայտնի աբխազ գրողներ և լեզվաբաններ:
Կցված էր նաև նախագծի մանրամասն բյուջեն ու հանդիպումներից մեկի ժամանակ արված լուսանկարները:
Իսկ վերջում այսպիսի եզրակացություն էր արվում.
«PALAG նախագծի գլխավոր խնդիրն աբխազական հանրությանը ներքաշելն է Վրաստանի հետ փոխհարաբերությունների մեջ, վրացիներին և անդրօվկիանոսյան տերերին ձեռնտու ազդեցություն ունենալն աբխազական երիտասարդության վրա, որն ապագայում կանխորոշելու է մեր ու ձեր երկրի ապագան»:
Սոցցանցերում միանգամից ազգային շահերի դավաճանության մեղադրանքներ սկսեցին հնչել հանդիպման մասնակցիների հասցեին: Այնուհետև մեղադրյալների շրջանակն ընդլայնվեց, և դրանում հայտնվեցին Աբխազիայի բոլոր ոչ կառավարական կազմակերպությունները:
Մերկացնողների շրջանում մեծամասնություն են կազմում անոնիմները: Սակայն կան նաև այնպիսիք, որ դա բացահայտ են անում:
Մասնավորապես, աբխազական բանակի նախկին գեներալ Զաքան Նանբան գրել է.
Լեզվի վերականգնման նախագծին մասնակցող լեզվաբաններին Նանբան առաջարկել է հիշատակել չակերտներով և հայտարարել «ոչ կառավարական կազմակերպությունների սաներին համապարփակ գնահատական տալու» անհրաժեշտության մասին:
Առցանց քննարկման այլ մասնակիցներն ակտիվորեն կոչ են անում աբխազական հատուկ ծառայություններին լրջորեն զբաղվել ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությամբ: Մեկնաբանություններում նույնպես գաղափար է առաջ քաշվում Աբխազիայում «Արտասահմանցի գործակալների մասին օրենք» ընդունելու վերաբերյալ՝ Ռուսաստանում գործող օրենքի նմանությամբ:
Ս ակայն սոցցանցերի քննարկումներին միացել է նաև հակըննդեմ «կուսակցությունը»՝ նրանք, ովքեր վստահ են, որ «մամլիչի» տակ հայտնված գրողները, լեզվաբաններն ու ոչ կառավարական կազմակերպություններն Աբխազիայի համար շատ ավելին են արել, քան նրանք, ովքեր մեղադրում են նրանց դավաճանության համար:
Այն քննադատներին, որոնք վրդովվում են, որ նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ կողմից, Ասիդա Լոմիան առաջարկել է ուշադրություն դարձնել նրա վրա, որ իրենց մեղադրանքների համար նրանք օգտագործում են ամերիկյան Ֆեյսբուք ռեսուրսը:
Ա բխազիայում ներքին թշնամու որոնումները լավ պլանավորված և լավ ղեկավարվող ակցիա է, համարում է աբխազական ամենաազդեցիկ ոչ կառավարական կազմակերպություններից մեկի՝ «Հումանիտար ծրագրերի կենտրոնի» փորձագետ Լիանա Կվարչելիան:
Նա հասարակությանն առաջարկում է մտածել և պատասխանել հետևյալ հարցերին.
- «Ինչո՞ւ են հենց ոչ կառավարական կազմակերպություներն անվանվում «ներքին թշնամի»»:
- Ում շահեկան չէ այն, որ ոչ կառավարական կազմակերպություններն իրենց գործունեությունում հետևողականորեն կողմ են հանդես գալիս Աբխազիայի անկախությանն ու նրա ժողովրդավարական զարգացմանը:
- Ո՞ւմ դուր չի գալիս, որ ոչ կառավարական կազմակերպությունները փորձում են հաղթահարել Աբխազիայի միջազգային մեկուսացումն ու ընդլայնել նրա կապերն արտաքին աշխարհի հետ՝ ի դեպ, կոտրելով Աբխազիայի «օկուպացիայի» մասին թեզիսը:
- Ո՞ւմ դուր չի գալիս, որ ոչ կառավարական կազմակերպությունները հնարավորություն են բացում աբխազ ուսանողների համար ուսումը Եվրոպայի համալսարաններում շարունակելու համար:
Գրողների, լեզվաբանների և ոչ կառավարական կազմակերպությունների վրա գրոհ են իրականցնում նրանք, ովքեր կողմ են այն գաղափարին, թե Աբխազիան որպես անկախ պետություն չի կարող գոյատևել, համարում է Կվարչելիան:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի