«Ջրից, սննդից ու քնից զրկված»․ ՄԻՊ արտահերթ զեկույցը հայ ռազմագերիների մասին
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի։ Այս մասին վկայող փաստերը հավաքագրել է ՄԻՊ գրասենյակը։
Պաշտպանի աշխատակազմն անգլերենով արտահերթ զեկույց է պատրաստել, որն ուղարկվելու է միջազգային կառույցներին, այդ թվում՝ դատական ատյաններ։ ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ կան նույնականացված անձինք, որոնք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվություն։ Բացի այդ՝ ձգտելու են այնպես անել, որ միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման համար Ադրբեջանը քաղաքական պատասխանատվության ենթարկվի։
Այսօր կազմակերպվել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի քննարկումը, որի ընթացքում ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց փաստահավաք աշխատանքների արդյունքները։
«Ծեծել են այնքան, մինչև մահանա»
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների։ Քաղաքացիականների հանդեպ ադրբեջանցիները երբեմն ավելի դաժան են գտնվել։ Նրանցից մեկին, օրինակ, ծեծել են այնքան, մինչև մահանա, իսկ մահից հետո դին մի քանի օր թողնվել է բանտախցում։
«Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել, ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչ մարտկոցներին կամ տաքացուցիչներին ու ենթարկել բռնության»,- ասում է Թաթոյանը։
Ադրբեջանում պահվող գերիները պարբերաբար զրկվել են ջրից, սննդից, հիգիենայի պարագաներից ու քնից։ Հայ ռազմագերիներին ջուր ու սնունդ տրամադրել են միայն դաժան ծեծից ու նվաստացումներից հետո։
«Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են հատակին և ստիպել են ուտել գետնից, հետո վերցրել են սնունդն ու գցել աղբարկղի մեջ։ Տվել են ընդամենը 10 վայրկյան սնվելու համար, իսկ հետո անմիջապես վերցրել այն ու գցել աղբի մեջ։ Թքել են ափսեի մեջ ու ստիպել են ուտել այդ սնունդը»,- նշում է Արման Թաթոյանը։
Գերիները զրկված են եղել նաև հիգիենայի միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ և այլն։ Թաթոյանի խոսքով՝ հաճախ ստիպված են եղել կարիքները հոգալու համար հագուստի մասերը պատռել։
Ծեծ ու նվաստացում՝ բուժօգնության փոխարեն
Հիվանդներին ու վիրավորներին չի տրամադրվել բուժօգնություն։ Ավելին՝ ադրբեջանցիները հաճախ ծեծի ենթարկելիս ընտրել են հենց վիրավոր հատվածները, վերքերը՝ հայ ռազմագերիներին ավելի մեծ տառապանքներ պատճառելու նպատակով։ Օրինակ՝ եռման ջուր են լցրել գերու վրա, ինչի հետևանքով նա այրվածքներ է ստացել, բայց դա չի խանգարել ադրբեջանցիներին ծեծի ենթարկել նրան։
«Իսկ երբ բժշկական հետազոտության համար տարել են քաղաքացիական հիվանդանոց, անցնողները՝ պացիենտներ, բուժաշխատողներ թքել են ռազմագերու վրա, ծեծել, ծաղրել ու նվաստացրել։ Դա արվել է հատուկ ծառայողի ներկայությամբ»,- ընդգծում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ու հավելում, որ գրանցվել են նաև դեպքեր, երբ հենց բժիշկներն են հարվածել գերիներին։
Գրանցվել են նաև կրոնի ազատության իրավունքի կոպիտ խախտումներ։
«Բոլորից հավաքել են խաչերն ու ոչնչացրել, իսկ հետո տարել են եկեղեցի և ստիպել լրագրողներին ասել, թե իրենց լավ են վերաբերվում Ադրբեջանում»,- նշում է Արման Թաթոյանը։
Կորզելով ցանկալի տեղեկություններ
Խոշտանգումների միջոցով ադրբեջանցիները նաև փորձել են ռազմագերիներից իրենց համար ցանկալի տեղեկություններ ստանալ։ Թաթոյանի բնորոշմամբ՝ դրանք մարդկային երևակայությունից դուրս են։
«Զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, ինքը նռնակով պայթեցրել է այդ տունը, արդյունքում մահացել են 50 ադրբեջանցիներ, և իբրև թե հարևանը մոտեցել է, հարևանին էլ է սպանել»։
ՄԻՊ աշխատակազմի հետ զրույցներում հայրենիք վերադարձած գերիները նշել են, որ իրենց պարտադրել են ստորագրել ադրբեջաներենով փաստաթղթեր, խոստովանել, թե եկել են Ադրբեջան քաղաքացիական անձանց՝ կանանց ու երեխաների սպանելու նպատակով։
Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողների հետ, որոնք մասնակցել են 2016-ի Ապրիլյան կամ Արցախյան առաջին պատերազմին։
Տեսակցություններից առաջ
Իրավիճակը, սակայն, փոխվել է, երբ գերիների պահման վայրեր են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կամ ռուս պաշտոնյաներ։
«Առանձնազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նորմալ են վերաբերվել կամ նախապես պատրաստել են դրան։ Առանձին գերիների էլ խմբով տեղափոխել են նկուղային հարկեր, այլ վայրեր, որպեսզի նրանց չտեսնեն»,- ասում է Թաթոյանն ու տեղեկացնում, որ այս մասին վկայող փաստերը փոխանցել է ինչպես Կարմիր խաչին, այնպես էլ ՌԴ գործընկերներին։
Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ խոշտանգումների ժամանակ ադրբեջանցի ծառայողներն օգտագործել են նույն բառապաշարը, ինչ Ադրբեջանի իշխանությունները։ Թաթոյանի համոզմամբ՝ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը «Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան բնույթի քաղաքականության ուղիղ հետևանքներն են»։
Պաշտպանը տեղեկացրեց, որ զեկույցն ուղարկելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ։
«Ադրբեջանը պետք է քաղաքական պատասխանատվության կանչվի»
Գերիների պահման պայմանները, հիվանդներին ու վիրավորներին պատշաճ բուժօգնություն տրամադրելը, բռնությունից զերծ լինելը, պատվի ու արժանապատվության ուժեղացված պաշտպանությունը կանոնակարգված են միջազգային իրավունքով, այդ թվում՝ Ժնևյան կոնվենցիաներով։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ արգելվում է ռազմագերիներին պահել բանտերում, փակ հաստատություններում, նրանց պետք է տեղափոխեն ճամբարներ։ Պատերազմից հետո, սակայն, Ադրբեջանում նման ճամբարներ չեն կառուցվել։
«Ազատությունից կամայականորեն զրկվել են և խիստ մեկուսացված պայմաններում են պահվել բոլոր գերեվարված անձինք։ Հնարավորություն չեն ունեցել արտաքին աշխարհի հետ կապը պահել, ինչը մեծացնում է խոշտանգումների հավանականությունը, ինչպես նաև հետքերը թաքցնելու՝ պետության հնարավորությունը»,- ընդգծում է Սահակյանը։
Իրավապաշտպանը տեղեկացնում է, որ հայ ռազմագերիները պահվում են Ադրբեջանի ՊՆ Ռազմական ոստիկանությունում, ԱԱԾ Քննչական մեկուսարանում, ինչպես նաև Արդարատության նախարարությանը ենթակա մեկուսարաններում։
«Ունենք լուրջ ապացուցողական բազա, որ այս հաստատությունների աշխատակիցներն ու ղեկավարությունը ներգրավված են եղել հայ գերիների խոշտանգումների մեջ։ Կան պատասխանատվության մեխանիզմներ, որոնց միջոցով անմիջական կատարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության»,- ասում է իրավապաշտպանն ու հավելում, որ կան նույնականացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանին քաղաքական պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ Ըստ Սահակյանի՝ կա հնարավորություն գործող միջազգային իրավական ակտերի շրջանակներում հասնել մարդու իրավունքների խախտումների համար ԵՄ պատժամիջոցների կիրառման։