Պատրիարքարանի կապիտալը: Վրաստանի ամենաազդեցիկ ինստիտուտի կարողությունը
patriarchate.ge
Վրաստանի Պատրիարքարանն վայելում է բնակչության 83%-ի վստահությունը և երկրի ամենաազդեցիկ և հարուստ կրոնական միավորումն է: Ինչպես նաև՝ ամենափակ ինստիտուտը:
Վերջին 25 տարվա ընթացքում եկեղեցին ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական և տնտեսական կյանքին: 1990-ականների սկզբից, երբ Վրաստանը հայտարարեց անկախության մասին, եկեղեցին արագ վերադարձրեց ոչ միայն ազդեցությունն, այլ նաև հարուստ կարողությունը, որն այդ ինստիտուտն ուներ 19-րդ և 20-րդ դարերում:
«Ինդիգո» ամսագիրը «Բաց հասարակություն – Վրաստան հիմնադրամի» աջակցությամբ մեկ տարի շարունակ ուսումնասիրել է Պատրիարքարանի գրանցված սեփականությունը: «Պատրիարքարանի կապիտալը» նախագծում հավաքված և վերլուծված է հանրային ռեեստրում հայտնաբերված 5 հազար փաստաթուղթ: Սա ամենամասշտաբային հետազոտություններից մեկն է:
Գլխավորն, ինչ հնարավոր է եղել իմանալ «Ինդիգոյի» հայտնաբերած հարյուրավոր փաստաթղթերից.
— Վրաց ուղղափառ եկեղեցու կապիտալը ԽՍՀՄ փլուզումից ի վեր անշեղորեն աճում է:
— Պատրիարքարանն այսօր 62.7 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով հող ունի, ինչը գրեթե հավասար է Բաթում քաղաքի մակերեսին:
— Հողերի 96%-ը Պատրիարքարանի սեփականությունն են դարձել և ժամանակավոր օգտագործմանն են անցել պետությունից կամ մասնավոր անձանցից անհատույց կերպով:
— 2002թ-ի մինչև այսօր Պատրիարքարանը կենտրոնական և տեղական բյուջեից ավելի քան 285մլն լարի է ստացել:
— Վրաց եկեղեցին ղեկավարում է Սինոդի 47 անդամ, որոնցից 41-ը մասնակցում է Պատրիարքարանի բիզնես գործունեությանը: Սինոդի անդամների մեծ մասը հսկայական կարողություն ունի:
— Պատրիարքարանը 40 բիզնես ընկերություն ունի, բաժնեմասեր 4 այլ ընկերություններում և 105 ոչ կառավարական կազմակերպություն:
— Պատրիարքարանի և նրա ոչ կառավարական կազմակերպությունների բիզնեսի գլխավոր ուղղությունը կրթության ոլորտն է: Չնայած որ կան ընկերություններ, որոնք կապ ունեն նավթամթերքի ներկրման և ալկոհոլի արտադրության հետ:
Օրենսդրություն
Պետության և ուղղափառ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրով, որը հաստատվել է խորհրդարանի կողմից 2002թ-ի հոկտեմբերի 22-ին:
Այդ փաստաթուղթը Վրաստանում սահմանադրությունից հետո բարձրագույն իրավական ակտն է: Այդ համաձայնագիրը հավասարեցնում է ուղղափառ եկեղեցու և պետության իրավունքներն ու այլ կրոնական համայնքների հետ անհամեմատելի արտոնություններ տալիս:
Այդ փաստաթուղթը դարձել է Վրաստանի հասցեին՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից բազմաթիվ քննադատությունների առիթ: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում գրանցված է, որ պետության և եկեղեցու միջև կնքված համաձայնագրին սահմանադրական կարգավիճակ շնորհելը հակասում է աշխարհիկ պետության բոլոր սկզբունքներին:
Եվ դա դեռ ամենը չէ: Խորհրդարանը չի կարող ոչ միայն չեղարկել փաստաթուղթը, այլ նաև դրանում աննշան փոփոխություններ մտցնել: Օրենքի համաձայն՝ անգամ եթե պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդը ցանկանա փոփոխություններ մտցնել, դա նրանց իրավասության շրջանակից դուրս կլինի, քանի որ ամենափոքր փոփոխության համար հարկ կլինի եկեղեցու համաձայնությունը ստանալ: Ավելի հեշտ է Վաստանի սահմանադրությունը փոխել, քան այդ համաձայնագիրը:
1995թ-ից ի վեր Վրաստանի սահմանադրությունը փոփոխվել է 33 անգամ, և այժմ դրա արմատական փոփոխման գործընթաց է գնում:
Ի՞նչ արտոնություններ է ուղղափառ եկեղեցուն տրամադրում սահմանադրական համաձայնագիրը
Զգալի: Օրինակ, եկեղեցին ազատված է հարկերից: Սահմանադրական համաձայնագրի համաձայն՝ «եկեղեցու արտադրանքը, դրա ներկրումներն, ինչպես նաև գույքն ու ոչ տնտեսական օգտագործման հողն ազատված է հարկերից»: Դա ենթադրում է եկամտահարկ, ԱԱՀ, գույքահարկ:
Եկեղեցին պետության էքսկլյուզիվ գործընկերն է կրթության ոլորտում: Օրինակ, պետությունը պարտավոր է օգնել եկեղեցու կրթական հաստատությունների գործունեությանը: Փաստաթղթում գրված է նաև, որ դպրոցում կրոնական առարկայի ուսումնասիրումը կամավոր բնույթ է կրում, սակայն ուսումնական ծրագրի կազմումը, դրանում փոփոխություններ անելը և մանկավարժին նշանակելն ու աշխատանքից ազատելը տեղի է ունենում եկեղեցու մասնակցությամբ:
Եվս մեկ կարևոր արտոնություն է այն, որ ուղղափառ եկեղեցու ղեկավարն անձեռնմխելի անձ է: Այսինքն՝ Իլյա Երկրորդին պատասխանատվության ենթարկել կամ կալանավորել հնարավոր չէ, քանի դեռ նա հայրապետ է: Վրաստանի սահմանադրության համաձայն՝ այդպիսի իրավունք ունի ևս մեկ մարդ՝ երկրի նախագահը:
Համաձայնագրում գրանցված է նաև այն, որ պետությունը որպես եկեղեցու սեփականություն է ճանաչում վանքերը, տաճարները, դրանց փլատակները, հողակտորները, որոնց վրա դրանք տեղակայված են: «Հողակտորները, որոնց վրա դրանք գտնվում են» մշուշոտ սահմանումը եկեղեցուն հնարավորություն է տալիս տարբեր կերպ այն մեկնաբանել: Օրինակ, Պատրիարքարանը հաճախ պետությունից արոտավայրեր, մարգագետիններ, հերկելի հողեր և անտառներ է ստանում, որոնց մերձակայքում է գտնվում եկեղեցին, որն էլ իր հերթին մի քանի հարյուր քառակուսի մետր է զբաղեցնում:
Ոչ մի այլ եկեղեցի նման արտոնություններ չունի:
Ինչո՞ւ է եկեղեցին իր ձեռքն առնում պետական ունեցվածքը
Կառավարության և Պատրիարքարանի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություններում պարզաբանում են, որ եկեղեցուն փոխանցված բյուջետային միջոցներն ու հողերն այն վնասի փոխհատուցումն է, որը եկեղեցին կրել է 19-րդ դարում և 20-րդ դարասկզբում Ռուսական Կայսրությունից, այնուհետև՝ Խորհրդային Միությունից: Հենց այդ գույքն է վերադարձվում եկեղեցուն Խորհրդային Միության փլուզումից և Վրաստանի կողմից անկախություն ձեռք բերելուց ի վեր արդեն 27 տարի:
Այն փաստը, որ պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել և եկեղեցուն փոխհատուցում է ոչ միայն խորհրդային, այլ նաև ռուսական ցարիզմի ժամանակաշրջանի կորուստներն, աղոտ կասկածներ է առաջացնում: Կովկասյան հնագրագիտական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ մինչև 1860թ-ն ուղղափառ եկեղեցին ամենախոշոր ֆեոդալական կազմակերպությունն էր և զգալի ունեցվածք և տարածքներ ուներ՝ վանքեր, թանկարժեք իրեր, 700 հեկտար հող:
Ի՞նչ հստակ վնասի փոխհատուցման մասին է խոսքը
Դա ոչ ոք չգիտի: 2002թ-ին ընդունված սահմանադրական համաձայնագրի համաձայն՝ պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվեր, որը վնասի հստակ ծավալը կորոշեր: Այդ հանձնաժողովը մի քանի նիստ է անցկացրել, սակայն վնասի ծավալն այդպես էլ չի պարզել: Հետևաբար, մինչ օրս պարզ չէ, թե ինչի հիման վրա է կառավարությունն ամեն տարի փող փոխանցում եկեղեցուն, որքան դեռ պետք է փոխանցի, և որքան պետք է դեռ շարունակվի այդ գործընթացը:
Բոլոր ծիսական կառույցները, որոնք ազգայնականացվել են խորհրդային իշխանության կողմից, Պատրիարքարանը վերադարձրել է դեռևս 1990թ-ին:
Իսկ 2002 թ-ին կնքած համաձայնագրից հետո Պարիարքարանի վրա է ձևակերպվել 6270 հեկտար հող, իսկ պետական բյուջեից այն նվազագույնը 285 մլն լարի է ստացել:
Ի՞նչ սխեմայով են հողերը փոխանցվում եկեղեցուն
Հողերի ձևակերպումը որպես եկեղեցու սեփականություն սկսվել է դեռևս «Ազգային շարժման» կառավարման ժամանակ:
Անշարժ գույքը եկեղեցուն փոխանցելը հետևյալ կերպ է տեղի ունենում. նախագահը հրաման է ստորագրում, այնուհետև էկոնոմիկայի և զարգացման նախարարությունը գնման մասին պայմանագիր է ձևակերպում, Պատրիարքարանի ներկայացուցիչը գույքը գնում է խորհդանշական 1 լարի կամ մեկ դոլար գնով: Այս սխեման, որը փորձարկվել է «Ազգային շարժման» կառավարման տարիներին, շարունակում է օգտագործվել նաև իշխանության եկած «Վրացական երազանքի» կողմից:
Հողերի մեծ մասն անհատույց կերպով Պատրիարքարանին է փոխանցվել կամ ժամանակավոր օգտագործման հանձնվել: Դրա հետ մեկտեղ հաճախ չի ճշտվում այդ «ժամանակավոր օգտագործման» տևողությունը:
Նվերներ՝ արդուկի սեղան և ծննդատուն
Եվ սա դեռ ամենը չէ: Բաց փաստաթղթերից երևում է, որ պետությունը հողերից և փողից բացի եկեղեցուն այլ բաներ էլ է նվիրում: Նվերների ցուցակը հատկանշական է: Դրանց թվում են արդուկի սեղաններ, ավտոմեքենաներ և անգամ հիվանդանոց:
Թբիլիսիի ծննդատունն ու սրտաբանական կլինիկան, որը Պատրիարքարանը նվեր է ստացել դեռևս Էդուարդ Շևարդնաձեի կառավարությունից, Միխայիլ Սահակաշվիլիի կառավարությունից՝ 10 հազար աղյուս, ակուստիկ համակարգ, 80կգ արույր, «Վրացական երազանքից»՝ 32 գլխարկ, կողմնացույց, գոտի, կոշիկ, 1 չհրկիզվող պահարան, ալյումինե կաթսա, 2 ավտոբուս, 10 հազար տուֆե բլոկ և այլն:
25 միլիոն՝ ամեն տարի
Չնայած այն բանին, որ ուղղափառ եկեղեցուն հասցված վնասը հստակ հաշվարկված չէ, պետությունն ամեն տարի Պատրիարքարանին բյուջեից տասնյակ միլիոն լարի է փոխանցում: Սահմանադրական համաձայնագիր կնքելուց հետո այդ գումարը կազմել է 285մլն լարի:
Պատրիարքարանն իր հայտարարություններում ընդգծում է, որ պետությունից ստացված 25 մլն լարին եկեղեցուն Ռուսական Կայսրության և խորհրդային իշխանության հասցրած վնասի փոխհատուցումն է, և եկեղեցին այդ փողն օգտագործում է սոցիալական գործունեության ֆինանսավորման վրա և կրթական ոլորտում:
Բաց տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է եկեղեցին օգտոգործում այդ փողերը, չկա: Պետությունը չի վերահսկում, թե ինչ նպատակներով է եկեղեցին օգտագործում այն գումարները: Աուդիտի պետական ծառայությունը, սեփական կանոնդարության համաձայն, իրավունք չունի ստուգելու Պատրիարքարանի ֆինանսական գործունեությունը:
Հետազոտությունում լավ երևում է, որ ամենանեծ ֆինանսավորումն ու ամենամեծ հողակտորները եկեղեցին ստանում է այն փուլում, երբ երկրում ծանր քաղաքական կամ սոցիալական իրավիճակ է ստեղծվում: Այսպիսով, իշխանությունն ակնհայտորեն փորձում է ձեռք բերել ամենաազդեցիկ ինստիտուտի հավատարմությունը, նշում են փորձագետները:
Պատրիարքարանի բիզնեսը
«Ինդիգոյի» ստացած փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1997թ-ից մինչ այսօր Պատրիարքարանը 40 ընկերություն է հիմնել, բաժնեմաս է ձեռք բերել ևս 4 ընկերություններում և գրանցել է 105 ոչ առևտրային, ոչ արտադրական կազմակերպություն՝ այսպես կոչված ոչ կառավարական կազմակերպություն:
«Ինդիգոն» հետաքրքիր միտում է նկատել. եկեղեցու գլխավոր բիզնես շահերը կապված են կրթական ոլորտի հետ: Կրթությունը Պատրիարքարանի ակնհայտ առաջնահերթությունն է: 44-ից 22 ընկերություն գործում է հենց կրթության ոլորտում, 105 ոչ առևտրային կազմակերպությունների մեծ մասը համալսարաններ կամ եկեղեցական-ծխական դպրոցներ են: Կրթության այդ այլընտրանքային համակարգի գլխավոր նպատակը երիտասարդության դաստիարակումն է՝ քրիստոնեական արժեքների համաձայն:
Պատրիարքարանի հետաքրքրությունների ցանկում երկրորդ տեղը գյուղատնտեսությունն է զբաղեցնում, այնուհետև՝ շինարարությունը, առողջապահությունն ու լրատվամիջոցները:
Հանրային փաստաթղթերից պարզ է դառնում, որ Պատրիարքարանին պատկանող ընկերություններից երկուսը զբաղվում են նավթամթերքի ներկրմամբ և իրացմամբ, ևս մեկն ալկոհոլային խմիչքներ է արտադրում: Պատրիարքարանը նաև «Բագրատ» ռեգբիի ակումբ ունի:
Հայտնի չէ, թե որքան փող է բյուջե մտնում այդ ընկերություններից: Արդյո՞ք նրանք հարկ են վճարում: Եթե նավթամթերքն ու ալկոհոլը եկեղեցականների շարքում են, ապա, ըստ սահմանադրական համաձայնագրի, նրանք ազատված են հարկումից:
Այդ ընկերությունների ֆինանսական դրության, բյուջե կատարած փոխանցումների մասին տեղեկատվությունը հանրային չէ: Պետական ծառայությունները, համաձայն այդ նույն համաձայնգրի, չեն ստուգում այդ ընկերությունների գործունեությունը, և հայտնի չէ, թե արդյո՞ք նրանց գործունեությունում երբևէ ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել:
Սինոդի ամենահարուստ անդամները
Հանրային փաստաթղթերից պարզ է դառնում, որ Սուրբ Սինոդի 47 անդամների մեծ մասը բավականին հարուստ մարդիկ են: Նրանցից շատերը մեծ հողակտորներ ունեն, այլ անշարժ գույք, իսկ 41-ը ներգրավված է Պատրիարքարանի բիզնես գործունեությունում:
Սինոդի նախագահ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդը, հանրային ռեեստրի տվյալներով, անշարժ գույք չունի: Միակ սեփականությունը Մծխեթայի հողակտորն է, որը պատրիարքը 2008թ-ին նվիրել է իր զարմիկին՝ Բաթումի և Լազի միտրոպոլիտ Դիմիտրիին: Պատրիարքից բացի Սինոդի միայն 5 անդամ, ռեեստրի համաձայն, ոչ մի սեփականություն չունի: