Եղանակ, կողոպտիչներ, Պետավտոտեսչություն
Մեկ շաբաթից պակաս ժամանակ էր պետք աբխազ իրավապահներին, որպեսզի բռնեն Ռուսաստանից զբոսաշրջիկների երկու ընտանիքի վրա ավազակային հարձակման համար կասկածյալներին, որի արդյունքում մահացավ մոսկվացի Անդրեյ Կաբանովը: Հետաքննությունն իր անձնական վերահսկողության տակ առավ երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբան: Ինչո՞ւ: Լրատվամիջոցների արձագանքը վնասեց երկրի իմիջին, և ոլորտը, որը բյուջեի եկամտի 10% է ապահովում, միանգամից դա զգաց: Միջադեպը հանրապետության իշխանություններին ստիպեց նաև ավելի ուշադիր լինել կրիմինալից բացի նաև այլ գործոնների հանդեպ, որոնք բացասաբար են անդրադառնում զբոսաշրջիկների ներհոսքին: Դրանց անուն տվեցին. Պետավտոտեսչության աշխատակիցների գործունեությունը, որը փող է վերցնում ռուսներից, և 2017թ-ի վատ եղանակը: «Նովայա գազետայի» խնդրանքով՝ JAMnews-ի աշխատակից Դմիտրի Ստատեյնովը իմացել է զբոսաշրջային ծառայությունների շուկայի մասնակիցների կարծիքը և զրուցել զբոսաշրջիկների հետ այն մասին, թե ինչին են բախվել նրանք Աբխազիայում հանգստանալիս:
Հարձակում զբոսաշրջիկների վրա
Հուլիսի 11-ին Աբխազիայի Գուդաութիի շրջանի Աապստա գետի կիրճի լողափում դիմակներով երկու անհայտ անձինք՝ զինված հրազենով ու դանակով, հարձակվեցին մոսկվացի զբոսաշրջիկների խմբի վրա: Զոհերը երկու երիտասարդ ընտանիք են 4 փոքր տարիքի երեխաներով՝ Կաբանովներն ու Չիժիկովները: Փորձելով պաշտպանել իր հարազատներին՝ Անդրեյ Կաբանովը հարձակվել է հանցագործների վրա, սակայն դանակով կրծքին հարված է ստացել: Դրանից հետո ավազակները պահանջել են տալ արժեքավոր իրերն ու փողերը: Նիկոլայ Չիժիկովն ասել է, որ փողերն իր քարտին են, որից հետո ռուսաստանցուն ուղարկել են հանել դրանք մոտակա բանկոմատից: Իսկ կանանց ու երեխաներին պատանդ են վերցրել և անտառ տարել: Ափին է մնացել արնաքամ լինող Անդրեյ Կաբանովը: Նրա բղավոցը լսել է տեղի բնակիչներից մեկը, որը վիրավորին հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է: Երկու օր անց միլիցիայությունը կալանավորել է սկզբից առաջին, իսկ հետո երկրորդ կասկածյալին՝ Ջինջոլիա եղբայրներին: 29-ամյա Ադգուրն ու 30-ամյա Դաուրն ամեն ինչ խոստովանել են:
Վախեցա՞ք
Աբխազիայում ռուսական դեսպանատունը կատարվածից հետո զգուշացրել է քրեածին իրավիճակի վատթարացման մասին և խորհուրդ տվել ռուսներին մեծ զգուշավորություն ցուցաբերել: Անդրեյ Կաբանովի սպանությունից հետ առաջին մի քանի օրը ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսեցին հրաժարվել դեպի Աբխազիա ուղեգրերից, խոստովանում է Զբոսաշրջության աբխազական միության նախագահ և զբոսաշրջային գործակալության սեփականատեր Աննա Կալյագինան: Սակայն հետո ամեն ինչ հանդարտվեց:
«Առաջին 2-3 օրը, երբ նորությունը հայտնվեց բոլոր ռուսական լրատվամիջոցներում, որոշ հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների մոտ անկում գրանցվեց, զբոսաշրջիկները չեղարկում էին ամրագրումները, հրաժարվում ուղեգրերից: Հիմա հայտերը կրկին հայտնվել են: Մեր զբոսաշրջային ընկերությունում ուղեգրերից 20 մարդ է հրաժարվել, դրանք հիմնականում երեխաներով ընտանիքներ են, սակայն մենք նրանց բացատրեցինք, որ այնպիսի դեպքը, ինչպիսին զբոսաշրջիկի սպանությունն է, մեր երկրում տեղի է ունեցել երկար տարիների ընթացքում առաջին անգամ, և դա բացառություն է: Արդյունքում հրաժարվածների կեսը կրկին համաձայնեց հանգստանալ Աբխազիայում», — ասում է նա:
Սուխումում մասնավոր հյուրանոց ունեցող Աստանդան ասում է, որ իր հյուրերը սպանության օրը սկսեցին ճամպրուկները հավաքել: «Ես նրանց հազիվ եմ համոզել, որ մնան: Նրանք կարծես հանգստացան, մնացին, սակայն ես տեսնում եմ, թե ինչպես են սպասում արձակուրդի ավարտին: Երկու հոգի հրաժարվեց ուղևորությունից, մնացածները ուզում են գալ», — ասում է նա:
Վտանգավոր Աբխազիա՞: Պաշտոնապես՝ ոչ
Եթե դատենք վիճակագրությամբ, որն ամեն հանգստյան սեզոնից հետո հրապարակում է Աբխազիայի ՆԳՆ-ն, իրավապահ մարմիններն իրավիճակը վերահսկողության տակ են պահում: Օրինակ, 2015թ-ի մայիսից մինչև օգոստոս հանրապետությունում 343 հանցագործություն է կատարվել եկվորների հանդեպ (մեծ մասը՝ գողություն և կողոպտում), բացահայտվել է 43 գործ: Իսկ արդեն հաջորդ 2016թ-ին գրանցվել է միայն 66 հանցագործություն, որոնցից բացահայտվել է 34-ը:
Ճիշտ է, մասնավոր զրույցներում Սուխումի բնակիչներն ու հյուրերն ասում են, որ ռուս զբոսաշրջիկները հանցագործների զոհ են դառնում պաշտոնական վիճակագրությունից ավելի հաճախ, պարզապես միլիցիայություն չեն դիմում: Մեծ մասամբ դա մանր գողությունն է փողոցներում, սրճարաններում և լողափերում՝ դրամապանակներ, պայուսակներ, տեխնիկա: Իսկ վերջերս հաճախակի է դարձել նաև բնակարային կողոպուտը:
«Իմ բնակարան օրը ցերեկով երկու մարդ էր մտնում: Ես լսեցի, թե ինչպես է մեկը փորփրում դռան կողպեքը, մոտ գնացի և գլխարկներով երկու երիտասարդների տեսա: Սկսեցի բղավել, նրանք հեռացան», — պատմում է Սանկտ Պետերբուրգի բնակիչը, որը Սուխումում է հանգստանում:
«Հարևանիս տնից օրը ցերեկով տարել էին հնարավոր ամեն ինչ, կահույքից բացի», — ասում է տեղի բնակիչը:
Ոչ մեկ, ոչ մյուս տան դեպքում միլիցիայություն չեն դիմել:
«Անցյալ տարի հանգստացողներից մեկի ձեռքից, որը մեզ մոտ բնակարան էր վարձակալում, հանցագործները պայուսակ էին գողացել: Նրանց բռնեցին, ոստիկանություն տարան, հանգստացողները դիմում գրեցին, իսկ հաջորդ օրն այդ ավազակները կրկին մեր թաղամասում էին: Ի՞նչ իմաստ ունի միլիցիայության հետ կապվել», — բողոքում է Սուխումի շրջաններից մեկի բնակիչը:
Խնդիրը ՆԳՆ-ում ակնհայտորեն գիտակցում են. այս տարի հանգստյան սեզոնի ժամանակ ուժեղացվել են ոստիկանության կարգախմբերը մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Ինչպես պատմել են գերատեսչության մամուլի ծառայությունում, միլիցիայության աշխատակիցները պարեկային ծառայություն են իրականացնում զբոսաշրջիկների մոտ տարածված ուղղություններում, այդ թվում՝ առափնյա գոտում և գետերի կիրճերում: Այդպիսի մի վայրում էլ հենց տեղի է ունեցել այն հարձակումը:
1992-93թթ-ի վրաց-աբխազական պատերազմից հետո բնակչության մոտ մնացած հրազենն ու զինամթերքը խնդրի մի մասն է: Այն գրեթե հնարավոր չէ հաշվառել, փոխարենը հաճախ են դրանք օտագործում հանցագործ նպատակներով: ՆԳՆ մամուլի ծառայությունում ասում են, որ էլեկտրոնային բազա գոյություն ունի, որում առկա է գրանցված զենքը: Սակայն թե որքան է չգրանցվածը, հայտնի չէ:
Էժան, բայց անհարմար
Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար 240-հազար բնակչություն ունեցող Աբխազիան, առաջին հերթին, տաք ծով է և վիզաների բացակայություն, հանրապետություն հասնել կարելի է ներքին ռուսական անձնագրով: Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ-ին Աբխազիա է այցլել 4մլն ռուսաստանցի, այն առաջին տեղն է զբաղեցնում ամենատարածված արտասահմանյան ուղղությունների շրջանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ռուսական վիճակագրական ծառայությունը հաշվի է առնում բոլորին, ով հատում է սահմանը, իսկ Աբխազիայի զբոսաշրջության նախարարությունը՝ միայն նրանց, ովքեր մնում են հյուրանոցներում և մասնավոր հատվածներում: Այդ պատճառով Սուխումը գնահատում է զբոսաշրջիկների նախորդ տարվա հոսքը մեկուկես միլիոնի մակարդակում: Վերջին երկու տարին ընդհանրապես ռեկորդային էին տեղական զբոսաշրջային բիզնեսի համար: 2016թ-ին պաշտոնապես զբոսաշրջային ծառայություններն Աբխազիայի բյուջե 2,57մլրդ ռուբլի են բերել, այսինքն՝ հանրապետության տնտեսության մոտ 8%-ը:
Ուղղակի հարկային վճարումներից բացի, որոնք փոխանցում են հյուրանոցների տերերն ու տների վարձակալությամբ զբաղվողները, հանրապետությունն անուղղակի եկամուտ է ստանում, երբ զբոսաշրջիկներն ապրանք ու ծառայություն են գնում: Ճիշտ է, այդ փողը հարկային գերատեսչության կողքով է անցնում. «Զբոսաշրջության հաշվին Աբխազիա է մտնում 6-8 մլրդ ռուբլի, որոնք քաղաքացիներին են անցնում, և նրանք այդ գումարով հետո հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ են կառուցում», — պատմում է հանգստավայրերի և զբոսաշրջության նախարար Ավթանդիլ Գարցկիան:
2017թ-ին միտումը փոխվեց ոչ հօգուտ աբխազիայի հանգստավայրերի: Ապիրիլին Գարցկիան հաղորդել է ռուսների կողմից հյուրանոցների պատվերների քանակի կրճատման մասին: Ամռանն այդ միտումն ավելի հստակ դարձավ: Ինչպես ասում էին հյուրանոցի տերերը Սուխումում հունիսի սկզբին կայացած Զբոսաշրջության աբխազական միության նիստին՝ չնայած որ գները 20%-ով իջել են, հյուրանոցների զբաղվածությունն անկում է ապրել 30-80%-ով: Մասնագետները նշել են քաղաքի ենթակառուցվածքների մտահոգիչ վիճակն ու սպասարկող անձնակազմի դեֆիցիտը: Աբխազական զբոսաշրջային ըներությունները բողոքում էին ոչ միայն ուղեգրերի վաճառքների անկումից, այլ նաև էքսկուրսիոն երթուղիների: Ռուսական զբոսաշրջային ընկերությունները հաղորդում էին, որ 2017թ-ի ամռանը Աբխազիա մեկնելու պահանջարկը անկում է ապրել 15-20%-ով:
Զբոսաշրջիկներին, կարծում է Գարցկիան, վախեցրել է վատ եղանակն ու Աբխազիայի մասին բացասական տեղեկատվությունը: «Այս տարի հունիսն անձրևոտ էր, ավելի ցուրտ: Շատ կարևոր գործոն, որն ազդում է զբոսաշրջային ոլորտի վրա, այս կամ այն երկրի մասին տեղեկատվությունն է, ուր պատրաստվում է մեկնել զբոսաշրջիկը: Եթե դուք մի երկիր եք գնում, նախապես ուսումնասիրում եք այն, արձագանքներն եք նայում, շատ է ազդել բացասական տեղեկատվությունը, որը հայտնվում է լրատվամիջոցներում, ընդ որում, չստւգված տեղեկատվությունը», — պատմում է Գարցկիան «Սպուտնիկ Աբխազիա» պորտալի հետ զրույցում:
Մեքենա վարողներն այդ ցուցակին ավելացնելու բան ունեն: Աբխազիա հաճախ մեկնում են մեքենայով (Մոսկվայից Սուխում 1800կմ է, երկու օրվա ճանապարհ), սակայն Պետավտոտեսչության տեղի աշխատակիցները մեծ ուշադրություն են դարձնում ռուսական համարներով մեքենաներին: Ռուսաստանի քաղաքացիների բազմաթիվ դիմումների և բողոքների պատճառով, որոնք կապված են Պետավտոտեսչության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների հետ, այս ամառ որոշում է կայացվել, որն արգելում է կանգնեցնել արտասահմանյան համարներով մեքենաները ՃՏԾ անցակետերից բացի և վարորդներից գումարներ շորթել: Արդյունքում հունիսին Պետավտոտեսչության մոտ 60 աշխատակից աշխատանքից ազատվելու դիմում է տվել:
Ժողով է եղել, որի ժամանակ նախագահը կատարվածը խայտառակություն է անվանել և նշել, որ «եթե Պետավտոտեսչությունն աշխատում է զբոսաշրջիկների դեմ, ապա այն աշխատում է պետության դեմ»: Չօգնեց: «Ես տեսել եմ նախագահի ելույթը, — պատմում է ռոստովցի Կիրիլը, — և մտածեցի, որ այժմ այդ ընկերները կդադարեն մեզ կանգնեցնել: Բայց ոչ, մի քանի օր անց ինձ չթույլատրված վայրում կանգնեցրեց Պետավտոտեսչության աշխատակիցն ու ասաց, որ ես հոծ գիծ եմ հատել: Ես նրան ցույց եմ տալիս այդ տեղն ու ասում, որ այնտեղ ոչ մի հոծ գիծ չկա, իսկ նա ընթացքում փորձում է խախտում հորինել, որ փող կորզի: Արդյունքում նա ինձ բաց թողեց, սակայն տհաճ զգացողությունը մնաց: Երևում է, որ նրանք թքած ունեն նախագահի և նախարարի ասածի վրա»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի