Թոմաս դե Վաալ: Փակ և բաց Վրաստանը
Չնայած Վրաստանը շարունակում է ավտորիտար հարևանների շրջապատում հաջողության պատմություն մնալ, վերջին ժամանակների երեք միտումները հիշեցնում են, որ այս պատմության մեջ ինչ-որ բան դարձունակ բնույթ է կրում:
Վրաստանը երբեք դեռ այսքան բաց չի եղել աշխարհի համար: 2017թ-ի առաջին կես տարում այդ երկիր այցելած մարդկանց թիվը շնորհիվ Եվրոպայի հետ ուղիղ ավիահաղորդակցման աճել է 29%-ով, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, և հասել 1,2 միլիոնի: Զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին այդ թիվը կաճի:
Միաժամանակ Վրաստանի 55 հազար քաղաքացի օգտվել է առանց վիզայի ռեժիմից, որը տրամադրվել է մարտին:
Սակայն, ցավոք, զուգահեռ Վրաստանի քաղաքական համակարգը դառնում է ավելի փակ և ոչ թափանցիկ, ինչպիսին չէր արդեն երկար տարիներ: Խնդրի հիմքն անբնական մեծամասնությունն է, որը ստացել է «Վրացական երազանք» կուսակցությունը 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին: Սեփական նախընտրական ճիգերի և ընդդիմության անարդյունավետության շնորհիվ այն ստացել է 150-ից 115 տեղ, այսինքն՝ երկիրը միանձնյա ղեկավարելու մանդատ:
1991թ-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր երդեն երրորդ անգամ է Վրաստանը դո ֆակտո միակուսակցական երկիր դառնում: Էդուարդ Շևարդնաձեի՝ այն ժամանակ իշխող կուսակցությունն այդպիսի մեծամասնություն ուներ 1999թ-ին, իսկ Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժումը»՝ 2004-2012թթ-ին:
Ինչպես և իր նախորդները, «Վրացական երազանքն» իրենից լայն կոալիցիա է ներկայացնում: Այն ձևավորվել է 2012թ-ին որպես Սահակաշվիլիի ընդդիմություն: Դրա մի թևն ավելի հանրային է, աշխարհին տեսանելի, հստակ եվրոպամետ: Այն ներկայացված է կառավարությունում, դրա մարմնավորումը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին է: Հենց նրանք են հասել առանց վիզայի ռեժիմի և այժմ աշխատում են եվրաինտեգրացիայի հաջորդ փուլի՝ Վրաստանի և ԵՄ միջև լիարժեք ազատ առևտրի պայմանագրի վրա:
Մյուս թևն ավելի պահպանողական է, պոպուլիստական և մոտ է Վրացական ուղղափառ եկեղեցու օրթոդոքս գործիչներին: Այդ թևի որոշ ակնառու գործիչներ կուլիսների ետևում են՝ չմտնելով ոչ կառավարության, ոչ խորհրդարանի կազմ:
Վրաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած մի քանի իրադարձություններն անհանգստություն են առաջացնում: Առաջին հերթին, իշխող կուսակցությունը սահմանադրական փոփոխություններ է առաջարկել: Դրանց համաձայն՝ խորհրդարանական ընըտրություններին առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունը լրացուցիչ տեղեր կստանա, իսկ նախագահը կընտրվի ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանի կողմից: Անհնար կդառնա նաև կոալիցիներ կազմելը, սակայն «Վրացական երազանքը» հենց այդ ճանապարհով է իշխանության եկել:
Այդ փոփոխություններն անալոգներ ունեն ԵՄ երկրներում և առարկություններ չեն առաջացնում: Սակայն դատական բարեփոխման գործում առաջընթացի բացակայության և այլ գործոնների համադրությամբ դրանք ավելի շուտ նման են «Վրացական երազանքի»՝ տարիներով իշխանության մնալն ամրապնդելու փորձերի: Թբիլիսյան մի դիվանագետի խոսքով՝ անհանգստություն են առաջացնում ոչ թե հենց փոփոխություններն, այլ զուգակցող քաղաքական գործընթացը, որը նա
«վախեցնող» է անվանել: Նա նկատի ուներ «հաղթողը ստանում է ամեն ինչ» հոգեբանությունը, որը հատուկ է «Վրացական երազանքին», որը չքննարկեց այդ փոփոխությունները ոչ ընդդիմության, ոչ քաղաքացիական հասարակության հետ, որոնք կտրականապես դիմադրում էին դրանց:
Երկրորդ անհանգստացնող գործոնն այլատյացության աճն է: Այդ երևույթը հետխորհդային Վրաստանի համար նոր չէ, սակայն պարադոքսալ կերպով նոր խթան է ստացել երկրի միջազգային բացության շնորհիվ: Այդ տրամադրություններն արտահայտվել են հուլիսի 14-ին այսպես կոչված Վրացական երթի ժամանակ, որի ընթացքում թշնամական ելույթներ էին լսվում ընդհանուր առմամբ արտասահմանցիների վերաբերյալ, հատկապես՝ Իրանի և Թուրքիայի քաղաքացիների:
Հենց այլատյացությունն է թաքնված արտասահմանցիների կողմից գյուղատնտեսական նշանակության հողեր գնելու արգելքը սահմանդրորեն ամրագրելու առաջարկի ետևում: Կվրիկաշվիլին կողմ է արտահայտվել այդ առաջարկին` հարուցելով բիզնես հանրության ցասումը, որը համարում է, որ դա կսպանի արտասահմանյան ներդրումները: Այստեղ, ինչպես միշտ, «սատանան թաքնված է մանրուքներում»: Շատ երկրներում է նման արգելք գործում, սակայն ոչ բոլորի մտքով է անցել դա սահմանադրորեն ամրագրել:
Երրորդ անհանգստացնող իրադարձությունը Թբիլիսիում ապաստան գտած ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի արտադատական ձերբակալությունն է: Մայիսի 29-ին նրան առևանգել են փողոցում և Ադրբեջան տարել և կալանքի տակ են պահում: Դա տեղի է ունեցել Վրաստանի իրավապահների թույլտվությամբ և աջակցությամբ հաճոյանալու համար հարուստ և ազդեցիկ հարևանին: Մեկ այլ դիվանագետ Թբիլիսիից այդ երևույթը, որն ամենաշատ անհանգստությունն առաջացրել է Արևմուտքում Վրաստանի ընկերների մոտ, նկարագրել է որպես «հատուկ ծառայությունների հանդեպ քաղաքական վերահսկողության բացակայություն»:
Շատերն են վախենում, որ այդ միջադեպը հանրության հանդեպ պետության գերակայման միտման արտահայտում է կամ, ինչպես այն Թուրքիայում են նկարագրում, ստվերային ուժային հատվածի գոյություն: Անուններ էլ են նշվում՝ գործարար Ուչա Մամացաշվիլի, որը «Վրացական երազանքի» հիմնադիր և Վրաստանի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի զարմիկն է, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձե: Քանի որ նրանք երկուսն էլ ոչ հանրային ֆիգուրներ են, նրանց ազդեցության աստիճանը դժվար է գնահատել:
Հստակ կարելի է ասել, որ վերջին մի քանի տարում վրացական կառավարության վրա ԱՄՆ և ԵՄ ազդեցությունը թուլացել է: Առանց վիզայի ռեժիմը ԵՄ կողմից վերջին խոշոր զիջումն էր, իսկ ԱՄՆ-ն Թրամփի նախագահության դեպքում ավելի քիչ է մտահոգված ժողովրդավարության աջակցությամբ, քան նրա նախորդների դեպքում: Փոխնախագահ Փենսի այցը Վրաստան նախևառաջ նվիրված է ռազմական համագործակցության ու անվտանգության հարցերին:
Ժամանակակից Վրաստանը նախկինի պես ավտորիտար հարևանների շրջապատում բացության օրինակ է: Սակայն ներկայիս միտումները ցույց են տալիս, որ այս պատմության մեջ շատ բան է դարձելիության ենթարկվում:
Հեղինակ՝ Թոմաս դը Վաալ, Քարնեգի հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կովկասի մասով ավագ գիտաշխատող: Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է հիմնադրամի կայքում հուլիսի 31-ին: