«Աննախադեպ էր և անընդունելի»․ ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԺ սահմանափակումների մասին
Այսօր Հայաստանի խորհրդարանում քննարկվում էր լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման հարցը։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած հանդիպմանը մասնակցում էին լրագրողական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ղեկավարներ ու լրագրողներ։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկա էին քննարկմանը, իշխող ուժի ներկայացուցիչները՝ ոչ։ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ հանդիպմանը չներկայանալը ևս վերաբերմունք է։
«Այո, կային լրագրողներ, որոնց պահվածքը նախկինում այնքան էլ օրինակելի չէր, բայց եթե մի քանի լրագրողներ խախտում են էթիկայի չգրված կանոնները, պետք է գրես այնպիսի կանոններ, որ այդ մի քանի լրագրողներին բերես էթիկայի դաշտ, ոչ թե ուղղակի պատերազմ հայտարարես ամբողջ լրատվական դաշտին, արժեզրկես լրագրողական համայնքի դերը հասարակությունում», — ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԺ-ում լրագրողների դեմ կիրառված բռնությունները նա «աննախադեպ» և «անընդունելի» որակեց։ Նրա խոսքով՝ խորհրդարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող իրավական ակտը հակասում է Սահմանադրության 51-րդ և 42-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են տեղեկատվություն ստանալու ազատությանը և մամուլի ազատությանը:
«Այդ սահմանափակումը տրված չէ օրենքով, հետևապես՝ իրավաչափ չէ: Մենք վաղը հայցադիմում ենք ներկայացնելու վարչական դատարան, որով վիճարկելու ենք լրագրողների գործունեության սահմանափակումների առնվազն մի մասը», — նշեց Իոաննիսյանն ու տեղեկացրեց, որ խոսքը ԱԺ անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցներին տեսանկարահանելու արգելքի մասին է։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել դատախազություն։ ՀԿ համակարգողն ասում է՝ հետևողական են լինելու գործերի հարուցմանը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ «ծեծկռտուք լուսաբանելը լրագրողների գործը չէ» արտահայտությանը։ Բարսեղյանի գնահատմամբ՝ սա Վարդանյանի հերթական խայտառակ արտահայտությունն է, որը վտանգավոր է և չարամիտ:
«Ոչ մի փոխզիջում չի կարող լինել լրագրողների, լրատվամիջոցների իրավունքների սահմանափակման այսպիսի խայտառակ դեպքերի մասով։ Ոչ մի բանակցություն և սակարկություն չի կարող լինել, կապ չունի՝ ով է իշխանությունը», — ընդգծեց Լևոն Բարսեղյանն ու հավելեց, որ իշխող ուժը պետք է վերանայի իր դիրքորոշումն և վերացնի ոչ ողջամիտ սահմանափակումները։
«Լրագրողների գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն օթյակում։ Որևէ քայլ չպետք է նահանջենք», — հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Լրագրողական համայնքի ներկայացուցիչներին նա առաջարկեց կազմել առաջարկությունների փաթեթ ու ներկայացնել ԱԺ ղեկավարությանը։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ անհեթեթ է համարում նման փաթեթ ներկայացնելը մարդկանց, ովքեր նույնիսկ քննարկման չեն ներկայացել։
Սեյրանյանն առաջարկեց դիմել միջազգային կառույցների, ՄԻՊ-ի ու իրավապաշտպանների հետ հանդիպումներ կազմակերպել, խորհրդակցել իրավաբանների հետ՝ զուգահեռ իրականացնելով բողոքի ակցիաներ։
«Միջազգային կառույցի դիմելու մարտավարությունն այս պահին դեռևս ազդեցություն չի ունենում, իրավականը կարող է շատ երկարել, ու մենք կարող ենք բաց թողնել ամբողջ նստաշրջանը»,- ի պատասխան ասաց Շուշան Դոյդոյանը։
Ամփոփելով արտահերթ նիստը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն առաջարկեց կազմել արձանագրություն, հրապարակել այն, որպեսզի իշխանությունն ականջալուր լինի լրագրողական համայնքի պահանջներին։
«Եթե ոչ, դուք ազատ եք ձեր գործողությունները պլանավորելիս»,- ասաց Թովմասյանը։