Բլոգ․ «Ինտրովերտի նոթեր հետպատերազմյան Ստեփանակերտից»
Ստեփանակերտը պատերազմի ժամանակ և դրանից հետո
Այս բլոգի հեղինակը, որը նախընտրում է չնշել իր իսկական անունը, ապրում է Ստեփանակերտում: Նա այնտեղ էր ապրում մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը (2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը), պատերազմի ընթացքում կարճ ժամանակով հեռացավ, սակայն այժմ էլ շարունակում է ապրել այնտեղ: Նա բլոգում պատմում է իր պատմությունները տարբեր ժամանակներից ՝ «Հետագծեր» նախագծի համար:
Պատերազմի առաջին իսկ օրը Ստեփանակերտը՝ հեքիաթային գեղեցկության մեր մայրաքաղաքը, որտեղ արդեն հասցրել էին նոր ապակեպատ տներ կառուցել, անմիջապես վերածվեց ռազմաճակատային քաղաքի՝ իր բոլոր բաղադրիչներով ու հատկանիշներով:
Քաղաքի տղամարդիկ… Նրանց մեծամասնությունն անմիջապես զինվորական համազգեստ հագավ: Հոգնատանջ դեմքերով, քնի պակասից կարմրած աչքերով, խուսափելով առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանելուց, նրանք նստում էին իրենց մեքենաները եւ ինչ-որ տեղ գնում: Այնտեղ, որտեղ իսկական դժոխք էր:
Քաղաքի կանայք, որոնք մշտապես խնամված ու զվարթ տեսք ունեին, շփոթված ու գլխիկոր հավաքում էին իրերը՝ պատրաստվելով տարհանման: Ոչ բոլորն էին այդպես անում, բայց շատ շատերը:
Ստեփանակերտի երեխաները, որոնք միշտ աղմկոտ էին, ձայները կտրած, վախով նայում էին երկինք՝ թռչունների երամներն անօդաչու սարքերի հետ շփոթելով:
Հետո կանայք ու երեխաները կարծես միանգամից անհետացան, իսկ քաղաքը լցվեց ռազմական գործողությունների գոտուց եկած շփոթված փախստականներով: Պարկերով ու կապոցներով բեռնված այս մարդիկ չէին հավատում, որ մեկ ակնթարթում դարձել էին անօթեւան: Քաղաքի հյուրանոցները լցվեցին խիստ անկազմակերպ եւ անկառավարելի «մոբով» ( «մոբիլիզացիա» բառի կարճ տարբերակն է: Այսպես են անվանում քաղաքացիական բնակչությունից պատերազմ մեկնած կամավորներին Արցախում) եւ տարբեր երկրներից ժամանած լրագրողներով, որոնց երբեմն կարելի էր շփոթել նույն մոբի հետ՝ նրանց կրած զինվորական սաղավարտների եւ զրահաբաճկոնների պատճառով:
Բուն քաղաքի բնակիչների թիվն օրըստօրե պակասում էր: Ռմբակոծությունները, հակառակորդի առաջխաղացման մասին խուճապ տարածող լուրերը հանգեցրին նրան, որ մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտը համարյա դատարկվեց:
Գրեթե ամեն երեկո ես իջնում էի ռմբապաստարան: Կատվիս հետս չէի տանում, նա սովոր է մեր տանը, այդ պատճառով կարող էր վախենալ ու փախչել: Կատուն մնում էր մեր տանը՝ որպես պահակ: Ես էլ հույս ունեի, որ եթե մի բան պատահեր, կատվային բնազդը կստիպեր նրան անվտանգ թաքստոց գտնել:
Բայց երբ իջնում էի նկուղ, ինձ շրջապատում էին այլ կատուներ՝ նրանք, ում տերերը հեռացել էին, եւ նրանք, ովքեր պարզապես եկել էին մարդկանց մոտ մնալու: Մեր նկուղ իջնող հարեւաններին կարողացա համոզել, որ կատուները պաշտպանում էին մեզ առնետներից, եւ որ կատուները գնում են այնտեղ, որտեղ անվտանգ է: Այնտեղ՝ նկուղում, ես վերհիշեցի Ռեմարկի «Գիշերը Լիսաբոնում» վեպը եւ մտածեցի, որ առաջնագծի վերածված Ստեփանակերտում կյանքը հիշեցնում է հենց այս վեպը, որն ինձ շատ դուր էր եկել ժամանակին:
«… Դա իսկապես տապան էր, — գրում էր Ռեմարկը, — յուրաքանչյուր նավ, որը Եվրոպայից հեռանում էր 1942-ի այդ ամիսներին, տապան էր: Ամերիկան Արարատի բարձունքից էլ վեր էր խոյանում, իսկ ջրհեղեղն օրեցօր սաստկանում էր»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հայտնի ստեղծագործության մթնոլորտի հետ մեր խելահեղ ու տագնապալի օրերի համեմատությունն այն ժամանակ այնքան էլ անիրատեսական չէր:
Քաղաքի ամայի փողոցներում թափառում էին տխուր կատուներն ու ազնվացեղ շները… Շները, որոնց տերերը կամ առաջնագծում էին, կամ էլ հապշտապ հեռացել էին չգիտես ուր, դարձել էին քաղաքի լիարժեք տերերը:
Այդպիսին եմ հիշում աշնանային այդ օրերի Ստեփանակերտը:
Այսօր, երբ արդեն գրեթե մեկ տարի է անցել ռազմական գործողությունների ավարտից, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը միանգամայն այլ տեսք ունի: Այլ տեսքը չի նշանակում, որ քաղաքն այնպիսին է, ինչպես պատերազմից առաջ: Սա նշանակում է, որ քաղաքը փոխվել է: Մարդիկ, որոնք մեկուկես ամսով հեռացել էին իրենց՝ այդպես էլ չճանաչված, բայց փաստացի գրեթե 30 տարի գոյություն ունեցող պետության մայրաքաղաքից, այժմ վերադարձել էին իրենց համար տարօրինակ ձեւով խորթ դարձած քաղաք:
Քաղաք, որի տների պատուհաններից նույնիսկ ցերեկը երեւում է աստղերով կիսալուսինի պատկերով եռագույն դրոշը: Դրոշը պատկանում է հաղթանակած պետությանը: Բայց, ինչպես արդեն կասկածում են արցախահայերը, այդ պետությունն այնքան էլ գոհ չէ իր հաղթանակից: Քանի որ հաղթողները օկուպացված Շուշիի տների պատուհաններից տեսնում են նաեւ, թե ինչպես է Ստեփանակերտում ծածանվում հայկական դրոշը: Այն դեռեւս ծածանվում է:
Վերադառնալով Երեւանից, ուր մեկնել էի ռազմական գործողությունների ավարտից երկու օր առաջ, ես նույնպես հայտնվեցի կարծես օտար մի քաղաքում: Օտար, անծանոթ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ:
Ստեփանակերտի տղամարդիկ … Նրանք կարծես ինչ-որ բանում իրենց մեղավոր են զգում կանանց ու երեխաների առջեւ, կարծես նրանց հիասթափեցրած լինեն: Ի վերջո, տղամարդը պետք է պաշտպանի իր տունը: Այսպես է եղել դեռ անհիշելի ժամանակներից: Բայց նա, ով հղացել էր անսասան թվացող այդ ճշմարտությունը, չէր պատկերացնում, որ կգա մի պահ, երբ պատերազմի ընթացքում քաջությունն ու համարձակությունն այլեւս առանձնապես դեր չեն խաղա, երբ ամենաքաջարի մարտիկն անօգնական կդառնա իր տունը նշանառության տակ առած անօդաչու թռչող սարքի առջեւ:
Իմ քաղաքի կանայք, որոնք երբեք չեն հուսալքվում, նույնպես շփոթված են թվում: Նրանց աչքերում կարծես համր հարց լինի. «Ո՞ր մեղքի համար էր այս ամենը»:
Ստեփանակերտի երեխաները: Հիմա, երբ անցել է վեց ամիս, նրանք կրկին իրենց երեխաների պես են պահում: Բայց իմ վերադարձից հետո առաջին օրերին ես զարմացել էի բակում ու փողոցներում երեխաների աղմուկի ու ծիծաղի բացարձակ բացակայությունից, չնայած նույնիսկ այդ օրերին արդեն շատ երեխաներ էին վերադարձել քաղաք: Երեխաներ, որոնց մանկությունն ավարտվեց մեկ օրում, կամ, թերեւս, դեռ չի ավարտվել, գուցե պարզապես դադար է վերցրել:
Անցյալում այդքան աղմկոտ քաղաքը մթնշաղի հետ սկսեց խորասուզվել քար լռության մեջ: Իսկ մշուշը, որը պատել էր քաղաքը նոյեմբերին, այդպես էլ մնաց մինչեւ Նոր տարի:
Մշուշը վաղուց չկա, իսկ ես գրում եմ այս տողերը գարնանային ամպրոպի որոտի ներքո՝ համոզելով ինքս ինձ. «Սա պարզապես ամպրոպ է, սա ռմբակոծություն չէ: Սա որոտ է, նկուղ վազելու կարիք չկա, ամպրոպ է: Ամպրոպ է, քանի որ գարուն է: Չէ՞ որ գարնանը ամպրոպ է լինում, իսկ գարուն նշանակում է վերածնունդ … »:
Ես այլեւս չեմ վերընթերցում Ռեմարկի «Գիշերը Լիսաբոնում» վեպը:
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։