Արևային էներգետիկայի զարգացման ճանապարհին․ արդյո՞ք Հայաստանը կհրաժարվի ատոմակայանից
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողների ֆինանսավորմամբ կկառուցվի ամենամեծ արևային էլեկտրակայանը երկրում։ Դրա հզորությունը կկազմի 200 մեգավատտ, իսկ ներդրված միջոցների ծավալը կհասնի 174 մլն դոլարի։ Այսինքն՝ այս նախագիծը կդառնա ամենախոշոր ներդրումներից մեկը հայկական տնտեսությունում վերջին տարիներին։
«Այգ-1» կայանը կդառնա Հայաստանի էներգետիկ համակարգի մի մասը, որում արևային էներգետիկայի մասնաբաժինը շարունակում է աճել։ Ներկայիս 2 տոկոսի փոխարեն մինչև 2030 թ-ը պլանավորվում է երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ծավալում ավելացնել արևային էներգետիկայի մասնաբաժինը մինչև 15 տոկոս։ Այս ցուցանիշն անհավանական է թվում, սակայն վերջին տարիների դինամիկան այն լիովին իրականանալի է դարձնում։
Փորձագետների կարծիքը՝ ընդհանուր համակարգում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի հնարավոր ավելացման, ինչպես նաև այն մասին, թե արդյոք կարող է և պետք է Հայաստանը հրաժարվի ատոմակայանից։
- Հանքերն ընդդեմ տուրիզմի, մարդիկ ընդդեմ հանքերի
- Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին
- Երևանի բազմաբնակարան շենքերի վրա արևային մարտկոցներ են տեղադրում
«Այգ-1» կայան․ ինչո՞ւ է ԱՄԷ-ն ներդրում կատարում Հայաստանում
Ընկերությունը, որն այսպիսի հզորությամբ արևային էլեկտրակայան է կառուցելու, ընտրվել է մրցույթի միջոցով։ Արաբական կառույցն առաջարկել է արտադրվող էլեկտրաէներգիայի ամենացածր գինը՝ 2,9 ցենտ։ Սա արևային էներգետիկան մրցունակ է դարձնում ատոմային և ջերմային էներգիային։ Ներդրվող 174 մլ դոլարը համավարակ և պատերազմ վերապրած հայկական տնտեսության համար կենսական անհրաժեշտություն ունի։
2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում այս մասշտաբների ներդրումներ չեն եղել։
ԱՄԷ-ի ընկերությունը համաձայնել է ներդրում կատարել հայկական արևային էներգետիկայում երկու պատճառով։ Ոլորտը երկրում վերջին տարիներին դինամիկ զարգանում է, և Հայաստանի տարածքն ամենահաջողներից մեկն է համարվում արևային էներգետիկայի զարգացման համար։
Արևային էներգիայի հոսքի տարեկան միջին ցուցանիշը 1 քառ․ մ հորիզոնական մակերևույթի վրա կազմում է 1720 կՎտժ/մ2 (միջին եվրոպականը՝ մոտ 1000 կՎտժ/մ2)։ Հայաստանի տարածքի մեկ քառորդն արևային էներգիայի ռեսուրսներ ունի ոչ պակաս, քան տարեկան 1850 կՎտժ/մ2 ինտենսիվությամբ։
ԱՄԷ ընկերության համար շահեկան է նաև ակտիվների բաշխումը։ Ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանելու է ներդրողին, 15 տոկոսը՝ պետությանը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է նաև հետագա 20 տարում գնել կայանի արտադրած էլեկտրաէներգիայի ողջ ծավալը։
Հզորությամբ «Այգ-1»-ին մոտ կայան Հայաստանում դեռևս չի կառուցվել։ Ամենամեծ նման կայանը նույնպես նոր է կառուցվում։ Դրա հզորությունը կհասնի 55 մեգավատտի։
Հակոբ Վարդանյան, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար․
«Հայաստանի էներգետիկ անվտանգությունն այս կայանի գործարկումից հետո կբարձրանա մեկ մակարդակով։ Սա թույլ կտա նվազեցնել կախվածությունը գազից, քանի որ կայանն աշխատելու է վերականգնվող ռեսուրսով»։
Ինչպե՞ս է զարգանում Հայաստանի արևային էներգետիկան
Հայաստանում արևային էլեկտրակայանների շինարարությունը սկսել է 2015 թ-ից։ Մի քանի տարուց առաջին կայանները շահագործման են հանձնվել։ Դրանց հզորությունը չէր գերազանցում 1 մՎտ-ը։ Այն ժամանակ 1 կՎտ/ժ-ի արժեքը կազմում էր 42 դրամ։ Երկրում արևային կայանների քանակն աճում էր արտադրանքի գների նվազմանը զուգահեռ, ինչն էլեկտրաէներգիայի այս տեսակն ավելի մրցունակ էր դարձնում։ Ժամանակի ընթացքում 1 կՎտ/ժ-ի գինը նվազեց մինչև 22 դրամ, և նվազման դինամիկան դրանով չդադարեց։
Սրան զուգահեռ՝ շուկայում սկսեցին ընկերություններ հայտնվել, որոնք արևային վահանակներ էին արտադրում և տեղադրում Հայաստանում։ Արդյունքում՝ վերականգնվող էներգիայից սկսեցին օգտվել առանձին տնտեսություններ։ Այժմ, հատկապես շրջաններում, ամբողջական գյուղեր են մինի-կայաններ կառուցում տների տանիքներին, ինչը նրանց ազատում է կոմունալ ծախսերը վճարելու անհրաժեշտությունից։
Վահանակների արժեքը նույնպես նվազում է, իսկ դա նախադրյալներ է ստեղծում, որ առանձին տներ ընդհանրապես հրաժարվեն գազի սպառումից։ Արևային վահանակներ է զանգվածաբար տեղադրում նաև փոքր ու միջին բիզնեսը, ինչպես նաև որոշ պետական և ուսումնական հաստատություններ։
Կարեն Ասատրյան, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ղեկավար․
«Վերջին 3 տարում տեղադրվել է ընդհանուր էներգետիկ համակարգին միացված մոտ 4600 արևային կայան։ Դրանց արտադրած էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալն այժմ արդեն կազմում է 89 մՎտ։ Սա մեծ թիվ է, և այն շարունակում է աճել։ Հատկանշական է, որ մեծ մասը բաժին է ընկնում հենց բիզնեսին»։
Ի՞նչ ցուցանիշների է ուզում հասնել Հայաստանը մինչև 2030 թ․-ը
Երկրի էներգետիկ համակարգը կազմված է չորս հիմնական ճյուղերից՝ ատոմային, ջերմային, արևային և հողմաէներգետիկա, ինչպես նաև կան մանր ու միջին հիդրոէլեկտրակայաններ։
2020 թ-ին դրանք ընդհանուր առմամբ արտադրել են 2730 մՎտ էլեկտրաէներգիա։ Ընդհանուր մասնաբաժնից 27 %-ը բաժին է ընկել Մեծամորի ատոմակայանին, 43%-ը ջերմաէլեկտրակայաններին, ևս 28 %-ն արտադրել են հիդրոէլեկտրակայանները, մնացած 2%-ն էլ հենց բաժին է ընկել արևային և հողմաէլեկտրակայաններին։
Արևի և քամու ցուցանիշները համեստ կթվան, սակայն դեռևս 2017 թ-ին այդ թիվը չէր գերազանցում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 0,1 %-ը։ Եթե հիմնվենք կառավարության ծրագրի և ոլորտի պատասխանատու անձանց հայտարարությունների վրա, արևային էներգետիկան տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղը կդառնա, իսկ ներկայիս ցուցանիշներն անկասելիորեն կաճեն։
Մինչև 2030 թ-ը Հայաստանը մտադիր է այս ոլորտում ներգրավել մինչև 600 մլն դոլար ներդրում։ Իսկ արևային էներգետիկայի մասնաբաժինը պետք է հասնի 15%-ի։
«Այգ-1»-ից բացի, այժմ երկրում կառուցվում է ևս մեկ խոշոր կայան՝ «Մասրիկ-1»-ը։ Եթե այս երկու նախագծերն ավարտվեն, դրանք կապահովեն 255 մՎտ, ինչն արդեն լուրջ ցուցանիշ է Հայաստանի համար։
Երկրում նաև ակտիվորեն գործարկվում են պիլոտային ծրագրեր և քննարկվում է «լողացող» արևային կայանների շինարարության ներուժը։ Հայաստանը նաև հողմակայանների շինարարության փորձ ունի, այս ուղղությունը նույնպես առաջնահերթություն է կառավարության համար։
Հայկ Շեկյան, փորձագետ․
«Հաշվի առնելով միջազգային միտումները, որոնք երկարաժամկետ հեռանկարում հուշում են, որ տեխնոլոգիաները բարելավվելու են և էժանանալու, կարելի է համարձակ եզրակացնել, որ ոչ 15%-ը, ոչ 20%-ը սահմանաչափ չէ։ Ես անձամբ վստահ եմ, որ վերականգնվող էներգետիկան կարող է ամբողջությամբ փոխարինել ավանդականին»։
Կարո՞ղ է Հայաստանը հրաժարվել ատոմային էներգետիկայից
Վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու Երևանի ջերմաէլեկտրակայանի շինարարությանը զուգահեռ՝ փորձագիտական ոլորտում քննարկում է ծավալվում այն թեմայով, թե արդյոք Հայաստանը պետք է և կարող է հրաժարվել Մեծամորի ատոմակայանի շահագործումից։
Հայաստանի ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին բազմիցս խոսել են եվրոպացի գործընկերները։ ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում հստակ նշված է, որ կայանը պետք է փակվի, սակայն ժամկետներ չեն նշվում։
«Կարծում եմ, որ մեր առջև ատոմակայանի փակման ժամկետների որոշման խնդիր է դրված։ Վաղ թե ուշ մենք կանգնելու ենք այդ խնդրի առաջ, չէ՞ որ չի կարելի այն անվերջ շահագործել», — ասում է էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։
Սակայն, Հայաստանի իշխանությունը մոտ ապագայում հաստատ չի փակելու կայանը։ Այս տարվա մարտին մեկնարկել են ատոմակայանի շահագործման ժամկետները մինչև 2036 թ-ը երկարաձգելու աշխատանքները։
Այս ընթացքում Հայաստանի իշխանությունը մտադիր է երկրում նոր ատոմակայան կառուցել։ Ատոմից Երևանում կտրականապես չեն ուզում հրաժարվել։ Փորձագետները վստահ են, որ ատոմային էներգետիկան առանցքային դեր է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգությունում։
Արա Մարջանյան, էներգետիկ անվտանգության փորձագետ․
«Մենք ընդամենը երկու օբյեկտ ունենք, որոնք երաշխավորում են էներգետիկ անվտանգությունը։ Դա Որոտանի ՀԷԿ-երի համալիրն է և Հայկական ատոմակայանը։ Իզուր չէ, որ նոր ռազմավարությունում գրված է․ Հայաստանը պետք է գեներացման եռաբաղադրիչ համակարգ ունենա, և ատոմային էներգիան մեր էներգետիկ անվտանգության ռազմավարության անքակտելի մասն է»։