«Բացահայտ կեղծիք է»․ հայ պատմաբանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները բացահայտ կեղծիք և մանիպուլյացիա է որակում։
Նախօրեին Ալիևն այցելել էր 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Քարվաճառ քաղաք (Շահումյանի շրջան՝ պատմական հայկական Վայկունիք գավառ)։ Ադրբեջանի դրոշը բարձրացնելու արարողության ժամանակ նա հայտարարել է, թե «Վարդենիսի շրջանի իսկական անունը Բասարգեչար է»՝ հորդորելով լրագրողներին ու քաղաքացիներին ռեպորտաժներում և առօրյա խոսքում Վարդենիսի փոխարեն օգտագործել «Բասարգեչար» անվանումը։
Հերթական անգամ Ալիևը խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին ու հայտարարել, թե այն օգտագործելու են ադրբեջանցիներին «Զանգեզուր և Սևան վերադարձնելու» նպատակով:
Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ նման հայտարարություններով Ալիևը փորձում է տարածաշրջանը թուրք-ադրբեջանական ներկայացնել։
Գիտնականի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունները, հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիվ ու ռազմատենչ վարքագիծը պայմանավորված են նրանով, որ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով 44-օրյա պատերազմում արձանագրած հաջողություններից, կարծում են, թե հիմա ամենահարմար պահն է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու համար:
«Սակայն ՀՀ-ից բացի տարածաշրջանում կան նաև այլ զորեղ ուժեր, մասնավորապես՝ Իրանը և Ռուսաստանը, որոնց ամենևին էլ ձեռնտու չէ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»՝ անկախ նրանից, թե ինչ են դրա տակ հասկանում Բաքուն և Անկարան», — ասել է Աշոտ Մելքոնյանը «Արմենպրեսի» հետ զրույցում։
Պատմաբանը համոզված է՝ քաղաքակիրթ աշխարհն ու գիտական հանրույթը շատ լավ գիտեն, որ ադրբեջանական պատմագրությունն ամբողջությամբ կեղծված է․
«Ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես գողացել են անվանումը՝ 1918 թ. այդ արհեստածին պետությունը ստեղծելիս:
Այլ հարց է, որ Ադրբեջանը, գործի դնելով իր ֆինանսական միջոցները, տարածում է այդ կեղծիքներն աշխարհով մեկ՝ այն հաշվարկով, որ եթե սուտը 100 անգամ կրկնես, կարող է ճշմարտություն թվալ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումները վերաբերում են Հայաստանի սուվերեն տարածքի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերին։
«Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, ամբողջ «Հայոց Արևելից Կողմանց», այսինքն՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայանուն և հայաբնակ ու հայկական, որտեղ խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը, ուղղակի ծիծաղելի է», — նշել է պատմաբան Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով, սելջուկ-թուրքերը 11-րդ դարում են առաջին անգամ տարածաշրջանում հայտնվել։ Մինչ այդ՝ 9-րդ դարում այստեղ եղել են հատուկենտ թուրքեր՝ բերված արաբների կողմից, որպես վարձկան զինվորականներ։
Թուրքական տեղանուններ նույնպես այս տարածաշրջանում չեն եղել։ Հղում անելով պատմական աղբյուրներին՝ Աշոտ Մելքոնյանն ասում է, որ Արևելյան Հայաստանի և Արևելյան Անդրկովկասի տեղանունների թուրքացման գործընթացը սկսվել է 14-15-րդ դարերում, երբ թուրքմենական ցեղերն այստեղ հաստատել են իրենց տիրապետությունը:
«Օրինակ, Հյուսիսային Իրանի տարածքի իրանախոս բնակչությունը աստիճանաբար դարձավ թուրքախոս: Այդ թուրքախոս բնակչությունն էլ հետագայում՝ 15-րդ դարի վերջին, կյանքի կոչեց իրանական Սեֆյան պետությունը: Սեֆյանները, լինելով պարսիկ, թուրքախոս էին:
Այս երևույթը նկատվեց նաև Արևելյան Հայաստանի տարածքում: Բայց դա բացարձակապես չի նշանակում, թե դրանից առաջ այդ տեղանունները հայկական չէին», — ամփոփել է ակադեմիկոսը։