Ի՞նչ է ձգտում ստանալ Ադրբեջանը Հայաստանից, ինչո՞ւ են մեղադրանքներ հնչում Ռուսաստանի հասցեին
Վերջերս հաճախակի են դարձել Ադրբեջանի հայտարարությունները փոխհրաձգությունների մասին ոչ միայն Հայաստանի հետ սահմանին, այլև Արցախյան հակամարտության գոտում: Ադրբեջանը վիճարկում է չճանաչված ԼՂՀ-ի սեփական զինված ուժեր ունենալու իրավունքը և մեղադրում է ռուս խաղաղապահ զորախմբին «անգործության և Ղարաբաղում նրա խաղաղապահ առաքելության ոչ անկեղծ իրականացման մեջ»:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը նույնիսկ «սենսացիոն նյութ» էր պատրաստել «ռուս խաղաղապահ ուժերի լուռ համաձայնությամբ» ԼՂՀ տարածք Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխելու մասին:
Հայաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ Ադրբեջանը արհեստականորեն սրում է լարվածությունը, իսկ Ադրբեջանի զինված ուժերը քաղաքական խնդիրներ են լուծում՝ ակտիվացնելով «իրենց սադրիչ գործողությունները թե՛ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, թե՛ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ»:
Ադրբեջանը նաև մեղադրում է ռուսական կողմին Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումը ամբողջությամբ չապահովելու մեջ: Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության համաձայն, հայկական զինված ուժերն այլևս չպետք է ներկա լինեն այստեղ:
Հայաստանի ԱԳՆ-ն պատասխան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ադրբեջանական կողմը «բացահայտորեն խեղաթյուրում է» այս փաստաթղթի բովանդակությունը.
«ԼՂՀ ՊԲ-ն ռուս խաղաղապահների հետ միասին ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կյանքի իրավունքը»:
Հայ փորձագետների կարծիքը, թե ինչով է բացատրվում Ադրբեջանի այս պահվածքը, ինչի է ցանկանում հասնել ադրբեջանական կողմը լարվածություն ստեղծելով սահմանին և իր վերջին հայտարարություններով։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան
Բաքուն ճնշում է գործադրում Արցախի վրա՝ Հայաստանից ավելին ստանալու համար
«2020 թվականի նոյեմբերի 9 -ին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ [Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին] ոչինչ չի ասվում Արցախի բանակի մասին: Հայտնի հայտարարության չորրորդ կետում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայված է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Իսկ այստեղ խոսքը գնում է ՀՀ բանակի մասին:
Սովորաբար, չճանաչված երկրներում բանակցությունների միջոցով որոշակի համաձայնություն է ձեռք բերվում որոշակի ուժերի առկայության վերաբերյալ՝ տեղի բնակչությանը պաշտպանելու նպատակով:
Պատահում է, որ սահմանափակվում է նրանց սպառազինությունը, կրճատվում է մինչև թեթև հրազենային զենքի: Արցախի դեպքում նման պայմանավորվածություններ պարզապես չկան:
Եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան չկա: Չի քննարկվել, թե ինչպիսին պետք է լինի ԼՂ բանակը, ինչ քանակի կարող է լինել, որտեղ կտեղակայվի և այլն: Այս հարցերը կարող են բանակցությունների առարկա լինել:
Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է ցանկացած ձևաչափի բանակցության գործընթացից, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում [որի միջոցով խաղաղ բանակցություններ էին ընթանում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ]:
Ադրբեջանն ընդհանրապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Նա կարծում է, որ խնդիրը լուծված է:
Ամեն դեպքում, զորքերի դուրսբերման մասին եռակողմ հայտարարության մեջ շարադրված կետը վերաբերում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանի զինված ուժերին: Իսկ որտե՞ղ և ինչպե՞ս կարող են Արցախի բանակում ծառայող Արցախի քաղաքացիները հետ քաշվել: Ադրբեջանը պարզապես մեկնաբանում է հայտարարությունը յուրովի և իր օգտին:
Չճանաչված երկրները նույնպես ունեն իրենց բանակները աշխարհում: Նման ուժեր ունի, օրինակ, Թայվանը: Բանակ ուներ նաև Կոսովոն, երբ այն դեռ սահմանափակ ճանաչված էր: Օրինակ, Պաղեստինում կան տեղական ոստիկանական ուժեր: Այնտեղ կան տարածքներ, որոնք վերահսկվում են իսրայելական բանակի կողմից, և կան տարածքներ, որոնք վերահսկվում են տեղի զինված ուժերի կողմից: ՀԱՄԱՍ-ը զինված խմբավորումներ ունի Գազայի հատվածում:
Վերջին շաբաթների ընթացքում ակնառու էին ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին պահանջներ ներկայացնելու Ադրբեջանի փորձերը։ Սա ճնշման ձև է։
Ադրբեջանն այս կերպ փորձում է իր համար որոշակի առավելությունների հասնել:
Ավելին, խոսքը ոչ թե Արցախում առավելությունների, այլ Հայաստանում առավելությունների մասին է: Ադրբեջանը փորձում է հասնել, որ բացվի միջանցք Հայաստանի տարածքով [համաձայն եռակողմ համաձայնագրի կետերից մեկի՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, Ադրբեջանը պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցք», իսկ Հայաստանը առաջ է տանում կումունիկացիաների ընդհանուր ապաշրջափակման թեզը], ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ և ճանաչել սահմանները:
Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս շուտ սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, լուծել էքսկլավների և անկլավների հարցը և այլն:
Ադրբեջանը ճնշում է գործադրում արցախյան գոտում՝ Հայաստանից ինչ-որ բաներ ստանալու համար:
Մհեր Հակոբյան, ռազմական փորձագետ
Ադրբեջանը վարկաբեկում է Ռուսաստանին՝ տարածաշրջանից դուրս բերելու նպատակով
«Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Եվ քանի որ այնտեղ չի նշվում սեփական զինված ուժեր ունենալու Արցախի իրավունքի մասին, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պետք է լուծարվի:
Եռակողմ հայտարարության մեջ չի ասվում, որ Արցախում չպետք է լինեն հայկական ուժեր: Այժմ Արցախում ծառայում են ԼՂՀ քաղաքացիները, բացի դրանից, ցանկացած անձ կարող է կամավոր ծառայել Արցախի բանակում:
Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի ներկայությամբ: Ադրբեջանը նյարդայնանում է դրանից:
Ադրբեջանին հատկապես դուր չի եկել վերջերս Արցախում ռուս խաղաղապահների զորավարժություններ անցկացնելու փաստը: Դրա համար հայտարարությունները Հայաստանից Արցախ իբր զինծառայողների տեղափոխման, ինչպես նաև Ռուսաստանի դեմ՝ նրա անգործության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության անկեղծության վերաբերյալ կասկածները հնչեցին հենց ՌԴ ՊՆ վարժանքներից հետո:
Պաշտոնական Բաքուն հակառուսական քարոզչություն է վարում, որը Թուրքիայի ձեռքի գործն է: Թուրքիային ձեռնտու չէ Արցախում Ռուսաստանի ներկայությունը:
Ադրբեջանը շատ լավ գիտի, որ հետպատերազմյան իրավիճակում հայերի համար դժվար կլինի ինքնուրույն պաշտպանվել»:
Կարեն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ
Ադրբեջանը փորձում է Ռուսաստանը փոխարինել Թուրքիայով
«Ադրբեջանի նպատակն է ռուս խաղաղապահներին ներկայացնել որպես հակամարտության կողմնակալ դիրքորոշում ունեցող և նրանց դուրս բերել տարածաշրջանից, կամ ռուսական զորախմբի հետ միասին խաղաղապահ առաքելության մեջ ներգրավել նաև թուրքական զորքերին:
Բայց Ադրբեջանը դրա համար լծակ չունի:
Ադրբեջանը նաև հայտարարում է «Ղարաբաղի Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մոտ նոր [հայկական] դիրքերի ստեղծման մասին» և դրանով փորձում է արդարացնել իր ագրեսիվ գործողությունները:
Բայց Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններից ոչ մեկում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կամ 2021 թվականի հունվարի 11-ի, չի ասվում, որ հայկական կողմն իրավունք չունի ապահովել տեղի բնակիչների անվտանգությունը»: