Ղարաբաղն ընտրելու է երկրի նախագահ, ով կպաշտոնավարի մինչև 2020 թվականը
Լուսանկարը՝ Անահիտ Դանիելյանի
Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին տեղի կունենան անցումային շրջանի նախագահի ընտրություններ: Առաջադրված 2 թեկնածու կա. մեկը գործող նախագահ Բակո Սահակյանն է, մյուսը՝ ԼՂ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Ղարաբաղում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրությամբ՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:
Ղարաբաղի խորհրդարանական 5 ուժերից 3-ը՝ «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պաշտպանում են Բակո Սահակյանի թեկնածությունը: Իսկ 3 պատգամավորական մանդատ ունեցող «Շարժում-88» խմբակցությունը, բնականաբար, աջակցում է իրենց ղեկավար Էդուարդ Աղաբեկյանին, ով ի դեպ, 2004-2007թ. եղել է Ստեփանակերտի քաղաքապետը, 2008թ.-ին՝ ԼՂ վարչապետի խորհրդական:
Արցախի խորհրդարանական ուժերից միայն ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցությունն է, որ նախագահի թեկնածու չի ներկայացրել: Բայց խմբակցության միակ ներկայացուցիչը՝ Հայկ Խանումյանը, դեռևս որոշում չի կայացրել՝ ինչպես է քվեարեկելու: Նա լրատվամիջոցներին ասել է, որ միանշանակ դեմ է քվեարկելու գործող նախագահի թեկնածությանը, բայց առայժմ չի որոշել՝ Աղաբեկյանի օգտին կքվեարկի՞, թե ոչ:
Արցախի իշխանությունները ողջունում են 2-րդ թեկնածուի առաջադրումը: ԼՂ ԱԺ իշխող թևի պատգամավոր Վարդգես Բաղրյանն ասել է, որ Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությանը հարգանքով են վերաբերում և որ այդպիսով ընտրությունները մրցակցության պայմաններում կանցնեն:
«Կարծում եմ, որ Աղաբեկյանը ընտրվելու շատ քիչ շանսեր ունի: Գիտեք, որ խորհրդարանն է ընտրելու նախագահին: Իսկ 3 ուժեր, ովքեր մեծամասնություն են կազմում Ազգային ժողովում, պաշտպանում են Բակո Սահակյանի թեկնածությունը: Բայց ամեն դեպքում լավ է, որ կա այլընտրանք»,- նշել է նա:
Ղարաբաղի 3 ուժերի ներկայացուցիչները, ովքեր աջակցում են գործող նախագահին, հայտարարել են, որ իրենց որոշումն ամենևին էլ անակնկալ չպետք է լիներ, որովհետև նույն Բակո Սահակյանի թեկնածության օգտին են հանդես եկել նախորդ 2 նախագահական ընտրություններում: Իշխող թևի պատգամավորներն ասում են, որ այսպիսով Բակո Սահակյանին տալիս են հնարավորություն շարունակել կիսատ թողած գործերը:
Իսկ ղարաբաղյան ընդդիմությունը դեռևս սահմանադրական փոփոխությունների ընթացքում հայտարարում էր, որ դրանք արվում են Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելու համար, և նշում, որ ներկայումս ականատես ենք լինում հենց այդ գործընթացին: Նրանց կարծիքով, նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Բակո Սահակյանին առաջադրվել նաև 2020թ.-ից հետո, ինչը կնաշանակի, որ իշխանությունների փոփոխություն տասնամյակից ավել տեղի չի ունենա:
Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ ԼՂ-ում մի շարք խնդիրներ կան և որ ինքը դժգոհ է Բակո Սահակյանի ղեկավարումից: Նա համաձայնել է, որ ընտրվելու շանսերը քիչ են, բայց նշել, որ առաջադրվում է Ղարաբաղի խնդիրների մասին բարձրաձայնելու համար:
Հայաստանից ևս արձագանքում են Ղարաբաղում ընթացող քաղաքական գործընթացներին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ժողովրդավարությանն ամենևին էլ չի հակասի այն, եթե Բակո Սահակյանը մինչև 2020թ.-ը շարունակի պաշտոնավարել: «Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը (ԱՄՆ 32-րդ նախագահ) 1932թ,-ից պաշտոնավարել է, չորս անգամ ընտրվել է նախագահ, ու այդ ժամանակաշրջանում որևէ մեկը չէր կարող մեղադրել, որ Միացյալ Նահանգները ժողովրդավարության հետ կապված խնդիր ունի»,- ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանն էլ ասել է, որ անցումային փուլի նախագահի ընտրությունը Արցախում քաղաքական իրադարձություն չէ, այն տրիվիալ գործընթաց է, որը իրականացվում է նախորդ պլանի համաձայն: «Եթե մեկը կասկածում է, որ Բակո Սահակյանը չի ընտրվի Արցախի նախագահ, կընտրվի մեկ ուրիշը, ուրախ կլինեմ ծանոթանալ այս թարմ ուղեղով մարդու հետ»,- հեգնել է Զոլյանը: