Ադրբեջանցի սպան պատմում է Արցախյան պատերազմի մասին․ ամենագլխավորը, ամենադժվարն ու ամենասարսափելին
«Ճակատում հայտնվեցի նույն օրվա գիշերը, երբ սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Թեև այն ժամանակ դեռ չէի հավատում, որ այն սկսվել է։ Կարծում էի, որ հակամարտ կողմերի ուժի հերթական ցուցադրումն է։ Մթության մեջ ծանոթացա հայկական զորքերի դիրքին, տեղակայմանն ու զենքերիս՝ դեռևս հույս ունենալով, որ վաղն առավոտյան այդ ներկայացումն ավարտվելու է, և տուն ենք վերադառնալու։ Քնեցի բաց երկնքի տակ, դատարկ հողի վրա, իսկ առավոտյան զարթնեցի պայթող ականի դղրդյունից։ Եվ այդ ժամանակ արդեն անհնար էր էլ ինքս ինձ խաբելը»։
Ագիլ Հաջիևը 44 տարեկան է։ Նախանցյալ տարի ավտովթարի հետևանքով կորցրել է կնոջն ու որդուն, այժմ ապրում է դպրոցական դստեր հետ, որպես նախագծող է աշխատում Բաքվի նավթային ընկերությունում և գրականությամբ է հետաքրքրվում։ Տարիներ առաջ առաջնագծում ծառայության և բռնի տեղահանվածների հետ շփման ազդեցության տակ Ագիլը գրել է «Նա Խոջալուից էր» վեպը, որում աշխատել է նկարագրել պատերազմի և վրեժխնդրության դաժանությունն ու անիմաստությունը։ Իսկ այժմ մտածում է երկրորդ վեպի մասին՝ վեջին պատերազմի հետքերով։
«Ինձ զորակոչեցին՝ որպես պահեստազորի սպայի։ Դստերս միակ հարազատը լինելով՝ կամավոր չէի գնա։ Բայց զորակոչից խուսափել նույնպես չէի պատրաստվում։
Այնտեղ՝ ճակատում, մաքրության և հարմարավետության կարիք շատ ունեի։ Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, հստակ ոչ ոքի չէի կարոտել։ Կամ էլ կարոտել էի միանգամից բոլորին և ամեն ինչ, ինչ կապված է խաղաղ կյանքի հետ։ Մտածում էի հանգիստ վայրերում ճամփորդելու մասին, որտեղ ականի վրա պայթելու կամ հրետակոծության տակ ընկնելու վտանգ չկա։ Պարզապես ճամփորդել աննպատակ և անշտապ, ուր ոտքերդ են տանում։ Պարզվում է՝ մեծ երջանկություն է այն, որ քեզ վրա չեն կրակում և պաշտպանվելուն կամ հարձակվելուն անընդհատ պատրաստ լինելու անհրաժեշտություն չկա։
Ճակատում առաջին պահին շատ սարսափելի է։ Ժամանակի ընթացքում սովորում ես, բայց դեռևս չես ուզում և չես պատրաստվում մահանալ։ Հատկապես սարսափում ես, երբ լսում ես քո ուղղությամբ թռչող արկի ձայնը։ Մարմնով սեղմվում ես խրամատի հատակին և Ալլահին խնդրում, որ այդ արկը քեզ վրա չընկնի։ Հենց այդ ժամանակ եմ աղոթել սովորել։ Դրանից առաջ չէի կարողանում ինչ-որ մեկից օգնություն խնդրել, այդ թվում՝ Աստծուց։
Սակայն, մահվան վախից զատ կա նաև խեղանդամ դառնալու կամ գերի ընկնելու վախը։ Եվ, հավանաբար, այս բոլոր վախերն ուժգնությամբ հավասար են։ Սակայն արդյունքում՝ անցա կրակի միջով, ամենադաժան մարտերի միջով՝ առանց գեթ մեկ քերծվածքի։
Ճակատից վերադառնալուց հետո առաջինն ինձ դիմավորեցին ընկերներս և եղբայրս, իսկ տանը՝ դուստրս։ Նա էությամբ ամաչկոտ է և չի կարողանում ցույց տալ իր զբացմունքները։ Սակայն այդ օրն ինձ դռան շեմին տեսնելով, ուրախությունից սկսեց շողալ և ամուր-ամուր գրկեց ինձ։ Դա առաջին անգամն էր, երբ ես իրական զգացի նրա սերը։ Եվ միայն հանուն այդ պահի պատրաստ եմ ևս մեկ պատերազմի մասնակցել։
Իսկ ընդհանրապես, վերադառնալուց հետո առաջին օրերին բոլոր զգացողություններս կարծես անորոշ էին, մշուշոտ, ինչպես հարբածի մոտ։ Գալիս էին ազգականներս ու ընկերներս, շնորհավորում էին ինձ, գովում։ Իսկ ես հատուկ ուրախություն չէի զգում, որովհետև կինս ու տղաս կողքիս չէին։ Եվ, հավանաբար, հենց նրանց մահվան պատճառով պատերազմն ինձ ոչ մի հոգեկան կամ հոգեբանական վնասվածք չպատճառեց։ Ընդհակառակը, այն ինձ, կարելի է ասել, բուժեց։ Ընդհանրապես, այն ողբերգությունից հետո իմ կյանքում մի քանի շատ տարօրինակ զուգադիպություններ տեղի ունեցան, որոնք ինձ կարծես հասկացնում էին, որ ամեն ինչ կատարվում է Բարձրյալի կամքով։ Եվ պատերազմն այդ նշաններից վերջինն էր։
Ճակատում ես լրջորեն սկսեցի մտածել, թե ինչ է լինելու աղջկաս հետ, որն արդեն կորցրել է մորն ու եղբորը, եթե ես էլ մահանամ։ Եվ հասկացա, որ ապրելու պատճառ ունեմ։ Ոչ թե գոյատևել ընկճախտի ճիրաններում, այլ ապրել նորմալ կյանքով, լինել հաջողակ և դստերս համար լավ ապագա ապահովել։ Հավանաբար, Աստված ինձ նպատակաուղղված է պատերազմ ուղարկել, որ ուշքի գամ։
Բացի այդ, պատերազմից վերադառնալուց հետո իմացա, որ մեր ընկերությունում փոփոխություններ են եղել և կրճատումներ, և ինձ նոր պաշտոն տվեցին։ Հիմա ես շատ զբաղված եմ, աշխատանքային օրերին գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում, և դա իմ դեպքում հենց այն է, ինչ պետք է։ Ափսոս, որ մշտական զբաղվածության պատճառով չեմ կարողանում ժամանակ տրամադրել նոր վեպիս, որն արդեն սկսել եմ գրել։
Ես միշտ հասկացել եմ, որ բոլոր հայերը չեն կարող վատը լինել, ինչպես բոլորը ադրբեջանցիները՝ լավը։ Որ չի կարելի դա ընկալել և ներկայացնել այդ ձևով։ Եվ հավատարիմ եմ եղել այդ սկզբունքին «Նա Խոջալուից էր» վեպը գրելիս։ Բայց մի բան է այդ մասին խոսելը, երբ տանը նստած ես գրասեղանի մոտ, բոլորովին այլ բան է այդպես մտածելն ու գործելը մարտի դաշտում։ Ակնթարթային շփոթմունքը կարող է խլել կյանքդ, ընդ որում, ոչ միայն քո, այլև տասնյակ այլոց։
Իհարկե, այս կամ այն կողմից կռվող յուրաքանչյուր մարդ մի ընտանիքի անդամ էր, յուրաքանչյուրին ինչ-որ մեկը տանը սպասում էր, նրա մասին աղոթում էր։ Սակայն այն պահին, հենց մենք զենքը վերցրինք մեր ձեքը, մնացած ամեն ինչ կորցրեց իմաստը։ Առաջինը չկրակես, քեզ կսպանեն։ Ոչ, զինված հակառակորդին կրակելն այնքան էլ դժվար չէր։ Դժվար և ցավոտ էր այլ բան, և ես դրան չէի կարողանում հարմարվել․ ամեն անգամ, երբ մտնում էինք որևէ բնակավայր, շրջում տներում, որոնք հապճեպ լքել են դրանց բնակիչները։ Եվ այդ տներում հատակին ընկած մանկական հագուստի, կոշիկների կամ անվասայլակի տեսքը հոգիս տակնուվրա էր անում։ Նայում ես այդ ամենին և հասկանում, որ անմեղ երեխայից խլել ես նրա հանգիստ և ուրախ կյանքը։
Անկեղծ ասած, չեմ կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն լինի։ Ամեն ինչ չափն անցել է։ Սակայն հարաբերական խաղաղությունը հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ է երկու կողմերին էլ։ Մեր երկու ժողովուրդներն ապրում են խոշոր գերտերությունների շահերի խաչմերուկում։ Եվ այդ գերտերությունները հեշտությամբ մեզ կռվեցնում են, երբ իրենց պետք է։ Միայն երբ երկուսս էլ գիտակցենք և ընդունենք այս փաստը, կկարողանանք ավելի կայուն խաղաղության հասնել, որը պաշտպանված է դրսի ազդեցությունից։ Քաղաքական գործիչներն ու սովորական մարդիկ պետք է գործեն հենց այս ուղղությամբ»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։