«Վարչապետը պետք է հրաժարական տա»․ պահանջում են Թբիլիսիում։ Ֆոտոռեպորտաժ
Թբիլիսիում պահանջում են վարչապետի հրաժարականը
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հուլիսի 11-ին բազմահազարանոց ցույց է ընթանում, որի գլխավոր պահանջը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականն է։
Ակցիան ինքնաբուխ է պլանավորվել Ֆեյսբուքում ակտիվիստների և լրագրողների կողմից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մահացել է «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան, որը դաժանաբար ծեծվել էր հոմոֆոբ խմբերի կողմից, Թբիլիսիում հուլիսի հինգի հանրահավաքը լուսաբանելու ժամանակ։
Խորհրդարանի շենքի դիմաց հազարավոր թբիլիսցիներ են կանգնած, այդ թվում՝ հարյուրավոր լրագրողներ։ Մասնակցում են գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները։ Միակ հեռուստաալիքը, որն ակցիայից ուղիղ եթեր չի հեռարձակում, «Իմեդի» իշխանամետ հեռուստաալիքն է։
Ռուսթավելու պողոտայում հավաքվածները կարծում են, որ հուլիսի 5-ի բռնությունը սադրել է իշխանությունը, որը չի կարողացել վճռական դիմադրություն ցույց տալ արմատական հոմոֆոբներին և ուլտրաաջ խմբերին։ Ոստիկանությունը մոբիլիզացված չէր, միջոցներ չէին ձեռնարկվել, արդյունքում՝ հարյուրավոր արմատականներ քաղաքի կենտրոնում ծեծել են ակտիվիստներին և լրագրողներին, 55 մարդ հիվանդանոցում է հայտնվել։
Ռուսթավելու պողոտայում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը, ցուցարարները փակել են ճանապարհը։
Ելույթ ունեցողների թվում են հիմնականում լրագրողները։
«Լրագրողները միշտ են եկել այս հրապարակ՝ հանրահավաքների մասին պատմելու։ Սակայն Վրաստանի կառավարությունը քայլ առ քայլ մեզ հասցրել է նրան, որ այսօր մենք այստեղ բողոքի ցույց ենք անում։ Եվ մենք սա մինչև վերջ ենք հասցնելու։ Թող ոչ ոք չմտածի, որ սա մեկօրյա ցույց է»,- ամբիոնից ասել է «Պիրվելի» հեռուստաալիքի հաղորդավարուհի Դիանա Թրապայիձեն։
«Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք իշխանությանը պատասխանատվության չենք կանչել սպանության համար։ Բիձինա Իվանիշվիլին [օլիգարխ, որը Վրաստանի ստվերային ղեկավարն է համարվում] մինչև առավոտ մտածելու ժամանակ ունի։
Այսօրվանից Ղարիբաշվիլին այլևս մեր վարչապետը չէ։ Աշխատասեր երիտասարդը, որին ծեծում էին՝ ծուղակը գցելով, սպանվել է։ Դուք այլևս ոչ մի իրավունք չունեք։ Այս կառավարությունը պետք է հեռանա»։
Ինչպե՞ս էին ծեծում լրագրողներին։ Ո՞րն է վարչապետի մեղքը։ Ինչպե՞ս են դուրս բերել մահացած հեռուստաօպերատորի մարմինը՝ առանց ընտանիքի համաձայնության։
Հուլիսի 5-ին Թբիլիսիում պետք է Արժանապատվության երթ անցկացվեր Pride շաբաթվա շրջանակում։ Ռուսթավելու անվան կենտրոնական պողոտայով երթը պլանավորված էր ժամը 18:00-ին։
Վրաստանի Պատրիարքարանը երթին դեմ էր արտահայտվել և իր կողմնակիցներին կոչ էր արել փողոց դուրս գալ և երկիրը պաշտպանել «այլասերված կենսակերպից»։
Հոգևորականությունն ուղղակիորեն բռնության կոչ էր անում․ մասնավորապես՝ վարդապետ Սպիրիդոնն ամբոխին էր դիմել հետևյալ խոսքերով․ «Բռնություն պետք չէ՞։ Հենց բռնություն է պետք՝ հայրենիքը փրկելու համար»։
Հուլիսի 5-ին հոմոֆոբ խմբերը երթով եկել էին խորհրդարանի շենքի մոտ։ Սկզբում նրանք ավերեցին ընդդիմության վրանները, որոնք այդտեղ տեղադրված էին 2020 թ-ի հոկտեմբերից՝ որպես քաղաքական բողոքի նշան։ Այնուհետև նրանք սկսեցին լրագրողներին հետապնդել, որոնք հանրահավաքի վայր էին ժամանել՝ իրադարձությունների մասին ռեպորտաժներ հեռարձակելու համար։
53 լրագրող էր դաժանաբար ծեծվել և հիվանդանոց ընկել։ Դիտորդների կարծիքով՝ արմատականների գործողությունները սադրել էր վարչապետ Ղարիբաշվիլիի հուլիսի 5-ի հայտարարությունը։
Վրաստանի վարչապետը սրացման համար մեղադրել էր ոչ թե արմատականներին և հոմոֆոբներին, որոնք հարձակվել էին հանրահավաքի խաղաղ մասնակիցների վրա, այլ՝ «Արժանապատվության երթի» կազմակերպիչներն, և նրանց կոչ էր արել երթեր չանել Ռուսթավելու պողոտայում։
Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ պլանավորված «Արժանապատվության երթը» «տեղին չէ և վտանգավոր է հասարակության համար, քանի որ ապակայունացման կարող է բերել»։ Նա ասել էր նաև, որ «Արժանապատվության երթի» հետևում ընդդիմությունն է կանգնած։
«Արժանապատվության երթը» չեղարկվել էր, սակայն անկարգությունները Ռուսթավելու պողոտայում շարունակվել էին մի քանի ժամ։
Լրագրողների խոսքով՝ օրվա ընթացքում իրադարձությունների վայրում չափազանց քիչ էր ոստիկանությունը։ Հատուկջոկատայինները չէին ներգրավվել՝ չնայած մեծապես լարված իրավիճակին և ծեծին։
Ներքին գործերի նախարարը պատասխանել էր, որ «մոբիլիզացվել էր այնքան ուժային, որքան հնարավոր էր»։ Լրագրողները պատմում են, թե արմատականներն ինչպես էին իրենց հետևից ընկել։ Հետապնդվողների թվում էին նաև «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան և նրա գործընկեր Միրանդա Բագատուրիան։ Նրանց վրա հարձակվել էին, երբ նրանք ռեպորտաժ էին պատրաստում «Ամոթ» հասարակական կազմակերպության գրասենյակում։
Միրանդա Բագատուրիան պատմում է, թե ինչպես էր Լաշկարավային ոտքերով հարվածում մոտ 20 մարդ, այդ թվում՝ հոգևորականներ։
Լաշկարավան հիվանդանոց էր տեղափոխվել դիմային ոսկորների կոտրվածքով, նրան շտապ վիրահատել էին։ Իսկ երեք օր անց դուրս էին գրել՝ տանը բուժումը շարունակելու։ Մահվանից մեկ օր առաջ՝ հուլիսի 10-ին, «Պիրվելի» հեռուստաալիքը նրա հետ հարցազրույց էր արել, որտեղ նա պատմում էր հուլիսի 5-ի իրադարձությունների մասին։
Հաջորդ առավոտյան մայրը նրան մահացած էր գտել անկողնում։ Ընտանիքի անդամներն ասում են, որ Լաշկարավայի քթից արյուն էր գալիս։ Հարազատների վարկածներից մեկի համաձայն՝ ստացած վնասվածքների հետևանքով նա մահացել է թրոմբոէմբոլիայից։
Այնուհետև դատական փորձագետները դուրս էին բերել երիտասարդի մարմինը տնից՝ առանց ընտանիքի համաձայնության։ Նրան պարզապես փաթաթել են կապույտ պոլիէթիլենով, տարել առանց անվասայլակի, դրել մեքենան և տարել փորձաքննության։
Մահացածի նկատմամբ նման վերաբերմունքը հանրային վրդովմունքի ևս մեկ պատճառ է դարձել, որը քննարկվում է հանրահավաքի ժամանակ և սոցիալական ցանցերում։
ՆԳՆ-ն միջադեպի հետաքննություն է սկսել ինքնասպանության հասցնելու հոդվածով․ և սա նույնպես մեծ վրդովմունք և տարակուսանք է առաջացրել հասարակությունում։