Հայաստանի ազգային փոքրամասնությունները` խորհրդարանում քվոտաների բաշխման մասին
Հայաստանում ազգային փոքրամասնությունների պատգամավորներն ընտրվում են ձայներով
Հայաստանում հայտարարվեցին հունիսի 20-ին կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները նույնպես տեղեր են ստանում խորհրդարանում: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք քվոտաների բաշխումն անարդար են համարում:
«Կավկազսկի ուզել»-ի նյութերով
Հայաստանի ԿԸՀ-ն հունիսի 27-ին հրապարակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 53,91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 21,9 տոկոս ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22 տոկոս:
Հունիսի 27-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական մանդատները բաժանեց ԱԺ անցած քաղաքական ուժերի միջև. 71 մանդատ ստացավ «Քաղաքացիական պայմանագիրը», 29` «Հայաստանը», իսկ յոթը` «Պատիվ ունեմ» դաշինքը:
- Յոթ ընտանիք Թլիկում՝ Հայաստանի եզդիաբնակ գյուղի մասին
- Հայաստանում ազգային փոքրամասնությունները հազվադեպ են խոսում իրենց խնդիրների մասին
Ազգային փոքրամասնությունների մանդատները
Մանդատներ կստանան նաև ազգային փոքրամասնությունները՝ ռուս, եզդի, քուրդ և ասորի համայնքների ներկայացուցիչները:
Հայաստանի 2011 թվականի մարդահամարի համաձայն` հայերը կազմում են երկրի բնակչության մեծ մասը՝ 98,1 տոկոս: Այնուամենայնիվ, Հայաստանում ապրում են նաև եզդիներ, ռուսներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ և հրեաներ:
- Առաջին անգամ բեմում․ կարծրատիպեր կոտրող եզդիների թատրոնը
- Այլազգի ու այլադավան բնիկ երևանցիները․ բոշաներ
- Եզդիները դեմ են տերունական աղոթքի պարտադրանքին դպրոցում
Հայաստանի ամենամեծ էթնիկ խմբերի ներկայացուցիչները կարծում են, որ խորհրդարանական քվոտաները պետք է բաշխվեն ազգային փոքրամասնությունների միջև ոչ հավասարապես, այլ՝ ելնելով համայնքների ներկայացուցիչների թվից: Մասնավորապես, այս կարծիքին է եզդի համայնքի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Բաքոյանը խորհրդարան է անցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվոտայով: Նրա կարծիքով՝ Ազգային ժողովում իրենց համայնքի մեկ մանդատը` որպես ամենամեծը ազգային փոքրամասնությունների համայնքների շրջանում, բավարար չէ: Սակայն այս մանդատը կարող է լուրջ ռեսուրս դառնալ տարբեր խնդիրների լուծման համար, ասել է նա «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին:
Պատգամավորի խոսքով՝ վերջին գումարման ժամանակ ինքը հանդես է եկել երկու օրենսդրական նախագծով, երկուսն էլ հաստատվել են: Բաքոյանն ասում է, որ իրեն հաջողվել է հասնել նրան, որ ազգային փոքրամասնությունները տարվա ընթացքում ստանան չորսօրյա չվարձատրվող արձակուրդ՝ իրենց համայնքում ազգային, մշակութային կամ կրոնական տարբեր միջոցառումների մասնակցելու համար:
«Դա հնարավորություն է տալիս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք աշխատում են, չկտրվել իրենց ավանդույթներից»,- բացատրել է նա:
Բացի այդ, իր նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել «Տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում, համաձայն որի՝ Հայաստանը ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը նշելու է Ազգային փոքրամասնությունների օրը, ասել է Բաքոյանը:
«Այսպիսով, լրացուցիչ ուշադրություն կդարձվի ազգային փոքրամասնությունների ավանդույթներին և խնդիրներին, հայ հասարակությունն ավելի շատ բան կիմանա իր կողքին ապրող ժողովուրդների մշակույթի մասին, և այդ համայնքների ներկայացուցիչներն էլ ավելի կմոտենան իրենց ծագմանը»,- ասել է նա:
Եզդիները Հայաստանի ամենամեծ էթնիկ համայնքն են: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում ապրում է ավելի քան 35 հազար եզդի: Այս համայնքի մասին ավելին կարող եք իմանալ այս ռեպորտաժից՝ մի հայկական գյուղի մասին, որտեղ ապրում են եզդիներ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվոտաներով Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված է նաև ռուս համայնքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Նա նշել է, որ Հայաստանում ռուս համայնքի հիմնական խնդիրները ռուսաց լեզվի, մշակույթի և ռուսական կրթության աջակցությունն են, ինչպես նաև ռուս համայնքի շահերի պաշտպանությունը:
«Ի տարբերություն այլ համայնքների, Հայաստանում ռուսաց լեզուն պահպանում է իր ժողովրդականությունը և արժանապատիվ երկրորդ տեղը պետական հայերենից հետո»,- ասել է Սանդիկովը:
Պարբերաբար խնդիրներ են առաջանում ռուսական դպրոցներին ռուսական գրականություն տրամադրելու հետ կապված, ասել է նա:
«Այս հարցը լուծվում է մեր ռուս գործընկերների հետ»,- բացատրել է Սանդիկովը:
Նրա խոսքով` արդիական է Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու վերականգնման հարցը:
«Ռուս ուղղափառ եկեղեցու համար այս տաճարի վերականգնումը ծխական համայնքի կարիքների տեսանկյունից այնքան էլ հետաքրքիր չէ, քանի որ տարածաշրջանում ուղղափառ եկեղեցու ռուս ծխականները շատ քիչ են: Ուստի այս հարցը պետք է դիտարկել մշակութային, պատմական և զբոսաշրջային համատեքստերում: Դրա համար արդեն անհրաժեշտ է մասնավոր հովանավոր, որը ձեռնամուխ կլինի եկեղեցու վերականգնմանը, որի համար կպահանջվի շուրջ երկու միլիոն դոլար»,- կարծում է Սանդիկովը:
Հայաստանում ռուս համայնքի մոտ 80 տոկոսը մոլոկաններ են, և հիմնականում նրանք բնակվում են Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում, պատմել է նա: Ռուսները ապրում են նաև Երևանում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ շատերը հեռանում են երկրից սոցիալական խնդիրների պատճառով, դժվար է նշել համայնքի ներկայացուցիչների ճշգրիտ թիվը. այս ցուցանիշը տատանվում է վեցից յոթ հազար մարդու միջև, և այդ վիճակագրությունը չի ընդգրկում ռուս զինծառայողներին և նրանց ընտանիքները, նշել է Սանդիկովը:
Պատգամավորն ասել է, որ ինքը այնքան էլ համաձայն չէ ազգային փոքրամասնությունների մանդատների՝ ըստ քվոտաների բաշխման ընթացակարգին, ըստ որի՝ մանդատները կարող են անցնել ընդդիմադիր ուժերին:
«Օրինակ, այժմ ասորական մանդատը անցել է ընդդիմադիր բլոկին: Ելնելով իմ աշխատանքային փորձից՝ ես կարծում եմ, որ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ, ազգային փոքրամասնությունները պետք է պահպանեն իրենց քաղաքական չեզոքությունը և չպետք է որևէ կուսակցության համակիր լինեն: Եվ եթե դա տեխնիկապես անհնար է, ապա ցանկալի է, որ նրանք խորհրդարան մտնեն իշխող ուժի ձայներով, քանի որ դա ավելի շատ հնարավորություններ է տալիս լուծելու իրենց խնդիրները իշխող թիմի հետ և բացառելու այն քաղաքական բաղադրիչը, որը խոչընդոտում է խնդիրների լուծմանը»,- նշել է Սանդիկովը:
Լեզու և մշակույթ. ինչպես են մանդատներն օգնում խնդիրներ լուծել
Հայաստանի ասորի համայնքի պատգամավոր Արսեն Միխայլովը, որը խորհրդարան է մտել «Հայաստան» դաշինքի ձայներով, «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին ասել է, որ իրեն հաջողվել է խորհրդարանում լուծել ասորի համայնքի մի շարք խնդիրներ:
Օրինակ, երբ Հայաստանում ընթանում էր համայնքների համախմբման գործընթացը, նրան հաջողվել է Արզնի համայնքը, որտեղ շատ ասորիներ են ապրում, դուրս բերել այս ծրագրից՝ դրանով իսկ պահպանելով այն որպես առանձին միավոր, ասել է Միխայլովը:
Նա նշել է, որ Հայաստանում ասորի համայնքի հիմնական խնդիրները կրթական և մշակութային ոլորտում են:
«Բայց այդ խնդիրները լուծելի են կառավարության հետ համագործակցությամբ: Մենք ստանում ենք պետական դրամաշնորհներ տարբեր ծրագրերի համար»,- բացատրել է Միխայլովը:
«Եթե համեմատենք հարևան երկրներում տիրող իրավիճակի հետ, ապա կարող ենք ասել, որ միայն Հայաստանում է ասորի համայնքին հաջողվում պահպանել իր ինքնությունը: Մենք պահպանել ենք մեր լեզուն, մեր մշակույթը, և դա՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետական քաղաքականության շնորհիվ»,- ասել է նա:
Պատգամավորը նշել է, որ այն համայնքների դպրոցներում, որտեղ կոմպակտ կերպով ապրում են ասորիները (Արզնի, Դվին, Դիմիտրով, Նոր Արտագերս), ասորերեն լեզուն ուսումնասիրվում է առաջինից չորրորդ դասարաններում: Ասորերեն անցնում են նաև Երևանում՝ Պուշկինի անվան դպրոցում, նշել է նա: Իսկ 5-10-րդ դասարաններում ասորերենով ուսումնասիրում են պատմություն և մշակույթ:
Քուրդ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Կնյազ Հասանովը, որը խորհրդարան է մտել «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով, ասում է, որ իրեն հաջողվում է Ազգային ժողովում բարձրացնել իր համայնքի խնդիրները: Դրանք հիմնականում առնչվում են մշակույթին, կրթությանը և առօրյա կյանքին: Հասանովն ասել է, որ իրեն հաջողվել է հասնել դասագրքերի հրատարակության, քրդական թերթերի ֆինանսավորման:
«Մենք նաև ենթակառուցվածքային բնույթի հարցեր ենք բարձրացնում: Օրինակ` Սիփան և Ավշեն գյուղերում, որտեղ կոմպակտ ապրում են քրդերը, անհրաժեշտ էր ճանապարհներ վերանորոգել շուրջ վեց կիլոմետր: Այս ճանապարհները չեն վերանորոգվել դեռ խորհրդային տարիներից, և նախորդ տարի հաջողվեց դա անել»,- նշել է Հասանովը:
Քուրդ համայնքի ուսանողների ֆինանսական խնդիրները նույնպես լուծվում են, ասել է նա:
«Մեզ հաջողվում է պահպանել մեր ինքնությունը: Մոտ տասը գյուղերում, որտեղ կոմպակտ ապրում են քրդերը, դպրոցներում քրդերենը դասավանդվում է քրդերեն դասագրքերով»,- նշել է պատգամավորը: