«Կանանց հանդեպ սարսափելի հանցագործությունների այսքան քանակ Աբխազիայում ես չեմ հիշում»
Սարսափելի կրկնակի հանցագործությունն Աբխազիայում թափ հավաքող հասարակական շարժում է ստեղծել, որը մտադիր է իշխանություններին ստիպել իրավապահ մարմինների արմատական բարեփոխումներ ձեռնարկել:
Դագմազիա քույրերի ողբերգական պատմությունը հայտնի է դարձել հունիսի 12-ին, չնայած որ դեպքերը տեղի են ունեցել դրանից մի քանի օր առաջ:
Քննության նախնական տվյալների համաձայն՝ սկզբում բռնության է ենթարկվել կրսեր քույրը՝ 14-ամյա Լիանան, որի մոտ աուտիզմ է ախտորոշվել: Նախագահի անվտանգության ծառայության արդեն նախկին աշխատակից Աստամուր Ջոպուան, որն Աբխազիայում բավականին ազդեցիկ ընտանիքի անդամ է, բռնի կերպով աղջկան տարել է տնից և բռնաբարել:
Մի քանի օրից սպանվել է նրա ավագ քույրը՝ 22-ամյա Անժելան: Ենթադրյալ պատճառն այսպես կոչված «պատվի սպանությունն է», մարդասպանը երկու աղջիկների հայրը՝ Ռուսլան Ջագմազիան է, որի հանդեպ հետախուզում է հայտարարվել:
Աստամուր Ջոպուան ներկա պահին նստած է մենախցում պետանվտանգության ծառայության շենքում: Նախնական կալանքի ժամկետը 2 ամիս է:
Նրա ազդեցիկ ազգականներն ի սկզբանե նրան չպաշտպանեցին: Ջոպուաների ցեղն ընտանեկան հավաք է կազմակերպել, որի ժամանակ դատապարտել է հանցագործությունն ու երես թեքել մեղադրյալից: Այդ որոշման հետ համաձայնել է նրա եղբայրը՝ պատգամավոր, «Այնար» կուսակցության առաջնորդ Ալմաս Ջոպուան: Մեղադրյալի հորաքույրը՝ Տալի Ջապուան հրաժարական է տվել պետական հեռուստատեսության ղեկավարի պաշտոնից: Նրա ամուսինը՝ ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիան, դեռևս չի ընդհատում իր արձակուրդը, որում գտնվում է ավելի քան 10 օր՝ դրանով իսկ իրեն հեռու պահելով քննության ընթացքից:
Նախագահ Ռաուլ Հաջիմբան այդ հանցագործությունների հետաքննությունն իր անձնական վերահսկողության տակ է առել:
Սակայն այնուամենայնիվ զանգվածային հանրային բողոքն Աբխազիայում աճում է, վերջին օրերին ցույցեր են տեղի ունենում:
Մասնավորապես հասարակական կազմակերպությունները հայտարարում են, որ Ջոպուաների բարձր ընտանիքը մասնակից է նաև ավագ քրոջ սպանությանը: Նրանք պնդում են, որ այդ սպանությունը սադրել է խորհրդարանի պատգամավոր և «Այնար» կուսակցության առաջնորդ Ալմաս Ջոպուան (բռնաբարության համար մեղադրվող Աստամուրի եղբայրը):
Սպանության նախօրեին պատգամավորը հանդիպել է Ռուսլան Ջագմազիայի հետ և մեղադրել նրան, որ նրա ավագ դուստրը անբարո կյանք է վարում և որ «նրա հարցերը պետք է լուծել»: Այդ խոսակցությունը ձայնագրվել է և հետո խորհրդարանին ներկայացվել հենց պատգամավորի կողմից: Խոսակցության հաջորդ օրը հայրը սպանել է Անժելային:
Ջագմազիա քույրերի ազգականները բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով հանցագործությունների անաչառ հետաքննություն:
JAMnews-ը մեկնաբանություն է վերցրել Հումանիտար ծրագրերի կենտրոնի տնօրեն Արդե Ինալ-իպայից:
«Ես արդեն 60 տարեկան եմ, սակայն կանանց, անչափահասների հանդեպ սարսափելի հանցագործությունների, ընտանիքներում սպանությունների նման քանակ ես չեմ հիշում ոչ պատերազմից առաջ, ոչ անգամ պատերազմին հաջորդած առաջին տարիներին: Սա ինչ-որ նոր բան է Աբխազիայում
Ինչ-որ մեկը փորձում է այդ հաշվեհարդարները ներկայացնել որպես վերադարձ դեպի ավանդական նորմեր, սակայն դա բացարձակ սուտ է: Կնոջ հանդեպ ֆիզիկական բռնությունը միշտ տղամարդու համար խայտառակություն է եղել, անգամ արյան վրեժի դեպքում թշնամական ցեղի կանանց ձեռք չէին տալիս:
Ինքնադատաստանի հասարակությունը սովորաբար անցնում է այն ժամանակ, երբ իշխանությունը չի աշխատում: Երբ հանցագործությանն ադեկվատ չեն արձագանքում. հասարակությունը դադարում է վստահել իր իրավապահ համակարգին:
Իշխանությունների կողմից այդ խնդրի ժխտումը, ֆորմալ, մակերեսային արձագանքը և արդյունքում՝ անպատժելիությունն ընկալվում է որպես կանանց հանդեպ հաշվեհարդարի դեպքերի խրախուսում, որոնց կարող են մեղադրել անվայել պահվածքի համար ընդամենը անհայտ մեկի ուղարկած SMS-հաղորդագրության հիման վրա:
Վերջին երկու տարիներին մենք ունենք առանց դատի ու դատաստանի այդ կերպ դատապարտված կանանց բավականին մեծ ցուցակ:
Մի օրինակ բերեմ աբխազական ընտանիքից: Երկու հարսներ գժտվել են, և նրանցից մեկն ազգականներին իրեն նեղացրած կնոջ հեռախոսում ինչ-որ SMS է ցույց տվել: Դա բավարար էր, որպեսզի կնոջը կախեին: Դա արել են նրա հայրն ու եղբայրը իբր ընտանիքի վրայից խայտառակությունը մաքրելու համար: Մնացել է փոքր երեխան իր մորը սպանածների շրջապատում: Ազգականներն այդ հանցագործությունը ներկայացրել են որես ինքնասպանություն: Իրավապահ մարմիններին բավարարել է այդ վարկածն, ու նրանք փակել են գործը:
Աբխազիայի կանանց ասոցիացիան բազմիցս ուշադրություն է հրավիրել այդ խնդրի վրա, կլոր սեղաններ անցկացրել, դիմել է իրավապահ մարմիններին: Սակայն հարկ եղած արձագանք բարձր մակարդակի վրա՝ դատապարտում, պարզաբանումներ, լուսավորում, չի եղել:
Ընդհակառակը, անընդհատ լսում ենք ինչ-որ պաշտոնյաներից, որ դա մտացածին խնդիր է, որ ոչ մի բռնություն ընտանիքներում չկա, որ դա արևմտյան արժեքների տարածում է, որ դա ինչ-որ նախագծերի իրականացում է և այլն:
Շատ հանցագործություններ, ցավոք, իրավապահ մարմիններին չեն հասնում, մարդիկ դիմումներ չեն գրում, երբ հարցը վերաբերում է ներընտանեկան դեպքերին: Սակայն այն դեպքերը, որոնք մեզ են հայտնի դարձել՝ երկու տարվա ընթացքում 6-7 դեպք, շատ մեծ ցուցանիշ է:
Ես կարծում եմ, որ դրա համար պետք է պատասխանատու լինի ոչ միայն իրավապահ կառուցվածքների բարձր ղեկավարությունը, այլ նաև պետության:
Երկու օր շարունակ մեզ մոտ ցույցեր են: Քանի որ նոր խորհրդարան է ընտրվել, օրենսդիր իշխանություն նոր մարդիկ են եկել, հույս կա, որ նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն իրավիճակին:
Ինչպես ասում են փիլիսոփաները, այն բանով, թե ինչպես են վերաբերվում կնոջը, կարելի է դատել հասարակության զարգացման մակարդակի մասին: Ցավոք, ներկայիս հանցագործությունները Աբխազիան մի քանի դար հետ են գցում: Եվ նրանք, ովքեր համարում են, որ դա նորմալ է, փաստացի կիսում են պատասխանատվությունն այն բանի համար, թե ինչ է տեղի ունենում այսօր:
Այն, որ հիմա շարժումը «ներքևից» է սկսվել, որ ոչ թե իշխանության ներկայացուցիչներն, այլ հասարակ կանայք են դուրս եկել օրենք, արդարադատություն և իրավունքնրի պաշտպանություն պահանջելու, խոսում է այն մասին, որ մեր հասարակությունում ամեն ինչ ոտքից գլուխ շուռ է եկել:
Երբ պետական ինստիտուտները թույլ են, իսկ իրավապահ մարմինները տարիներով չեն արձագանքում հասարակության դիմումներին, ավելի ու ավելի շատ են գլուխ բարձրացնում քրեական ինստիտուտները, ավելի մեծ դեր են սկսում խաղալ «գողական» հասկացությունները
Եվ ավելի ակնհայտ է դառնում քրեական արժեքները որպես ավանդական նորմ ներկայացնելը:
Դա շատ մեծ խնդիր է, ցանկալի կլիներ մեր ազգագրագետների, պատմաբանների ձայնը լսել, որոնք ներկայացված են և խորհրդարանում, և այլ կառույցներում»:
Իշխանության հետ կապված հանցագործների անպատժելիությունը
Հեռախոսային իրավունք, հովանավորչություն, խնամիականություն. այս ամենն, իհարկե, ոչ միայն Աբխազիայում գոյություն ունի, այլ նաև ամեն տեղ, շատ երկրներում, հատկապես՝ Կովկասում: Դրա դետ պետք է պայքարել, սակայն, ցավոք, շատ պետական ինստիտուտներ փակ են հասարակական վերահսկողության համար, դժվար է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես է ընդունվել այս կամ այն որոշումը:
Մենք կռահում ենք ինչ-որ անարդարությունների մասին, կռահում ենք, որ դեր է խաղացել ազգական լինելու և ընտանիքի գործոնը, սակայն դա միշտ չէ հնարավոր ապացուցել: Եվ եթե փորձում ես այդ մասին հանրային կերպով խոսել, քեզ կարող են մեղադրել մերկապարանոց հայտարարություններ անելու և ապացույցներ չունենալու համար:
Այդ պատճառով էլ Հումանիտար ծրագրերի կենտրոնն ու մեր շատ գործընկերները քաղաքացիական հատվածից համարում են, որ ժամանակն է հասարակական խորհուրդներ ներդնել իրավապահ մարմիններում և այլ կառույցներում հաղթահարելու համար փակությունը, որի դեպքում հեշտ է հետքեր մաքրելը:
Հանրային մոնիթորինգ է անհրաժեշտ: Այդ ճանապարհը շատ երկրներ են անցել, մենք գիտենք, որ այդպիսի մեխանիզմները շատ արդյունավետ են աշխատում: Այնտեղ, որտեղ ներդրվել են հանրային խորհուրդներ իրավապահ մարմիններում, հանցավորությունը կտրուկ նվազել է:
Պետությունն ի դեմ նախարարների և առաջին անձանց չպետք է կրիտիկական պահին թաքնվի ոչ տներում, ոչ գործուղումներում, ոչ արձակուրդներում: Անհրաժեշտ է գնահատական տալ կատարվածին, նրանք չպետք է սպասեն, մինչև հասարակությունը սկսի հարցեր բարձրացնել: Մենք պետք է լսենք նրանց մտահոգություըն կատարվածի վերաբերյալ:
Խորհրդարանական հանձնաժողովը պետք է իր վերահսկողության տակ առնի Լիանա Ջագմազիայի բռնաբարության և նրա քրոջ սպանության փաստերի հետաքննությունը, պատգամավորներն այդ հարցը փոխանցել են Պաշտպանության և անվտանգության կոմիտեի դիտարկմանը: Մենք հույս ունենք, որ հասարակության մասնակցությամբ հանձնաժողովն այնուամենայնիվ կստեղծվի:
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: