Արցախը տրամադրվում է ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը
Ռուս խաղաղապահները դեռ երկար կմնան Լեռնային Ղարաբաղում և կերաշխավորեն նրա բնակիչների անվտանգությունը: Այս մասին առցանց մամլո ասուլիսում հայտարարել է չճանաչված հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը: Լրագրողները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նրա այն խոսքերին, թե «Արցախի իշխանությունները, ժողովուրդը չեն ընդունելու, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ»:
Հուլիսի 1-ին հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով ելույթ է ունեցել նաև արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը: Նա հայտարարել է, որ Հայաստանը չի ստորագրի Ադրբեջանի հետ որևէ խաղաղության պայմանագիր՝ այդ երկրի ճնշման ներքո. «նման սցենարը պարզապես բացառվում է»:
Ռուս խաղաղապահների մասին
«Չեմ կարծում՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը 5 տարով է սահմանափակվելու: Ժամանակը ցույց կտա, թե ինչ որոշումներ կկայացվեն […]: Բայց ես համոզված եմ, որ մեզ մոտ դեռ երկար ժամանակ կլինեն ռուս խաղաղապահները, որոնք կերաշխավորեն մեր անվտանգությունը», — մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արտակ Բեգլարյանը:
2020-ի աշնանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ համաձայնագիր Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն՝ ռուս խաղաղապահները առայժմ հինգ տարի շարունակ տեղակայված են լինելու հակամարտության գոտում, և այդ ժամկետը ավտոմատ կերպով կերկարաձգվի նույն ժամանակով, եթե կողմերից որևէ մեկը չառարկի:
Նա հավելել է, որ Պաշտպանության բանակը նույնպես առանցքային դեր ունի բնակիչների անվտանգության ապահովման գործում, և այն ժամանակի ընթացքում կբարձրացնի իր մարտական պատրաստության մակարդակը:
Բայց թեզը, որ «ռուս խաղաղապահները պետք է որքան հնարավոր է երկար մնան Ղարաբաղում», ավելի վաղ արտահայտել էր նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը.
«Իրավիճակն այժմ այնպիսին է, որ, ցավոք, դժվար է ինչ-որ բան ասել կամ կանխատեսել ապագայի վերաբերյալ: Ակնհայտ է, սակայն, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ռուս խաղաղապահ ուժերը հնարավորինս երկար մնան Ղարաբաղում»:
«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»
Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ հիմնական խնդիրը մնում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը, բայց «վստահաբար՝ Արցախի իշխանությունները, ժողովուրդը չեն ընդունելու, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ»: Եվ չնայած այժմ երկիրը գտնվում է ավելի բարդ պայմաններում, քան նախապատերազմյան շրջանում, վճռականություն կա պայքարելու սեփական իրավունքների համար.
«Մեր ճանապարհը ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց, մյուս կողմից, մենք ունենք լրացուցիչ, այդ թվում՝ արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով պաշտպանելու համար»:
Պետնախարարը կարծում է, որ միջազգային հանրությունը կքննարկի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման համատեքստում.
«Հակամարտության կարգավորման 3 հիմնական սկզբունքներից 2-ը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով, մնացել է մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը։ Եվ սա միջազգային հանրությունը և Մինսկի խումբը շատ լավ գիտակցում են։ Մենք այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք, իհարկե, պետք է ՀՀ-ն էլ այս մասով գործուն ջանքեր գործադրի, և հույս ունենք, որ առաջիկայում արդեն որոշակի դրական առաջընթաց լինելու է այս մասով»:
Ճանապարհների համատեղ օգտագործման մասին
Ադրբեջանական կողմը շուտով կդադարի օգտագործել Կարմիր Շուկա — Շուշի ճանապարհը:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այստեղ հաճախ են միջադեպեր պատահում, խոշոր բախումները կանխվում են ռուս խաղաղապահների շնորհիվ.
«Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց պետք է նշեմ, որ Կարմիր Շուկա — Շուշի ճանապարհից շուտով՝ մի քանի ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու»:
«Հայաստանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ»
Հայաստանը ճնշման տակ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի Ադրբեջանի հետ, հայտարարել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին առաջարկել էր սկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունը «գտել է իր լուծումը»:
Արձագանքելով պաշտոնական Բաքվի այս առաջարկին՝ Ռուբինյանն ասել է, որ Հայաստանը «հաճույքով կստորագրի փաստաթուղթ Ադրբեջանի հետ», եթե Բաքուն ճանաչի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ հիմնվելով նրա բնակիչների կամարտահայտության վրա: Պատգամավորը բացառում է այն սցենարը, որով Հայաստանը համաձայնագիր է կնքում Ադրբեջանի հետ և լռելյայն ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը:
Նրա խոսքով՝ կա միջազգային կոնսենսուս, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում, և, ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների, հակամարտությունը կարգավորված չէ: Այս փաստը, ինչպես ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը, ընդունում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնց միջնորդությամբ անցկացվել են խաղաղ բանակցություններ մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկը: