Բլոգ. Առաջին Ղարաբաղյան պատերազմի հիշողությունները՝ երկրորդից հետո
Արմինե Մարտիրոսյանը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Իր բլոգում նա պատմում է, թե ինչպես է ոստիկանական մահակը պատահաբար հայտնվել նրա մոտ Առաջին Ղարաբաղյան պատերազմի նախօրեին (1991-1994) և երկրորդ պատերազմի ժամանակ (2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր) խորհրդանշական դեր խաղացել:
«Ոստիկանական այս մահակը ինձ մոտ հայտնվեց 1988-ին և անցավ երկար ու դժվարին ճանապարհ, սակայն այդ ժամանակվանից այն երբեք չի կիրառվել իր նշանակությամբ»։
1988 թվականն էր։ Առավոտյան ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը հիմնականում կանգնում էր ցույցերի տեղում՝ կենտրոնական հրապարակի շուրջբոլորը, իսկ գիշերը զինվորները քնում էին «Իկարուս»-ներում։ Մի քանի այդպիսի ավտոբուսներ կանգնած էին նաև մեր տան մոտ։
Ոստիկանները մի կողմից վախ էին առաջացնում, սակայն մյուս կողմից՝ վստահություն էին ներշնչում, որ կենտրոնը թույլ չի տա ոչ մի ավելորդություն։ «Կրեմլը չի թողնի»,- հանգստացնում էինք ինքներս մեզ։
Երեկոները մենք անց էինք կացնում ռադիոընդունիչի մոտ։ Երեկոյան ժամը 7-ին հարևանների հետ միասին լսում էինք «Ամերիկայի ձայնը», իսկ ժամը 10-ին հեռուստացույցով դիտում էինք ռուսական «Ժամանակ» ծրագիրը, որտեղից տեղեկանում էինք «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջը տիրող իրավիճակի մասին»։
Սկզբում բարձրաձայն վրդովվում էինք, երբ մեզ անվանում էին «ծայրահեղականներ» կամ «անջատողականներ», սակայն ժամանակի ընթացքում համակերպվեցինք այդ պիտակներին, իսկ հետո դա նույնիսկ հաճելի էր։
Մեր շենքի կողքին տեղակայված էր խորհրդային բանակի մի զորամաս։ Ամեն առավոտ մենք արթնանում էինք զինվորական երգերի ձայներից․ «Խիզախ զինվորները երգելով են քայլում», «Գնդի դրոշը ծածանվում է. հրամանատարները առջևում են…»
Հասկանալով, որ մեր թաղամասի բնակելի տների խմելու ջուրը գալիս է զինվորկան զորամասի տարածքով, որտեղ տեղադրված էր ընդհանուր փական, «խիզախ զինվորները» սկսեցին անջատել այն՝ կախված տրամադրությունից։ Եվ եթե ջուրն անջատված էր, թաղամասի բնակիչները ստիպված էին լինում ծանր դույլերով և շշերով ջուր հավաքել դրսի աղբյուրից, որի մոտ անծայրածիր հերթեր էին գոյանում։
Սակայն շուտով մեր բակի տղաները գտան խնդրի լուծումը։ Զինվորներին կաշառում էին մի շիշ օղիով, նրանք էլ բացում էին ջուրը։ Սակայն դա տևում էր մինչև այն պահը, երբ շշի հատակին գեթ մի կում օղի էր լինում։
Մի անգամ վաղ առավոտյան, երբ հերթական անգամ գնում էի ջրի, տեսա մի ոստիկանի։ Նա լվացվում էր բավական աղմկոտ՝ սառը ջուրը լցնելով դեմքին, ուսերին, ձեռքերին։ Լվացվելուց հետո նա ջուր խմեց և գնաց՝ աղբյուրի մոտ թողնելով իր ռետինե մահակը։
Առաջին Ղարաբաղյան պատերազմից մնացած իմ միակ ավարն էր․․․
2020թ․ սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Հրադադար հայտարարելուց մի քանի օր հետո՝ նոյեմբերի 14-ին, ես վերադարձա Ստեփանակերտ։
Տպավորություններս հետպատերազմյան քաղաքից լավագույններից չէին։ Հասանք ուշ երեկոյան։ Փողոցները պատված էին խավարով, միայն մի քանի պատուհանից էր լույս նկատվում։ Տներում գազ չկար, խանութները չէին աշխատում։
Փողոցում հազվադեպ երևացող մարդկանց դեմքերին անորոշություն էր, անվստահություն, զայրույթ և պատասխանի փնտրտուք, թե հետո ինչ է լինելու։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ կլինի հետո, և արդյոք նրանք կկարողանան շարունակել ապրել իրենց հարազատ հողում։
Պետք է հավաքվեինք ու գնայինք Երևան։ Ես շրջեցի տան մեջ, որպեսզի ինձ համար մի թանկ բան վերցնեմ։ Սովորաբար տնից հեռանալիս մարդիկ ինչ-որ մի իր են վերցնում իրենց հետ՝ որպես հիշատակ։ Մեկը՝ մի բուռ հող, մյուսը՝ լուսանկարներ։ Թե ինչու վերցրեցի իմ ավարը՝ ոստիկանական մահակը, մինչ այսօր չեմ հասկանում։
Հիմա՝ 30 տարի անց, Ղարաբաղում ակտուալ է դարձել ոչ միայն «դեմոկրատիզատորը», այլ նաև ջրի խնդիրը։ Սակայն այս անգամ՝ ոչ տեղական մասշտաբով։
2020 թվականի աշնան պատերազմը նորից սպառնաց Ղարաբաղի ջրային պաշարների անվտանգությանը։ Արցախի ԱԳՆ-ն դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ստեղծել միջազգային մոնիթորինգային մեխանիզմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում (Քելբաջար)։ Այստեղ է սկիզբ առնում Ղարաբաղի ջրային ռեսուրսների ավելի քանի 98 տոկոսը։
«Հակառակ դեպքում կխախտվի Արցախի ժողովրդի կարևորագույն իրավունքներից մեկը՝ ջուր ունենալու իրավունքը, և հենց իր ՝ Արցախի ժողովրդի գոյությունը նորից սպառնալիքի տակ կլինի»,- ասվում է Ղարաբաղի ԱԳՆ-ի կոչի մեջ։
Կարծես թե նորից եկել է «կաշառքների» ժամանակը։ Թե այս անգամ ում, ժամանակը ցույց կտա․
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։