Հայ-ադրբեջանական սահման. հերթն անկլավների՞նն է։ Տագնապալի լուրեր սահմանագծման մասին
Հայաստանը դեռ չի հասցրել վերապրել Արցախյան երկրորդ պատերազմի շոկը, երկրում արտահերթ ընտրություններ են նշանակված՝ իշխանության ճգնաժամի հաղթահարման համար։ Իսկ նախընտրական արշավի ֆոնին երկրում պարբերաբար սկանդալներ են տեղի ունենում։ Մայիսին համացանցում գաղտնի փաստաթուղթ տարածվեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման մասին, որն իբր պատրաստվում է ստորագրել կառավարության գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Փաստաթուղթը համացանցում տարածեց Վատիկանում նախկին դեսպան և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որն այժմ խիստ ընդդիմադիր կեցվածք է դրսևորում։
Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իբր համաձայնել է սահմանագծման գործընթաց սկսել և Ադրբեջանին տարածքային զիջումներ անել՝ մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերը դուրս բերելու դիմաց։
- Հայաստանը պատրաստվում է նոր գաղտնի փաստաթուղթ ստորագրել․ ի՞նչ է հայտնի դրա մասին
- Առաջ գալու փո՞րձ։ Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին
- Հայաստանի վարչապետի առաջարկը․ հայելային ձևով հետ քաշել զինվորականներին հայ-ադրբեջանական սահմանից
Փաստաթղթի ստորագրման դեպքում, Մինասյանի խոսքով, Ադրբեջանին են անցնելու Տավուշի մարզի հինգ և Արարատի մարզի մեկ գյուղ։
Սկանդալը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն մինչ օրս հայտնի չէ, արդյո՞ք որևէ փաստաթուղթ կստորագրվի և ի՞նչ պայմաններով։ Եթե Հայաստանը համաձայնի փոխանցել գյուղերը, արդյո՞ք հետ կստանա իր անկլավները։ Ի՞նչ ռազմավարական ճանապարհներ երկիրը կարող է կորցնել այդ գործընթացի հետևանքով։
Մի խումբ հայ լրագրողներ քաղաքագետների և փորձագետների հետ միասին մեկնել են Տավուշի սահմանամերձ գյուղեր՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման փաստաթղթի հետ կապված աշխատանքներն ավարտված են, և շուտով այն կհրապարակվի, գրել էր Միքայել Մինասյանը Ֆեյսբուքում մայիսի 19-ին՝ գրառմանը կցելով գաղտնի փաստաթղթի մի մասը։
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Ադրբեջանի հետ իրոք փաստաթուղթ է քննարկվում, սակայն հայտարարեց, թե այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։
Մայիսի 20-ին համացանցում հայտնվեց փաստաթղթի ամբողջական տեքստը, որում տարածքային զիջումների մասին խոսք չկար։
Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանին Հայաստանի Տավուշի մարզի որոշ գյուղերի փոխանցումը նախատեսվում էր դեռ եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրմամբ ազդարարվեց Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը։
Փաստաթղթի նախնական տեքստում, որն Ադրբեջանի նախագահը անմիջապես ընթերցեց ժողովրդին հասցեագրված իր ուղերձի ընթացքում, ասվում էր, որ «Աղդամի շրջանն ու Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձվում են ադրբեջանական կողմին մինչև 2020 թ-ի նոյեմբերի 20-ը»։
Ղազախի շրջանի հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներ ասելով՝ Իլհամ Ալիևը նկատի ուներ Հայաստանի Տավուշի մարզի որոշ գյուղեր։
Ավելի ուշ Կրեմլի կայքում հրապարակվեց հայտարարության վերջնական տեքստը, որում «Ադրբեջանի Ղազախի շրջանի» տարածքների մասին հիշատակում չկար։ Եվ Ռուաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ էր արել հիմք ընդունել Կրեմլի տարբերակը։
Ի՞նչ սպառնալիք կա Հայաստանի համար փաստաթղթում
Ադրբեջանը Հայաստանին ստիպում է հերթական կապիտուլյացիոն պայմանագիրը կնքել, կարծում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը․
«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որը պարտավորեցնում է այդ թղթի կտորը»։
Նրա կարծիքով՝ Արարատի և Տավուշի մարզերի տարածքներն Ադրբեջանին փոխանցելը հանգեցնելու է մուլտիպլիկատիվ բացասական հետևանքների․
«Եթե այդ անկլավներն Ադրբեջանին փոխանցվեն՝ Տավուշում առաջնագիծը կխախտվի․ ադրբեջանցիները կհայտնվեն մեր զորքերի թիկունքում։ Հայաստանը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չեն փակել Տավուշից Վրաստան և Ռուսաստան կամ Սյունիքից Իրան տանող ճանապարհները։ Եթե դա տեղի ունենա, ինչը բավականին իրատեսական սցենար է հնարավոր սրացման դեպքում, երկիրը համատարած շրջափակման մեջ կհայտնվի»։
Տավուշի մարզով է անցնում միջպետական մայրուղին, որը Հայաստանը կապում է Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Տավուշի անկլավների փոխանցման դեպքում այդ մայրուղու ավելի քան երկու կիլոմետրն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նույնատիպ խնդիրներ են առաջացել Հայաստանն ու Իրանը կապող միջպետական ճանապարհին։
Սակայն Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի հետ հաղորդակցության բացումը շահեկան է երկու կողմերի համար․
«Եթե մեկն ասի, որ դա շահեկան է միայն Ադրբեջանին, մի հավատացեք։ Ճանապարհների բացումը շահեկան է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը վստահ է, որ իրականում ճանապարհների ապաարգելափակում չի լինելու, իսկ գլխավոր կոմունիկացիոն ենթակառուցվածքներն ամբողջությամբ կախված են լինելու Թուրքիայից և Ադրբեջանից, «որոնք կարող են այն փակել ցանկացած պահի»․
«Լիակատար կախվածություն կլինի Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններից և նրանց հետ հարաբերություններից։ Իսկ մենք տեսնում ենք, որ այդ հարաբերությունները ոչ բարեկամական են լինելու, ոչ էլ գործընկերային։ Թշնամանքը շարունակվելու է՝ անկախ նրանից, թե ինչ հռետորաբանություն են կիրառելու իշխանությունները»։
Ո՞ր գյուղերը կարող են փոխանցվել Ադրբեջանին
Գաղտնի փաստաթուղթը հրապարակելիս՝ Միքայել Մինասյանը չի հստակեցրել, թե որ գյուղերն է ենթադրվում հանձնել Ադրբեջանին։
Խորհրդային Ադրբեջանը խորհրդային Հայաստանի տարածքում ուներ երեք անկլավ, ասում է լրագրող Թաթուլ Հակոբյանը․
«Դրանցից մեկը Նոյեմբերյանի շրջանում էր, երկրորդը՝ Իջևանում, իսկ երրորդը ՝ Արարատում»:
Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների անկլավները մեծ են:
«Դրանցից մեկում Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար և Վերին Ոսկեպար գյուղերն են, իսկ մյուսում՝ Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերը»:
Բարխուդարլուն տեղակայված է Ազատամուտ և Այգեհովիտ հայկական գյուղերի արանքում: Հենց այս գյուղում էր գտնվում գնացքի առաջին կանգառը, որը ժամանակին Իջևանից ուղևորվում էր Բաքու:
Թաթուլ Հակոբյանը զգուշացնում է, որ Բաղանիս-Այրումը, Վերին Ոսկեպարը և Ներքին Ոսկեպարը չպետք է շփոթել հայկական Ոսկեպար գյուղի հետ:
Ադրբեջանցիներն ապրում էին անկլավ գյուղերում:
«1920-ականներին այս ադրբեջանցիները և այս գյուղերը Խորհրդային Հայաստանի մաս էին կազմում: Որոշ հանգամանքների ազդեցության տակ տեղի է ունեցել փոխանակում: Մենք որոշ տարածքներ ստացանք Խորհրդային Ադրբեջանից, և այդ անկլավները ստեղծվեցին»:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նույնպես խոսում է սահմանների անընդհատ փոխանակումների և տեղաշարժերի մասին.
«Խորհրդային երկու հանրապետությունների միջև սահմանները փոփոխվում էին 5-10 տարի պարբերականությամբ։ Եվ այդ գործընթացը ոչ մի կերպ չէր կարգավորվում, ամեն ինչ որոշվում էր տեղի ղեկավարների մակարդակում, ընդ որում՝ նույնիսկ ոչ թե հանրապետությունների առաջնորդների, այլ տեղի կուսակցական գործիչների»։
1992 թ-ից ի վեր նախկին անկլավներ Բախուդարլուում, Սոֆուլուում և Վերին Ոսկեպարում (ադրբեջանցիներն անվանում են Յուխարը Էսքիպարա) ոչ ոք չի ապրում։ Բոլոր բնակիչները հեռացել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Ազատամուտ գյուղի ճակատագիրը
Գյուղը գտնվում է Բաղանիս Այրում անկլավին հարող տարածքում: Եվ եթե այնտեղ արդեն ոչ ոք չի ապրում, ապա Ազատամուտն ունի շուրջ 3500 բնակիչ: Եթե անկլավը տրվի Ադրբեջանին, ապա դրա տարածքում կարող են հայտնվել դաշտեր և արոտավայրեր, որտեղ տեղի բնակիչները արածեցնում են անասունները, ինչպես նաև երկաթուղու մի հատված, որը նախկինում Խորհրդային Ադրբեջանը կապում էր Խորհրդային Հայաստանի հետ:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը կարծում է, որ դրա հետևանքով գյուղացիները կլքեն բնակավայրը, այնտեղ պարզապես անվտանգ չի լինի ապրել, անգամ եթե խաղաղապահներ տեղակայվեն։
Ազատամուտի հարևանությամբ են գտնվում Դիտավան և Այգեպար գյուղերը, որոնք հողերի փոխանցման դեպքում կիսաշրջափակման մեջ կհայտնվեն։
«Միասին չենք կարող ապրել»
Ազատամուտում ոչ ոք ցանկություն չուներ լրագրողների հետ շփվելու։ Տեղացիները վստահ են, որ մամուլի հրապարակումները միայն խանգարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։
Սուրիկ Բաղմանյանը քչերից մեկն էր, որ համաձայնեց խոսել և պատմել գյուղի կյանքի մասին։ Սուրիկ պապն ասում է, որ իրավիճակը լարված է․ մարդիկ նույնիսկ չեն կարողանում երեխաներին հանգիստ մանկապարտեզ կամ դպրոց տանել։
Հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքը նա լավ է հիշում, բայց այժմ անհնար է համարում․
«Գուցե մի հարյուր տարուց, չգիտեմ։ Պատերազմից հետո նրանք էլ, մերոնք էլ բորբոքված ենք։ Այդքան զոհերից հետո [Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով] միասին չենք կարող ապրել»։
Գյուղում բոլորը սպասում են, թե ինչպես է լուծվելու կոնֆլիկտը։ Ընդ որում, շատերն են հեռացել, ասում է Սուրիկ պապը․
«Մնացել են նրանք, ովքեր գնալու տեղ չունեն։ Շատերի հույսը ռուսներն են։ Բայց ես նրանցից ոչինչ չեմ սպասում։ Դեռևս ցարական ժամանակներից, Սարդարապատի ժամանակներից [Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ-ին, հայկական կանոնավոր զորքերն ու աշխարհազորը կասեցրել են Հայաստան ներխուժած թուրքական զորքերի գրոհը] ռուսներն ասում էին․ գնացեք, մենք ձեր թիկունքը պահում ենք, իսկ երբ մերոնք շրջվում էին, տեսնում էին, որ իրենց մեջքի հետևում ոչ ոք չկա»։
Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը
Տավուշում տեղի ունեցած նախընտրական արշավի ժամանակ, հունիսի 11-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին անկլավների հարցի լուծումը կապված է միջազգային պրակտիկայի և իրավունքի հետ․
«Դրանց համաձայն՝ ներկայիս իրավիճակն անփոփոխ է մնում։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք էլ անկլավ ունենք՝ Արծվաշենը, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Մեր տրամաբանությունը հետևյալն է․ անկլավը պետք է փոխանակվի անկլավով, և այն, որը նրանց [Ադրբեջանի] վերահսկողության տակ է, մնում է նրանց վերահսկողության տակ, իսկ այն, որը մեր վերահսկողության տակ է, մնում է մեր վերահսկողության տակ»։