Ի՞նչ են քննարկում և դադարել են քննարկել Երևանը, Բաքուն և Մոսկվան
Մոսկվայում հունիսի 2-ին եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են սահմանամերձ հատվածներում դեէսկալացիայի ուղիները։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածների մասին է։ Այս տեղեկությունն, իր աղբյուրները վկայակոչելով, հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հանդիպման արդյունքների մասին հայտնի է միայն այն, որ կողմերը «պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները»։
- Ադրբեջանում դատում են Հայաստանի երկու քաղաքացու
- «Թույլ տվեք տեսնել երեխաներին»․ Վրաստանում ակտիվիստները պահանջում են թույլ տալ այցելել եկեղեցուն պատկանող մանկատուն
- Ի՞նչ է իր մասին պատմում Աբխազիայի ամենահայտնի երիտասարդ կին փաստաբանը
Տեղեկություններ Երևանից
Այն մասին, որ Մոսկվայում պետք է կայանա երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումը, հունիսի երկուսի առավոտյան գրել էին հայկական լրատվամիջոցները։ «Հրապարակ» օրաթերթը, մասնավորապես, հաղորդել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին և Հայաստանի տարածքից Ադրբեջանի ԶՈւ հետ քաշվելը։
Այն հատել է Հայաստանի սահմանը մայիսի 12-ին և մի քանի կիլոմետրով առաջ եկել երկրի տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիք մարզերի ուղղությամբ, և չի նահանջում՝ չնայած հայկական կողմի պահանջին։
Հատկանշական է, որ արդեն կայացած հանդիպման մասին հաղորդագրությունը հայտնվել է այն բանի հաջորդ օրը, երբ Հաաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ Երևան-Բաքու-Մոսկվա աշխատանքային խմբի գործունեության կասեցման մասին։ Խումբը ստեղծվել է 2021 թ-ի հունվարի 11-ին՝ Արցախում հրադադարի մասին երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության կետերի կատարման նպատակով։
Խմբի հիմնական գործառույթը հայտարարության՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման մասին կետի իրականացումն է։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ կապը կտրվել է այն բանից հետո, երբ վեց հայ զինծառայողներ գերեվարվել են սեփական երկրի տարածքում։ Խոսքը միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել մայիսի լույս 27-ի գիշերը, Ադրբեջանի հետ սահմանին։
Ադրբեջանի պաշպանության նախարարությունը հաղորդել է Քելբաջարի Յուխարը Այրըմ բնակավայրի ուղղությամբ «Հայաստանի Զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խմբի» կողմից սահմանը հատելու փորձի մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս պնդումն ու հայտարարել, որ զինծառայողները գերեվարվել են «Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գոտում ինժեներական աշխատանքներ իրականացնելու ժամանակ»։
Մհեր Գրիգորյանի խոսքով, հաշվի առնելով սահմանին ստեղծված իրավիճակը, Երևանն անհնար է համարում կառուցողական աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հայ զինծառայողներին գերեվարելուց առաջ խումբն, այնուամենայնիվ, կառուցողական աշխատանք էր կատարում։
Կարծիք Երևանից
Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը փորձել է հասկանալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վերջին գործողությունների տրամաբանությունը․
«Ռուսաստանի համար սկզբունքային նշանակություն ունի անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված հայտարարության [Արցախում հրադադարի հաստատման մասին] կետերի իրականացումը։ Դա նրան թույլ կտա ինչպես պահպանել փխրուն խաղաղությունն իր սահմանների մերձակայքում, այնպես էլ ցույց տալ ողջ աշխարհին, որ դա իր ազդեցության և պատասխանատվության գոտին է, որտեղ Մոսկվան ունակ է խաղաղություն հաստատել։ Այդ պատճառով էլ երկու կողմերի [Հայաստան և Ադրբեջան] համար էլ կարմիր գիծը կրակ բացելն է […]
Տարածաշրջանում ռուսական քաղաքականության մյուս կարևոր տարրը Հայաստանն ու Ադրբեջանն իր ազդեցության ուղեծրում պահելն է (չեմ ուզում ոչ մեկին վհատեցնել, բայց Բաքուն արդեն Մոսկվայի ազդեցության գոտում չէ, միաժամանակ, նրա վերջին քայլերը բերում են նրան, որ հանրության մակարդակում Երևանը նույնպես հեռանում է)։ Նրանց տեսանկյունից՝ դա թույլ կտա ինչպես պահպանել ռազմական ներկայությունն Արցախում, այնպես էլ հավասարակշռել թուրքական ազդեցությունն Ադրբեջանում։ Մնացած բաղադրիչները Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն չունեն և երկրորդական են։
Հայաստանի մասին խոսելիս՝ անհրաժեշտ է դիտարկել հենց Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը, քանի որ դրանք ավանդաբար տարբերվում են պետության շահերից։ Դե ֆակտո, վարչապետը հետևյալ դատողությունների վրա է հիմնվում։
Նախ՝ նա վստահ չէ, որ սրացման դեպքում Զինված ուժերը պատրաստ են լիարժեք ձևով անվտանգություն ապահովել։ Այս մտավախություններով է հիմնականում պայմանավորված անգործությունը՝ ավելի քան երկու շաբաթ Հայաստանի տարածքում ադրբեջանական ուժերի առկայության ֆոնին։
Երկրորդ հերթին՝ Փաշինյանն ավանդաբար կողմ է հարևանների հետ համագործակցությանը՝ միակողմանի զիջումների հաշվին։ Այդ պատճառով էլ իմաստ չունի կասկածել միջանցք բացելու [միջանցք Հայաստանի տարածքով, որը, մասնավորապես կկապի Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ], ինչպես նաև այլ ոչ հանրային պայմանավորվածությունները կատարելու նրա մտադրությունների վրա («անկլավների» հանձնում և այլն)։
Երրորդ հերթին՝ հաշվի առնելով «միջանցքի» և «անկլավների» հարցերով ներքևից գործադրվող ճնշումը, Փաշինյանն այլևս չի կարող զիջումները ներկայացնել որպես հաղթանակ։
Նա հիմա փակուղային վիճակում է․ մի կողմից՝ խոստացել է կատարել պայմանավորվածությունները [Մոսկվային և Բաքվին], մյուս կողմից՝ դրանց կատարումն ընտրությունների ֆոնին [արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին] կհանգեցնի ակնհայտ պարտության՝ համապատասխան հետևանքներով։
Ադրբեջանի դեպքում ամեն ինչ ավելի քան հասկանալի է․ Փաշինյանի կառավարման ընթացքում ստանալ հնարավոր առավելագույնը, որպեսզի Հայաստանում իշխանափոխության դեպքում հետդարձի ճանապարհ չլինի («անկլավների» անցումն իր վերահսկողության տակ, միջանցքների ճանապարհին երրորդ ուժերի տեղակայում և այլն)։
[…]Փաշինյանից ավելի շատ տարածքային և այլ զիջումներ ստանալով՝ Ալիևը կարող է փոխհատուցել Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատման անհնարինությունը։Ամփոփելով՝ կարելի է ավելացնել ոչ պակաս կարևոր մի բան։ Ալիևի համար կարևոր է մասամբ հավասարակշռել թուրքական ազդեցությունը, որն առանձնապես ավելացել է պատերազմից հետո։ Սրանով են հենց բացատրվում Մոսկվային ուղղված ռևերանսները (այստեղ նրանց շահերը համընկնում են)»։
Կարծիք Բաքվից
Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը JAMnews-ի համար մեկնաբանել է Շահին Ջաֆարլին։
«Իմ ունեցած տվյալներով՝ Մոսկվայում կողմերը քննարկել են միայն Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը։ Ինձ հայտնի է նաև, որ հանդիպմանը մասնակցել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը»,- նշել է մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ քննարկումներին Մուրադովի մասնակցությունը խոսում է այն մասին, որ ռուսական կողմն ուզում է ավելի լավ հասկանալ խնդրի էությունն ու լուծել այն։
«Ռուսաստանը փորձում է կարգավորել սահմանային կոնֆլիկտն իր հովանու ներքո։ Խոսքը եռակողմ նոր հանձնաժողովի ստեղծման մասին է, որը զբաղվելու է բացառապես երկու երկրների միջև պետական սահմանի գծման խնդրով։
Ադրբեջանական կողմը համաձայն է այդ պայմանին և պատրաստ է քննարկումներ սկսել եռակողմ ձևաչափով։ Սակայն հայկական կողմը նախապայման ունի․ նրանք ուզում են Ադրբեջանում պահվող իրենց բոլոր հայրենակիցների վերադարձը։ Այդ մարդիկ Հայաստանում «ռազմագերի» են կոչվում, իսկ Ադրբեջանը նրանց դիվերսանտներ է համարում։ Եվ այստեղ խոսքը գնում է ոչ միայն նրանց մասին, ովքեր ձերբակալվել են նախորդ տարվա դեկտեմբերին, այլ նաև այն վեց զինծառայողների, որոնք ձերբակալվել են վերջերս Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելիս»,- հայտարարել է քաղաքագետը։
«Այսօր, ըստ տարածված տեղեկությունների, Ռուստամ Մուրադովը պետք է Երևան մեկնի և հանդիպի այդ երկրի ղեկավարության հետ։ Կարծում եմ, որ քննարկվելու են նախօրեին Մոսկվայում հնչած առաջարկների մանրամասները»,- ասել է Ջաֆարովը։
JAMnews-ի այն հարցին, թե արդյո՞ք այս գործընթացը չի ավարտվելու երկու երկրների սահմանին նույնպես ռուս խաղաղապահների տեղակայմամբ, քաղաքագետը պատասխանել է․
«Սահմանի հայկական կողմի հետ կապված՝ Ռուսաստանը ոչ մի խնդիր չունի։ Ռուսաստանը Հայաստանի սահմանների հսկման փորձ ունի։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա չեմ կարծում, որ մեր երկրի ղեկավարությունը համաձայնի դրան»։