Ինչո՞ւ է Հայաստանի արտգործնախարարը լքել պաշտոնը․ Արա Այվազյանի պարզաբանումը
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարական է տվել մայիսի 27-ին։ Դա տեղի է ունեցել անմիջապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջարկից հետո, որը նա է արել Ադրբեջանին՝ սահմանային լարվածության թուլացման վերաբերյալ։
Փաշինյանն առաջարկել է «հայելային եղանակով» հետ քաշել զորքերը հայ-ադրբեջանական սահմանից և այնտեղ տեղակայել միջազգային դիտորդների։ Խոսքը Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհող երկու մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիտորդների մասին է։
Հայ քաղաքագետներն Այվազյանի հրաժարականը գնահատել են որպես խիստ անհամաձայնություն Փաշինյանի առաջարկին։
ԱԳՆ ղեկավարի հրաժարականի պատճառների մասին պաշտոնական պարզաբանում չէր տրվել։ Սակայն մայիսի 31-ին արտգործնախարարության աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանն Արա Այվազյանը խախտել է լռությունը։
Դիվանագետներին ուղղված իր խոսքում նա նշել է․ հրաժարական է տվել, որպեսզի որևէ կասկած չլինի, թե նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել, որը ազգային և պետական շահին դեմ է։
Նախկին նախարարի ելույթին միանգամից արձագանքել է Հայաստանի գործող իշխանությունը։ Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ պետական և ազգային շահը պարտադրում է պարոն Այվազյանին հրապարակային պարզաբանում տալ․
«Ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին»։
Արա Այվազյանը դեռ ոչինչ չի պարզաբանել, սակայն նրանից հետո հրաժարական են տվել նախարարության ևս երկու աշխատակից՝ փոխնախարար Գագիկ Ղարաչյանն ու մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Ընդ որում, հաղորդելով իր պաշտոնը լքելու մասին, Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել այնպիսի փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ, ինչպիսիք են նախկին երկու արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը։ Վերջինս, ինչպես կարծում են փորձագետները, նույնպես հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունների պատճառով։
- Հայաստանը պատրաստվում է նոր գաղտնի փաստաթուղթ ստորագրել․ ի՞նչ է հայտնի դրա մասին
- Հայաստանի վարչապետի առաջարկը․ երկուստեք հետ քաշել զինվորականներին հայ-ադրբեջանական սահմանից
Նախկին արտգործնախարարի խոսքը
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։
Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել», — հայտարարել է Այվազյանն իր արդեն նախկին աշխատակիցներին։
Նա ընդգծել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում ԱԳՆ-ն կարևոր և բարդ աշխատանք է կատարել։ Իսկ միջազգային գործընկերները, նրա խոսքով, հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ․
«Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև»։
Արա Այվազյանը կարճ ժամանակ է զբաղեցրել արտգործնախարարի պաշտոնը։ Նա նախարար էր նշանակվել 2020 թ-ի նոյեմբերին, երբ հրաժարական էր տվել նախորդ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, մեկնաբանելով Արա Այվազյանի հրաժարականը, հիշեցրել է վերջերս համացանցում հրապարակված փաստաթղթի մասին, որի համաձայն՝ Հայաստանն իբր պատրաստվում է Ադրբեջանին հանձնել իր տարածքների մի մասը։ Այն մասնակի «գաղտնազերծել էր» Միքայել Մինասյանը՝ Վատիկանում նախկին դեսպան, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան։
Նա չէր հաղորդել, թե որտեղից է ստացել տեղեկությունները, սակայն հայտարարել էր, թե վարչապետի պաշտոնակատարը համաձայնել է սահմանազատում իրականացնել և տարածքային զիջումների գնալ։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գնում է դրան Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինծառայողներին դուրս բերելու դիմաց։ Ինչպես հայտնի է, մայիսի 12-ից Ադրբեջանի Զինված ուժերի հարյուրավոր ծառայողներ ներխուժել են Հայաստանի տարածք Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ և չեն նահանջում՝ չնայած հայկական կողմի պահանջին։
Մինասյանը զգուշացրել էր նաև, որ Հայաստանի ղեկավարությունը քննարկում է Տավուշի մարզի հինգ և Արարատի մարզի մեկ գյուղ Ադրբեջանին փոխանցելու հնարավորությունը։
Սակայն Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հավաստիացրեց, որ փաստաթղթում խոսվում է միայն սահմանագծման մեկնարկի, այլ ոչ թե տարածքների զիջման մասին։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն այս առթիվ գրել է․
«Գործող ռեժիմը քարոզարշավ է սկսել նոր տարածքների հանձնման որոշման սատարման և, ըստ էության, նոր կապիտուլյացիայի ուղղությամբ։ Արա Այվազյանը հանրային կերպով անհամաձայնություն է հայտնել և հայտարարել, որ ԱԳՆ-ն այդ գործընթացի հետ կապ չունի։
Արա Այվազյանն ակնհայտորեն դիմադրել է նոր կապիտուլյացիային, սակայն Նիկոլ Փաշինյանի դիմաց [Ադրբեջանի նախագահ] Ալիևը խնդիր է դրել դրան հասնել ընտրություններից առաջ [նշանակված են հունիսի 20-ին], քանի որ դրանցում պարտվելու հավանականությունը մեծ է։
Փաշինյանը պոստճշմարտության սեփական տրամաբանության շրջանակում հայտարարել է, որ այդ փաստաթուղթն ամբողջությամբ բխում է Հայաստանի շահերից, որպեսզի դյուրահավատ մարդիկ ևս մեկ անգամ հավատան իրեն՝ չենթադրելով, որ վարչապետը կարող է ստել։
Սակայն Փաշինյանի իրավական կարգավիճակը նույնպես այնքան էլ հասկանալի չէ․ նա վարչապետի պաշտոնակատար է, ընդ որում, հրաժարական տալով՝ նա չպետք է կատարեր վարչապետի պարտականությունները և, որպես հետևանք, հարց է առաջանում, իսկ որքանո՞վ է Փաշինյանն իրավազոր՝ նման հարցեր լուծել։ Ակնհայտ է, որ իրավազոր չէ, բացի այդ, դա պետք է անի արդեն դե ֆակտո ցրված խորհրդարանը։
Լուրերն այն մասին, որ Արա Այվազյանը տեղակալների հետ հրաժարական է տվել, հայտնվել էին դեռ հինգ օր առաջ, սակայն դրանք այն ժամանակ չհաստատվեցին։ Այժմ նա իրոք լքել է պաշտոնը, ինչը վկայում է այն մասին, որ նա պարտվել է և չի կարող կանխել Փաշինյանի հերթական կապիտուլյացիան»։