Ազատեք Աֆղանին: Վրացի լրագրողները ակցիա էին կազմակերպել իրենց ադրբեջանցի գործընկերոջն ի աջակցություն
Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներն առաջին մեկնաբանություններն են արել Թբիլիսիից մայիսի 29-ին առևանգված ադրբեջանցի լրագրողի գործի վերաբերյալ:
Պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել է այսպես կոչված «կանաչ սահմանին», այսինքն այնտեղ, որտեղ օրինական անցում չկա, «որտեղ անձնագիր հարկավոր չէ»: Գոմելաուրիի խոսքով՝ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել և դիմել ադրբեջանական կողմին բոլոր մանրամասները պարզելու համար:
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին անհետացել է Թբիլիսիի կենտրոնից մայիսի 29-ի երեկոյան: Նրա մոտ անձնագիր չի եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մուխտարլիին տեղափոխել են Բաքվի քննչական մեկուսարան:
Արձագանքն Ադրբեջանում
Աֆղան Մուխտարլիի մոտ այսօր թույլ են տվել փաստաբան մտնի: Ադրբեջանցի լրագրողների տեղեկատվության համաձայն՝ նրան հարցաքննում են:
Առավոտից Բաքվի դատարանի շենքի մոտ էին հավաքվել Մուխտարլիի ընտանիքի անդամները, լրագրողներ և ակտիվիստներ: Նրան պետք է դատարան բերեն և մեղադրանքը հայտարարեն, այսօր էլ հենց դատարանը կդիտարկի խափանման միջոցը: Ենթադրաբար Մուխտարլիի հանդեպ երեք ամսվա նախնական կալանք կկիրառվի:
Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական վարկածի՝ Մուխտարլին ինքն է հատել սահմանը Լագոդեխի-Բելոկանի հատվածում, նրա մոտ 10 հազար դոլար է եղել:
Փաստաբանի խոսքով՝ Մուխտարլիի մարմնի վրա բռնության հետքեր կան, նրան ծեծել են:
Իշխանամետ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ադրբեջանական իշխանություններն «ի վերջո ձերբակալել են հակաադրբեջանական շարժման գլխավոր առաջնորդին և երկրի թշնամուն»: Իսկ ընդդիմադիր կայքերը պնդում են, որ դա ճնշում է լրագրողների վրա: Դրանով իշխանությունները նրանց զգուշացնում են, որ Վրաստանում այլևս անվտանգության մեջ չեն:
Վրաստանի արձագանքը
Թբիլիսիում կառավարության կանցելյարիայի շենքի առջև ի աջակցություն Աֆղան Մուխտարլիի այսօր լրագրողներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ են հավաքվել: Նրանք իշխանություններից պահանջել են լրագրողի անհետացման հետ կապված հարցերին պատասխանել: Ակցիայի նախաձեռնողը Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան է:
«Մենք համերաշխություն ենք հայտնում ձերբակալված ադրբեջանցի գործընկերոջը: Ցավոք, պարզվեց, որ Վարստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն: Այն, ինչ տեղի է ունեցել, անհնար է պատկերացնել: Մենք պահանջում ենք այնպիսի հետաքննություն անցկացնել, որը հարցեր չի թողնի», — հայտարարել է լրագրողական խարտիայի տնօրեն Նաթա Ձելիշվիլին:
Այսօր 10 ոչ կառավարական կազմակերպություններ հրապարակել են հատուկ ուղերձ, որում ուշադրություն են դարձրել այն բանին, որ վերջերս Վրաստանը լուրջ խնդիրներ է ստեղծել երկրում ապրող ադրբեջանցի ակտիվիստների և լրագրողների համար, որոնք Ադրբեջանից մեկնել են Ալիևի իշխանության հետ կապված խնդիրների պատճառով:
«Վերջին ժամանակներս պրակտիկա է ձևավորվել, երբ պետությունը հրաժարվում է կեցության իրավունք կամ քաղաքական ապաստան տրամադրել: Դա կասկածներ է առաջացնում ադրբեջանցի իշխանությունների հանդեպ վրացական կառավարության քաղաքական հավատարմության վերաբերյալ, ինչը հակասում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը», — ասված է հայտարարությունում:
Մուխտարլիի գործով իշխանություններից պատասխան է պահանջում նաև ընդդիմությունը: «Ցանկացած նման փաստ խաթարում է Վրաստանի միջազգային իմիջը: Վրաստանի կառավարությունը պարտավոր է պաշտպանել Վրաստանի ինքնիշխան շահերը: Այս իշխանությունը չի կարող անել դա: Միջազգային հանրությունը լուրջ անհանգստացած է վրացական իշխանությունների գործողություններով», — նշել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին:
Ո՞վ է Աֆղան Մուխտարլին և ինչպես է ն հայտնվել Վրաստանում
Աֆղան Մուխտարլին Վրաստան է եկել երեք տարի առաջ ընտանիքի հետ: Մինչև Վրաստան գալը նա աշխատում էր զինվորական պաշտոնյաների կողմից զինվորների համար նախատեսված միջոցների յուրացման մասին հետազոտական հոդվածի վրա: Մուխտարլին նաև ակտիվորեն մասնակցում էր ի աջակցություն ձերբակալված ադրբեջանցի լրագրողների անցկացվող ակցիաներում և իր դիրքորոշումն էր հայտնում Ֆեյսբուքում: Նա նախկինում կալանավորված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլի ընկերն է, որին ակտիվորեն աջակցում էր, ինչի պատճառով էլ նրան հետապնդում էր ադրբեջանական կառավարությունն ու սպառնում:
Թբիլիսի տեղափոխվելուց հետո Մուխտարլին Վրաստանից կեցության իրավունք է խնդրել և ավելի ուշ ստացել: Սակայն 2016թ-ին ադրբեջանական կողմի պահանջով կասեցվել էր կեցության իրավունքը: Ադրբեջանի դատախազությունը հաղորդել է Վրաստանի կառավարությանը, որը երկրում են Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ, որոնց այդ երկրում գտնվելը վնաս է հասցնում երկու պետությունների հարաբերություններին:
Առևանգում
Վերջին անգամ Մուխտարլիին տեսել է նրա ընկերը Թբիլիսիի նախկին Կոլտնտեսային հրապարակում: Ավելի ուշ նա փաստաբանին ասել է, որ իրեն առևանգել են տնից ոչ հեռու: Նրան բռնի ուժով մեքենա են նստեցրել, կապել ձեռքերը և սկսել ծեծել: Նրա դեմքին և մարմնին բռնության հետքեր կան: Կասկածներ կան, որ կոտրված է կողոսկրը: Թբիլիսիի ծայրամասում նրա գլխին տոպրակ են հագցրել: Մինչև ադրբեջանական սահմանն առևանգողները երկու անգամ փոխել են մեքենան:
«Հսկիչ անցակետում ինձ դուրս են թողել մեքենայից, գրպանս գումար դրել», — պատմել է Մուխտարլին փաստաբանին հեռախոսով:
Նրան մեղադրում են երկու հոդվածով՝ սահմանի ապօրինի հատում և կանխիկ դրամի մաքսանենգություն:
Նախքան առևանգումը Մուխտարլին ասում էր, որ Թբիլիսիում իրեն հետևել են, և վերջին 6 ամսվա ընթացքում Վարստանի իշխանությունները խնդիրներ են ստեղծում երկրում ապրեղ քաղաքական փախստականների համար: