Վրաստան. հատուկ թեկնածու: Թբիլիսիում ավարտվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը
Ի՞նչ է ընդգրկում բանաձևը
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, որը չորս օր շարունակ հյուրընկալում էր Թբիլիսին, այսօր ավարտեց իր աշխատանքը Վրաստանին աջակցող բանաձի ընդունմամբ:
Այն 19 կետ է պարունակում։ Բանաձևում ասվում է, որ ՆԱՏՕ-ն սատարում է Վրաստանին իր ընտրած եվրաինտեգրման գործընթացում: Փաստաթուղթը միաժամանակ խորհուրդներ է ներկայացնում ինչպես վրացական իշխանություններին, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, նաև Ռուսաստանին:
Բանաձևը կոչ է անում դաշինքի անդամ երկրների կառավարություններին և խորհրդարանին ապահովել Վրաստանի ինտեգրացիան ՆԱՏՕ-ին, ավելացնել Վրաստանին տրամադրվող քաղաքական և պրակտիկ աջակցությունը:
Վրաստանի իշխանություններին ուղղված խորհուրդներում խոսվում է իշխող կուսակցության և ընդդիմության միջև լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության, իշխանության դատական ճյուղերի զարգացման, մեդիաբազմակարծության պահպանման մասին:
Իսկ Ռուսաստանին վեհաժողովը կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի օկուպացված շրջաններից:
Վրաստան՝ բացառություններ
Չորս օրով Թբիլիսին վերածվեց ՆԱՏՕ-ի քաղաքական կենտրոնի. երկիր էր ժամանել մինչև 600 հյուր, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և ասպիրանտ երկրների խորհրդարանականներ:
Հյուսիսատլանտյան դաշինքի պատմության մեջ սա ընդամենը հինգերորդ դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն անցկացվում է մի պետությունում, որը կազմակերպության անդամ չէ: Այն չորս պետությունները, որոնք ժամանակին ընդունել են միջոցառումն, այսօր ՆԱՏՕ-ի անդամ են:
Անսովոր է, երբ վեհաժողովը նստաշրջանն անցկացնում է դաշինքի անդամ չհանդիսացող երկրում, ընդգծել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլին: «Սա մեզ համար բացառություն է… Բայց մենք երջանիկ ենք և բացահայտ կերպով գրանցում ենք մեր դիրքորոշումը Վրաստանին աջակցելու առումով», — հայտարարել է նա: Նիստերի ընթացքում մի քանի կարևոր հայտարարություններ հնչեցին:
Դաշինքի դռները բաց են Վրաստանի համար
Նստաշրջանի ընթցքում միանշանակ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ դաշինքի դռները բաց են Վրաստանի համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը վեհաժողովի նստաշրջանին իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Վրաստանն առանձնահատուկ ասպիրանտ է, և դաշինքը ճանաչում է այն ջանքերը, որոնք Վրաստանը գործադրում է ժողովրդավարության ամրապնդման համար:
«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներդրումը դաշինքի գործունեության մեջ: Արդեն հիշատակվել է Աֆղանստանում վրացական կոնտինգենտը: 35 զինծառայող է զոհվել: Դա շատ ծանր վճար է, սակայն Վրաստանը պետք է շարունակի զինված ուժերը որոշակի ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելու ուղղությամբ աշխատանքը: Անհրաժեշտ է որոշ բարեփոխումներ իրականացնել», — հայտարարել է Ռոուզ Գետեմյուլերը:
Ընդ որում, Գետեմյուլերը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության տարեթիվը չկանխատեսվող անվանեց. «Սակայն ես խթան, ուղեծիր եմ տեսնում, դրանք դրական են»:
Ռուսաստան՝ սպառնալիք
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում քննարկվել է Վրաստանի առջև կանգնած մարտահրավերների թեման: Սուր հայտարարություններ են հնչել Ռուսաստանի հասցեին.
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայտարարել է, թե «Ռուսաստանը պետք է վերադառնա իր պաշտոնական սահմաններ»:
Վեհաժողովի փոխնախագահ, Լիտվայի պատվիրակության ղեկավար Ռասա Յուկնյավիչենեի խոսքով՝ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն հարևան երկրների, այլ նաև ողջ արևմտյան ժողովրդավարության համար:
Գիտության և տեխնոլոգիաների կոմիտեի նախագահ Ֆիլիպ Վիտելն ասել է, որ ռուսական սպառնալիքի հարցը մշտապես ներառվում է քննարկումների ձևաչափում, ինչը չի կարող չհուզել բոլորին:
Դաշինքն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահն ու անդամները մայիսի 27-ին ուղևորվեցին Դուշեթիի շրջանի Օձիսի գյուղ: Այն տեղակայված է Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին, վերջին բնակավայրն է, որը վերահսկվում է Վրաստանի կողմից: Այնտեղից լավ երևում են Հարավային Օսիայի ռուսական ռազմաբազաները:
«Մեր այցը խորհրդանշական է: Մենք մեր աչքերով ենք տեսնում, թե ինչ է տեղի ունենում օկուպացված վրացական տարածքում: Դրամատիկ իրավիճակ ենք տեսնում: Պարզ է, որ տեղի բնակչությունը խնդիրներ ունի և ապրում է իրենց անվտանգության մշտական սպառնալիքների պայմաններում», — հայտարարել է վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլին:
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, Վրաստանում հյուրընկալվելով, ցուցադրում է Վրաստանի և դաշինքի ծայրահեղ մերձեցումը և մեր ոչ փոխզիջումային աջակցությունը Վրաստանին տարածքային ամբողջականության հարցում»:
- ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քառօրյա նստաշրջանը մեկնարկել է Թբիլիսիում մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը և շարունակվել մինչև մայիսի 29-ը: