Ռուսաստանի հատուկ ծառայությունները Չեխիայում գործում են ԵՄ երկրների դեմ. չեխ լրագրող
Չեխ լրագրող Օնջրեյ Կունդրա Լուսանկարը՝ Knihovna Václava Havla
Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ Hromadske TV-ի կայքում
Օնջրեյ Կունդրան չեխական «Ռեսպեկտ» հեղինակավոր շաբաթաթերթի քաղաքական մեկնաբանն է: 2016թ-ին Պրահայում լույս է տեսել նրա «Պուտինի գործակալները: Թե ինչպես են ռուս լրտեսները գողանում մեր գաղտնիքները» գիրքը:
Ինչո՞ւ է հենց Չեխիան, ինչպես Դուք նշում եք Ձեր գրքում, դարձել Կենտրոնական-Արևելյան Եվրոպայում ռուսական հատուկ ծառայությունների բազա:
Մի քանի պատճառ կա: Առաջինը պատմականն է: Պրահայում Խորհրդային Միության դեսպանատունը ամենահզորներից մեկն էր Արևելյան Եվրոպայում: Ռուսականը ստեղծվել է դրա հիման վրա: Այդտեղ աշխատում է մոտ 1200 աշխատակից: Դա պատմությամբ է պայմանավորված:
1960-ական թվականների վերջին մեկնարկել է ժողովրդավարական շարժումը, որը հայտնի է որպես «Պրահայի գարուն»: Ժողովրդավարական շարժման դեմ պայքարի վերաբերյալ Պետանվտանգության կոմիտեի նախագահ Յուրի Անդրոպովի որոշումներից մեկը ռեզիդենտուրաներ մտցնելն էր, ինչպես այն անվանում են ռուսները, երբ հատուկ ծառայությունները սկսում են գործել դեսպանատների հիման վրա: Դա առաջին ռեզիդենտուրան էր Կենտրոնական-Արևելյան Եվրոպայում: Եվ պետք է նշել, որ դրա գործունեությունը բավականին հաջող էր, քանի որ ժողովրդավարական շարժումը պարտություն կրեց: Այդ օրվանից ռուս գործակալները մնում էին իմ երկրում և կապեր ձեռք բերում:
Մեկն այն պատճառն է, որ ռուսները սիրում են Չեխիան, քանի որ այն հարմար է իրենց, նրանց համար հաճելի է այնտեղ գտնվել:
Եվս մեկ պատճառ, որը կցանկանայի ընդգծել. ռուս գործակալները Չեխիայում ավելի անվտանգ են զգում: Եթե համեմատենք չեխական հատուկ ծառայությունների և գերմանականի չափերն, ապա առաջինը զգալիորեն փոքր է, նրա բյուջեն այնքան էլ մեծ չէ, աշատակիցների թիվն աննշան է: Ռուս գործակալների համար ավելի հեշտ է իրենց գործունեությունը ծավալել, որն, ի դեպ, վերաբերում է ոչ միայն Չեխիային, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներին, օրինակ, Գերմանիային, հենց Չեխիայի տարածքից:
Շենգենի ժամանակ, երբ սահմանները բաց են, մենք բոլորս Եվրամիության անդամ ենք: Հենց այդ պատճառով է նրանց գործակալների համար ավելի հեշտ է մեկ կամ կես օրով Գերմանիա մեկնել, անել իրենց գործերն ու վերադառնալ՝ իմանալով, որ գերմանական հատուկ ծառայություններն ուշադրություն չեն դարձնի:
Ինչո՞ւ են Չեխիայի իշխանությունները, մասնավորապես՝ չեխական հատուկ ծառայությունները, նման բան թույլ տալիս:
Ես կարծում եմ, որ նրանք փորձում են հակազդել դրան, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, երբ ապատեղեկատվության արշավը մեծ թափ է հավաքել: Կառավարական մակարդակով հայտարարություն է արվել ապատեղեկատվության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Հետևաբար, ներքին գործերի նախարարությունում որոշել են ապատեղեկատվության դեմ պայքարի նոր դեպարտամենտ ստեղծել:
Մյուս կողմից, ես համաձայն եմ, որ ոչ բավականաչափ ջանքեր են գործադրվում: Չեխական հատուկ ծառայություններում Ռուսաստանի և Չեխիայի վրա նրա ազդեցության հարցերով զբաղվող դեպարտամենտում մոտ 60-70 մարդ կա: Չեխիայում ռուսական դեսպանատանն աշխատում է 1200 մարդ: Նման հարաբերակցության պայմաններում չեխական հատուկ ծառայությունները պարզապես շանսեր չունեն: Խնդիրը կառավարության մեջ է, քանի որ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են այդ հարցը լուրջ համարում և այնպիսին, որ դրան պետք է արձագանքել:
Ո՞ր քաղաքական ուժը չի համաձայնում այդ հարցի կարևորության հետ:
Յուրաքանչյուր կուսակցությունում կան եվրոպամետ և ռուսամետ քաղաքական գործիչներ: Վերջիններս ավելի հաճախ են հանդիպում իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում: Ինքը՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, նույնպես շատ ռուսամետ է: Օրինակ, նա մի քանի անգամ այցելել է Ռոդոս կղզում անցկացվող «Քաղաքակրթությունների երկխոսություն» կոնֆերանսը, որը կազմակերպում է Վլադիմիր Յակունինը՝ Պուտինի շրջապատի անդամը: Նրա այցը ֆինանսավորվում էր Ռուսաստանի բյուջեից: Իր ելույթում նա խոսում էր այն մասին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է հանել: Այսպես, որոշ քաղաքական գործիչներ զբաղվում են այդպիսի կեղտոտ գործով:
Չնայած վերջին երեք տարվա բոլոր իրադարձություններին՝ ռուսական հատուկ ծառայությունների գործունեությունում ի՞նչ միտումներ կնշեիք: Ակտիվացում նկատե՞լ եք:
Ռուսական հատուկ ծառայությունների գործունեությունը Չեխիայում շատ ակտիվ է: Ես արդեն նշել եմ, որ ռուսական դեսպանատան աշխատակիցների թիվն իմ երկրում անհավանական մեծ է: Քաղաքական գործիչները վիճում են, թե արդյոք պետք է կրճատել նրանց թիվը: Սակայն այդպիսի գործիչները շատ քիչ են:
Նոր միտում է ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ կառավարության որոշումը: Սակայն այդ գործընթացը նոր է մեկնարկել: Ես կասեի, որ Կրեմլը Չեխիան վերածել է տրոյական ձիու Եվրոպայի սահմաններում: Օրինակ, դիտարկենք Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ղրիմի բռնակցման պատճառով Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների հարցը. Կրեմլը փորձում է ազդել չեխ քաղաքական գործիչների վրա, որպեսզի նրանք բարձրացնեն Եվրոպայում այդ պատժամիջոցները չեղարկելու հարցը:
Եվ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն արդեն նման առաջարկով հանդես է եկել՝ փաստարկելով, որ պատժամիջոցներն իմաստ չունեն, քան որ դրանք վնասում են բիզնեսին: Իբր Ուկրաինայի արևելքում հակամարտությունը գրիպի է նման. երկու շաբաթ, և ամեն ինչ նորմալ կլինի: Չեխիայի վարչապետը պրոատլանտյան և պրոեվրոպական հայացքներ ունի: Բնակչության մեծ մասը նույնպես գիտակցում է այդպիսի սպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը:
Արդյո՞ք ինչ-որ արձագանք է եղել գրքին Ռուսաստանի կողմից: Օրինակ, Չեխիայում ռուսական դեսպանատան կողմից:
Դեսպանատան կողմից՝ ոչ: Եղել է արձագանք իմ Respect ամսագրում հրապարակումներին, որոնցում ես նույնպես լուսաբանում եմ այս թեման: Նրանք արձագանքեցին. հրապարակեցին իմ տան հասցեն ռուսամետ կայքերից մեկում: Իբր՝ այս տականքն ապրում է հետևյալ հասցեում, կարող եք այցելել նրան: Ինձ նաև սպառնացել են սպանել: