Տապալված բանակցություններ․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանում արդեն մեկ շաբաթ է, ինչ մեդիայում և հասարակությունում քննարկվում է մեկ գլխավոր հարց՝ ադրբեջանցի զինվորականների ներթափանցումը երկրի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Այս ողջ ընթացքում բանակցություններ էին տարվում ադրբեջանական կողմի հետ։ Դրանք պետք է շարունակվեին մայիսի 19-ին ժամը 14.00-ին, սակայն ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունն ու չի ներկայացել բանակցություններին։
Երկու երկրների սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանական զինուժն իր դիրքերը մի քանի կիլոմետր առաջ է բերել Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում՝ Սև լճի ուղղությամբ։ Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել նաև Գեղարքունիքի մարզի տարածքում նման փորձերի մասին։
Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի զինծառայողները լքեն Հայաստանի տարածքը։ Ադրբեջանական կողմը չի համաձայնում և պնդում է, որ դա իր տարածքն է։
Մայիսի 18-ին հայկական լրատվամիջոցները հրապարակել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի քարտեզը, որի համաձայն՝ Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափերը Հայկական ԽՍՀ տարածքում են գտնվում։ Իսկ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է միայն հյուսիսային ափի մի հատված, որը լճի շուրջ 10%-ն է կազմում։
Հայաստանը խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ ռազմական դաշինքի հետ, որի անդամ է, որպեսզի ռազմական օգնություն ստանա։ Կազմակերպությունում հարցը դեռևս քննարկվում է, մայիսի 19-ին տեղեկություններ են հայտնվել, որ ՀԱՊԿ-ն «անհանգստությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզում»։
Այս իրադարձությունների ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Հայաստան, Արցախ և Ադրբեջան։
Իրավիճակին արդեն արձագանքել է Հնդկաստանը, որն Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Ավելի վաղ Իրանն էր հայտարարել, որ «թույլ չի տա փոփոխել իր հյուսիսային սահմանները» և պնդում է Հայաստանի հետ գոյություն ունեցող սահմանների պահպանման վրա։
Ավելի մանրամասն՝ վերջին բոլոր իրադարձությունների մասին։
Պետդեպը կոչ է արել չճամփորդել Հայաստան և Արցախ
ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Հայաստան և Արցախ ճամփորդելուց, ինչպես նաև զգուշավորություն դրսևորել Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներին։
Այս կոչը բացատրվում է նրանով, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակ են գրանցել։ Պետդեպը Հայաստանի համար վտանգի չորրորդ մակարդակ է սահմանել․
«Հայաստան մի մեկնեք COVID-19-ի պատճառով։ Որոշ մարզերում կորոնավիրուսի բարձր ռիսկ կա»։
Պետդեպը նաև կոչ է արել չմեկնել Արցախ և հարակից տարածքներ՝ վերջին ռազմական գործողությունների պատճառով․
«2020 թ-ի աշնանը տեղի ունեցած Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ինտենսիվ ռազմական գործողություններից հետո լարվածությունը շարունակվում է։ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ օգնություն ցուցաբերել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում սահմանափակ հասանելիության պատճառով»։
Նույնպիսի հաղորդագրություն է տեղադրված Պետդեպի կայքում՝ Ադրբեջան այցելությունների վերաբերյալ, բայց այլ ձևակերպումներով։ Կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկից զատ՝ ամերիկյան իշխանությունները նախազգուշացնում են ահաբեկչական լուրջ սպառնալիքի մասին։
Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ է հանդես եկել, որին ՌԴ-ն կարող է մասնակցել որպես միջնորդ։
Այս առնչությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը ողջունում է ռուսական կողմի ջանքերը, սակայն պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական զինուժը, նախևառաջ, լքի Հայաստանի տարածքը։
Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն ուղղված են պարտավորությունների կատարման տապալմանը, որոնք ամրագրված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի Ռուսաստանի հետ համատեղ հայտարարություններում և վերաբերում են և ռազմական գործողությունների դադարեցմնանը և կողմերի հետագա գործողություններին։
Ի՞նչ է ասում ՀԱՊԿ-ը
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակը քննարկվել է Դուշանբեում ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում։
«Ընդգծում ենք 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման այլընտրանքի բացակայությունը», — հայտարարել է Զասը։
Սև լիճը Հայաստանինն է․ քարտեզներն ապացուցում են
Մայիսի 18-ին հայկական մեդիայում է հայտնվել ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի քարտեզը, որն ապացուցում է, որ Սև լճի մեծ մասը տեղակայված է Հայկական ԽՍՀ տարածքում։ Ըստ քարտեզի՝ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափի միայն մի մասը։
Վերջին 30 տարում Հայաստանի և Ադրբեջանի միջև չի անցկացվել սահմանազատման կամ սահմանագծման ոչ մի աշխատանք, որն իրավական ուժ կունենար։ Այդ պատճառով էլ Հայաստանում համարում են, որ ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի քարտեզներն այդ առումով առավել հստակ, լիարժեք և հիմնարար աղբյուր են։