Պայթյունավտանգ իրավիճակ սահմանին․ Հայաստանը դիմել է դաշնակիցներին
Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ԱԳՆ և պաշտպանության նախարարության ղեկավարներին հանձնարարել է դիմել ՀԱՊԿ ռազմական դաշինքին, որի անդամ է Հայաստանը, որպեսզի խորհրդակցություններ սկսվեն Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Այստեղ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը։
Ադրբեջանի Զինված ուժերը մայիսի 12-ին հատել են սահմանը Սև լճի հատվածում և Հայաստանի տարածքով առաջացել մինչև 3,5 կմ։ Ադրբեջանական կողմն, ըստ Փաշինյանի, փորձում է վերահսկողություն սահմանել լճի նկատմամբ։ Եվ արդեն երկրորդ օրն է, որ այստեղ պահպանվում է պայթյունավտանգ իրավիճակ․
«Սա նախապես պլանավորված սադրանք է Ադրբեջանի կողմից։ Նրանք [ադրբեջանցի զինծառայողները] կեղծ քարտեզներ ունեն, որոնք իբր պետք է հաստատեն, որ լիճն իրենց է պատկանում, սակայն դրանք ակնհայտ կեղծ փաստաթղթեր են։ Ադրբեջանի զինուժը պետք է վերադառնա ելման դիրքեր»։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, որ Ռուսաստանի հովանու ներքո գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելը կօգնի լիարժեք կարգավորել լարվածությունը։
Բանն այն է, որ ադրբեջանական զինուժը փորձում է առաջ գալ Հայաստանի տարածքի ոչ միայն այդ ուղղությամբ։
Մայիսի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ հերթական սադրանքն է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով իրենց դիրքերն առաջ բերել Վարդենիսի (Գեղարքունիքի մարզ) շրջանի ուղղությամբ։ Այստեղ առաջխաղացումը կասեցվել է։
Սյունիքում հայ-ադրբեջանական ձգձգվող միջադեպն արդեն քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։
Հայաստանին իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Իսկ ԱՄՆ Պետդեպը Հայաստանին և Ադրբեջանին ավանդաբար կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ իրավիճակի խաղաղ կարգավորմանը։
Այդ ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ն Երևանին խորհուրդ է տվել «չսրել իրավիճակը»։
Տեղեկություններ Հայաստանից
Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը
Հայկական և ռուսական մամուլի ծառայության տեղեկությունները տարբերվում են։
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խիստ կատարման և հրադադարի ռեժիմի անշեղ պահպանման անհրաժեշտությունը։
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները համակարծիք են. ադրբեջանական ուժերն անհրաժեշտ է հետ քաշել ելման դիքեր։ Կրեմլի հայտարարությունում նման նախադասություն չկա։
Դիմում ՀԱՊԿ-ին
Հայաստանի իշխանությունն առաջին անգամ է որոշել դիմել ՀԱՊԿ օգնությանը։
Սյունիքում իրավիճակի սրացումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորականները հատուկ նոր հակամարտություն են սադրում։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը լիովին համապատասխանում է կազմակերպության կանոնադրությանը, որի համաձայն՝ Հայաստանը կարող է օգնություն խնդրել դաշնակիցներից։
Փաշինյանը հիշեցրել է, որ այս հոդվածով, այդ ռազմական դաշինքի անդամ երկրի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի առաջացման դեպքում «անդամ պետություններն անհապաղ գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումների համակարգման նպատակով, օգնության տրամադրման համար միջոցներ են մշակում և ընդունում»։
Նա ուշադրություն է դարձրել այն բանին, որ «սադրանքի մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարել է մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին»։
Գլխավոր հարցերի պատասխանները
Հայ հասարակությունում ամենաշատը քննարկվում է այն հարցը, թե ինչու Հայաստանը վճռական քայլեր չի ձեռնարկում՝ ի պատասխան Ադրբեջանի գործողություններին։ Եվ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ երկրի իշխանությունը կարևոր է համարում ոչ թե կտրուկ քայլերը, այլ հարցի լիարժեք լուծումը։
«Մենք այս հարցը տեղային նշանակության չենք համարում, կատարվող իրադարձությունները հիմք են ավելի մասշտաբային գործողությունների», – հայտարարել է Գրիգորյանը։
Սակայն նա կարծում է, որ խնդիրն անպայման լուծվելու է ՀԱՊԿ դաշնակիցների հետ միասին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականներին հաջողվել հատել Հայաստանի սահմանը, Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմը չի հասցրել կահավորել սահմանը ողջ երկայնքով Արցախում հրադադարի հաստատումից հետո․
«Սահմանագիծը երկարել է, և այդ պայմաններում հնարավոր չի եղել միանգամից և ամբողջությամբ լուծել այդ խնդիրը։ Ժամանակի ընթացքում այն կլուծվի։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի հարցը լուծվի ամենակարճ ժամկետներում»։
Միջազգային արձագանքը
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Թվիթերում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության և սահմանին ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է արել․
«Մենք ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին հաղորդումներին, որտեղ սահմանազատման գործընթացը դեռ չի կայացել։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են և զսպվածության ու լարվածության խաղաղ նվազման կոչ ենք անում»։
Կանադայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Մայքլ Չոնգն իր երկրի կառավարությանը կոչ է արել պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Թրյուդոյի կառավարությունը, որն իր ավանդն է ունեցել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմում ուժերի հավասարակշռության խախտման մեջ՝ թույլ տալով զենք արտահանել Ադրբեջան, պետք է բարձրացնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը», — գրել է պատգամավորը Twitter-ում։
Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան հաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն իր աջակցությունն ու ընդգծում է Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈւ-ն անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը։
Ավելի ուշ Մակրոնը հայերենով գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում․
«Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Դրանք պետք է անհապաղ հետ քաշվեն։ Կրկին դիմում եմ հայ ժողովրդին․ Ֆրանսիան համերաշխ է ձեզ հետ և շարունակելու է համերաշխ լինել»։
Տեղեկություններ Ադրբեջանից
ԱԳՆ հայտարարությունը
«2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Քելբաջարի և Լաչինի շրջաններում, որոնք Հայաստանի հետ սահմանին են, Ադրբեջանի սահմանապահ ուժերի տեղակայման գործընթաց է իրականացվում։ Այն սովորական բնույթ է կրում և սիստեմատիկ է իրականացվում», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Արտաքին գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը որոշում են սահմանագիծը, և այդ գործընթացն իրականացվում է կողմերի մոտ եղած քարտեզների հիման վրա։ Հաշվի առնելով, որ երկու երկրներն անկախության վերականգնումից հետո հայտնի պատճառներով լիարժեք պետական սահման չեն ունեցել, կողմերը, բնականաբար, տեխնիկական գործընթացների վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն․
«Այդ պատճառով էլ գործընթացին հայկական կողմի անադեկվատ արձագանքն ու նրա արած սադրիչ հայտարարությունները զարմացնում են։ Անթույլատրելի ենք համարում նախընտրական ներքաղաքական նպատակներով այս հարցի օգտագործումը Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից»։
Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մայիսի 12-ին շրջան է ուղարկվել, բանակցություններ են տարվում սահմանապահների միջև և միջոցներ ձեռնարկվում իրավիճակի կարգավորման համար․
«Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին խորհուրդ ենք տալիս ընդունել սահմանային ռեժիմի իրականությունն Ադրբեջանի Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քելբաջարի շրջանների երկայնքով ադրբեջանահայկական սահմանին և անհիմն չսրել լարվածությունը տարածաշրջանում։ Ցանկացած հարց պետք է և լուծվելու է երկկողմանի շփումների միջոցով»։
ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության չեզոքացմանը։
Մեկնաբանություն Բաքվից
JAMnews-ի հետ զրույցում ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլին նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին սահմանազատման և սահմանագծման գործընթացը վարվում է խորհրդային ժամանակների քարտեզներով․
«Կողմերը համաձայնել են պետական սահմաններ գծել հին քարտեզների հիման վրա, քանի որ հենվելու այլ կետ պարզապես չկա։ Եվ, ինչպես աշխարհում ամենուր, սահմանազատումն առանց կոնֆլիկտների չի լինում։
Հիշենք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև վերջերս տեղի ունեցած առճակատումը։ Կարծես թե եղբայրական երկրներ են և երկուսն էլ ՀԱՊԿ անդամ են։ Սակայն սահմանի վերաբերյալ տարաձայնությունը հանգեցրեց երկու կողմից տասնյակ զոհերի։
Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ չեն, նրանց միջև պատերազմը նոր է ավարտվել, և այդպիսի տեղային կոնֆլիկտները, կարծում եմ, անխուսափելի են»։
Ըստ քաղաքագետի՝ սահմանային խնդրի ուռճացման պատճառը Հայաստանի ներքաղաքական կյանքն է․
«Այդ թեման Հայաստանի օրակարգում գլխավորն է, և դրանում քիչ չէ երկրի ընդդիմության ավանդը։ Պետական անվտանգության ապահովումը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության թույլ տեղն է։ Նա պարտվել է պատերազմում, և այժմ ընդդիմությունը հայտարարում է արդեն հենց երկրի տարածքները պաշտպանելու անընդունակության մասին։
Ադրբեջանի տեսանկյունից, կարծում եմ, Հայաստանում ռևանշիստական ուժերի իշխանության գալն ամենաբարենպաստ տարբերակը չէ։ Մեզ համար Փաշինյանի վարած քաղաքականությունը համեմատաբար կառուցողական է եղել։ Սակայն միգուցե Ադրբեջանի ղեկավարությունն այլ տեղեկություններ ունի, և նա գործում է՝ ելնելով իր շահերից։ Սակայն այս իրավիճակը դեռևս ուժեղացնում է Փաշինյանի հակառակոդների դիրքերը հայաստանյան նախընտրական արշավում»։