Օգնություն կանանց․ ինչպես հաղթահարել հետպատերազմական սթրեսը ու նոր կյանք սկսել
Արցախյան երկրորդ պատերազմից հետո հազարավոր ընտանիքներ տեղահանվել են, քանի որ նրանց բնակավայրերն անցնել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ մարդկանց մի մասն այժմ բնակվում է Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններում, մի մասն էլ՝ Հայաստանում։ Սյունիք տեղափոխված կանանց համար աջակցության ծրագրեր է մշակել Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը։
Արցախցի կանայք այս կազմակերպության օգնությամբ փորձում են նոր կյանք սկսել՝ հարմարվելով նոր բնակավայրին, նաև ձեռք բերելով նոր մասնագիտություն։
Ինչ է առաջարկում այս կանանց Գորիսի «Ռեսուրս կենտրոնը», և ինչպես են նրանք տեսնում իրենց ապագան։
- Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել
- Նոր հին սահման․ ինչո՞ւ են հայկական գյուղերն Ադրբեջանի տարածքում հայտնվել
- Կյանքը պատերազմից հետո․ սահմանամերձ հայկական գյուղի երիտասարդ կին-համայնքապետի հարցազրուցը
Մնալ Գորիսո՞ւմ
Արցախյան վերջին պատերազմը վերապրած Ալլա Պետրոսյանը երկու երեխաների մայր է։ Պատերազմից վեց ամիս անց փորձում է կյանքը սկսել վերստին՝ նոր վայրում, հաղթահարելով հետպատերազմական սթրեսը։
«Մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին։ 13 տարի աշխատել եմ Բերձորի դպրոցում, քիմիա, կենսաբանություն եմ դասավանդել։ Անցյալ տարվա սեպտեմբերից նշանակվել էի Բերձորի մանկապարտեզի տնօրեն, ու սկսվեց պատերազմը», — պատմում է Ալլան։
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը (Լաչինը), որով անցնում է Հայաստանն Արցախին կապող միջանցքը, 44-օրյա պատերազմի արդունքում անցավ Ադրբեջանին։ Բերձորի 2200 բնակիչները լքեցին քաղաքը, նրանցից շատերը ժամանակավոր ապաստան գտան Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում։
Ալլայի ընտանիքը հաստատվել է Գորիսում։
«Երկու տղաներս, ամուսինս, սկեսուրս, ամուսնուս եղբայրը, կմնանք այստեղ։ Ամուսինս արդեն աշխատանք է գտել։ Ես էլ աշխատում եմ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոնում», որտեղ նաև կարողանում եմ ցրվել։ Փորձում ենք հաղթահարել դժվարությունները, կյանքը շարունակվում է», — հուզված ասում է նա։
Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն ասում է․
«Տասնյակ կանայք են ժամանել Գորիս, նրանցից շատերը պլանավորում են ավելի երկար մնալ և մտածում են աշխատանքի մասին։ Այսօր մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները, ստեղծել ենք արհեստանոց, որտեղ կանայք իրենց հմտություններն են զարգացնում։ Շուտով ավելի մասնագիտական դասընթացներ ենք սկսելու՝ բիզնես, համակարգչային ու հաշվապահական։ Իսկ լավագույն բիզնես-ծրագրերը կֆինանսավորվեն»։
Վերադառնալ Արցա՞խ
Միլենա Օրիդիանցը նույնպես Բերձորից է, աշխատել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։ Պատերազմի ողջ ընթացքում ծառայության մեջ է գտնվել, այնուհետև ընտանիքով, երեք երեխաների հետ տեղափոխվել Գորիս։
«Հունվարից այցելում եմ այս կենտրոն։ Ես դեռ Բերձորում էի երեխաներին գոբելենի դասընթացներ տալիս։ Այստեղ կարպետ եմ գործում, այս պահին գործում եմ հայկական հին գորգի մեծացրած զարդանախշ։ Շուտով գոբելենի դասընթացներ այստեղ նույնպես կտամ», — պատմում է Միլենան։
Այնուամենայնիվ, նա մտածում է Արցախ վերադառնալու մասին։ Լիսագոր գյուղում արտակարգ իրավիճակների ծառայությունը նոր շենք է կառուցում, և կինը հույս ունի նորից անցնել աշխատանքի այդ համակարգում։
«Ամուսինս նույնպես ԱԻՊԾ-ի աշխատակից է։ Հնարավոր է, որ տեղափոխվենք Լիսագոր, այս պահին արձակուրդի մեջ եմ գտնվում։ Լիսագորում պայմանները շատ լավը չեն, նաև անվտանգության հարց կա, կանանց դեռ չեն կանչում։ Տեսնենք, ինչպես կստացվի», — պատմում է Միլենան։
«Ռեսուրս կենտրոնի» աշխատանքներում ներգրավված արցախցի կանայք արդեն երկրորդ ամիսն է աշխատավարձ են ստանում։ Կազմակերպությունը փորձում է լուծել նրանց սոցիալական խնդիրները՝ առաջին հերթին ապահովելով կանանց զբաղվածությունը։
«Սթրեսը հաղթահարեցին, հոգեբանական վիճակն ավելի կայունացավ, եթե համեմատեմ այստեղ տեղափոխվելու առաջին օրերի հետ։ Հիմա ավելի լավ են, ինքնավստահ, հանգիստ։ Նրանց համար շատ կարևոր է այս հոգատարությունը։ Նոր մասնագիտություններ կսովորեն, կփորձենք գործատուների հետ խոսել, իրենց աշխատանքի հարցը լուծել», — ասում է կենտրոնի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը։
Կենտրոնի ծրագրերը
Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոնն» իրականացնում է տարբեր հումանիտար նախագծեր, դրանց մի մասը՝ հայկական սփյուռքի աջակցությամբ։
«Երբ առաջին աջակցությունը ստացանք, արցախցի կանանց ներգրավեցինք մեր աշխատանքներում։ Իրականացրեցինք կարողությունների գնահատում․ ի՞նչ կցանկանան սովորել, ինչպե՞ս են պատկերացնում իրենց հետագա կյանքը։ Այս պահին ունենք արցախցի 60 կին, որոնք տարբեր մասնագիտություններ են ուզում սովորել։
Ավստրալիայի հայ համայնքը նվիրեց կարի մեքենաներ, ու մենք երիտասարդ կանանց ներգավեցինք անկողնային պարագաներ կարելու ծրագրում։ Խոհարարարկան դասընթացներ ենք անում, 10 հոգին արդեն ավարտել են դրանք, չորսը վերադարձել են Արցախ, երկուսն արդեն Ստեփանակերտում աշխատանք ունեն։ Մնացածն այստեղ են, դասընթացները շարունակում ենք: Շուկան ենք ուսումնասիրում զուգահեռ, ինչպիսի աշխատանքեր կան այս մարդկանց աշխատաքնով ապահովելու համար», — պատմում է Ռուզաննա Տոռոզյանը։
Նպատակներ և դրանց իրագործում
Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ներկայացնում է
Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը, որն իր հովանու տակ ունի ութ նման կազմակերպություններ Հայաստանի վեց մարզերում։
«Նպատակը կանանց դերի բարձրացումն է ընդհանրապես համայնքային կյանքում, նրանց սոցիալ-տնտեսական հզորացումը, որոշումների կայացման գործընթացին մասնակցությունը։ Սրանք այն կարևոր մեխերն են, որոնց շուրջ աշխատել ենք և ուժեղացրել կանանց՝ մեր գործունեության տասը տարիներին։
Ինքս եղել եմ Գորիս համայնքի ավագանու առաջին կին անդամը 2003 թվականին և հասկացել, որ իրականում կանանց պոտենցիալը մեծ է, և չօգտագործել այն համայնքների զարգացման գործընթացներում՝ անթույլատրելի է», — ասում է Ռուզաննա Տոռոզյանը։
Կենտրոնի կարևոր նպատակներից է կանանց տնտեսական հզորացումը։ Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ դժվար է աշխատանքի հնարավորություն ստեղծել մի համայնքում, որտեղ աշխատատեղերի խնդիր կա։ Որպես լուծում՝ «Ռեսուրս կենտրոնը» սկսել է ձեռարվեստի դասընթացներ իրականացնել ու սեփական աշխատատեղեր ստեղծել․
«Ութ տարի առաջ ստեղծեցինք Goris Crochet-ը, ուր հիմա աշխատում են ավելի քան 50 կին՝ արտադրելով հելունագործ ապրանքներ, որոնց վաճառքը և արտահանումը ապահովում ենք մենք։ Զուգագեռ, գյուղերում սկսեցինք գորգագործությունն ու կարպետագործությունը զարգացնել։ Որպեսզի Երևանից ամեն անգամ թել չբերենք, 2015-ից սկսեցինք թելի արտադրություն Շինուհայրում, որը Գորիսի ամենամեծ ու ամենաաղքատ գյուղն է։
Ստեղծեցինք սոցիալական ձեռնարկություն` «Բրդից մինչև կարպետ», ներգրավելով գյուղի 18 կանանց։ Սկսեցինք տեղական ֆերմերների հետ աշխատել՝ բուրդը մթերել, լվանալ, մանել։ Սկսեցինք թելից տեքստիլ արտադրել»։
Կանանց զարգացման կենտրոնն իր բոլոր ծրագրերով այժմ ապահովում է 65 աշխատատեղ։
«Հիմա էլ Վերիշեն համայնքում ենք աշխատանքներ սկսել արհեստագործական ուղղությամբ: Վերապատրաստել ենք 10 կանանց տեքստիլի ոլորտում։ Պլանավորում ենք այնտեղ արտադրությունը մեծացնել՝ նաև պայուսակներ կարտադրենք։ Իրացնում ենք միայն առցանց։ Հյուրանոցներն են պատվիրում․ հատակի ուղեգորգեր, բազմոցների ծածկոցներ, անկողնային պարագաններ։ Ու բոլորը՝ բնական թելից», — պատմում է Ռուզաննա Տոռոզյանը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը մարտահրավեր էին հիմնադրամի համար, բայց փորձում են հաղթահարել ստեղծված խնդիրները․
«Մենք ամռանը օնլայն փառատոնի մասնակցեցինք ու ցուցադրեցինք մեր ամբողջ աշխատանքային գործընթացը, մի ամբողջ օր առցանց վարպետության դասեր վարեցինք, դրանից հետո ունեցանք շատ նոր պատվերներ։ Սկսեցինք սոցիալական հարթակներում նոր հնարավորություններ փնտրել։ Այժմ վճարովի առցանց վարպետության դասեր ենք նաև անցկացնում»։
Կենտրոնում կարևոր են համարում ձեռարվեստի դասընթացներին զուգահեռ որոշակի հմտություններ տալ կանանց՝ սոցիալական մեդիայում դիրքավորվելու համար։ «Կարևոր է կանանց ուժեղացնել նաև այս առումով, օրինակ, գոնե զումով կապվել կարողանան, թեկուզ տնային պայմաններում, բայց կարողանան ներկայացնել իրենց աշխատանքները, ծառայություններ մատուցեն ու գումար վաստակեն», — ասում է Ռուզաննա Տոռոզյանը։