Վրաստանի բնակչության մեծ մասը չի աջակցում ոչ մի քաղաքական կուսակցության. NDI
Վրաստանում քաղաքական կուսակցություններին աջակցությունը շարունակում է ցածր մակարդակի վրա մնալ: Բնակչությունը երկրի զարգացման վերաբերյալ տարբեր հայացքներ ունի: Կեսը կարծում է, որ պետությունը ճիշտ ճանապարհով է գնում, մյուս կեսը հակառակ կարծիքին է:
Այդպիսի արդյունքներ ունեն Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Ռեսուրսների հետազոտման կենտրոնի հետազոտությունները: Փաստաթղթի քաղաքական մասը հրապարակվել է մայիսի 15-ին:
Բնակչության 42%-ը պնդում է, որ ոչ մի կուսակցություն չի համապատասխանում իր տեսլականին: Իշխող «Վրացական երազանքին» շարունակում է աջակցություն հայտնել նախորդ տարվա համեմատ ավելի քիչ մարդ, այն դեպքում, երբ 2016թ-ի նոյեմբերին այն 40% էր կազմում: Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» 10% աջակցություն ունի, «Հայրենասերների դաշինքը»՝ 4%, Լեյբորիստական կուսակցությունը՝ 3%: Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել հետազոտության պայմանական 3% շեմը:
Չնայած այն բանին, որ բնակչության վերաբերմունքը երկրի զարգացման հարցին կիսվել է, մեծ մասը (72%) կարծում է, որ Վրաստանն ավելի հարմար երկիր է դարձել ապրելու համար, քան դա 15 տարի առաջ էր: Երկրի ապագայի հանդեպ լավատեսորեն է տրամադրված 69%-ը, չնայած այստեղ էլ է բնակչության կարծիքը կիսվում: 50%-ը կարծում է, որ ներկայիս իշխանությունը կարևոր փոփոխություններ է իրականացնում, 48%-ն այլ կարծիքի է:
Հարցվածների մեծ մասը որպես «միջակ» է գնահատում քաղաքական առաջնորդների և նախարարությունների գործունեությունը: Նրանց գործունեությունը դրական է գնահատում հարցվածների շատ ավելի քիչ տոկոսը: առավել դրական են գնահատել հարցվածները նախագահի գործունեությունը (27%) և վարչապետինը (25%):
Ամենադրական գնահատականներն առողջապահության, արդարադատության և պաշտպանության նախարարություններինն են, առավել բացասականը՝ գյուղատնտեսության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններինը: Մնացած ինստիտուտներից բնակչության առավել դրական գնահատականին են արժանացել եկեղեցին, արդարադատության տներն ու վրացական բանակը: Ամենաքննադատելին Թբիլիսիի սակրեբուլոյի և Վրաստանի խորհրդարանի գործունեությունն է:
«Ստացված տվյալներից երևում է, որ բնակչությունն առանց հատուկ ոգևորության է վերաբերվում իշխանությանն ու քաղաքական կուսակցություններին: Ընտրողների մեծ մասը նախկինի պես չի վստահում ոչ մի քաղաքական կուսակցության — հայտարարել է Վրաստանում NDI գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը: — Ուշադրության է արժանի այն, որ առավել քննադատորեն է բնակչությունը տրամադրված նախարարությունների հանդեպ, որոնց գործունեության հետ առօրյա կյանքում հաճախ է հարաբերվում: Դա էկոնոմիկայի, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարություններն են»:
Բնակչության մեծամասնությունը նախագահի ուղղակի ընտրությունների կողմնակից է
Հետազոտությունը սահմանադրական բարեփոխման վերաբերյալ երկու հարց էր պարունակում: Սահմանադրության նախագծի համաձայն՝ նախագահը չի ընտրվելու ուղղակի ընտրությունների միջոցով, լուծարվելու է ընտրությունների մեծամասնական համակարգը: Հարցվածների մեծ մասին այդ փոփոխությունները դուր չեն գալիս:
Բնակչության 84%-ը կարծում է, որ նախագահին պետք է ընտրեն երկրի բոլոր քաղաքացիները: Նույն կարծիքին է նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների մեծ մասը: Բացի այդ, բնակչության գրեթե կեսը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգը պետք է թողնել: Եվ միայն 28%-ն է աջակցում դրա լուծարման գաղափարին: