Հյուսիսային Օսիա-Վրաստան. անտեսանելի կապեր
լուսանկար/տեսանյութ’ Թամարա Ագկացևա
Վրաստանն ու Հյուսիսային Օսիայի-Ալանիայի պետությունը (Ռուսաստանի Դաշնության սուբյեկտը) մոտ հարևաններ են: Դրանց մայրաքաղաքները՝ Թբիլիսին ու Վլադիկավկազը, միմյանցից մոտ երկու հարյուր կիլոմետր հեռավորության վրա են:
1990-ականների վրաց-հարավօսական հակամարտությունը և Հարավային Օսիայի շուրջ պատերազմը 2008թ-ին, թվում է, պետք է հարևաններին մեծապես խանգարեր բարեկամական և գործնական կապեր ունենալ:
Սակայն ստացվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ռուսական շրջանը հարևան երկրի հետ շարունակում են կապել ակտիվ զարգացող զբոսաշրջությունն ու առևտուրը և չդադարող ազգակցական կապերը:
Այն պարագայում, երբ Վրաստանից անկախություն հռչակած և 2008թ-ին Ռուսաստանի կողմից անկախ պետություն ճանաչված Հարավային Օսիան մինչև հիմա Վրաստանի հետ սահմանը կողպած է պահում, ռուսական Հյուսիսային Օսիա շրջանը Թբիլիսիի հետ իր կապերը չի սահմանափակում:
Ավելին, Հյուսիսային Օսիան Ռուսաստանի և Վրաստանի միջև գլխավոր և միակ օրինական գործող ցամաքային դարպասներն է:
Վերին Լարս սահմանային անցակետը 2006թ-ին փակվել էր վերանորոգման նպատակով, ինչը համընկավ ռուս-վրացական հարաբերությունների կտրուկ վատթարացման հետ և, բնականաբար, մեծապես ազդեց անմիջական հարևանների փոխհարաբերությունների վրա, որոնց միջև կապը գրեթե զրոյի հասցվեց:
Անցակետը բացվեց 2010թ-ին, և քանի որ Վրաստանը ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցրեց (միակողմանի կարգով, Վրաստանի քաղաքացիներին Ռուսաստանի վիզա անհրաժեշտ է), երկրների միջև առևտուրն ու մարդկանց միջև փոխհարաբերությունները զգալիորեն աշխուժացան:
Եվ Վլադիկավկազում նորաձև դարձավ հանգստանալ Վրաստանում:
Զբոսաշրջություն՝ Վլադիկավկազից Վրաստան
Վլադիկավկազում շատերն են ասում, որ Վրաստանը ճամփորդելու տարածված ուղղություն է: Ընդ որում, ոչ միայն դահուկներով սահելու և սևծովկան ափին արևայրուք անելու համար: Տեղացիներն ասում են, որ Վրաստանն իրենց հետաքրքիր է նաև իր պատմությամբ, մշակույթով և զվարճանքների ենթակառուցվածքով:
Ընդ որում, Վրաստանում հանգստի որակը սպասված կերպով ոչ միանշանակ է:
Տնային տնտեսուհի Ալյոնան Վրաստան առաջին անգամ է այցելել նախորդ տարի, ամուսնու և երկու երեխաների հետ ծովում են եղել: Ասում է, որ իրեն դուր է եկել, և ընտանիքը պատրաստվում է իր արձակուրդն այս տարի էլ այնտեղ անցկացնել.
«Մենք տուն էինք վարձել հենց ծովի մոտ, սակայն ես ինքս էի պատրաստում: Տնից մենք մեզ հետ կարտոֆիլ, մակարոն, պանիր և անգամ սպասք էինք տարել: Անհրաժեշտ մթերքը տեղում էինք գնում: Բնությունը հիասքանչ է, հանգիստը թանկ չնստեց մեզ վրա: Տեղացիների հետ հարաբերությունները չեզոք էին. ոչ ոք ոչ ոքի չէր խանգարում: Այս տարի կրկին ուզում ենք ողջ ընտանիքվ Վրաստան մեկնել»:
35-ամյա Զալինան մասնագիտությամբ տնտեսագետ է, երկու տարի առաջ ծով է մեկնել վրացական հայտնի Քոբուլեթի հանգստավայր վրացի ընկերուհու հրավերով: Սակայն հանգստի որակից դժգոհ է, ասում է, որ էլ չի գնա.
«Վրաստանում աշխատանք չկա: Մարդիկ ամեն տեղ չէ, որ հյուրընկալ են, տղամարդիկ զբաղվածություն չունեն, հատկապես գյուղական բնակավայրերում, շատերը խմում եմ: Իմ հանդեպ վերաբերմունքն ավելի շատ չեզոք էր, քան բարեհամբույր: Նրանք անտարբեր էին, որ ես օս եմ: Սակայն հյուրընկալությունը, սրտաբացությունը, որի մասին սիրում են խոսել Վրաստանում, չկար»:
Այն վախի մասին, որ Վրաստանում օս զբոսաշրջիկներին ագրեսիայով կընդունեն, մեզ շատերն էին ասում: Վլադիկավկազի զբոսաշրջային ընկերություններից մեկի ղեկավարը, որը խնդրեց չնշել իր անունն, ասաց, որ «մեր գերթե բոլոր օսերը սկզբում այնտեղ իրենց կաշկանդված են զգում: Սակայն հետո կիսվում են հետս, որ կոնֆլիկտի մասին այնտեղ ոչ ոք չի խոսում, ամեն ինչ հանգիստ է: Մի խոսքով, վախերը չեզոքանում են»:
Այս գործարարն ասում է, որ շատերը, Վրաստանում հանգստանալուց հետո կրկին ու կրկին վերադառնում են: Իր փորձից ելնելով՝ ասում է, որ ավելի շատ ծովային հանգիստն է պահանջված. «Ընտանիքներով սիրում են հանգստանալ Բաթումիում կամ հարևան քաղաքներում: Այնտեղ բառացի 3 անգամ ավելի էժան է հանգստանալը, քան, օրինակ, Կրասնոդարի երկրամասում»:
Մուրատն ակտիվ հանգստի սիրահար է: Նրա սիրած հանգստավայրը լեռնադահուկային Գուդաուրին է:
«Միակ լեռնադահուկային հանգստավայրը, որըտեղ կարելի է Օսիայում հանգստանալ, Ցեյն է: Այնտեղ սահքուղիներն անթերի են, սակայն ծառայությունների մակարդակը ցածր է և աստղաբաշխական թվեր են: Բուժսպասարկում ընդհանրապես չկա. ողջ ենթակառուցվածքները հին են: Ցեյ հասնելու համար երկու ժամ է պետք, մոտավորապես նույն ժամանակահատվածում կարելի է Գուդաուրի հասնել: Այնտեղ ծառայությունները, դահուկային սահքուղու խնամքը գերազանց են, իսկ սննդի գները շատ ավելի էժան, քան Ցեյում: Այժմ Կոբեից նոր ճոպանուղի են քաշում: Մեքենան կարելի է Կոբեում թողնել և ճոպանուղով հասնել Գուդաուրի»:
Կազբեգիի օգտին ընտրություն կատարելու մասին մեզ շատերն ասացին: Եվ այդ ընտրությունը չտատանեց անգամ պետական սահմանը հատելու անհրաժեշտությունը: Վերին Լարս անցակետում նաև Ուկրաինայից, Բելառուսից և Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսք է, և այստեղ, հատկապես՝ ռուսական կողմում, մի քանի ժամ կարելի է կորցնել՝ կախված հերթի երկարությունից:
Նույն այն զբոսաշրջային ընկերության ղեկավարն ասում է, որ Ցեյի հանգստավայրերի և հյուրանոցների տերերն իրենք են Գուդաուրիում հանգստանում: «Ես հաճախ եմ նրանց այնտեղ հանդիպում: Իսկ ի՞նչ անել. Ցեյում ենթակառուցվածք չկա, սարքավորումներ չկան, գներն ահռելի են: Գուդաուրիում հանգստավայրերի միջազգային մակարդակ է: Իսկ Հյուսիսային Օսիայի Ցեյի կիրճ գալիս են միայն ռուս զբոսաշրջիկներ՝ տուրք տալով հիշողությանը»:
Հասարակական գործիչ Թամերլան Ցոմաևը, որն ապրում է Վլադիկավկազում, կարծում է, որ Վրաստանի և Հյուսիսային Օսիայի միջև մշակութային, զբոսաշրջային և առևտրային կապերը «չհավասարակշռված, պատահական բնույթ են կրում և կառուցված են ավելի շատ ազգակցական և անձնական կապերի վրա»: Նա ասում է, որ օսերի համար «շատ կարևոր է հիշել անցյալի արյունոտ էջերը»:
«Պետք չէ մոռանալ այն ցավը, որը մեր ժողովրդին բերել է Վրաստանը: Բայց ինչ վերաբերում է բարեկամություն անելու, կռվելու կամ արգելելու հարցին, ապա ավելի լավ է բարեկամություն անել, քան պատերազմել: Մենք պետք է նոր հարաբերություններ կառուցենք՝ հաշվի առնելով մեր ընդհանուր պատմական փորձը», — ասում է Ցոմաևը:
Խաթունան երիտասարդ աշխույժ կին է: Պատմում է, որ արմատներով Վրաստանից է:
«Մենք օսեր ենք, սակայն մեր նախնիները Վրաստանում են ապրել՝ Կախեթիում, Ահմեթի շրջանում: 1990-ական թվականներին (երբ սկսվեց կոնֆլիկտը) հայրս տեղափոխվեց Հյուսիսային Օսիա: Այստեղ ամուսնացավ մորս հետ, նա ծնունդով Հարավային Օսիայից է: Իսկ ես արդեն ծնվել եմ Վլադիկավկազում»:
Խաթունան ասում է, որ առաջին անգամ Վրաստան է այցելել, երբ 11 տարեկան է եղել. ընտանիքով գնացել են Կախեթիում ապրող բարեկամների տուն: Նա ջերմ հիշողություններ ունի այդ ճամփորդությունից: Հետո, մեծանալով, արդեն ինքնուրույն է Վրաստան մեկնել:
«Բարեկամներս ինձ ցույց տվին ողջ երկիրը, և Թբիլիսիում, և արևմտյան հատվածում ենք եղել, և արևելյան: Անգամ բարձրադիր գյուղերում: Օսական գյուղերն այնտեղ արդեն քիչ են, գրեթե չկան: Շատ եմ հանդիպել հանգստացող ռուսների և արտասահմանցիների»:
Խաթունային դուր է եկել ճամփորդությունը. «Խոհանոցը համեղ է, և նույնիսկ ռեստորաններում թանկ չէ: Բնությունը հարուստ է և շատ գեղեցիկ»: Սակայն շատ բաների մասին նա հիասթափված է խոսում:
«Դուրս չեկավ այն, որ մարդիկ աղքատ են ապրում: Նույնիսկ պրոֆեսորները գետնանցումներում ինչ-որ բաներ են վաճառում: Աշխատանքի հարցը շատ բարդ է, աշխատավարձերն ու կենսաթոշակները շատ փոքր են: Հարուստներն, իհարկե, լավ են ապրում: Այնտեղ իմ հասակակիցներն ինձ պատմում էին, որ կցանկանային մեզ մոտ գալ, նրանց համար հետաքրքիր է, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում: Երիտասարդությունը գրեթե ռուսերեն չգիտի, և ինձ դուր չեկավ, որ նրանք խելագարվում են արևմտյան ամեն ինչի համար: Աղջիկները բոլորի առջև ծխում են, վարքն այնքան էլ կովկասյան չէ: Ինձ թվաց, որ նրանք արդեն այնքան էլ վրացի չեն, բայց դեռ եվրոպացի էլ չեն: Վրաստանը լրիվ ուրիշ է դարձել»:
Առևտուր՝ Վրաստանից Վլադիկավկազ
Այն երկրների ցանկում, որոնց հետ Հյուսիսային Օսիան արտաքին առևտուր է վարում, Վրաստանն առաջատարն է: «Վրաստանից հետո գալիս է Չինաստանը, Չեխիայի Հանրապետությունը, Թուրքիան և Հարավային Օսիան», — այսպիսի ցուցակ նշեց 2017թ-ի ապրիլի 12-ին Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Բագիր Մամիևը:
Տեղացիների հետ շփվելուց տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի հետ կամ Վրաստանի տարածքով առևտրում ներգրավված են հիմանկանում այդ երկրից օս փախստականները, որոնք լքել են իրենց տները 1990-ականներին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Զվիադ Գամսախուրդիայի վարած ազգայնական քաղաքականության պատճառով, ասում են նրանք, և վրաց-հարավօսական կոնֆլիկտի պատճառով:
Այդ օսերը հեշտությամբ են հայրենի վայրեր գնում, և Վրաստանում կապեր են մնացել և՛ ազգակցական, և՛ ընկերական: Այդ կապերը մեծ մասամբ օգնում են բիզնես վարել:
«Մերոնցից շատերն են Վրաստանում անշարժ գույք գնում՝ հանգստավայրերում: Դա խոսում է վերականգնվող հարաբերությունների մասին», — ասում է զբոսաշրջային ընկերության ղեկավար վլադիկավկազցի մեր ծանոթը:
Հյուսիսային Օսիայի վերաբերյալ ՌԴ վիճակագրական ծառայության տվայլներով՝ Վրաստանի հետ հանրապետության առևտուրն անփոփոխ կերպով աճել է 2010թ-ին Վերին Լարս անցակետի բացոуմից հետո մինչև 2014թ-ը (ծառայության հրապարակած վերջին տվյալները):
- 2010թ-ին Վրաստանի և Հյուսիսային Օսիայի միջև շրջանառությունը կազմել է 1 մլն 800 հազար դոլար:
- 2014թ-ին դա արդեն գերազանցում էր 6 մլն 200 հազար դոլարը:
- 2014թ-ին Վրաստանի բաժին էր ընկնում հանրապետության արտաքին առևտրային շրջանառության 15%-ից ավելին:
Ըստ ամենայնի, պաշտոնական վիճակագրությունը դեռ չի էլ արտացոլում Վլադիկավկազի և Թբիլիսիի միջև առևտրային գործընթացները: Մասնավորապես գործնականում անհնար է հաշվի առնել առևտրային գործարքներն օֆշորների և մոսկովյան ընկերությունների միջոցով, որոնց մասնաբաժինը հավանաբար բավականին զգալի է:
Հաշվի չի առնվում նաև «մաքոքային» բիզնեսը, որում ակտիվորեն ներգրավված են Վրաստանիեց եկած օս փախստականները:
Վլադիկավկազի շուկաների առևտրականների պատմածների համաձայն՝ Վրաստանից Ռուսաստան են հաճախ տանում գյուղատնտեսական ապրանքներ,
«Բորժոմի» հանքային ջուր, լիմոնադ, գինիներ:
Ռուսաստան «Բորժոմի» ներկրելու իրավունքները պատկանում են «Ալֆա-գրուպին», սակայն այդ տարածված հանքային ջուրը ներմուծում են նաև մանր առևտրականները փոքր չափաբաժիններով, սակայն գումարային առումով բավականին մեծ քանակությամբ: Ապրանքը գնում են Թբիլիսիի շուկաներում կամ այլ վրացական քաղաքներում, բերում և վաճառում են Վլադիկավկազի վերավաճառողներին: Վլադիկավկազի սուպերմարկետներում կարելի է գնել վրացական լիմոնադ և գինիներ:
«Դարյալ» հասարակական կազմակերպության ղեկավար Գաիրբեկ Սալբիևը զբաղվում է Վրաստանի Կազբեգիի շրջանի օսական գյուղերում ծնվածների խնդիրներով: Նման տարերային սահմանային առևտրից նա դժգոհ է և նախընտրում է, որ վրացական ապրանքի փոխարեն տեղական շուկայում վաճառվի ռուսական շրջանների ապրանքը:
«Հանրապետությունը կարող է դիմանալ առանց վրացական արտադրանքի, այդ բիզնեսով զբաղվում են մասնավոր անձինք անձնական հարստացման համար, որոնք կոռուպցիոն սխեմաների միջոցով Վրաստանից ապրանքի փոքր չափաբաժիններ են ներմուծում»:
«Վրաստանից բերված ապրանքը պետք է փաստաթղթեր, ակցիզային տարբերանշաններ ունենա, ինչպես ցանկացած այլ ապրանք, այն պետք է վերահոսկողություն անցնի: Այդ ամենը չկա, և վաճառասեղաններին է հայտնվում կասկածելի ծագման և որակի արտադրանք», — ասում է Սալբիևը:
Նա կարծում է, որ հարևանների միջև նորմալ տնտեսական կապերի զարգացմանը խանգարում է այն, որ շատ օսեր չեն կարող վերադառնալ հայրենիք՝ Վրաստան:
«Վրացական հանգստավայրերի շահութաբերությունն ու Հյուսիսային Օսիայի և Վրաստանի միջև առևտրային հարաբերույթունների ինտենսիվությունը կաճեր, եթե պաշտոնական Թբիլիսին օսերին վերադարձներ իրենց հողերը, որը նրանք դարեր շարունակ բնակեցրել են՝ Գուդի կիրճ, Կոբի, Տրուսովյան կիրճ: Եթե օս բնակչությանը թույլ տային վերադառնալ նախկին հողեր, իրենց լքված տներ, օսերն ու վրացիներն ավելի շուտ ընդհանուր լեզու կգտնեին: Պատմական կապեր նրանց միջև կան», — ասում է Գաիրբեկ Սալբիևը:
Եթե մինչև 2014թ-ը վիճակագրությունը հաղորդում էր հարևանների միջև առևտրաշրջանառության արագ աճի մասին, ապա վերջին երեք տարիներին Հյուսիսային Օսիայի արտահանման ծավալը կայուն անկում է ապրում:
Հանրապետության հիմնական արտահանվող ապրանքները մետաղներն են (մասնավորապես՝ ցինկն ու կապարը), դրանցից պատրաստված ապրանք, այլ հումք, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքներ:
Բարգավաճում էր նաև մեկ այլ բիզնես՝ ճամփորդությունները դեպի Վրաստան արտասահմանյան մեքենաների պահեստամասերի ետևից: Սակայն այն նույնպես անկում ապրեց այն բանից հետո, երբ Ռուսաստանում ավելացվեցին արտասահմանյան մեքենաների ներկրման տուրքերը: «Մեզ ետ «Ժիգուլի» են նստեցնում», — այդ առիթով ասաց տաքսու վարորդը, որը մեզ տանում էր սահման:
Թամերլան Ցեմաևը, որը հայտնի է Վլադիկավկազում իր հասարակական տեսանկյունից կարևոր նախագծերով, ասում է, որ հյուսիսօսական-վրացական ուղղությունն առևտրային և զբոսաշրջային իմաստով լավ հեռանկարներ ունի:
«Մենք նույնպես կարող էինք Վրաստան ապրանք ուղարկել՝ ցորեն, հացահատիկ, եգիպտացորեն և գարեջրային ապրանքներ, ալկոհոլ, գինիների և բրենդիի համար հումք»:
«Օսերը վրացիների հետ նաև շատ պատմական կապեր ունեն: Դա և Բուրդուխան թագուհին է, և Թամարա թագուհին, և Դավիթ թագավորը: Որպեսզի հնարավորություններն իրացվեն, հարաբերությունները պետք է իրավահավասար և մտածված լինեն»: