Tinder vs Toynder. ինչո՞ւ Ադրբեջանում չեն օգտվում ծանոթությունների հայտնի հավելվածից
– Կներես, չկարողացա զանգիդ պատասխանել: Աղջկա հետ էի խոսում, նոր ենք ծանոթացել, — կարծես ոչ դիտավորյալ պարծենում է Հուսեյնը:
— Դե, շնորհավորում եմ: Իսկ որտե՞ղ եք ծանոթացել:
— Tinder-ում:
— Որտե՞ղ:
Ընդունված է համարել, որ Բաքվում ռոմանտիկ ծանոթություն կարող է տեղի ունենալ աշխատավայրում/ինստիտուտում, Ֆեյսբուքում, հյուր գնալիս, ատամնաբույժի մոտ հերթի մեջ, Գագարինի կամրջի վրա խցանման մեջ, մի խոսքով, ամենուր, բացի Tinder-ից:
Այդ ծրագրի նախատիպը Grindr-ն էր, որը նախատեսված էր գեյերի և լեսբուհիների համար: Սակայն ավելի ուշ հետերասեռականները որոշեցին վերջ դնել այդ խտրականությանը:
Արևմուտքում Tinder-ը շատ հայտնի է: Դրանից օգտվում են ինչպես արկածախնդիրները, այնպես էլ բավականին լուրջ մարդիկ, որոնք երազում են մեծ ու մաքուր սիրո մասին: Եվ նույնիսկ բավականաչափ երեխաներ են մեծանում, որոնց ծնողները ծանոթացել են այդ եղանակով:
Սակայն դա Արևմուտքում:
Այն մասին, որ Tinder-ից կարելի է օգտվել նաև Ադրբեջանում, շատերը պարզապես չգիտեն: Իսկ երբ իմանում են, շատ թերահավատորեն են վերաբերվում նման տարբերակին: Մեծամասնության պատկերացմամբ՝ Tinder-ի ադրբեջանական հատվածը նման է մութ նրբանցքի, որը լի է երկու սեռերի գոպնիկներով:
Որտեղի՞ց է այդ վերաբերմունքը: Հնարավոր է, որ ամեն ինչ բացատրվում է նրանով, որ Ադրբեջանում ընդունված չէ ի ցույց դնել ծանոթանալու ցանկությունը: Առավել ևս՝ բացահայտ հայտարարել այդ մասին համացանցում: Համարվում է, որ դրանով զբաղվում են միայն սեքսով մտահոգ տղամարդիկ և հեշտ հասանելի կանայք: Հետևաբար, նույնիսկ նրանք, ովքեր հակված չեն կարծրատիպերով մտածել, միևնույն է, չեն հավատում, որ Tinder-ի միջոցով կարելի է «նորմալ» մարդու հանդիպել:
Հասկանալու համար, թե արդյոք այդքան սարսափելի է Tinder-ը, ստիպված էինք հետաքննական փորձարկում անցկացնել: Եվ թող ինձ ների այն անհայտ թուրք աղջիկը, որի լուսանկարը ես օգտագործեցի այդ նպատակի համար: Զևսը վկա՝ ամեն ինչ միայն գիտության համար էր արվում:
Հետաքննական փորձարկում
Tinder-ը մեկ անվիճելի առավելություն ունի. ձեզ անձնական նամակներ կարող են ուղարկել միայն նրանք, ում դուք կհաստատեք, և ընդհակառակը:
Մյուս կողմից, համակարգը, չի կարելի ասել, որ օգտագործման համար շատ հարմար է:
Հավելվածը հեռախոսի վրա ներբեռնելով և գրանցվելով՝ դուք որոնման չափանիշներ եք նշում (սեռ, տարիք և թույլատրելի տարածություն), ըստ որոնց՝ ծրագիրը բերում է ձեզ տեսականորեն հետաքրքրելու ունակ մարդկանց լուսանկարներ և կարճ տեղեկատվություն:
«Թերթում եք» դրանք և «լայքում» նրան, ում հավանել եք: Եթե այդ մարդն էլ նկարները նայելիս ձեզ «լայք» դնի, երկնքում կերգի հրեշտակների երգչախումբն, ու ձեր երկուսի համար կբացվեն չաթի դարպասները: Այժմ կարող եք գրել միմյանց և ավելի լավ ճանաչել իրար, հանդիպում նշանակել և այլն:
Ընդհանրապես նամակագրության 5 րոպեն բավարար է «թեկնածուի» ադեկվատության աստիճանի և ընդունելի լինելու մասին առաջին եզրակացություններն անելու համար: Չնայած, եթե մեզ որոշակի կատեգորիկություն թույլ տանք, բավական է նաև մի քանի վայրկյանը: Միաժամանակ կարելի է գլուխ կոտրել տարբեր լեզվաբանական հարցերով: Օրինակ, թե ինչո՞ւ է այդքան մարդ գրում «ինչպես են գործերդ»-ն առանց հարցական նշանի:
Tinder-ի ադրբեջանական հատվածում ներկայացված տղամարդկանց գրեթե կեսն արտասահմանցիներ են՝ ուսանողներ, էքսպատներ և ճանապարհորդներ, որոնք ճակատագրի բերումով կամ ղեկավարության որոշմամբ Ադրբեջան են ընկել և, ըստ ամենայնի, միայնությունից հալումաշ են լինում: Tinder-ից օգտվելու սովորությունը նրանք հավանաբար իրենց հետ են բերել:
Երկրորդ կեսը տեղի հասարակությունն է: Անկեղծ ասած, անկետաների մեծ մասը չտեսնելու ցանկություն է առաջացնում: Ի դեպ, ի՞նչ եք մտածում, ինչով են ուղղորդվում տղամարդիկ, որոնք որպես գրավչության միջոց երեխաներով լուսանկար են տեղադրում (ակնհայտ իրենց երեխաներով): Ցույց են տալիս, թե որքան սիրող հայրե՞ր են, թե՞ զգուշացնում են, որ աշխատավարձի կեսն ալիմենտների վրա է գնում: Նրանց ֆոնին նրանք, ովքեր մեքենաները գրկած են լուսանկարվում, մեծ ստրատեգներ են թվում:
Արդարության համար պետք է ասել, որ նաև բավականին նորմալ դեմքեր էլ են հանդիպում: Սիրալիր, ոչ հիմար, գիտակից, համակրելի: Հենց նրանց առկայությունը մեծ դեր խաղաց, որ փորձարկումն ավարտվի:
Իմ համբերությունն ուղիղ մեկ օր տևեց: Ինչից հետո ես ամոթալի կերպով փախա՝ ջնջելով էջս և մատնահետքերս: Ինչպես միշտ, ամենաանհամապատասխան պահին խիղճս արթնացավ, որը թույլ չտվեց մարդկանց հիմարեցնել, որոնք ոչնչի համար մեղավոր չեն: Դա առաջին հերթին: Երկրորդ հերթին, մարդկանց այդ մեծ թվից ագորոֆոբիայի և միզանտրոպիայի նոպա սկսվեց: Թրքուհին էլ նկարից այնքան էլ բարի հայացք չէր գցում վրաս և սպառնում էր մղձավանջներում հայտնվել:
Ականատեսների ցուցմունքները
Հուսեյնի հետ այն խոսակցությունից մի քանի շաբաթ անցավ: Այդ ընթացքում նա հասցրեց հանդիպել իր խորհրդավոր անծանոթուհու հետ, համակրանքով լցվել նրա հանդեպ և անգամ խզել շփումը: Քանի որ անծանոթուհին չափազանց խորհրդավոր էր և երկար ժամանակով «ջրի տակ անցնելու» անդուր սովորություն ուներ, իսկ դա միտք էր առաջացնում, որ Հուսեյնը նրա միակը չէ: Սակայն այնուամենայնիվ, նա շարունակում է Tinder-ին վերաբերվել որպես զույգ որոնելու հեռանկարային և հուսալի միջոցի.
- Լավ է գոնե, որ միմյանց կարող են գրել միայն իրար հավանածները: Բացի այդ, երբ փորձում ես աղջկա հետ, օրինակ, Ֆեյսբուքով ծանոթանալ, միշտ հավանականություն կա, որ դա նրան ընդհանրապես պետք չի: Իսկ Tinder-ում գրանցվում են հենց նրանք, ովքեր ուզում են ծանոթանալ:
Սակայն, ըստ ամենայնի, Հուսեյնը միակն է, ում բախտը բերում է Tinder-ում: Մնացած իմ կողմից հարցված տղամարդիկ իրենց Tinder-փորձի մասին հիշում են որպես հարկային գնալու պես մի բանի:
Անար, 30 տարեկան. «Անկեղծ ասած, այնտեղի մարդիկ այնքան էլ համակրելի չեն: Երևի որովհետև Ադրբեջանում շատ վատ է զարգացած սեռերի փոխհարաբերության մշակույթը: Եվ դա մեծապես ազդում է համացանցում ծանոթանալու վրա»:
Օրհան, 25 տարեկան. «Մի՞թե գեղեցիկ աղջիկն իր համար ընկեր կփնտրի համացանցում: Բաքվում Tinder-ում նստած են միայն տգեղները կամ հիմարները»:
Մուրադ, 32 տարեկան. «Չեմ հասկանում, թե ինչու են տեղացի աղջիկներն ընդհանրապես գրանցվում Tinder-ում, եթե գրեթե երբեք կոնտակտի մեջ չեն մտնում»:
Չինգիզ, 43 տարեկան. «Tinder-ի Բաքվի սեգմենտում համարյա նորմալ աղջիկ չկա: Կեսը գրանցվում է, որ իրեն վաճառի, մյուս կեսը վստահ է, որ դա ամուսնանալու տեղ է»:
Կանայք Tinder-ից նույնպես առանձնապես դրական էմոցիաներ չէին ստացել.
Սամիրա, 31 տարեկան. «Քրոջս համոզեցի գրանցվել այնտեղ և հարյուր անգամ փոշմանեցի: Նրան անընդհատ սեքս էին առաջարկում առաջին իսկ տողերից»:
Գյունել, 27 տարեկան. «Մի անգամ ընկերուհուս հետ գրանցվեցինք, հինգ րոպե ծիծաղում էինք, իսկ հետո արդեն ծիծաղի բան չէր, որովհետև ոչ մի պայծառ դեմք չտեսանք»:
Լալա, 29 տարեկան. «Փորձել եմ օգտվել այդ ծրագրից, սակայն՝ անհաջող: Իմ կարծիքով՝ բոլորովին անիմաստ բան է»:
Այսել, 26 տարեկան. «Եվրոպայում ապրելու ժամանակ բարեհաջող օգտվում էի Tinder-ից, իսկ Բաքվում ռիսկ չեմ անի մտնել: Սարսափելի է այնտեղ երևի»:
Մեդինա, 30 տարեկան. «Ընդհանուր առմամբ, ես նորմալ եմ վերաբերվում ինտերնետային ծանոթություններին: Սակայն անձամբ ինձ համար, դա անբնական է և լիակատար անհուսության նշան է»:
Փակ շրջան
Ընդ որում, հարցվածներից շատերը խոստովանում են, որ վիրտուալ ծանոթությունների հարթակի կարիք ունեն: Սակայն գոյություն ունեցողներից ոչ մեկն ադրբեջանական հողում չի աճում: Բացի երևի Ֆեյսբուքից, որը թեև հենց այդ նպատակների համար չի նախատեսված, սակայն լրիվ բարեհաջող կատարում է այդ դերը: Չնայած, երևի հենց այդ պատճառով էլ կատարում է, որ նախատեսված չէ:
Ընդհանրապես նպատակաուղղված ինտերնետ-ծանոթությունների ճակատագիրն Ադրբեջանում չի դասավորվում դեռևս դայլափի վաղնջական ժամանակներից: Ամեն ինչ սկսվեց Mamba կայքից, որն իր հայտնվելու արևածագին քիչ թե շատ ըստ նշանակության էր օգտագործվում, սակայն ժամանակի ընթացքում վերածվեց սեքսուալ ծառայությունների շուկայի: Եվ հնարավոր է, որ Tinder-ն էլ է աշխուժորեն քայլում այդ ուղղությամբ:
Կանայք խուսափում են դրանից՝ վախենալով ոչ ադեկվատների հանդիպել կամ սիրո քրմուհիների տպավորություն թողնել: Տղամարդիկ՝ վախենալով ընդունված լինել որպես ոչ ադեկվատներ և հանդիպել սիրո քրմուհիների: Փակ շրջան է:
Հարկ է հաշվի առնել նաև այն փաստը, որ Բաքվում մի մեծ անդունդ կա, այսպես ասենք, «պահպանողական» և «ժամանակակից» երիտասարդության միջև: Առաջինների մտքով էլ չի անցնի լուրջ հարաբերություններ փնտրել համացանցում: Դրա համար, օրինակ, գոյություն ունեն բարեկամների հարսանիքները: Ինչպես կատակեց հարցվածներից մեկը. «Tinder-ի ադրբեջանական տարբերակը Toynder-ն է» (ադրբեջաներեն «toy»՝ հարսանիք):
Happy end
37-ամյա Իրադան իր բոյֆրենդից բաժանվելուց հետո 3 տարի խուսափում էր տղամարդկանցից և ոչ մի հարաբերություն չէր սկսում: Մինչև որ ընկերուհին գրեթե բռնի ուժով չստիպես գրանցվել Tinder-ում:
Սկզբում ես շատ էի կասկածում: Բացի այդ, բոլորն ասում էին, որ Tinder-ը մեկ գիշերով սեքսի համար է: Սակայն այդ ընկերուհիս համոզեց ինձ, որ անպատեհ առաջարկ կարելի է ստանալ ամենուր, և ամեն ինչ կախված է նրանից, թե դու քեզ ինչպես ես դրսևորում: Այնպես որ, ես ռիսկի դիմեցի: Ճիշտ է, ադրբեջանցիների ես ընդհանրապես չէի դիտարկում: Լայք էի անում միայն արտասահմանցիներին: Եվ հանդիպեցի երկու հիանալի տղամարդկանց՝ թուրքի և կոլումբիացու: Ինտելիգենտ, հմայիչ, կիրթ և լուրջ հարաբերությունների ձգտող: Ամենադժվարը նրանցից մեկին ընտրելն էր: Չգիտեմ, միգուցե իմ բախտը բերեց, և սա եզակի դեպք էր: Սակայն այսպես թե այնպես, ինտերնետ-ծանոթությունները ոչնչով չեն զիջում ցանկացած այլ միջոցներին: Դա ընդհանրապես հիմարություն չի: Հիմարությունը քեզ սիրելու հնարավորությունից զրկելն է: