Ռուսական գործոնը՝ թուրքական սպառնալիքի դեմ. ով «կփրկի» Հայաստանը
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ամեն հաջորդ օրը հայ հասարակությանը պարտադրում էր ավելի ու ավելի քիչ հավատալ տարիներ շարունակ արմատացած բազմաթիվ միֆերի և քաղաքական նարատիվների։
Հետպատերազմյան Հայաստանում պատումների ձևավորման ալիքը չի դադարել։ Վերջին ամիսներին ամենատարբեր մեդիաաղբյուրներից հայկական իրականություն ներմուծվեց Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակում նախապատրաստելու խոսակցությունը։
Այդ մասին գրեցին իրանական Azariha տելեգրամ-ալիքը և մի քանի երկրներ միավորող ինֆորմացիոն պլատֆորմը՝ InfoBrics-ը։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ լուրը հայտնվի նաև հայկական լրատվականների էջերում։
Թուրքիայի հարձակման մասին լուրը այդպես էլ չհաստատվեց, իսկ իշխանությունն այն ընդդիմության կողմից տարածվող նարատիվ անվանեց։ Սակայն թեման այսքանով ավարտված չէ։
Վտանգը՝ Թուրքիայի հետ նոր պատերազմի մեջ ներքաշվելու և կորցնելու տարածքային ամբողջականությունը, շարունակում է հասարակական վախերի պատճառ մնալ, իսկ Ռուսաստանն ընկալվում է որպես միակ կողմ, որն ի վիճակի է զսպելու Թուրքիայի նկրտումները։
Փորձ՝ հասկանալու, թե ինչպե՞ս է ձևավորվել «թուրքական սպառնալիքի դեմ մեզ կպաշտպանի միայն Ռուսաստանը» նարատիվը, ո՞ւմ կողմից է այն տարածվում և որքանո՞վ է արդարացված։
- Հաղորդակցության ապաարգելափակում․ նոր հնարավորություննե՞ր Հայաստանի համար, թե՞ անվտանգության սպառնալիքներ
- Պարտության պատճառները․ Արցախյան երկրորդ պատերազմի միֆերն ու իրականությունը
- Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում
- Ինչպես 27 տարի առաջ հայ զբոսաշրջիկները գնացքով ուղևորվեցին Թուրքիա: Մարդկային պատմություններ և տեսանյութեր
Ակնհայտ է, որ նարատիվի տարածման պատճառը միայն ընդդիմությունը չէ, ինչպես նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, և խնդիրը շատ ավելի խորը արմատներ ունի։
Մենք առանձնացրել ենք այդ մտայնության տարածման երեք գլխավոր աղբյուր՝ թուրքական, ռուսական և հայկական։
Վերջինը, մեծ հաշվով, Թուրքիայի և Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականության վերարտադրությունն է։
Թուրքական քաղաքականություն
Կարևոր է նշել, որ նարատիվի ձևավորման առաջին և գլխավոր աղբյուրը Թուրքիայի քաղաքական և վերլուծական մտքի, հայտարարությունների և գործողությունների հետևանք է։
Իհարկե, Հայաստանի արևմտյան հարևանի նկատմամբ հայ ժողովրդի վախերի գլխավոր պատճառը 1915 թվականի ցեղասպանությունն է, սակայն վերջին 30 տարիներին գրանցվել են բազմաթիվ այլ միջադեպեր, որոնք ամրապնդել են այդ վախերը։
Մեր դիտարկումները սկսել ենք 90-ականներից։ 1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան ճանաչեց Հայաստանը՝ որպես անկախ պետություն, և երկու երկրների միջև համագործակցության քայլեր ձեռնարկվեցին։ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը անգամ ասել էր, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Երևանում։
Բայց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում իրավիճակը փոխվեց։
Ագրեսիվ այս հայտարարությունները պատերազմի չվերաճեցին։ Սակայն Թուրքիան մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
1993թ. Թուրքիան միակողմանի փակեց սահմանը Հայաստանի հետ՝ պաշտպանելով իր բարեկամ երկրի շահերը և պահանջելով վերադարձնել ԼՂ վերահսկողության տակ գտնվող շրջանները Ադրբեջանին։
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով ԼՂ-ին հարակից այս շրջաններն արդեն Բաքվի վերահսկողության տակ անցան, և Թուրքիան այլևս պատրվակ չունի ցամաքային սահմանը փակ պահելու համար։
Սակայն հայ վերլուծաբանները կարծում են, որ այժմ սահմանի վերաբացման համար Անկարան Երևանից կպահանջի հրաժարվել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից։
Օդային սահմանը Հայաստանի հետ վերաբացվել է միջազգային հանրության ճնշման արդյունքում, 1995-ին:
Թուրքիան և հարևանները
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ևս մեծապես նպաստել է Հայաստանի քաղաքացիների զգուշավոր վերաբերմունքին այդ երկրի նկատմամաբ։ Հակիրճ ներկայացնենք վերջին տարիներին Թուրքիայի հարաբերությունները հարևանների հետ․
Քուրդ զինյալները՝ հարձակման պատրվակ
Ինչպես նկատում են հայ քաղաքագետները՝ Թուրքիան հաճախ այլ տարածքներ մուտքը պատճառաբանել է ահաբեկչական տարրերին չեզոքացնելու մտադրությամբ։ Հետաքրքիր է, որ սկսած 90-ականներից Թուրքիան մեղադրել է նաև Հայաստանին՝ Քուրդստանի բանվորական կուսակցության գրոհայինների հետ համագործակցության և քուրդ զինյալներին հայկական ուժերում ներգրավելու համար։
1996-ի մայիսին Թուրքական կառավարությունը պնդեց, թե քուրդ գրոհայիններն օգտագործում են հայկական տարածքը, և այդ պատճառով խստացրեց հայ-թուրքական սահմանային ռեժիմը:
1998-ի նոյեմբերին, ի պատասխան Անկարայի նոր մեղադրանքների (ՔԲԿ-ի հետ Հայաստանի կապերի մասին)՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ «Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը Հայաստանի տարածքում չի եղել, չէ և չի լինի»։
Նմանատիպ մեղադրանքներ հնչեցին նաև Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքայից։ Սակայն մինչ օրս չի հաջողվել այդ առնչությամբ որևէ արժանահավատ փաստ ներկայացնել։ Սա ևս մեկ պատճառ է մտածելու, որ Թուրքիան հող է նախապատրաստում հարձակման համար։
Հարձակման մասին գաղտնի փաստաթղթեր՝ մամուլում
2020-ի հունիսին հայկական մամուլում լայնորեն տարածվեց Շվեդիայում գործող «Nordic monitor» կայքի հրապարակումը, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել: Հեղինակ Աբդուլլահ Բոզքուրթը նշել էր, թե Թուրքիայի ռազմական ծրագրի մասին իրենք տեղեկացել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին մակագրված և 2016թ. մայիսի 23-ով թվագրվող ներքին օգտագործման գաղտնի փաստաթղթից, որի պատճենը հայտնվել է իրենց տրամադրության տակ:
Regionmonitor.com-ի՝ ավելի ուշ կատարած ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ «Nordic monitor» կայքը պատկանում է Շվեդիայում գրանցված «Nordic Research Monitoring Network» ոչ առևտրային կազմակերպությանը: Այն համակարգում են թուրք լրագրողներ Աբդուլլահ Բոզքուրթը, Լևենթ Քենեզը և անվտանգության հարցերով մասնագետ Մուրադ Չեթիները:
Կազմակերպության համակարգողները ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք ունեն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հանդեպ:
Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի դեմ թուրքական ռազմական գործողության պլանի մասին տեղեկությունը սուտ է: Ըստ Regionmonitor.com-ի մասնագետների՝ տեղեկատվության վերլուծությունից որևէ կերպ հնարավոր չէ հաստատել կամ հերքել այդ փաստաթղթի գոյությունը։
Ռուսական կողմը՝ նարատիվի ակտիվ տարածող
Թուրքական սպառնալիքի մասին չեն լռում նաև ռուսական աղբյուրները։ Եվ ՌԴ-ն ներկայացվում է որպես միակ երկիր, որն ի վիճակի է պաշտպանելու Հայաստանը և կանխելու պատերազմը տարածաշրջանում։
Քաղաքական մեկնաբան Պյոտր Ակոպովը, օրինակ, 2020-ի սեպտեմբերին գրում էր, որ Ռուսաստանը թույլ չի տա լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ բերելով տարատեսակ հիմնավորումներ։ Նմանատիպ ձևակերպումներ լսել ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանից, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Կյանքը ցույց տվեց, որ այս բոլոր պնդումները քաղաքական միֆ էին։
Դեռևս պատերազմի ընթացքում Էրդողանի՝ Հայաստան ներխուժելու ցանկության մասին գրել էր վերջին շրջանում Հայաստանում հայտնի դարձած ռուսական WarGonzo-ն։
Տեղեկությունը ստուգելու համար հայկական 168.am կայքը խոսել էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ, որն այդ լուրն արժանահավատ էր համարել և շեշտել․ «Թուրքիայի համար զսպող մեխանիզմը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան է և Ռուսաստանը՝ որպես դաշնակից»։
Հետաքրքիր է, որ թեման կրկին սկսեց շրջանառվել, երբ Հայաստանի իշխանությունները բարձրաձայնեցին Թուրքիայի հետ երկխոսելու իրենց պատրաստակամության մասին։
«Ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը, օրինակ, հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանը հստակ ծրագիր ունի ռուսական ռազմաբազան դուրս բերելու․
«Եթե այստեղ ամեն ինչ թուրքինն է լինելու, էլ ռուսն ումի՞ց է Հայաստանը պաշտպանելու, թուրքին՝ թուրքի՞ց… Արդյունքում, Ռուսաստանը դուրս կգա այս տարածաշրջանից, Հայաստանը կդառնա թուրքական տիրապետությամբ հողատարածք, ճորտացված հայերով»։
Եթե պատերազմից առաջ խոսվում էր, որ ՌԴ-ն լայնամասշտաբ բախում թույլ չի տա, ապա պատերազմից հետո վերլուծաբաններն ընդգծում են, որ Հայաստանն այժմ շատ թույլ է, և կարող է պատշաճ աջակցություն ստանալ Հյուսիսային հարևանից, եթե ապացուցի իր լիակատար հավատարմությունը։
Այսպես, tert.am-ի հետ զրույցում, պրոֆեսոր, արևելագետ Ալեքսեյ Մասլովը նշել է․
«Հայաստանը թույլ է և կարող է լուրջ աջակցություն ստանալ, եթե պատշաճ կերպով կառուցի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն՝ բոլոր հարցերի վերաբերյալ բացարձակ, ակնհայտ ռուսամետ դիրքորոշում ունենա»:
Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը մեզ ասաց, որ Հայաստանի համար վտանգը անցյալում չէ, քանի որ 2015-ից Թուրքիան դարձել է ագրեսիվ ծավալապաշտական նպատակներով երկիր։
Էրդողանի վերջին տարիների քաղաքականությունը կարող է նպաստել այդ նարատիվների ամրապնդմանը հասարակության մեջ։ Սակայն Թուրքիայի ուղիղ հարձակումը նա հավանական չի համարում։ Ըստ թուրքագետի՝ եթե Ադրբեջանն ինքնուրույն ի վիճակի է կռվելու, Թուրքիայի ուղղակի ներգրավվածության կարիքն էլ չկա։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ էական չէ, թե թուրքական սպառնալիքի նարատիվն ինչ ծագում ունի՝ ռուսական, թե թուրքական։ Կարևորն այդ վտանգի կառավարման հարցն է.
«Եթե մենք դիտարկում ենք, որ այդ վտանգի դեմ կանգնած է միայն Ռուսաստանը, ապա ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը մեզ ստիպում է առնվազն դիտարկել թուրքական վտանգը զսպելու այլ տարբերակներ ևս, քան միայն ռուսականն է։
Հատկապես, որ գործնականում տեսել ենք, որ թուրքական վտանգի հանդեպ ռուսական պաշտպանության մեխանիզմը չի աշխատել և՛ պատմական կտրվածքում, և՛ բառացիորեն ամիսներ առաջ, երբ Թուրքիան մեր դեմ պատերազմից հետո հաստատվեց Կովկասում՝ փաստացի նոր սահմաններ գծելով։ Ռուսական մեխանիզմը ոչ միայն մեզ չպաշտպանեց Թուրքիայի հավակնություններից, այլև հերթական անգամ գնաց Թուրքիայի հետ պայմանավորվելու ավանդույթային ճանապարհով»։
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ ռուսական պետականությունը շարունակում է Թուրքիան դիտարկել որպես Կովկասում դիրքերի համար գլխավոր գործընկեր, հետևաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանն այն միակ մեխանիզմն է, որը թույլ կտա պաշտպանվել, եթե մենք ընդամենը դիտարկվում ենք Թուրքիայի հետ սակարկության միջոց։
Հակոբ Բադալյանի խոսքով՝ Ռուսաստանը կարևոր է, բայց միակը չէ։
«Իհարկե, Ռուսաստանն ու Թուրքիան պայքարում են Կովկասի համար։ Իրենք գիտեն, որ ռազմավարական առումով մեկը մյուսին դուրս մղելու կամ դերը նվազեցնելու խնդիր ունի, բայց միևնույն ժամանակ միասնական են որևէ երրորդ խաղացողի մուտք թույլ չտալու համար։ Եվ սա մեզ համար խորհելու լուրջ առիթ է՝ այս դեպքում որքա՞ն կարող ենք մենք պաշտպանական համակարգի աջակցության հարցում միայն ռուսական մեխանիզմը դիտարկել»։
Որպես այլընտրանք՝ մեկնաբանը տեսնում է երկխոսությունը Թուրքիայի հետ, ընդ որում՝ «խոսել» ասելով նկատի չունի հաշտվել ու ներել ամեն ինչ, այլ ձևավորել քաղաքական հարաբերության որևէ կոմունիկացիա, որը թույլ կտա ծայրահեղ իրավիճակներում օգտագործել այն՝ իրավիճակը լիցքաթափելու համար։ Ուղիղ հարաբերությունը, որպես պաշտպանական հավելյալ մի մեխանիզմ, դառնում է անխուսափելի։
Ըստ Բադալյանի՝ Թուրքիային ևս ձեռնտու է հարաբերությունների առկա վիճակը Հայաստանի հետ, որովհետև եթե հարաբերությունների կոդը կոտրվում է, և սկսվում է երկխոսություն, ապա Թուրքիայի համար էլ ռեգիոնում մնալը դառնում է մրցակցության խնդիր։ Այդ հարաբերությունների ձևավորումով տարածաշրջանը կարող է բացվել նաև այլ դերակատարների համար, որոնց հետ ինքն էլ չի կարող մրցակցել։
Եվ միգուցե Թուրքիային ևս ձեռնտու է ռուս-թուրքական ձևաչափը, որովհետև միմյանց հետ աշխատելով ու մրցակցելով՝ նրանք փակում են ռեգիոնը այլ խաղացողների առաջ և պարբերաբար ներսում ցիկլային բաժանումներ անում։