Որդան կարմիրը ոչնչացման եզրին է
լուսանկարը՝ Գալուստ Նանյանի
Որդան կարմիր միջատի արգելավայրի խնդիրները
Արմավիրի մարզում որդան կարմիր միջատի երկու արգելավայր կա` Արազափ համայնքում շուրջ 198 հեկտար և Ջրառատում 22 հեկտար: Խնդիրն այն է, որ արգելավայրերը հանձնված են երկու համայնքների, որոնք իրենց բյուջեով ի վիճակի չեն հոգալ դրա պահպանման ծախսերը:
Համայնքների ղեկավարները բազմիցս դիմել են ՀՀ կառավարությանը իրենց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Սակայն, բացի խնդիրն ուսումնասիրելու խոստումից, այլ պատասխան չեն ստացել: Ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ, ոչ մի համայնք իր աղքատիկ բյուջեով չի կարող ցանկապատել արգելավայրը: Իսկ առանց ցանկապատի արգելավայրը միայն ցուցանակով կծառայի իր կոչմանը:
Որդան կարմիր՝ միջատի և ներկանյութի մաին
Հայաստանում որդան կարմիրի միջատը տարածված է Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ և ստեղծված են արգելավայրեր միջատի բազմացման համար:
լուսանկարը՝ Գալուստ Նանյանի
Հենց այդ առավելությունը հաշվի առնելով, հնում շատ մատենագրեր արձանագրություններ են կատարել հենց որդան կարմիրից ստացված ներկանյութով: Դա են վկայում նաև թանգարաններում վառ գույնը պահպանած գորգերն ու տարբեր գործվածքները, որոնք պատրաստվել են որդան կարմիրով ներկված թելերից:
Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը պատմում է. մատենագիրները բազմաթիվ տեղեկություններ են թողել այն մասին, որ այդ ներկանյութով գործված թե հագուստները, թե գորգերը գեղեցիկ, ակնահաճո տեսք են ունեցել, բնական լինելով՝ բավական պայծառ գույն են հաղորդել ընդհանուր հիմնագույնին և երբևէ չեն խունացել, ժամանակը նրանց նկատմամբ որևէ ազդեցություն չի ունեցել:
Ազգագրության թանգարանում որդան կարմիրից ստացված ներկանյութով գործվածքների, գորգերի ու կարպետների մեծ հավաքածու է պահպանվում: Սվետլաննա Պողոսյանը համոզված է. որպես կարմիր գույնի տարբեր նրբերանգներ ստանալու բնական միջոց որդանն անփոխարինելի է: Նա ցավում է, որ մեր օրերում որդան կարմիրից ստացված ներկանյութի անփոխարինելիությունը բավարար պայման չէ միջատի զարգացման և բազմացման համար:
Ի դեպ, որդան կարմիրից ներկանյութ ստանալու համար խորհրդային տարիներին միջատը պետական մակարդակով պահպանվում և բազմացվում էր: Այժմ որդան կարմիր միջատը բազմանալու համար նպատստավոր պայմանների բացակայության պատճառով կանգնած է անհետացման եզրին:
Ինչու է միջատը հայնտվել վերացման վտանգի առաջ
Որդան կարմիր արգելավայրը Արմավիրի մարզում ստեղծվել է 1985-թին, տարածքը ցանկապատվել է, կողմնակի անձանց մուտքն արգելվել: 90-ականներին արդեն արգելավայրի ցանկապատերն անհետացան: Հիմա որդան կարմիր արգելավայրը խորհրհրդանշող միակ տարբերանշանը ցուցանակն է: Արգելավայրի ողջ տարածքում բացի միջատներից ամեն ինչ կարելի է տեսնել, այն վերածվել է արոտավայրի, համայնքներն իրար միացնող ճանապարհների: Եթե նույնիսկ օրերով փնտրես, արգելավայրի տարածքում որդան կարմիր միջատ չես հայտնաբերի: Դրա զարգացման շրջանը աշնան ամիսներն են, և հենց այդ ժամանակահատվածում է, որ որդերը դուրս են գալիս հողի վերին շերտ:
լուսանկարը՝ Գալուստ Նանյանի
Ըստ բնապահպան Գալուստ Նանյանի, միջատը կարող է բազմանալ միայն գետնի երես դուրս գալով: Սակայն մարդկանց և կենդանիների կողմից հողաշերտը տրորվում է, որի պատճառով միջատը չի կարողանում դուրս գալ հողի արտաքին շերտ բազմանալու համար: Միջատի բազմացման շրջանը տևում է մեկ ամիս, մոտավորապես սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը:
Այն, որ որդան կարմիրը Հայաստանում իսպառ վերացման վտանգի առաջ է, նաև համայնքների ղեկավարներն են համոզված: Նրանց կարծիքով, միջատի փրկության համար գործնական քայլեր են անհրաժեշտ: Եվ դա պետք է արվի այժմ և անհապաղ՝ որպեսզի այս տարի կրկին չուշանանք…
Տեղի բնակիչները պատմում են, որ խորհրդային տարիներին արգելավայրում ամբողջ հողաշերտը կարմրում էր միջատների բազմությունից: Այսօր հազվադեպ կարելի է հանդիպել որդան կարմիր միջատին:
լուսանկարը՝ Գալուստ Նանյանի
Աշնանը նոր միջատները պետք է դուրս գան արտաքին աշխարհ: Սա ըստ տեսության, իսկ վերջին տարիների փորձը բոլորովին այլ բան է ապացուցում: