Ռազմագերիները Հայաստան չվերադարձան, Բաքվից ժամանած ինքնաթիռը դատարկ էր
Հայաստանում ապրիլի ութի երեկոյան սպասում էին հայ ռազմագերիների վերադարձին, որոնք Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Ադրբեջանում են։ Գերիների վերադարձի մասին տեղեկությունը հաստատել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Երևանի Էրեբունի օդանավակայանում հավաքվել էին ռազմագերիների հարազատները՝ սպասելով Բաքվից ժամանող ինքնաթիռին, թեև ոչ ոք չգիտեր, թե քանի մարդ կվերադառնա և ովքեր են նրանք։
Երկար սպասումից հետո հայտնի դարձավ, որ ինքնաթիռը Երևան է ժամանել դատարկ․ գերիները չեն վերադարձվել։
Հիասթափված ծնողներն օդանավակայանից ուղևորվել էին Երևանում պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանք միացել էին անհետ կորածների հարազատների ակցիային, որոնք փակել էին ռազմական գերատեսչության բոլոր մուտքերն ու ելքերը։ Իսկ առավոտյան ռազմագերիների հարազատները փակել էին Գյումրի-Երևան և Գյումրի-Վանաձոր մայրուղիները։
Բոլոր մանրամասները՝ Էրեբունի օդանավակայանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև հայ փորձագետների կարծիքները՝ ով է մեղավոր, և ինչ անել։
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակում է տեղի ունեցել փետրվարի իննին։ Այն ժամանակ հայրենիք էր վերադարձել հինգ հայ ռազմագերի։ Ընդհանուր առմամբ, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 63 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձ։
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 մարդու։ Նրանց թվում էին ոչ միայն 2020 թ-ի աշնանը գերեվարվածներն, այլև դրանից առաջ Արցախում երեխայի սպանության, լրտեսության և այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Պատերազմից առաջ հայկական կողմը ոչ մի պատրվակով չէր համաձայնում վերադարձնել նրանց։
- Ռազմագերիների հարցն ու Հայաստանում ատոմակայանի շինարարությունը․ Պուտին-Փաշինյան բանակցությունները Մոսկվայում
- Կլուծվի՞, թե՞ կխորանա ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո
Ինչ էր կատարվում օդանավակայանում
Երկար սպասումից հետո Էրեբունի օդանավակայանում ռազմագերիների տասնյակ հարազատները սկսել են բողոքել, որ պաշտոնատար անձանցից ոչ ոք իրենց չի մոտենում և ոչ մի տեղեկություն չի ներկայացնում։
Իսկ երբ լուրեր սկսեցին պտտվել, թե ինքնաթիռը Երևան է ժամանել դատարկ, իրավիճակը կտրուկ սրվեց։ Հավաքվածները տեղում աշխատող լրագրողներից պահանջեցին դադարեցնել հեռարձակումն ու անջատել տեսախցիկները։
Այնուհետև պաշտոնական տեղեկություն ստացվեց փոխվարչապետի գրասենյակից այն մասին, որ ինքնաթիռն իրոք դատարակ է ժամանել․
«Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության [2020 թ-ի հայտարարությունն Արցախում հրադադար հաստատելու մասին] 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը»։
Գերիների ազգականների մի մասն օդանավակայանից ուղևորվել էր պաշտպանության նախարարության շենքի մոտ և միացել անհետ կորած զինվորականների ծնողների բողոքի ակցիային, որոնք ապրիլի 8-ին փակել էին ռազմական գերատեսչության բոլոր մուտքերն ու ելքերը։ Նրանց չեն ցրում, նախարարության շենքը դեռևս արգելափակված է։
Փորձագետների կարծիքները
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է․
«Ալիևը չէր գնա Պուտինի դեմ այդպիսի ցինիկ դեմարշի, եթե չունենար ավելի ուժեղ աջակցություն: Հասկանալի է, աջակցություն իր ղեկավարից՝ Էրդողանից: Ըստ այդմ, կարծում եմ, եթե խոսքը Պուտինի հետ համատեղ խաղի մասին չէ, որտեղ Ալիևի ձեռքով է հարվածի արժանանում Փաշինյանը, ուրեմն Ալիևը Պուտինին հարվածում է Էրդողանի ցուցումով:
Հատկանշական է, որ գերիների հարցում իրավիճակը փոխվում է այսպես ասած վերջին պահին […] Արդյո՞ք Պուտինին հաջողվել էր Փաշինյանի ու Ալիևի հետ շփումներով հասնել մի պայմանավորվածության, որին վերջին պահին միջամտել է Էրդողանը:
Չունենալով ստույգ տեղեկատվություն այդ դերակատարների քայլերի մոտիվի մասին՝ մենք, իհարկե, կարող ենք դիտարկել միայն հնարավոր վարկածներ: Այդ թվում և այն, որ Կովկասում Պուտինի համար ստեղծելով խնդիր, Էրդողանը կարող է ակնկալել այլ ուղղություններում նրանից կորզել իր խնդիրները լուծելու հարցում որոշակի քայլեր: Իսկ այստեղ թարմ ուղղությունը լարվող Ուկրաինան է, օրինակ»։
Քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ քանի դեռ բոլոր գերիները չեն վերադարձվել, «Երևանը չպետք է որևէ պարտավորության տակ ստորագրի կոմունիկացիաների հարցով»։ Փորձագետը խոսում է ճանապարհների ապաարգելափակման և Ադրբեջանը նրա էքսկլավ Նախիջևանին միացնող տարանցիկ ճանապարհի շինարարության վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կետի մասին․
«Չգիտես ինչու, Անվտանգության խորհրդի քարտուղարն ու [Հայաստանի] իշխող ռեժիմի երիտասարդ պատգամավորներն ամենաշատն են մտահոգվում «Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների», «տարածաշրջանի ապագա դեմքի» համար։ Այդ ընթացքում Բաքուն գերիներին օգտագործում է անթաքույց շանտաժի համար, որպեսզի կապիտուլյանտ ղեկավարությանը ստիպի կատարել պահանջները (որոնց նրանք, ընդհանուր առմամբ, համաձայն են)։
Մեղրիի միջանցքի բացումը [որը կարող է Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ] շահեկան չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի համար։ Հակառակը մտածողները կամ զարգացնում են թուրք-ադրբեջանական օրակարգը, կամ տարրական տգետներ են։ Այս առումով տվյալ գործընթացում Երևանի մասնակցությունը գերիների պահման ֆոնին պետական շահերի դավաճանություն է։
Չի բացառվում, որ Նիկոլի ռեժիմին գերիների մի մասին վերադարձի տեսքով «նվերը» մատուցվի ընտրություններից առաջ՝ նրա վարկանիշը բարձրացնելու համար։ Որովհետև նրանից և նրա ապաշնորհ դիլետանտների թիմից բացի, որոնք իրականում շահերի դավաճաններ են, ոչ ոք պատրաստ չէ կապիտուլյացիայի գնալ բոլոր հարցերում»։
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը կարծում է․
«Փաշինյանին հերթական անգամ հանրային կերպով նվաստացրել են։ Մեր իշխանությունները բողոքում են, որ չի կատարվում նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանները, սակայն միաժամանակ հնազանդորեն կատարում են դրա պայմանները, մասնավորապես, բանակցություններ են վարում ճանապարհների բացման շուրջ՝ միաժամանակ քարոզելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության գրավչությունը։
Թեև վերադարձի համար պարզապես պետք էր չկատարել տարածքների հանձնման «բանավոր պայմանավորվածությունները, չվերադարձնել երկու մարդասպաններին [խոսում է Արցախում դատապարտված Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի մասին] մինչև որ վերադարձվեն մեր գերիները։ Եվ ամենագլխավորը՝ չստորագրել հունվարի 11-ի նոր հայտարարությունն առանց գերիների հարցի հիշատակման, թեև մինչև Մոսկվա մեկնելը Փաշինյանը պնդում էր, որ գերիների հարցն իր համար առաջնահերթություն է, և առանց դրա լուծման չեն լուծվելու մյուս հարցերը, մասնավորապես՝ ճանապարհների բացումը»։
Մեկնաբանություն Ադրբեջանից
Ենթադրվում էր, որ Բաքվից վերջապես կվերադառնան 62 հայ ռազմագերիները, որոնք գերեվարվել էին Արցախում 2020 թ. դեկտեմբերին։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է․
«Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում հետպատերազմյան շրջանում և այդ պատճառով համարվում են դիվերսանտներ: Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին»։