Ո՞ւմ են պահպանում առյուծները
Բաքվի հայտնի «Ֆանտազիա» բաղնիքը, որը գտնվում է Վիդադի և Սաֆարլի փողոցների խաչմերուկում՝ Շատրվանների հրապարակից մի փոքր դեպի վերև, բացվել է 1897թ-ի հունվարի 13-ին: Այդ իրադարձությանն էր նվիրված «Կասպի» թերթի պերճաշուք հոդվածը: Դրա հեղինակը կասկած էր հայտնում, որ ներդրողները ետ կբերեն իրենց գումարները, քանի որ «Ֆանտազիան» շատ որակով են կառուցել և շքեղ:
Այդ հիմա է, որ մարդը առավոտյան վեր է կենում, ցնցուղի տակ մտնում, սուրճ խմում և վազում աշխատանքի: Իսկ հին ու բարի ժամանակներում, երբ ջրատար և կոյուղի չկար, լողանալն իսկական տոն էր: Ապրել ես մինչև 40 տարեկան և քեզնից վատ հոտ չի գալիս, համարիր, որ կայնքը ստացվել է:
Ժամանակից խունացած առյուծի քարե գլուխը կախված է քարե լվացարանի վրա, որը լի է ոչ թե ջրով, այլ պլաստիկե շշերով, անձեռոցիկներով ու աշնանից մնացած հին տերևներով: Նախկինում այստեղ տարեց կին էր գալիս փոքր ավելով և մաքրում այն: Նա վաղուց չի հայտնվել:
Ինչպես էր ամեն ինչ սկսվում
Թե ով էր բաղնիքի տերը, պարզել չհաջողվեց: Իսկ նախագծել է այն ճարտարապետ Նիկոլայ Ավգուստի ֆոն դեր Նոնեն՝ քաղաքային կառավարման անդամ, իսկ հետո՝ քաղաքի պարագլուխ, քաղաքի առաջին գլխավոր պլանի կազմողը: Եթե այդպես է, ապա շենքը պարզապես կարող էր քաղաքային հաշվեկշռում լինել, ինչը բացատրում է մասնավոր պատվիրատուի բացակայությունը: Եվ իրոք, արդյո՞ք քաղաքի ղեկավարը, որն ամբողջությամբ գործերի մեջ է, մասնավոր պատվերով շենք կկառուցեր:
«Ֆանտազիան» Բաքվի առաջին առևտրային կառույցն էր, որտեղ էլեկտրականություն էր քաշվել (որը հեռախոսահամար ուներ): Ժամանակակից ինժեներական մտքի հրաշք են էլեկտրական պարույրե լամպերը: Մինչ այդ էլեկտրականություն կար միայն պետական հաստատություններում (այդ թվում՝ կայարանում) և հարուստ տներում: Բազմագույն լամպերով էր լուսավորվում շատրվանը, որը նախասրահում էր: «Դա բաղնիքի սեփականատիրոջ հայտնագործությունն է», — պարզաբանում է «Կասպի» թերթը:
Ընդհանրապես ողջ լուսավորությունը ոչ միայն ներսում, այլ նաև դրսում էլեկտրական էր: Լապտերները կախված էին անկյուններում՝ լուսավորելով արդեն հիշատակված առյուծներին, իսկ տանիքում պարզապես որպես շքեղություն էլեկտրական լուսարձակ է տնկած:
Բաղնիքում թեյախմության համար հատուկ դահլիճ կար արարողակարգից հետո թեյ խմելու համար, բացի այդ թեյի սեղաններ էին դրված «Ֆանտազիայի» ներքին բակում:
Ներսից բաղնիքը երեսպատված էր բացառապես մարմարով, հատակն էլ էր մարմարից, սակայն ոչ այնպիսի, որի վրա սահում են անձրևային եղանակին մեր ժամանակակիցները սրընթաց զարգացող ժամանակակից Բաքվում, այլ հատուկ մշակված:
Բաղնիքը համարներով էր, այսինքն 20 առանձին լոգարան կար: Սակայն ոչ այն բանի համար, ինչի մասին հենց նոր մտածեցիք: Այնտեղ սեղաններ կային, որտեղ մատուցողները թեյ էին բերում: Եկար, լողացար, գործընկերոջդ հետ քննարկեցիր գործարքը, խոսեցիր կյանքի մասին, և ոչ մի այլասերվածություն:
«Համարներում» «նախալոգարաններ» կային, որտեղ կարելի էր հանվել և թողնել իրերը, և հենց լոգարան՝ մարմարի ամբողջական կտորներից սարքած շքեղ լոգատաշտերով:
Այնտեղ նաև արձաններ կային, շատ նրբաճաշակ արձաններ՝ հրեշտակներ, հունական աստվածներ, արևելյան և հռոմեական ոճով նկարազարդումներ առաստաղին և միշտ թարմ ծաղիկներ թանկ ծաղկամաններում:
Բաղնիքներում երկու տասնյակ սպասավորներ և մատուցողներ էին աշխատում և նույնքան կին-սպասավորներ: Սերվիսը թերթեր էր առաջարկում՝ ռուսական, ֆրանսիական, պարսկական, ինչպես նաև ամսագրեր: Այստեղ նաև կենդանի երաժշտություն էր լինում, իսկ 1900թ-ին այն փոխարինեցին նորաձև ֆոնոգրաֆով:
1914թ-ին Բաքվում ընդհանրապես ջրմուղ չկար: Բաղնիքը հատուկ բերվող խմելու ջրի աննկարագրելի քանակ էր օգտագործում: Այնպես որ դեպքեր էին լինում, երբ «Ֆանտազիան» փակվում էր մի քանի օրով՝ մինչև լրացներ ջրի պաշարները:
Ամենահետաքրքիրն այն է, որ «Ֆանտազիայում» գները բարձր չէին. նվազագույն ծառայություններն արժեին ընդամենը 50 կոպեկ: Այսինքն՝ 20 ռուբլի աշխատավարձի դեպքում հասարակ բանվորն իրեն կարող էր թույլ տալ ամիսը մեկ այստեղ գալ:
Խորհրդային ժամանակներ
1920թ-ին բաղնիքը փակեցին, այն ամենն, ինչ հնարավոր էր այնտեղից տանել և վաճառել, տարան ու վաճառեցին: Բաղնիքի մի մասն ընդհանրապես քանդեցին, հանեցին ողջ մարմարն ու այն սկզբում զինվորական հոսպիտալ դարձրին, այնուհետև՝ դպրոց:
Ճիշտ է, «Ֆանտազիան» վերադարձավ արդեն 20-ականների վերջին: Այստեղ խալիներ փռեցին, վերականգնեցին այն, ռեստավրացրին: Սակայն ռեստորանային շքեղությունը լիկվիդացրին որպես ավելորդություն: Այժմ դա պարզապես բաղնիք էր, չնայած՝ լավագույնը քաղաքում:
«Ֆանտազիան» ինձ մոտ ասոցացվում է առաջին հերթին տատիս հետ, Հայրենական պատերազմի ժամանակ և դրանից հետո նա «Ֆանտազիայի» առջև գազավորված ըմպելիք էր վաճառում, իսկ մենք մոտակայքում էինք ապրում՝ Վիդադի փողոցում, — պատմում է հին բաքվեցի Լաթիֆան: — Ընդհանրապես, այս տարածքում մի քանի բաղնիքներ կային, Բաղնիք համար մեկը, «Զինվորական բաղնիքը», որտեղ զինվորներն էին լողանում, սակայն «Ֆանտազիան» լավագույնն էր համարվում: Իսկ ես ինքս դեռ երեխա էի, երբ տեսել եմ այն ժամանակները, երբ այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Դա 50-ականներն էին, մենք հաճախ էինք այնտեղ գնում, քանի որ մեր տանը հազվադեպ էր ջուր լինում: Այն ժամանակ «Ֆանտազիայի» առջև, այն հատվածում, որը դեպի Գորկովի փողոց է տանում, տրամվայն էր անցնում, որը Շեմախինկայից էր գալիս, և հենց բաղնիքի դիմաց կանգառ ուներ: Դա առևտրի շահեկան տեղ էր սոված տարիներին. մի կողմից տրամվայի ուղևորներն էին դուրս գալիս, մյուս կողմից՝ «Ֆանտազիա» գնացածները»:
Ուշ խորհրդային տարիներին այստեղ գազավորված ըմպելիքով ավտոմատներ և քաղացրավենիքով բուֆետ հայտնվեց: Այստեղ երեխաների հետ էին գալիս՝ նախապես բաժանորդագրում գնելով (մեկ մարդու համար մեկ ժամը 1 ռուբլի արժեր) և երկար, ավանդական խորհրդային հերթ կանգնում:
Ներքին բակում շատրվանը հաճախ էլ չէր աշխատում, իսկ կենդանի ծաղիկները փոխարինել էին պլաստիկե ծաղիկներով:
«Մենք այստեղ հարևանությամբ էինք ապրում՝ Վիդադի փողոցում, ինձ ու եղբորս «Ֆանտազիա» էր տանում մայրս, — հիշում է Իսմայիլը: Ես 6 տարեկան էի, նա՝ 10, նա ինձ բարձրացնում էր և ես գազավորված ըմպելիքի ավտոմատ կոպեկ էի գցում: Այն սովորական լիմոնադ էր տալիս, գազով ջուր և կրեմի համով ըմպելիք»:
Այդ ամբողջ ընթացքում բաղնիքը զվարճանքի վայր էր, այսինքն՝ այդտեղ գալիս էին ոչ միայն լողանալու, այլ նաև հանգստանալու և շփվելու՝ մեծ ընտանիքներով և խմբերով:
Բաղնիքում կանանց և տղամարդկանց օրեր կային, սակայն դա վերաբերում էր միայն ընդհանուր դահլիճին, իսկ «համարներ» թողնում էին ամուսնացած զույգերին, բայց միայն անձնագիրը ստուգելուց հետո: Սակայն անբարոները կարողանում էին շրջանցել այդ համակարգը. կարելի էր սիրուհուն կնոջ անձնագրով ներս մտցնել: Այն ժամանակ անձնագրերում լուսանկարներ չկային:
Մեր օրեր
2000-ականներին և 2010-ականներրին այն դեռ աշխատում էր, սակայն այլևս ոչ մի սերվիս չկար, այստեղ գալիս էին պարզապես լողանալու, եթե տանը ցնցուղը փչացել է:
«Վերանորոգումը հին էր, գլխավոր դահլիճում՝ վիտրաժներ, դեկադենտի միջավայր: Այնտեղ կարելի էր խնդրել մուրաբայով թեյ բերել համար, այն հետաքրքիր անվասայլակներով էին բերում: Կարելի էր պարզապես գնալ և նստել գլխավոր դահլիճում: Մի փոքր ջերմոց ու շատրվան էլ կար: Սեղանները անիվներով էին, հին, խորհդային: Ընդ որում, կարող էին մերժել, թե իբր բոլոր սեղանները զբաղված են, չենք կարող բերել — պատմում է Ֆարիդը: — Այս բաղնիքն ինձ միշտ մնացածներից ավելի շատ էր դուր գալիս: Անգամ պատերից է երևում, որ դրանք գաղտնիքներ են պահում»:
«Ֆանտազիա» բաղնիքում 2012թ-ին նկարահանել են «Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ: 1919»՝ «Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ» հայտնի խորհրդային ֆիլմի շարունակության տեսարաններից մեկը: Տեսագրությունում կարելի է տեսնել համարների տեղ-տեղ թափված սալիկներն ու բաղնիքի գլխավոր դահլիճը՝ արձաններով ու շատրվանով:
«2010 կամ 2011թթ-ին ես մտա այնտեղ բաղնիքի գներն իմանալու ու վիճակը տեսնելու իմ արտասահմանցի ընկերների համար, — պատմում է Նայիլան: — Շուրջբոլորը մաշված խորհրդային սալիկներ էին, իսկ հատակին՝ փչացած սալաքարեր: Պատերի արձանների մնացորդները էմուլսիայի հաստ շերտով էին պատված: Մանկուց հիշում եմ, թե ինչպես էին 80-ականներին բաղնիքը փակում վերանորոգման, այդ ժամանակ էլ սալիկներով փակել են նկարներն ու ծածկել արձանիկները»:
Վերջերս, «Ֆանտազիան» նույն թաղամասում գտնվող մեկ այլ բաղնիքի հետ շփոթելով, Բաքվի սոցցանցերի օգտատերերն այն աղմկոտ կերպով սգում էին: Երբ պարզվեց, որ «Ֆանտազիան» տեղում է, մարդիկ շարուկանում էին անհանգստանալ, թե արդյոք այն չեն քանդի, հատկապես որ 2016թ-ի վերջին այն փակեցին: Այժմ դռան վրա պերճախոս կողպեք է և ցուցանակ, որը հաղորդում է, որ բաղնիքը ճարտարապետական հուշարձան է և պահպանվում է պետության կողմից:
Մոտավորապես «պետության կողմից պահպանվում է» ոճով, 1news-ին մեկնաբանություն է տվել Ադրբեջանի ճարտարապետների միության կառավարման նախագահ Էլբայ Քասիմձադեն. «Մեկ տարի առաջ նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների, գրողների միությունների նախագահների ստորագրությամբ դիմում է ուղղվել պարոն նախագահին Բաքվում ճարտարապետական հուշարձանների քանդվելու իրավիճակի հետ կապված: Դրանից հետո այդպիսի շենքերի ապամոնտաժումը դադարեցվել է, և ես կարծում եմ, որ «Ֆանտազիայի» շենքին ոչ ոք ձեռք չի տա»:
Ոչ գործադիր իշխանությունը, ոչ մշակույթի նախարարությունը չկարողացան պատասխանել «Ֆանտազիայի» հետագա ճակատագրի մասին մեր հարցերին:
Սակայն պետական կառույցի անանուն աղբյուրը, որը կապված է քաղաքաշինության հետ, հաստատեց, որ բաղնիքը կապամոնտաժի մասնավոր ընկերությունը, որը գնել է այդ տարածքը:
Այսօր «Ֆանտազիան» գոցված մեկհարկանի շենք է՝ կոտրած ապակիներով, խունացած, մաշված, ինչպես մի հին կատու: Եվ միայն երեք մռայլ առյուծ են պահպանում այն անկյուններում՝ քարե խորշերում պլաստիկե շշեր և շաուրմայի անձեռոցիկներ հավաքելով: