Զատկի հրաշքներ Աբխազիայում
Աբխազիայի արևելյան հատվածում գտնվող Առաջին Գալ գյուղում, Զատկի օրը սեփական տներից մեկի պատուհանի ապակու վրա ուրվագծեր են հայտնվել, որոնք նման են Սուրբ Աստվածածնին: Այժմ այդտեղ են գալիս ուխտավորներ: Մի քանի օր անց նմանատիպ հրաշք է տեղի ունեցել հարևան Թքուարչալում:
«Այնտեղ, այնտեղ գնա… Ոչ մի տեղ մի թեքվիր, իսկ այնտեղ շատ մեքենաներ կտեսնես», — տեղի բնակիչը ձեռքով ցույց է տալիս խաչմերուկի կողմը:
Դեպի Կեցբայա ընտանիքի տուն երթուղին արդեն մի քանի օր է՝ ամենահայտնին է Աբխազիայում: Այն բանից հետո, երբ մարդկանց շրջանում լուր է տարածվել, թե տան պատուհանի ապակուն Սուրբ Աստվածածնի պատկերն է հայտնվել, ուխտագնացությունն այստեղ ոչ մի րոպե չի դադարում:
Հարևանների խոսքով՝ Զատկից երեք օր առաջ երեկոյան Կեցբայաների տան մոտ լույս կամ փայլ է հայտնվել:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում այստեղ մեկուկես կիլոմետր խցանում էր: Այդքան մարդ է մեզ մոտ ուղևորվում: Սակայն մենք միայն ուրախ ենք: Այդպիսի՜ հրաշք Զատկին: Ամեն օր մեզ մոտ մարդիկ են գալիս, մոմ վառում, աղոթում», — պատմում է տանտեր Բադրի Կեցբայան:
Կերպարը
«Կիրակի [ապրիլի 16] երեկոյան մոտավորապես ժամը 7-ին Իլորի տաճար այցելելուց հետո մենք տուն մտանք և կինս տեսավ այդ պատկերը: Ես սկզբում մտածեցի, թե երեխաներն են կատակել: Սակայն ձեռք տալով՝ հասկացա, որ դա նկար չէ: Երեխան լուսանկարեց այն և համացանց գցեց: Նույն երեկո մարդիկ սկսեցին գալ մեր տուն», — ասում է Բադրին:
Ամեն առավոտ, մոտենալով այդ պատուհանին Կեցբայա ընտանիքի անդամներն աղոթող մարդկանց ամբոխ են տեսնում: Տանտերերը խոստովանում են, որ չէին սպասում նման բան իրենց տանը: Իրենք բոլորը հավատացյալներ են, սակայն եկեղեցի հազվադեպ են այցելում, քանի որ գյուղում եկեղեցի չկա: Միայն տնից 10 կմ հեռավորության վրա սարի վրա՝ Նամարկել գյուղական բնակավայրում, փոքրիկ եկեղեցի կա: Ծառայություն այնտեղ արդեն երկար տարիներ չեն անցկացվում:
Եկեղեցին հազիվ է երևում պատուհանից, որի վրա հայտնվել է կերպարը: Բադրին դա շատ խորհրդանշական է համարում:
«Զգացվում է երանությունը, և գիշերներն ավելի հանգիստ ենք քնում, ոչնչից չենք վախենում: Մեզ Աստված է պահպանում», — պատմում է նա:
Տանտերը մոտենում է մյուս պատուհանին: Այստեղ սրբապատկերներ են, կանթեղ, հարևանությամբ պատից կախված է Սուրբ մեծ նահատակ Գեորգի Հաղթականի սրբապատկերն է:
«Այստեղ մենք սովորաբար մոմ ենք վառում, աղոթում: Սա արդեն այնքան աղոթած տեղ է: Սակայն պատկերը հայտնվել է մյուս պատուհանի վրա: Երբ հավատ կա, մարդիկ սկսում են միմյանց հարգել, սիրել: Էլ ի՞նչ է պետք», — ասում է Բադրին
Ուխտավորները
Մարդիկ, որոնք հավաքվել են այն պատուհանի մոտ, որի վրա պատկերն է երևում, խաչակնքվում են, մոմ վառում՝ դնելով այն մոմով պատված փոքր փայտյա ցանկապատի վրա, աղոթքներ կարդում, հեռախոսի տեսախցիկով նկարում պատկերը:
Պատուհանից դուրս երևում է Սուրբ Աստվածածնի փոքր սրբապատկերը, մոմեր, Զատկի գաթա:
«Ախր սա սուրբ Նինան է», — ասում է ուխտավորներից մեկը: Նրա ձեռքում սուրբ Նինայի սև-սպիտակ սրբապատկերն է, այն ցույց է տալիս բոլոր շուրջը հավաքվածներին: «Տեսե՛ք, թե որքան նման է՝ նույն դեմքը, գլխաշորը և նույն կերպ է պահում: Իսկ Սուրբ Մարիամը մանկան հետ է», — հավելում է նա:
Ուխտագնացները սկսում են քննարկել եկեղեցական թեման՝ տարբեր փաստարկներ բերելով:
Եկեղեցական փորձաքննություն
Հայր Դավթի (Գվազավա)՝ Աբխազական ուղղափառ եկեղեցու սպասավորի խոսքով, այդ երևույթն ուսումնասիրելու համար որոշակի ժամանակ է պետք: Եկեղեցական հանձնաժողով է ստեղծվել սարկավագ Վիսարիոնի գլխավորությամբ, որն արդեն եղել է կերպարի հայտնվելու վայրում:
«Այն, որ կերպարը հայտնվել է Զատկին, Աստծո նշան է: Հավանաբար կերպարը ձեռակերտ չէ, և մենք հետևելու ենք դրան: Այդ վայր շատ մարդիկ են գնում, ինչ-որ մեկը՝ հավատքից դրդված, մյուսները՝ հետաքրքրությունից, դա շատ բանի մասին է խոսում: Սակայն ժամանակ է պետք ճիշտ եզրակացություն անելու համար», — ասում է հայր Դավիթը:
Կեցբայա ընտանիքը
Կեցբայա ընտանիքն արդեն յոթերորդ սերունդն է, որ այս վայրում է ապրում: Եթե ավելի հստակ խոսենք՝ 18-րդ դարից:
Տանտեր Բադրին քաղաքում իր փոքր բիզնեսն ունի, ինչպես նաև տնտեսություն: Ինչպես գյուղի շատ բնակիչներ, նրանք հիմնականում եգիպտացորեն, մանդարին, ընկույզ են աճեցնում, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ զբաղվում:
Բադրիի հարևան Զուրաբ Կեցբայայի խոսքով՝ հյուղում 80 ընտանիք է ապրում: Մոտավորապես նույնքան, որքան պատերազմից առաջ (1990-ականների վրաց-աբխազական հակամարտություն):
Թքուարչալի հրաշքը
Գալի հրաշքը բացառիկ չի: Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը (ապրիլի 20-21) Թքուարչալ քաղաքում բազմաբնակարան շենքի պատուհանի ապակու վրա կրկին կերպար է հայտնվել՝ կրկին սրբի նման:
Ոմանք ասում են, որ կերպարը հայտնվել է Երուսաղեմից ուխտագնացների բերած Սրբագործ կրակից մոմեր վառելուց հետո: Ասում են, որ տանտիրուհին կրակը իր բնակարանի բոլոր սենյակներով պտտել է:
Շենքի մոտ, որտեղ կերպարն է հայտնվել, մեծ թվով մարդիկ են հավաքվում: Նրանք նույնպես, ինչպես է Առաջին Գալի ուխտագնացները, մոմեր են վառում և աղոթում հայտնված կերպարի մոտ: