«Գաղտնի տեսագրություն, ընդդիմությանը հետևելու մասին գործ»․ Վրաստանի ՆԳ փոխնախարարի հրաժարականը
Վրաստանում ընդդիմությանը հետևելու մասին գործը
Լրագրողները Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձեին մեղադրել են Թբիլիսիում 2019 թ-ի հունիսի լույս 21-ի գիշերը բազմահազարանոց ցույցի մասնակիցների դեմ ապօրինի գործողությունների և ընդդիմությանը հետևելու համար։ Նա հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ արդար հետաքննությանը չխանգարելու համար։
«Կարծում եմ, որ պետք է մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնել, և այդ գործընթացի նկատմամբ վստահություն ապահովելու համար ես հրաժարական եմ տալիս։ Կարծում եմ՝ սա նախադեպ է և մյուս պաշտոնյաներին կօգնի ավելի մեծ պատասխանատվությամբ գործել այն դեպքերում, երբ հասարակության կողմից օբյեկտիվ հարցեր են առաջանում», — հաղորդել է Սաբանաձեն Ֆեյսբուքի իր էջում մարտի 23-ին։
Բողոքի ակցիաները Թբիլիսիում 2019 թ-ի հունիսին․ ինչն, ինչպես և ինչու է տեղի ունեցել
Բողոքի ակցիաները Թբիլիսիում 2019 թ-ի հունիսին․ ինչն, ինչպես և ինչու է տեղի ունեցել
2019 թ-ի հունիսի լույս 21-ի գիշերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել։ Այն ցրվել է առանձնահատուկ դաժանությամբ, ռետինե փամփուշտների, ջրցանների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Հարյուրավոր մարդիկ են տուժել, երկու հոգի զրկվել է աչքից։
Անմիջական պատճառը վրացական խորհրդարանում Միջազգային ուղղափառ խորհրդարանական համաժողովի բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպն էր։ Համաժողովի կազմակերպիչներից մեկը՝ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, նիստը վարել էր՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստած։
Տարբեր տվյալներով՝ ցույցին մասնակցել է մինչև 20 հազար մարդ։ Եղել են խորհրդարան ներխուժելու փորձեր, որոնք հետ է մղել անվտանգության ծառայությունը։ Հունիսի 21-ի լուսադեմին հատուկ նշանակության ջոկատը գրոհի է անցել և ցրել ցույցը։ Իշխանությունները հունիսի 20-ի ցույցը որակել են որպես պետական հեղաշրջման փորձ։
Ընդդիմությունը, սակայն, ասում է, որ գլխավոր նպատակն ազատ խորհրդարանական ընտրություններ ապահովելն էր, մասնավորապես՝ որպես հիմք համամասնական (կուսակցական) համակարգն ընդունելը։ 2020 թ-ի հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններն ընդդիմությունը կեղծված է հայտարարել և հրաժարվել խորհրդարանում իր տեղերից։ Վրաստանում փաստացի միակուսակցական խորհրդարան է գործում, շարունակվում է ծանր քաղաքական ճգնաժամը։
Ընդդիմադիրների գաղտնալսում, տեսախցիկների տեսագրությունների ոչնչացում․ ի՞նչ են ապացուցում լրագրողները
Ամեն ինչ սկսվել է «Պիրվելի» և «Մտավարի» հեռուստաալիքներով ցուցադրված երկու սյուժեներից։ «Մտավարիի» սյուժեի գլխավոր հերոսը հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Իվանե Գուլաշվիլին է, որն այժմ ձերբակալված է պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքով։
Հեռուստաընկերությանը հարցազրույցը տրամադրել է անանուն մի աղբյուր, այն արվել է վաղուց՝ 2019 թ-ի նոյեմբերի 24-ին, ցույցը ցրելուց հետո։ Գուլաշվիլին դրանում պատմում է գաղտնի հրամանների մասին, որոնք ինքը ստացել է 2019 թ-ի ցույցերի ժամանակ, այդ թվում՝ քաղաքական և կրոնական առաջնորդների գաղտնալսման կազմակերպման համար։
«Մտավարիի» տեղեկություններով՝ ի սկզբանե Գուլաշվիլին ենթարկվում էր բարձրաստիճան ուժայիններից մեկին՝ Նիկոլոզ Շարաձեին (այժմ գլխավորում է սահմանապահ ոստիկանությունը)։ Ավելի ուշ Գուլաշվիլիին տեղափոխել էին ներքին գործերի փոխնախարար Կախաբերա Սաբանաձեի ենթակայության տակ։
«Ես բազմաթիվ գաղտնի տեսագրություններ ունեմ, որոնց համար ինձ կարող են սպանել», — ասել է Գուլաշվիլին։
Նա պատմել է, որ 2014 թ-ին իրեն հրահանգել են տեսահսկման սարքեր տեղադրել փաստաբան Աննա Դոլիձեի տանը։ Նա ներխուժել է բնակարան՝ կողպեքները բացելով բնակարանային կողոպտիչների գործիքով։ Այն բանից հետո, երբ ստացվել են նրա անձնական կյանքի կադրերը, տեսախցիկները հեռացվել են, ասել է Գուլաշվիլին։
Աննա Դոլիձեն տարբեր ժամանակ եղել է պաշտպանության փոխնախարար, ինչպես նաև նախագահի խորհրդարանական քարտուղարն ու Վրաստանի Բարձրագույն խորհրդի անդամ։ Ներկա պահին նա ակտիվ քաղաքական գործիչ է։ Դոլիձեն ասել է, որ իրեն դեռ չեն փորձել շանտաժի ենթարկել անձնական կյանքի տեսագրություններով։
Մուսուլման կրոնական առաջնորդի գաղտնալսում
Գուլաշվիլին նաև պատմել է, որ հատուկ վիրուս է գցել Վագիֆ Աքպերովի համակարգիչ, որն այն ժամանակ Վրաստանի մուսուլմանական վարչության շեյխն էր։ Անվտանգության ծառայությունը փորձել է նրա մասին անձնական տեղեկություն ստանալ, ասել է Գուլաշվիլին։
Այս պատմությունն անուղղակիորեն հաստատվում է այն հանգամանքով, որ Աքպերովը 2014 թ-ին հրաժարվել է շեյխի պաշտոնից։ Նա այն ժամանակ ասել է, որ ինքնակամ է հեռանում, սակայն հաղորդել է, որ իրեն շանտաժի է ենթարկել անվտանգության ծառայությունը՝ սպառնալով գաղտնի տեսագրություններ հրապարակել։
Հունիսի 20-ի գործը
Հարցազրույցում Գուլաշվիլին պատմել է, որ Կախա Սաբանաձեն իրեն բազմաթիվ հրահանգներ է տվել 2019 թ-ի հունիսին, երբ երկրում բողոքի ակցիաների ալիք էր։ Մասնավորապես, նա վնասել է խորհրդարանի շենքի մոտ տեղադրված մեծ էկրանը, որի վրա հեռարձակվում էին ընդդիմության առաջնորդների ելույթները հանրահավաքի ժամանակ։ Նա նաև շարքից հանել է բարձրախոսները՝ բողոքի ակցիայի անցկացմանը խանգարելու համար։ Ավելի ուշ նրան հրահանգվել է ջնջել խորհրդարանի շենքին հարող տարածքի տեսագրությունները։
Բացի այդ, Գուլաշվիլին հրահանգ է ստացել «Մտավարի» հեռուստաալիքի հիմնադիրներից մեկի՝ ընդդիմադիր գործիչ Գիորգի Ռուրուայի ավտոմեքենայի տակ GPS-սարք կպցնելու՝ նրան հետևելու համար։ Մի քանի ամիս անց Ռուրուան կալանավորվել էր և մեղադրվել հրազենի ապօրինի պահպանման համար։ Ընդդիմությունը նրան «քաղբանտարկյալ» է համարում և պահանջում ազատ արձակել։
«Պիրվելի» հեռուստաընկերության սյուժեում ներկայացված են գաղտնի կադրեր, որոնք, ըստ պնդման, արվել են Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձեի գրասենյակում։ Ըստ այդ կադրերի՝ նա է հենց վարել հունիսի 20-ի գիշերվա հատուկ գործողությունն ու հրամաններ տվել։ Հեռուստաընկերությունը պնդում է, որ ապացույց ունի, որ հենց Սաբանաձեն է հրահանգել վնասել բարձրախոսներն ու ձայնի հեռարձակման ողջ համակագը, որպեսզի ընդդիմության առաջնորդները չկարողանան ղեկավարել հանրահավաքի եկած հազարավոր մարդկանց։
Սաբանաձեն Վրաստանում համարվում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ամենահավատարիմ համախոհներից։ Նրան հետապնդելն, ըստ քաղաքական մեկնաբանների, նշանակում էր նաև հենց վարչապետի հետապնդում։
Դատախազությունը գործ է հարուցել
Դատախազության հաղորդագրությունում ասվում է, որ հետաքննություն է սկսվել մասնավոր կյանքին հնարավոր միջամտության և որոշ պետական պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով։
Սա Վրաստանում գաղտնի ձայնագրությունների հետ կապված երկրորդ սկանդալն է մեկ ամսում։ Մարտի 7-ին «Պիրվելի» հեռուստաալիքը հեռարձակել էր անանուն աղբյուրի տրամադրած աուդիոձայնագրությունը, որում ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Պետանվտանգոության ծառայության պետ Անզոր Չուբինիձեն և Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարի որդի Բերա Իվանիշվիլին քննարկում են դեռահասների պատիժը, որոնք սոցցանցերում քննադատել են Բերային։