Զորակոչը Վրաստանում. հայրենիքի պաշտպանությո՞ւն, թե՞ անվճար պահակախումբ
Վրաստանում համընդհանուր զինապարտություն է գործում: Սակայն եթե դուք փող ունեք, համապատասխան կապեր կոմիսարիատում կամ գոնե ծանոթ քահանա, դուք միանգամայն կարող եք խուսափել զորակոչից: Աղքատների և կապեր չունեցողների բախտն ավելի քիչ է բերում. նրանք մեկ տարով ստիպված են հրաժարվել իրենց սովորական կենսաձևից, աշխատանքից, ընտանիքից և փոխարենը, շատ հնարավոր է, ծառայության ավարտից հետո այդպես էլ կրակել սովորած չլինեն:
19-ամյա Գեորգի Բոկուչավան աշխատանք գտնելու նպատակով Թբիլիսի է եկել Վրաստանի արևմուտքում գտնվող փոքր քաղաքից: Շուտով նա սկսել է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ, փոքրիկ եկամուտ ունենալ: Գումարի մի մասը նա ուղարկում էր ծնողներին:
Սակայն շուտով բանակ գնալու ծանուցագիր է ստացել: Ի տարբերություն իր այլ հասակակիցների, Գեորգին զինկոմիսարիատում ծանոթներ չուներ, իսկ զինակոչը 12 ամսով հետաձգելու համար 2000 լարի գումար (մոտ 820 դոլար) չկարաղացավ գտնել: Եվ պարզվեց, որ արդյունքում նա մեկ տարով զորակոչվեց զինվորական ծառայության:
Այսօր նա ասում է, որ զինվորական գործ ծառայության ժամանակ չեն սովորեցրել:
«Ամեն օր մի քանի կիլոմետր վազում էինք, մի քանի անգամ տարել են կրակելու և վերջ: Այնուհետև մեզ ուղարկեցին տարբեր օբյեկտներ»,- ասում է Գեորգին:
Կարճ զինվորական պատրաստությունից հետո Գեորգին մեկնել է Թբիլիսիի պետական հիվանդանոցներից մեկի պահակախումբ: Երեք օրը մեկ 24 ժամով հերթափոխի է դուրս եկել, որի ընթացքում 3 ժամից ոչ ավել է հաջողվել քնել:
«Այդ ժամանակը մեկ դրական կողմ ուներ. ես հասկացա, որ երբեք այդպիսի աշխատանքի չեմ գնա: Ֆիզիկական աշխատանքն ավելի լավ է», — ասում է Գեորգին:
«Սովորեցրու և զինիր». թե ինչպես էր ստեղծվում պրոֆեսիոնալ բանակը
90-ականների սկզբին՝ Վրաստանի անկախության վերականգնումից հետո, երկրի զինված ուժերը համալրվում էին զորակոչի նախկին՝ խորհդային, սկզբունքով: 2002թ—ին սկսվեց ԱՄՆ կողմից ֆինանսավորվող «Սովորեցրու և զինիր» ծրագրի իրականացումը, որի ընթացքում ամերիկացի ինստրուկտորները 2 հազար վրացի զինվորական են պատրաստել: 64մլն դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում Վրաստանը ստացավ լավ պատրաստված զինվորների, որոնք աշխատավարձ էին ստանում և իրենց մասնագիտությունը հեղինակություն վայելող էին համարում: Այդպես Վրաստանում հայտնվեցին պայմանագրային զինծառայողների առաջին ստորաբաժանումները:
2003թ—ի «Վարդերի հեղափոխությունից» հետո նոր իշխանությունները առաջնահերթություններից մեկը հայտարարեցին զինված ուժերի ուժեղացումը: Սաակաշվիլիի կառավարությունը խոստացավ կարճ ժամանակում բանակը լիովին պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել: Սակայն դա տեղի չունեցավ:
2005թ—ին Վրաստանի զինված ուժերում սովորական զորակոչին զուգահեռ ռեզերվի համակարգ ստեղծվեց: Բոլոր 18-40 տարեկան զինապարտները տարին մեկ անգամ 18-օրյա զինվորական հավաքներ էին անցնում: Երեք անգամ անցկացված հավաքներ անցածներն ազատվում էին ժամկետային ծառայության զորակոչից:
Սակայն ռեզերվի համակարգի թերություններն ի հայտ եկան 2008թ—ի օգոստոսյան պատերազմի ժամանակ. գլխավոր խնդիրը պահեստազորի պատրաստության ցածր որակն էր և ստորաբաժանումների անկազմակերպ լինելը: Նախորդ կառավարությունը փորձեց դասեր քաղել և բարեփոխել համակարգը, սակայն 2012թ—ին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո պահեստազորը լուծարվեց, և պահեստազորի զինվորկանների զինվորական հավաքները դադարեցվեցին:
Սակայն վերջերս իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստվում են վերականգնել պահեստազորային ծառայությունը: Պաշտպանության նախարարությունն արդեն նախապատրաստել է «բոլորովին նոր» համակարգի հայեցակարգը:
Վրաստանում զինծառայողների ընդհանուր թիվը պարբերաբար փոխվում է: Վերջին 8 տարվա ընթացքում անձնական կազմի թվաքանակը կայուն կազմում է 37 հազար մարդ:
Ի տարբերություն ժամկետային ծառայության զորակոչիկների, պայմանագրային զինծառյողները մրցույթ են անցնում և պետության հետ պայմանագիր կնքում 4 տարի ժամկետով: Պրոֆեսիոնալ զինվորականների աշխատավարձը մոտ հազար լարի է (400 դոլարից մի քիչ ավել), ինչին գումարվում են տարբեր արտոնություններ:
2008թ—ի օգոստոսյան պատերազմից հետո շատ փորձագետներ սկսեցին խոսել այն մասին, որ պետությունը պետք է շեշտադրում անի առաջին հերթին պրոֆեսիոնալ բանակի վրա, չնայած այն բանին, որ պետությունը կհրաժարվի զորակոչից, քչերն էին հավատում: Եվ դա իր պատճառներն ունի:
Զորակոչ Վրաստանի բանակ և ինչպես դրանից խուսափել
Վրաստանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացի 18-27 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են բանակում 12-ամսյա ժամկետային ծառայություն անցնել: Բացառություն են արվում նրանց համար, ովքեր օրենքով նախատեսված հստակ պատճառ ունեն: Մասնավորապես, դա 1) առողջական խնդիրներն են, 2) ծանր կամ միջին ծանրության հանցագործություն կատարելը, 3) այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելը 4) առանձնահատուկ տաղանդի առկայությունը: Հետաքրքիր է, որ մարդու մոտ տաղանդի առկայությունը պետք է հատուկ հրամանով հաստատի վարչապետը:
Հնարավոր է զորակոչի հետաձգում, օրինակ, եթե զինապարտը սովորում է բուհում, կամ հիվանդության պատճառով: Ինչպես նաև, եթե հոգևորական է դարձել կամ երկուսից ավել մանկահասակ երեխաներ ունի: Օրենքի համաձայն՝ հետաձգելու համար կարելի է վճարել, դա տարեկան 2 հազար լարի արժե:
Վրաստանում զորակոչիկները սովորել են ճարպկորեն օգտագործել այդ բացառությունների ցանկը: Օրինակ, JAMnews-ը գտել է մի երիտասարդի, որը պատմել է, որ բանակում ծառայելուց նրան փրկել է ծանոթ քահանան: «Քահանան ինձ օգնեց, պաշտոնական նամակ գրեց այն մասին, որ ես սարկավագ եմ և ծառայություն եմ անցկացնում: Դրանից հետո ինձ հանգիստ թողեցին, այլևս ծանուցագրեր չեն ուղարկում», — ասել է 23-ամյա երիտասարդը:
Իսկ մյուսներին զինկոմիսարիատում «ճիշտ» ծանոթություններն օգնել են խուսափել ծառայությունից:
Զինկոմիսարիատում JAMnews-ի աղբյուրը պատմել է, որ զորակոչիկները հաճախ իրենց վնասվածքներ են պատճառում. «Օրինակ, ծխախոտով այրում են մարմնի տարբեր մասերը, փորձում են մինչև բժշկական հանձնաժողովին ներակյանալը նիհարել, հոգեկան շեղում խթանել: Շատ բաներ են լինում»:
Իր պատմությունը մեզ պատմեց նաև Իլյա Շիմշիլաշվիլին, որն օրենքով խուսափել է զինվորական ծառայությունից: Իլյան ավարտել է Վրաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Ազատ համալսարանը, և ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է մյուս բուհը: Ընդհանուր նա 4 բուհ է ավարտել միայն նրա համար, որ խուսափի բանակից:
«Իմ անվերջանալի ուսանողություըն 12 500 լարի նստեց ինձ վրա (ավելի քան 5 հազար դոլար): Մի մասն իմ գրպանից եմ մուծել, մի մասը վճարել է պետությունը գրանտերի տեսքով: Իրականում ես չպետք է սովորեի այդքան համալսարաններում: Վնաս կրեցինք և ես, և պետությունը», — ասում է Իլյան:
Իսկ նրանք, ովքեր վճարում են զորակոչը հետաձգելու համար, հաճախ վարկ են վերցնում բանկից, ինչն ինքնըստինքյան բեռ է դառնում նրանց ընտանիքների համար:
Սակայն հետաձգումը կարելի է գնել միայն մինչև 25 տարեկանը: Դրանից հետո խուսափելու ամենաարդյունավետ միջոցը ֆիկտիվ ուսումն է, իսկ ամենագայթակղիչ միջոցը՝ 2 տարով անվճար ֆակուլտետում մագիստրատուրա սովորելն է (դրանք ընդհանուրն տասն են):
Արդյունքում ստացվում է, որ բանակ են գնում ամենաաղքատները, որոնք ոչ գումար ունեն, ոչ էլ հարկ եղած կապեր:
Զինված պահակները
Գործող համակարգի համաձայն՝ ամեն տարի զորակոչը վերաբերում է 6-7 հազար մարդու: Զորակոչն իրականացվում է տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը:
Իրենց կարիքների համար զորակոչիկներին հավաքագրում է երեք գերատեսչություն՝ պաշտպանության նախարարությունը, ՆԳՆ—ն և պատիժների իրականացման նախարարությունը: Զորակոչիկների միայն 25%-ն է զինված ուժերում հայտնվում: Օրինակ, 2015թ—ին 6400 զորակոչիկներից 1600-ն են բանակում հայտնվել: Մնացածը՝ ՆԳՆ կից ոստիկանական պահակազորում կամ բանտերի պահակախմբերում: Նրանք զինվորական պատրաստություն գրեթե չեն անցնում և ծառայում են՝ այդ թվում պահպանելով մասնավոր օբյեկտներ կամ անվճար կամ 75 լարի խորհրդանշական աշխատավարձով (մոտ 30 դոլար):
«Ես անգամ նորմալ կրակել չգիտեմ, մեկ տարի պահակ եմ աշխատել», — հիշում է Նիկան, որը ծառայությունից մի քանի ամիս առաջ է վերադարձել: «Աշխատավարձը» հերիքում էր աշխատավայր հասնելու և մի քանի տուփ ծխախոտ գնելուն:
JAMnews-ի հարցումը Թբիլիսիում: Երիտասարդությունը դեմ է զորակոչի գործող մոդելին:
տեսանյութը՝ գեորգի զեդգինիձեի
Իշխանությունների փաստարկները. զորակոչիկներն էժան են
Յուրաքանչյուր կառավարություն իշխանության գալուց հետո իր նպատակ է հռչակում ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելն ու զորակոչի լուծարելը: Դեռևս 2014թ—ին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ դա տեղի կունենա 2017թ—ին: Ավելի արմատական հայտարարություն արեց պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ նշելով, որ զինված ուժերը հրաժարվում են զորակոչիկներից:
Ճիշտ է, նրան այդ պաշտոնում փոխարինած ներկայիս նախարար Լևան Իզորիան կրկին վերականգնեց զորակոչը: Գլխավոր պատճառն, ինչով իշխանությունները դա բացատրում են, այն է, որ համընդհանուր զինապարտության պարագայում պետությունն ավելի քիչ գումար է ծախսում պաշտպանության վրա: Իզորիայի խոսքով՝ մեկ պայմանագրային զինծառայողը տարեկան պետության վրա 26 հազար լարի է նստում, իսկ զորակոչիկը՝ միայն 9 հազար:
Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին ի պաշտպանություն զորակոչի պրակտիկայի օրինակ է բերել Իսրայելը: Սակայն նրա ընդդիմադիրները հիշեցրել են, որ Իսրայելում զորակոչիկները որակյալ պատրաստություն են անցնում, այլ ոչ թե աշխատում են որպես պահակներ: Եվս մեկ փաստարկ hօգուտ զորակոչի. բալթյան երկրների փորձը, որտեղ զորակոչը գործում է Էստոնիայում և վերջերս վերականգնվել է Լիտվայում:
Ընդդիմության փաստարկները․ դրամաշորթություն և անվճար աշխատուժ
Քաղաքացիական հատվածն, ինչպես նաև քաղաքական ընդդիմությունն այսօր գրեթե միաձայն քննադատում է զորակոչի առկա մոդելը։ Հանրության մի մասը կողմ է արտահայտվում ամբողջությամբ պայմանագրային բանակին, մյուս մասը՝ մոդելի կատարելագործմանը։
Պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին JAMnews-ի հետ զրույցում կտրուկ քննադատել է գործող պրակտիկան։ Նա կարծում է, որ, առաջին հերթին, ծառայության ժամկետը պետք է մեկ տարուց կրճատվի մինչև 6 ամիս։ Պետք է դադարեցվի նաև նորակոչիկներին անվտանգության ծառայություններում օգտագործելը, և նրանք պետք է լիարժեք ռազմական պատրաստվածություն անցնեն։
«Կոռպուցիայի աղբյուր և դրամաշորթություն», — այսպես է JAMnews-ի հետ զրույցում զորակոչի գործող մոդելը բնորոշել «Գիրչի» քաղաքական շարժման առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ Ըստ նրա՝ «պետությունը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու քաղաքացներին օգտագործում է ինչպես բյուջեն լցնելու, այնպես էլ որպես անվճար աշխատուժ»։
Ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը, որը հայտնի է քաղաքական պայքարի իր անսովոր մեթոդներով, այնուամենայնիվ, կարողացել է իր ուզածին հասնել․ նա օրենքում սողանցք է գտել, որպեսզի օգնի երիտասարդությանը պարտադիր ծինծառայություն չանցնել։
«Գիրչիի» նախաձեռնության արդյունքները, որոնք ի սկզբանե բոլորն ընկալեցին որպես ծիծաղելու առիթ, արդեն կարելի է տեսնել։ Ինչպես JAMnews-ին հաղորդել են կազմակերպության գրասենյակից, իրենց նախաձեռնության արդյունքում, 2017թ-ին բանակից ազատվել է զորակոչի տարիքի մոտ 10 հազար երիտասարդ։
Նրանք «հոգևորական» են դարձել։
Բանն այն է, որ «Գիրչի» կուսակցությունը 2017թ-ին պաշտոնապես գրանցել է «Վրաստանի քրիստոնեական, ավետարանչական, բողոքական եկեղեցի․ աստվածաշնչյան ազատություն» կազմակերպությունը։
Բանակից խուսափելու սխեման շատ պարզ է։ Ցանկացած մարդ, որը չի ցանկանում զինվորական ծառայություն անցնել, դիմում է «Գիրչի» կուսակցություն և նրա ստեղծած կրոնական կազմակերպություն, որտեղ նրան տեղեկանք են տալիս այն մասին, որ նա Նոր եկեղեցու հոգևորական է։ Այդ վկայականը նորակոչիկների հավաքակայանում ներկայացնելով՝ բանակից տարկետում ես ստանում։
Այսպես կոչված հոգևորականի վկայականը բացարձակապես անվճար է։ Թեև Նոր եկեղեցու համար զոհաբերություն անելու ցանկություն ունեցողները կարող են 20 լարի (ավելի քան 8.2 դոլար) տրամադրել այդ նպատակի համար։
Վրաստանում բանակում ծառայելը կարգավորվում է «զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքով։ Այդ օրենքի 30-րդ հոդվածի «լ» ենթատեքստի համաձայն՝ բանակից տարկետում կարելի է ստանալ այն դեպքում, եթե նորակոչիկը հոգևորական է կամ սովորում է հոգևոր սեմինարիայում։ Ընդ որում, բացատրություն, թե ով է հոգևորականը, չկա, ինչից էլ օգտվել է «Գիրչի» կուսակցությունը։
«Գիրչի» լիբերալ շարժումն արշավ է կազմակերպել զորակոչը չեղարկելու նպատակով, այդ թվում՝ ակցիաներ է անցկացրել և տեսանյութեր տարածել։
«Ներկայիս համակարգը դուր չի գալիս նաև «Ռազմաքաղաքացիական փոխհարաբերությունների կենտրոնի» հիմնադիր Գեորգի Նոնիաշվիլիին: Նա համարում է, որ զորակոչը պետք է որքան հնարավոր է քիչ կտրի քաղաքացիներին տնտեսական և սոցիալական կյանքից: Իսկ ինչ վերաբերում է զորակոչիկների 75%-ին, որոնք գնում են ոչ զինվորական ծառայության, անվտանգության տեսանկյունից «նրանք ամբողջությամբ ոչ արդյունավետ են և ոչնչի ունակ չեն»:
«Ելքը պահեստազորի լավ կազմակերպված համակարգն է՝ եվրոպական անալոգների օրինակով: Այդպես պետությունն ավելի ռացիոնալ կօգտագործի փողերը, իսկ քաղաքացիները կսովորեն ռազմական գործը», — եզրակացրել է փորձագետը JAMnews-ի հետ զրույցում: