Բուլինգի «հայկական առանձնահատկությունը»․ անհանդուրժողականություն տարբերվողների նկատմամբ
Հայաստանում բուլինգի դրսևորման հիմքում ընկած է կարծրատիպային մտածելակերպը, իրենցից տարբերվողների նկատմամբ անհանդուրժողականությունը, ընդհանրապես՝ «կանոններից» շեղումը։
Արդյունքում, Հայաստանում բուլինգի հատկապես ենթարկվում են գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման հիմքով։ Հետազոտությունները փաստում են, որ Հայաստանի բնակչության մեծ մասը կարծում է, որ նույնասեռականների իրավունքները պետք է սահմանափակված լինեն, ինչն էլ նրանց նկատմամբ հալածանքի հիմք է դառնում։
Բուլինգը Հայաստանում ընդհանրապես անտեսված խնդիր է, մասնավորապես, դպրոցներում։ Չկա վիճակագրություն այն մասին, թե տարեկան քանի աշակերտ է բռնության ենթարկվում դպրոցներում հասակակիցների կողմից։ Բուլինգի կանխարգելման, այդ ուղղությամբ ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր երբեք չեն իրականացվել։
Բուլինգը կոլեկտիվի անդամի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ աշակերտների, ուսանողների և գործընկերների միջև․ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Բուլինգի հիմնական պատճառը համարվում է մարդու արտաքին առանձնահատկությունը՝ ավելորդ քաշը, հաշմանդամությունը։ Մեկ այլ պատճառ է սոցիալական վիճակը՝ օրինակ ակնհայտ աղքատությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում 13–15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 մլն երեխա, դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բուլինգի է ենթարկվել:
- «Նորերի» քննադատություն, անցյալի արդարացում․ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը
- Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է Հայաստանի հարավի գյուղերի մերձակայքում․ տեսաապացույց օմբուդսմենից
- «ՀՀ իշխանությունները հրաժարվում են ընտրություններից և մղում են ընդդիմությանը փողոց»
Անձնական պատմություն
Արտակը հանրակրթական դպրոցում սովորել է մինչև 9-րդ դասարան: Այդ ընթացքում իր նկատմամբ խտրական վերաբերմունք չի զգացել։ Սիրված աշակերտ էր, լավ էր սովորում, խնդիրներ չէր ստեղծում: Չնայած դրան՝ հենց դպրոցում է հասկացել՝ ինչի կարող է հանգեցնել բուլինգը.
«Դպրոցում սովորելու տարիներին ես գրեթե ոչնչով չէի տարբերվում մյուսներից: Երևի հենց դա էր պատճառը, որ ինձ չէին հալածում: Բայց մենք դասարանում մի տղա ունեինք, որը երկար մազեր ուներ: Մայրը վարսավիր էր, ու նա շատ հաճախ փոխում էր սանրվածքը: Դա այդ տղայի միակ մեղքն էր:
Հիշում եմ, որ մյուս դասարանների տղաները նրան հանգիստ չէին տալիս: Շատ հաճախ մեզ «բազարի» էին կանչում նրա համար: Անգամ փորձում էին մազերը կտրել պարտադրաբար: Ընդհանրապես, բոլոր երեխաները, ովքեր, օրինակ, քաշի խնդիր ունեին, կամ ակնոց էին կրում, շարունակական բուլինգի զոհ էին դառնում», — պատմում է Արտակը:
Սա հալածանքի միակ դեպքը չէր արվարձանային փոքրիկ դպրոցում: 8-րդ դասարանում դպրոցում, որտեղ Արտակն էր սովորում, հայտնվեց մի աղջիկ, ով բուլինգի պատճառով ստիպված էր եղել թողնել իր նախկին դպրոցը: Աղջիկը վարդագույն և սև հագուստ էր կրում, պիրսինգ ուներ.
«Մենք երբեմն զրուցում էինք իրար հետ: Նա երկար չսովորեց մեր դպրոցում: Հալածանքն այնքան ակնհայտ էր, որ այդ աղջկան ուզում էին հեռացնել դպրոցից: Բանը, սակայն, դրան չհասավ: Կարճ ժամանակ անց նա ինքնասպան եղավ. կախվեց տանը: Այդ դեպքից հետո, հիշում եմ, որ դասարանում ինչ-որ փոքր, անիմաստ քննարկում եղավ: Եզրահանգումն այն էր, որ նա «տարբերվող էր»:
Չեմ կարծում, որ դրանից հետո որևрէ մեկի ներսում որևէ բան փոխվեց, որովհետև, ըստ էության, այդ դեպքը նորմալ չքննարկվեց, պատճառները վեր չհանվեցին, որևէ մեկն իր մեղքը չզգաց: Միակ փոփոխությունը, որ եղավ, շաբաթը մեկ անգամ դասղեկի ժամեր սահմանվեցին, որոնց ընթացքում, իբր, պետք է քննարկումներ լինեին հանդուրժողականության, տարբերությունների և այլնի մասին», — պատմում է Արտակը:
Բուլինգի զոհ նա դարձավ քոլեջում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ քվիր ակտիվիստ Արտակը մոռացել էր թաքցնել ծիածանի խորհրդանիշով վզնոցը: Երկար մազերով, նիհար երիտասարդը միանգամից գրավեց կուրսեցիների ուշադրությունը: Նրա նկատմամբ դասախոսներից ոմանց խտրական վերաբերմունքը ևս դասընկերների համար հալածանքի առիթ էր դառնում։
«Նստում էին վերջին նստարանին ու սկսում ինչ-որ հիմար կոմպլիմենտներ անել, տեսքս քննարկել: Հարցեր էին տալիս անձնական բնույթի: Քոլեջում մի տղա էլ կար, որ նույնասեռական էր, և մենք, այսպես ասած, կիսում էինք հալածանքի չափաբաժինը:
Ֆիզիկական բռնության փորձեր ևս եղել են: Դրանից հետո ես ուղղակի դադարեցի դասի գնալ: Գնում էի միայն քննությունների օրերին, այն էլ, հենց ավարտում էինք, արագ հեռանում էի, որովհետև ինձ անպաշտպան էի զգում այդ միջավայրում»,- ասում է Արտակը:
Անտեսվող խնդիր
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանն ասում է՝ Հայաստանի դպրոցներում, հիմնականում ակադեմիական, գիտալիքահեն կրթություն է տրամադրվում։ Իսկ երեխաների աշխարհայացքի ձևավորման, միջանձնային հարաբերությունների կառուցման, հաղորդակցման հմտությունների ուղղությամբ հանրակրթական դպրոցներում աշխատանքներ չեն տարվում․
«Մինչ օրս բուլինգի նկատմամբ լայնածավալ, պետական մոտեցում երբևէ չի կիրառվել։ Բուլինգի դեմ ուղղված փոքրիկ, տեղային ծրագրեր իրականացվել են միայն տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, այն էլ շատ փոքր ծավալով։
Դպրոցը շատերի մոտ ընկալվում է որպես պաշտպանված միջավայր, սակայն, մյուս կողմից էլ, պետք է հասկանալ, որ այդ միջավայրում հայտնվում են երեխաներ, որոնք ինքնահաստատման խնդիր ունեն, հետևաբար՝ վարքի տարբեր ձևեր կարող են դրսևորել»։
«Երեխաների կարծիքով…» ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում դպրոցականների 38 %-ը տեսել է՝ ինչպես են իրենց շրջապատում որևէ երեխայի ծեծում, իսկ 35 %-ը առնվազն 1–5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես է եղել: Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում բռնության ականատես է եղել:
Ըստ Արաքսյա Սվաջյանի՝ դպրոցը պետք է ձգտի դառնալ անվտանգ միջավայր յուրաքանչյուր սովորողի համար՝ նվազագույնի հասցնելով բուլինգի դեպքերը։ Մինչդեռ երբեմն ուսուցիչները ուղղակի կամ անուղղակի կերպով դառնում են բուլինգի մասնակից կամ հրահրող։
Ուսուցչի կողմից արված անզգույշ արտահայտությունը կարող է թիրախավորել մի աշակերտին, իսկ իրենց գերակայությունը հաստատելու ձգտում դրսևորող մյուս երեխաների համար դա բուլինգի չբարձրաձայնված թույլտվություն է դառնում։
Մասնագետն ասում է, որ բուլինգից զերծ դպրոցական միջավայր ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և ուսուցիչների, և ծնողների հետ․ ոչ մեկը նրանցից իրավուքն չունի անտարբեր լինել այս երևույթի նկատմամբ․
«Շատ կարևոր է, որպեսզի ծնողները իմանան, որ դպրոցում ուրիշներին հալածող երեխաների շրջանում շուրջ 60 %–ով ավելանում է հետագայում քրեական հանցագործությունների դիմելու հավանականությունը։ Որովհետև բռնությունը սկսում է ընկալվել որպես միջանձնային մակարդակում հարցեր լուծելու միակ տարբերակ։
Եթե դպրոցում ծնողները կարող են աչք փակել նրա վրա, որ իրենց երեխան բռնարար է, համարելով, որ այդկերպ նա իր հարցրեն ինքնուրույն լուծելու հմտություն է ձեռք բերում ողջ կյանքի համար, ապա հետագայում այդ վարքը բոլորովին այլ դրսևորումների կարող է բերել։ Բուլինգի տարածմանը մեծապես նպաստում է նաև այն հանգամանքը, որ այս գործընթացում ներգրավվում են ոչ միայն զոհն ու բռնարարը, այլև՝ լուռ հետևողների մի ստվար զանգված»։
Բուլինգի ենթարկվող երեխաների կամ դեռահասների 60 %-ը իր հետ կատարվածի մասին ընդհանրապես չի բարձրաձայնում։ Եվ անգամ երբ բուլինգի դեպքերը բացահայտվում են, արձագանքը հաճախ ճիշտ չի լինում։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենը նշում է, որ սովորաբար ծնողներն ու մանկավարժները փորձում են օգնել զոհին՝ բռնարարի նկատմամբ միայն պատժի միջոցներ կիրառելով։ Մինչդեռ բռնություն գործադրողը շատ հաճախ ինքն էլ օգնության կարիք ունի։
«Չօգնելով բռնարարին՝ բուլինգը չի վերանում, որովհետև վեր չեն հանվում դրա դրդապատճառները։ Իսկ դրդապատճառները շատ տարբեր կարող են լինել՝ ընտանեկան բռնությունից սկսած, մինչև իր ուժերի նկատմամբ ծնողների կողմից դրսևորված անվստահությունը», — ասում է Արաքսյա Սվաջյանը։
Հայաստանյան դպրոցներում բուլինգի կանխարգելմանն ուղղված ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր երբեք չեն իրականացվել։
Միայն 2020 թվականին Երևանի երկու դպրոցների 73 ուսուցիչների համար վերապատրաստման փոքր ծրագիր է իրականացրել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։
Արդեն 2021 թվականին ավելի մեծ, պիլոտային ծրագիր կիրականացվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի մեկական դպրոցներում։ Բուլինգի կանխարգելմանն ուղղված պիլոտային ծրագիրը նախատեսում են իրականացնել Global to local շվեդական կազմակերպության հետ, քանի որ Շվեդիան բուլինգի ամենացածր մակարդակն ունեցող երկիրն է համարվում։