Աբխազիա. երկրորդ փուլի մարտ. ո՞վ է մասնակցում և ի՞նչ ակնկալել
լուսանկար: Իբրահիմ Չկադուա
Կիրակի օրը՝ մարտի 26-ին, Աբխազիայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որը վերջնականապես կորոշի, թե ինչպիսին է լինելու նոր խորհրդարանը:
Այժմ հստակ ոչինչ հնարավոր չէ ասել, քանի որ խաղասեղանին է պատգամավորական մանդատների երկու երրորդը: Սուր մրցակցությունը բորբոքել է կրքերը մինչև վերջ, ինչի պատճառով ընտրությունների տեղեկատվական ուղեկցությունը վերջին շաբաթում հիշեցնում է քրեական իրադարձությունների ամփոփագրեր:
Նախ, ինչ-որ մեկը հրկիզեց Սուխումի ընտրատարածքներից մեկի պատգամավորի թեկնածու Բատալ Այբայի մեքենան: Այնուհետև կրակեցին այս անգամ արդեն Գալի ընտրատարածքի թեկնածու Կախա Պերտայայի մեքենայի վրա: Հետո այրեցին Գերագույն դատարանի դատավոր Թեմուր Շոնիայի մեքենան: Թվում է, թե այս դեպքերը որևէ ուղղակի կապ չունեին ընտրությունների հետ, բայց լիովին ներառվեցին նախընտրական համատեքստ:
Նույնիսկ նախագահ Ռաուլ Հաջիբան էր ստիպված արձագանքել. նա հանդես եկավ հատուկ ուղերձով՝ ժողովրդին կոչ անելով «չենթարկվել սադրանքների»:
«Դրված նպատակին հասնելու համար առանձին թեկնածուների կողմնակիցներ օգտագործվում են կեղտոտ տեխնոլոգիաներ, ընտրողների վրա ճնշումներ են իրականացվում: Նրանք ոչնչի առջև կանգ չեն առնում, գործի են դնում կաշառակերություն, սուտ և ապատեղեկատվություն անցանկալի մրցակիցների դեմ»:
Ժողովրդական ժողովի ընտրությունների առաջին փուլի ընթացքում, որոնք անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, 35 պատգամավորական մանդատներից տերեր ունեցան միայն 12-ը: Խիստ մրցակցությունը չխնայեց մի շարք կարևոր ֆիգուրների:
Մասնավորապես, նոր խորհրդարանից դուրս մնացին այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են նախկին վարչապետ և «Միասնական Աբխազիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Շամբան, դեռ գործող խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան, արտաքին գործերի նախկին նախարար Վյաչեսլավ Չիրիկբան, ֆինանսների նախկին նախարար Բեսլան Կուբրավան:
Այնուամենայնիվ, այս «աստղաթափը» փոխհատուցված է նախկին նախագահ և գլխավոր ընդդիմադիր առաջնորդ Ալեքսանդր Անկվաբի արտահերթ ընտրությամբ:
Ի՞նչ է նշանակում իշխանության համար գլխավոր ընդդիմադիրի ներկայությունը խորհրդարանում
Անկվաբը «թրենդում» է վերջին երկուսուկես տարիների ընթացքում, այսինքն՝ այն պահից, երբ 2014 թվականի մայիսի վերջին նախագահական պալատը գրոհած ընդդիմադիրների ճնշման արդյունքում վերջինս ստիպված էր հայտարարել իր վաղաժամկետ հրաժարականի մասին, հեռանալ երկրից և բնակություն հաստատել Մոսկվայում:
Այժմ նա պատգամավոր է ընտրվել և կվերսկսի իր քաղաքական կարիերան, ինչն, իհարկե, խորհրդարանին նոր գույներ կհաղորդի:
Հազիվ թե որևէ մեկը վիճարկի. Ալեքսանդր Անկվաբի մասնակցությամբ խորհրդարանը առավել շատ կգրավի հանրության ուշադրությունը, քան՝ առանց նրա: Եվ, ըստ այդմ, դա նոր թափ կհաղորդի խորհրդարանի և գործադիր իշխանության միջև հարաբերությունների զարգացմանն ընդհանրապես և նախագահի միջև՝ մասնավորապես:
Կարծում եմ, այստեղ հնարավոր զարգացումների բավականին շատ սցենարներ կան: Անկվաբի դերը կարող է ընդհանուր առմամբ և՛ ապակառուցողական, և՛ կառուցողական լինել Աբխազիայի համար: Ամեն ինչ կախված կլինի առաջին հերթին հենց նրանից, թե ինչպես նա կկառուցի իր հետագա քաղաքական կարիերան:
Ընդ որում, Անկվաբի` Աբխազիայի քաղաքական դաշտ նման վերադարձը միևնույն ժամանակ որոշակի մարտահրավեր է նաև աբխազական ընդդիմության համար, այլ ոչ միայն իշխանության
Ի՞նչ է նշանակում ընդդիմության համար իր առաջնորդի ներկայությունը խորհրդարանում
Ընդդիմության առաջնորդը պետք է ունենա քաղաքական հեռանկար: Անկվաբը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում 2019 թվականի հերթական նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին կլրանա նրա 65-ամյակը (ըստ Աբխազիայի սահմանադրության՝ առավելագույն տարիք նախագահի պաշտոնում առաջադրվելու համար):
Եվ նույնիսկ եթե տեսականորեն պատկերացնենք արտահերթ նախագահական ընտրությունների իրավիճակ այս տարի, Անկվաբը, որն ավելի քան երկուսուկես տարի ապրել է Մոսկվայում, միևնույնն է չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնի համար նստակեցության ցենզի պատճառով: Այսինքն, այս դեպքում նրան անհրաժեշտ է կա՛մ ապավինել իր որևէ իրավահաջորդի, կա՛մ փորձել փոխել երկրի կառավարման համակարգը, որպեսզի իշխանության հիմնական լծակներն անցնեն, ասենք, վարչապետին, ում տարիքը, ըստ սահմանադրության, չի սահմանափակվում:
Երկրորդ փուլի մարտ. ո՞վ է մասնակցում և ի՞նչ ակնկալել
Այնուամենայնիվ, կառավարման համակարգի փոփոխության սցենարը քիչ հավանական է, անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կլինեն երկրորդ փուլում:
Ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հենոցում չափազանց շատ են խիստ մրցակից խմբերը երկրում գործող նախագահական կառավարման ձևի փոփոխության նպատակով կոնսենսուսի հասնելու համար: Նրանք ի սկզբանե չկարողացան համաձայնության գալ բուն ընտրական գործընթացի ընթացքում ում և որտեղ առաջադրելու հարցում, էլ չենք խոսում ավելի կարևոր լոտերի մասին:
Մասնավորապես, մի շարք շրջաններում ինչպես իշխանություններն, այնպես էլ ընդդիմությունը անկարող եղան առաջադրել միասնական թեկնածուների՝ յուրաքանչյուրն իր ընդհանուր «ճամբարից»:
Որպես հետևանք՝ երկրորդ փուլում Սուխումի ընտրատարածքներից մեկում ուժերը կչափեն Ռաուլ Հաջիմբի ճամբարի երկու ազդեցիկ ներկայացուցիչ՝ նախկին փոխվարչապետ Շամիլ Աձինբան և խորհրդարանական կոմիտեի նախագահ Վալերի Ագրբան:
Իսկ մեկ այլ՝ Ատարի ընտրատարածքում ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ասլան Բժանիան, որը վերջին ընտրությունների ժամանակ առաջադրվել էր նախագահի պաշտոնի համար և հավաքել ձայների 35 տոկոսը, կմրցակցի իր իսկ ճակատի ընդդիմադիր Թեմուր Կվիցինիայի հետ, որը վայելում է Ալեքսանդր Անկվաբայի աջակցությունը:
Խորհրդարանի նոր կազմում ոչ մի ուժ ձեռքում չի լինի «բաժնետոմսերի» վերահսկիչ փաթեթը: Ժողովրդական ժողովում, ամենայն հավանականությամբ, կլինեն մի քանի արգելափակող փաթեթներ, և նման յուրահատկությունը կդարձնի խորհրդարանը ավելի ներկայացուցչական և օրենսդրական աշխատանքին պատրաստ, քան նախկինն էր:
Այն կարող է թուլ տալ, ի վերջո, հեռանալ այն հանրահավաքներից, որոնք բնորոշ էին Աբխազիայի վերջին մի քանի տարիների քաղաքական կյանքին, և տեղափոխել կյանքը ավելի խաղաղ խորհրդարանական հուն