Որպեսզի ամոթ չլինի կարդալ
Ծնունդով ադրբեջանցի 46-ամյա վիդեոբլոգեր Օրդուհան Թեյմուրխանն ապրում է Հոլանդիայում: Իր տեսանյութերում նա քննադատում է Ադրբեջանի կառավարությունը: Բլոգերը նաև բողոքի ակցիաներ է կազմակերպում Ադրբեջանի իշխանությունների դեմ, օրինակ, Բեռլինում Հեյդար Ալիևի հուշարձանի մանրակերտի խորհրդանշական քանդումը: Այս ակցիայից հետո Օրդուհան Թեյմուրխանը սոցիալական ցանցերում տարածել էր քույրերի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այդ ձայնագրության մեջ կանայք լացելով խնդրում են եղբորը լռել. «Խնդրում ենք, մտածի՛ր մեր մասին»:
«Քրոջս տուն ընտանեկան խնջույքի ժամանակ ոստիկանության 25 աշխատակից է եկել: Ընտանիքիս 12 անդամներին՝ չորս քույրերիս, քրոջս երկամյա աղջկան, եղբայրներիս և նրանց երեխաներին, ոստիկանություն են տարել: Քույրերս զանգահարել են ինձ ոստիկանական բաժանմունքից: Հետո ես խոսել եմ ոստիկանների հետ. նրանք պահանջում էին, որպեսզի ես փակեմ ֆեյսբուքյան իմ էջը և ամբողջովին դադարեցնեմ իմ գործունեությունը»:
ՆԳՆ-ն որևէ կերպ չի մեկնաբանել այդ դեպքը:
Ըստ բլոգերի՝ ճնշումների են ենթարկվում ոչ միայն իր ընտանիքի անդամները, այլ անգամ դասընկերները: Նա արդեն մեկ տարի է՝ աշխատում է չշփվել ընտանիքի հետ նրանց իսկ անվտանգության համար:
Օրդուհան Թեյմուրխանն ասել է, որ հարցաքննությունից հետո իր բոլոր հարազատներն ազատ են արձակվել, բացի եղբորից և եղբորորդուց:
Բլոգերի հարազատների փաստաբան Ագիլ Լայիջևն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Սուրախանի շրջանային դատարանում հարցաքննությունից հետո բլոգերի եղբայր Խանլար Դադաշևը և եղբորորդին՝ Սաբուհի Զեյնալովը, վարչական կալանքի են ենթարկվել 30 օր ժամկետով: Որոշման համաձայն՝ նրանք մեղավոր են ճանաչվել, որ փետրվարի 19-ին իրենց տան մոտ չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին:
Օրդուհան Թեյմուրխանը միակ բլոգերը չէ, որը բողոքում է Ադրբեջանի իշխանությունների ճնշումներից. կան այլ աղմկահարույց դեպքեր, օրինակ, վիդեոբլոգեր Մեհման Հուսեյնովի կալանավորումը (Sancaq ТV), որը նախկինում ևս բողոքում էր ոստիկանությունում իր նկատմամբ իրականացված խոշտանգումներից, երբ ձերբակալվել էր հարցաքննության համար, ապա՝ մարտի 3-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման զրպարտության մեղադրանքով: Մեհմանը իր տեսագրույթյուններում քննադատում էր պաշտոնյաներին և սադրիչ թեմաներով հարցումներ անցկացնում:
Մեկ այլ բլոգեր Աբդուլ Աբիլովը բանտում անցկացրել է 3 տարի և վաղաժամկետ ազատ է արձակվել: Նա դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման թմրանյութերի առևտրով զբաղվելու համար: Ինքը՝ Աբիլովը, դատարանում իր «վերջին խոսքում» նշել է, որ իր կալանավորման պատճառը իր «Ոչ ասենք քծնողներին» ֆեյսբուքյան էջն է: Amnesty İnternational կազմակերպությունն Աբդուլ Աբիլովին քաղաքական բանտարկյալ է ճանաչել:
Այս տարվա սկզբին Բաքվի պետական համալսարանի ուսանող Ումման Սաֆարովը հայտնել է մամուլին, որ համալսարանի ղեկավարությունը սպառնացել է հեռացնել իրեն բուհից սոցցանցում կառավարության և նախագահի դեմ գրառումների և անգամ նման գրառումները «հավանելու» համար:
Այս ցանկը կարելի է շարունակել. 2015 թվականին քննադատական գրառման պատճառով ևս մեկ սկանդալ կապված էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ: Այսպես, Եվրոպական միությունում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը գրառում էր արել՝ քննադատելով Ադրբեջանի կառավարությանը բնակելի շենքում բռնկված հրդեհի համար: Գրառմանը հետևեց արտասահմանում աշխատող ադրբեջանցի դիվանագետներից մեկի հեռացումը:
Դիվանագետի հեռացումը մամուլը կապեց այն հանգամանքի հետ, որ վերջինս «հավանել էր» սոցցանցում արված այդ գրառումը: Եվս մեկն, ով «հավանել էր» այդ գրառումը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հետո ներողություն էր խնդրել Ադրբեջանի կառավարությունից այն բանի համար, որ «հավանել էր» գրառումը.
«Ես՝ որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, հավատարիմ եմ մնում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ժառանգությանը, նախագահ Իլհամ Ալիևի վարած ներքին և արտաքին քաղաքականության կուրսին: Տեխնիկական տեսանկյունից like դնել սոցիալական ցանցում արված գրառմանը նշանակում է «տեսել է», «կարդացել է» կամ «ծանոթացել է»: Այնուամենայնիվ, ես ներողություն եմ խնդրում Ա. Մամեդովի՝ բնակելի շենքում բռնկված հրդեհի կապակցությամբ սոցիալական ցանցերում արված գրառմանը դրած like-ի պատճառով առաջացած թյուրիմացության համար»:
«Meydan TV և Sancaq ինտերնետային ռեսուրսներում մեր երկրի ղեկավարության, առաջին դեմքի՝ հարգարժան նախագահի հասցեին այնպիսի բաներ են գրում, որ նույնիսկ ամոթ է կարդալ: Ոչ մի երկրում նախագահին այսպիսի վիրավորանքներ չեն հասցվում: Մենք չունենք օրենք առցանց հեռուստատեսության և մամուլի մասին: Շատ եմ խնդրում ընդունել օրենք առցանց հեռուստատեսության հեռարձակման մասին»:
Սա հատված է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզիի՝ խորհրդարանում ունեցած ելույթից (2016 թ-ի սեպտեմբեր): Խոսքը նոր օրինագծի մասին է, որը կոչված է ադրբեջանական առցանց լրատվամիջոցներն ի վերջո տեղափոխել օրենքի հասանելիության դաշտ:
Ադրբեջանում համացանցային տարածքը մինչ այժմ քրեական օրենսգրքով որևէ կերպ չի «կարգավորվում»: Ակտիվիստների ճնշող մեծամասնությունը, որոնք կապում են իրենց ձերբակալությունը համացանցում ծավալած գործունեության հետ, դատապարտվել են տարբեր հոդվածներով, օրինակ, թմրանյութերի առևտուրը կամ ոստիկանությանը չենթարկվելը: Ադրբեջանցի պատգամավորներն արդեն վաղուց պահանջում են շտկել այս բացթողումը:
Օրինակ, պատգամավոր Սիավուշ Նովրուզովն առաջարկել է սոցիալական ցանցերի օգտատերերին գրանցվել՝ օգտագործելով իրենց անձը հաստատող փաստաթղթի համարը, որպեսզի «վերջիններս պատասխանատվություն կրեն իրենց գրառումների համար»:
Այս տարվա փետրվարին Միլլի Մեջլիսը հայտարարել է «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» և «Հեռահաղորդակցության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան հաղորդել է, որ երկու փաստաթղթերն էլ ներկայացվել են նախագահ Իլհամ Ալիևին հաստատմանը:
Մարտի 10-ին Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է օրենքներում առաջարկվող փոփոխությունների երկու նախագծերն էլ:
Ի՞նչ կփոխվի
Ըստ «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում մտցվող փոփոխությունների՝ եթե կայքում հայտնվում է «արգելված տեղեկատվություն», համապատասխան գործադիր կառույցը (ըստ երևույթին, դա կլինի կապի նախարարությունը) զգուշացում կանի կայքին և հոսթ-փրովայդերին:
Եթե կայքի ղեկավարությունը չհեռացնի տեղեկատվությունը զգուշացումից հետո 8 ժամվա ընթացքում, կայքը կփակվի առնվազն հինգ օրով: Եթե պետական մարմինները տեղեկատվությունը վտանգավոր համարեն պետության և հասարակության, մարդկանց կյանքի և առողջության համար, կայքը կփակվի և միայն հետո նրա դեմ դատական հայց կներկացվի, և այն չի գործի մինչև դատարանի որոշումը:
Օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կկրեն կայքի ղեկավարությունը, դոմենի սեփականատերը, հոսթը և ինտերնետ փրովայդերները:
[toggle title=”Ի՞նչ է «արգելված տեղեկատվությունը»”]
Ըստ օրինագծի՝ «արգելված տեղեկատվությունը» բռնության և կրոնական ծայրահեղականության քարոզչությունն է, ազգային, ռասայական և կրոնական ատելության ու թշնամության, պետության սահմանադրական կառուցվածքի բռնի փոփոխության, տարածքային ամբողջականության խախտման, իշխանության բռնի զավթման, զանգվածային անկարգությունների կազմակերպման բացահայտ կոչերն են, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, որոնք կրում են վիրավորական կամ զրպարտիչ բնույթ, ինչպես նաև տեղեկատվություն, որ խախտում է անձնական անձեռնմխելիությունը, և այլ տեղեկություններ, որոնց տարածումն արգելված է Ադրբեջանի Հանրապետության օրենքներով:
Պաշտոնական անձինք հայտարարում են, որ փոփոխությունների նպատակը կիբերանվտանգության ապահովումն է, կիբերհարձակումների կանխարգելումը, առցանց ռեսուրսների ստեղծումը և հաշվառումը, առցանց ռեսուրսներում տեղեկատվության տարածման կանոնների հաստատումը, պատասխանատվության սահմանումն այդ կանոնների խախտման համար:[/toggle]
Կարծիքներ
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Մամուլի խորհրդի անդամները մարտի 3-ին կայացած ժողովի ժամանակ «նշել են վերը նշված նախագծում մտցված փոփոխությունների նշանակությունն, ընդգծել են այդ փոփոխություններ կարևորությունը»:
Մեդիաների ներկայացուցիչներն, իրավապաշտպանները և մեդիա փորձագետները կարծում են, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումն է: Ըստ նրանց՝ Ադրբեջանի կառավարությունն «արգելված տեղեկատվության» պատրվակով իրականում ցանկանում է վերացնել իրեն քննադատող առցանց ռեսուրսները:
Ըստ մեդիաոլորտի փորձագետ Խալիդ Ագալիևի՝ չնայած այն հանգամանքին, որ փոփոխությունների մասին նախագծում անընդհատ նշվում է «արգելված տեղեկատվություն» հասկացությունը, «տերմիններ» բաժնում չկա բացատրություն, թե դա ինչ է իրենից ներկայացնում:
«Նախագծում նախատեսված հիմքերը շատ են և դրանք շատ լղոզված են: Նախագծում նշվում է, որ եթե կապի նախարարությունը տեղեկատվությունը զրպարտություն կամ վիրավորանք համարի, ապա կարող է պահանջել հեռացնել այդ տեղեկատվությունը, իսկ պահանջին չենթարկվելու դեպքում կարող է փակել այցելության մուտքը տվյալ առցանց ռեսուրս: Սակայն ինչպես է նախարարությունը որոշելու՝ տեղեկատվությունն այն մասին, որ «այս կամ այն պաշտոնյան կաշառք է վերցնում», զրպարտություն է, թե՝ ոչ: Տեղեկատվությունն արգելված է, թե՝ ոչ, պետք է որոշի ոչ թե նախարարությունը և կառույցներն, այլ դատարանները:
Կարելի է եզրակացնել, որ այս նախագիծը հակասում է Սահմանադրության՝ տեղեկատվության և արտահայտման ազատությանը վերաբերող դրույթներին, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածներին, որին միացել է Ադրբեջանը, Եվրոպական դատարանի արտահայտման ազատության նախադեպային իրավունքին», — հայտարարել է փորձագետը:
Իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևը նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը խստացրել է ոչ միայն կայքերի, այլև սոցիալական ցանցերի վերահսկողությունը. «Այդ նպատակով կապի նախարարությանը կից ստեղծվել են հատուկ բաժիններ: Մենք խոսում ենք այս մասին՝ հիմնվելով ոստիկանական բաժանմունքներ բերված ակտիվիստներից ստացված տեղեկությունների վրա: Ոստիկանության աշխատակիցները հարցաքննվողներին ասում են՝ մենք հետևում ենք ձեր հրատապարակումներին, դուք անում եք քննադատական, անհիմն գրառումներ:
Ոստիկաններն իրենք էլ խոստովանում են, որ սոցիալական ցանցերում գրառումներին հետևում են մեծ թվով մարդիկ: Ըստ եղած տեղեկությունների՝ այս աշխատանքն իրականացվում է մի քանի նախարարություններում, «Ենի Ադրբեջան» կուսակցությունում, կառավարությանը մոտ մի շարք կառույցներում՝ ընդհանուր առմամբ հինգ կառույցներում»:
Ըստ Օքթայ Գյուլալիևի այս տարվա փետրվարին պատրաստած ցուցակի՝ ներկայումս Ադրբեջանում 50 մարդ ենթարկվել է վարչական պատժի հենց Facebook սոցցանցում կառավարության հասցեին հնչեցրած քննադատության համար: Իրավապաշտպանը նշում է, որ դա միայն այն ակտիվիստներն են, որոնք չեն վախենում բացահայտ խոսել իրենց կալանավորման մասին, մյուսները լռում են, քանի որ վախենում են իրենց ընտանիքների համար:
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը նախարարությունում սոցիալական ցանցերի հսկողության համար հատուկ բաժնի ստեղծմանը վերաբերող հարցին ի պատասխան նշել է. «Ու՞մ ինչ գործն է, թե ինչ բաժիններ են բացվում ներքին գործերի նախարարությունում: Հանրապետության իրավապահ մարմիններն, այդ թվում նաև ՆԳՆ-ն, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության նպատակով շարունակական և օրենքով սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցներ: Ի՞նչ տարբերություն, թե ինչ բաժին է այստեղ ստեղծվել: Եթե դուք որևէ վատ բան չեք արել, ապա անհանգստանալու առիթ էլ չունեք»:
Էհսան Զահիդովը, չլսելով մեր հաջորդ հարցը, ընդհատեց հեռախոսազանգը և այլևս չպատասխանեց մեր զանգերին:
«Ենի Ադրբեջան» կուսակցության մամուլի ծառայությունում, լսելով մեր հարցը, խոստացան պատասխանել մի քանի ժամվա ընթացքում, ինչից հետո կախեցին լսափողը: Այդ օրը կուսակցության մամուլի ծառայությունում մեր զանգերին այլևս չպատասխանեցին:
Ադրբեջանի Լրագրողների միության նախագահ, Ayna.az կայքի գլխավոր խմբագիր Էլչին Շիհլի. «Երբ ասում են «տարածման համար արգելված տեղեկատվություն», պետք է լինի այդ տեղեկատվության ցանկ: Ի՞նչ տեղեկատվություն է դա, ո՞վ է պատրաստել այդ ցանկը. այս ամենը հայտնի չէ: Եվ այսպես, ես կարծում եմ, որ օրենքում կատարված փոփոխությունները լուրջ խոչընդոտներ կստեղծեն արտահայտվելու ազատության համար»:
Meydan TV-ի տնօրենի տեղակալ Հաբիբ Մունթազիրը, որը հայտնի է իշխանությունների հանդեպ իր քննադատությամբ, կարծում է, որ օրենսդրության մեջ այս փոփոխությունների նպատակը եկրում անկախ լրատվամիջոցների արգելումն է:
«Իհարկե, եթե որևէ հոդվածում հրապարակվի կեղծ տեղեկատվություն, զրպարտություն, նյութը կարող է հեռացվել կայքից: Ոչ մի այլ դեպքում մենք չենք պատրաստվում հեռացնել տեղեկատվությունը կայքից, նույնիսկ, եթե դա հանգեցնի կայքի փակմանը:
Բացի այդ, մուտքը Meydan TV-ի կայք առանց այդ էլ Ադրբեջանում արգելափակված է առանց դատարանի որևէ որոշման: Եվ այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս արգելափակված կայքեր այցելելու համար օգտագործել VPN, TOR բրաուզերները»:
«Ադրբեջանում ապահովված են բոլոր ազատությունները: Խոսքի ազատությունն ապահովված է 100 տոկոսով: Ադրբեջանում գործում են հարյուրավոր տպագիր մարմիններ: Միևնույն ժամանակ, երկրում որևէ սահմանափակում չի դրվում համացանցի վրա: Համացանցն ազատ է, գրաքննություն չկա: Համացանցի օգտատերերի թիվը երկրում կազմում է մոտ 72 տոկոս», — ասել է նախագահ Իլհամ Ալիևը երկու տարի առաջ Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ Freedom House միջազգային կազմակերպության 2016 թվականի զեկույցի՝ Ադրբեջանը դասվել է ոչ ազատ երկրների շարքին մամուլի ազատության ոլորտում:
[toggle title=”Freedom House-ի վարկանիշի մասին՝ ավելի մանրամասն”]Նույն կազմակերպությունը նախորդ տարվա իր զեկույցում, որը նվիրված էր համացանցի ազատությանը, հայտնում է, որ համացանցն Ադրբեջանում մասամբ ազատ է: 2015 թվականին Ադրբեջանն, ըստ Freedom House-ի վարկանիշի, համեմատաբար լավ արդյունք էր գրանցել՝ 56 միավոր, 2016 թվականին երկիրը 57 միավորով ընդգրկվեց «մասամբ ազատ» երկրների շարքում: Կովկասյան երկրները`Վրաստանը (25 միավոր) և Հայաստանն (30 միավոր), ազատ համացանցով երկրների շարքում են: Ադրբեջանի մյուս հարևանները` Թուրքիան (61 միավոր), Ռուսաստանը (65 միավոր) և Իրանը (87 միավոր), ընդգրկվել են ոչ ազատ համացանցով երկրների շարքում:[/toggle]
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պատրաստած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի զեկույցի, որն ընդգրկում է վերջին հինգ տարիները, Ադրբեջանը 180 երկրների շարքում 2012 թվականին զբաղեցրել է 162-րդ, 2013-ին՝ 156-րդ, 2014-ին՝ 160-րդ, 2015-ին՝ 162-րդ և 2016-ին՝ 163-րդ տեղերը: